
22 ՅՈՒՆԻՍ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Երեսուներկուերորդ գլուխ
Դեպի Փարիզ ու Քի Վեսթ
Ամերիկացի հրաշալի գրող Էռնեստ Հեմինգուեյը Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում է գրել անկրկնելի ՙՀրաժեշտ զենքին՚ ստեղծագործությունը: Տասնամյակներ անց այստեղ փորձ էր արվելու գտնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու բանալին: Քի Վեսթն ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի հայրենի քաղաքն էր, ու նաև նրա մտահղացումն էր Քոչարյանի և Ալիևի միջև այս հիշարժան կղզում հանդիպում կազմակերպելը:
1890թ. կառուցված Հարրի Թրումենի փոքրիկ Սպիտակ տունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հյուընկալեց 2001թ. ապրիլի 3-ից 6-ը: 1946թ. փայտյա կրկնահարկը դարձել էր հանգստի վայր ԱՄՆ նախագահ Թրումենի համար, այդպես էր շինությունը ստացել փոքրիկ Սպիտակ տուն անունը: Քի Վեսթն առաջին անգամ չէր հյուրընկալում նման կարևոր միջոցառում: 1948թ. Թրումենը Դուայթ Այզենհաուերի հետ անց է կացրել ռազմական քննարկումներ, իսկ 1961թ. ՙԽոզերի ծովախորշի՚ դեպքերի ժամանակ փոքրիկ Սպիտակ տունը հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մըքմիլանին: 1976թ. նախագահ Ջիմի Քարտերն այնտեղ է իր ընտանիքով դիմավորել Նոր տարին:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան կարգավորման հեռանկարը փնտրում էին ՙբանակցություններ մերձակայքում՚ (approximity talks) ձևաչափով (երբ նախագահներն ուղղակի միմյանց հետ չեն բանակցում, այլ հարևան սենյակներում բանակցություններ են վարում միջնորդների հետ, վերջիններս լսում են կողմերի պահանջներն ու մտահոգությունները և այդ հենքով կազմում կարգավորման առաջարկություն): Քոչարյանին և Ալիևին սատարելու նպատակով պետքարտուղար Քոլին Փաուելն էր եկել Քի Վեսթ:
Ֆլորիդայի հանդիպումը դատարկ տեղում չէր կազմակերպվել. մինչ այդ տեղի էին ունեցել համանախագահների այցեր հակամարտության գոտի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: Քոչարյանը և Ալիևը հանդիպումներ էին ունեցել 2000թ. հունիսին Մոսկվայում, օգոստոսին Յալթայում, սեպտեմբերին` Նյու Յորքում և նոյեմբերին` Մինսկում:
Դեկտեմբերին տարածաշրջան եկան միջնորդները: Ամերիկացի և ֆրանսիացի Քերի Քավանոն ու Ժան Ժակ Գայարդն Անկարայում հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմի հետ, ապա Նախիջևանով (Հայաստան-Նախիջևան սահմանին նրանց էր միացել ռուս միջնորդ Նիկոլայ Գրիբկովը) ժամանել Երևան, հանդիպել Քոչարյանի, ապա Բաքվում` Ալիևի հետ: ՙՆախիջևան այցելությունը նպատակ ուներ հաստատել այս շրջանում տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը: Մենք հատեցինք Ադրբեջանի հետ Թուրքիայի սահմանը և կարող ենք հաստատել, որ այս ճանապարհը տրանսպորտային կապ է ամբողջ տարածաշրջանի համար: Մեր կանգնած տեղից ոչ հեռու անցնում է Հայաստանի` Ադրբեջանին միացնող երկաթգիծը: Սա նաև ճանապարհ է, որով Հայաստանն ապրանք է ներմուծում Իրանից: Այսօր այդ ապրանքը Հայաստան է մտնում Մեղրիով, բայց ավելի թանկ է, քան կարող է լինել Նախիջևանով՚,- ասաց Քավանոն: Ամերիկացի համանախագահն ամեն առիթով ընդգծում էր Անկարայի կարեւորությունը ինչպես ղարաբաղյան կարգավորման, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական հեռանկարի առումով:1
Իրանը ոգևորված չէր: Թեհրանը մտահոգված էր ինչպես համանախագահների ընտրած ուղուց, այնպես էլ Ֆլորիդայի հանդիպումից: Քավանոն Քի Վեսթում հայտարարեց, որ բանակցությունների մանրամասներին անհրաժեշտ է տեղյակ պահել Թեհրանին: Եղան ենթադրություններ, որ հավանաբար տարածքների փոխանակման նորացված տարբերակը, ինչն ակնհայտորեն շոշափում էր նաև Իրանի շահերը, սեղանի վրա է: Ամերիկացի և ֆրանսիացի միջնորդների ընտրած ուղուց ոգեւորված չէր նաև Մոսկվան:
Համանախագահների հաջորդ այցը տեղի ունեցավ 2001թ. մայիսին՝ քիվեսթյան բանակցություններից հետո: Այս անգամ ևս նրանք ընտրել էին ոչ պակաս ուշագրավ ուղի` Բաքվից Բարդա, ադրբեջանա-ղարաբաղյան սահմանը հատելով` ԼՂ, հետո Շուշիից ուղղաթիռով Սպիտակ, այնտեղից` Հայաստան-Թուրքիա սահման: ՙՄենք այս ուղին առաջին անգամ ենք ընտրել: Միշտ Ադրբեջանից Հայաստան էինք գնում, ապա ԼՂ: Այս անգամ որոշեցինք Ադրբեջանից ԼՂ գալ: Թուրքիայի սահմանն արդեն բաց է: Բացել ենք անցնող դեկտեմբերին՚,- ասաց Քավանոն, ով մյուս համանախագահների հետ նոր էր հատել շփման գծի Բարդա-Աղդամ հատվածը:2
Քավանոյի խոսքերով` 2001թ. կողմերն անհավատալիորեն մոտ էին կարգավորմանը, սակայն վերջին պահին, ինչպես ակնարկում էին միջնորդներն ու բանակցություններին մոտ կանգնած դիվանագետները, Ալիևը չգնաց ցավալի փոխզիջումների:
2001թ. հունվարի 24-ին նախագահ Շիրակը Փարիզում հյուրընկալեց Ալիևին: Հաջորդ օրը Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին երկու երկրների նախագահները: Հունվարի 26-ին Շիրակի միջնորդությամբ Փարիզում կայացավ Քոչարյանի և Ալիևի միջևհանդիպում:
Շիրակը երկու նախագահներին դիմավորեց Ելիսեյան պալատի մուտքի աստիճաններին, առանձին-առանձին, հինգ րոպե տարբերությամբ: Դարպասներից մինչևպալատի աստիճաններ տարածությունը` ընդամենը 30 մետր խճապատ հատվածը, Ալիևը դժվարությամբ էր հաղթահարում: Մոտ տարածության վրա լսելի էր նրա հեւքը, տարիքին գումարվել էին հիվանդությունները:
Ելիսեյան պալատում մի քանի ժամ տեւած բանակցությունների ավարտին լրագրողները Ալիևին և Քոչարյանին հարցրին, թե ի՞նչ էական տարբերություններ կան նախագահների առաջին և տասնչորսերորդ հանդիպումների միջեւ, և հնարավո՞ր են արդյունքներ ակնկալել, երբ գործընթացին չի մասնակցում հակամարտության հիմնական կողմը` ԼՂ-ը: ՙՄենք չենք հանդիպում ուղղակի հանդիպելու համար: Մենք իսկապես ցանկանում ենք գտնել լուծումը: Հանդիպումից հանդիպում մենք միմյանց ավելի լավ ենք հասկանում: Հուսով եմ, որ հանդիպումների թիվը հարյուրի չի հասնի, բայց թե որերորդ հանդիպման ժամանակ կհասնենք փոխընդունելի լուծման, դժվարանում եմ ասել: Առայժմ միայն նախագահ Քոչարյանի հետ ենք քննարկում հարցերը: Կարծում եմ, երբ կհանգենք որևէ կոնկրետության, այն ժամանակ կարող են լինել երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմեր՚,- ասաց Ալիեւը:
Ըստ Քոչարյանի` ՙԱռաջին հանդիպումների ընթացքում մենք ուսումնասիրում էինք միմյանց, հետագա հանդիպումների ընթացքում ջանում էինք հասկանալ, այժմ փորձում ենք լուծել հիմնախնդիրը: Տեղյակ լինելով երրորդ կողմի դիրքորոշմանը և մոտեցումներին` ես փորձում եմ դրանք արտահայտել, թեև համամիտ եմ, որ խնդրի լիարժեք լուծմանը կարելի է հասնել միայն երրորդ կողմի մասնակցությամբ՚:3
Փարիզում մարտի 4-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Քոչարյան-Ալիև նոր հանդիպում` երկժամյա առանձնազրույց: Հաջորդ օրը կայացան Շիրակ-Ալիև, Շիրակ-Քոչարյան, ապա Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները: Փարիզից վերադառնալով Բաքու` Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը ԼՂ-ի համար անկախություն է ուզում:
Մարտի կեսերին Ալիևը պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա, որտեղ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս հայտնեց: Ապրիլի 1-ին Քի Վեսթ մեկնելու ճանապարհին` ՙԲինա՚ օդակայանում, Ալիևն ասաց, թե հակամարտության լուծման համար պատրաստ է բանակցությունների մեկնել որևէ վայր, նույնիսկ` Անտարկտիդա: Ապրիլի 3-ին Թրումենի փոքրիկ Սպիտակ տանը համանախագահների մասնակցությամբ պետքարտուղար Փաուելն առանձին հանդիպումներ ունեցավ Քոչարյանի ու Ալիևի հետ:
ՙԿոնկրետ աշխատանքն այստեղ (Քի Վեսթում) կառուցվեց երկու նախագահների հունվարի 25-ի և մարտի 4-5-ի փարիզյան քննարկումների վրա, որոնք անցան նախագահ Շիրակի հովանու ներքո: Նախագահները խնդիրը փոխզիջումային հիմքով լուծելու բարի կամք և մեծ նվիրվածություն դրսեւորեցին: Համանախագահները ներկայումս պատրաստում են մի նոր համապարփակ առաջարկություն, որը կշոշափի նախագահների առանձնացրած խնդիրներն ու կարիքները՚,- ասում էր համանախագահների ապրիլի 6-ի հաղորդագրությունը:
Ֆլորիդայից տունդարձի ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին Սպիտակ տանն առանձին ընդունեց և կարճ զրույցներ ունեցավ նախագահ Ջորջ Բուշը: Փարիզում ապրիլի 10-ին տեղի ունեցավ Շիրակի հանդիպումը Քոչարյանի հետ: Ապրիլի 12-ին Քոչարյանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, հեռախոսով զրուցեցին նաև Շիրակը և Բուշը:
Օսկանյանն ասում է, Քի Վեսթի առաջարկներով ԼՂ-ը միանգամից, ստորագրման պահից, դառնում էր Հայաստանի տարածք Լաչինի միջանցքով: ՙԼաչինն էլ էր ունենում նույն կարգավիճակը, իսկ դրա դիմաց բանակցություններ էին գնում, որ Հայաստանը թույլ տա Ադրբեջանին ազատ օգտագործել իր տարածքով անցնող ճանապարհը Նախիջևանի հետ հաղորդակցվելու համար: Դա էր նոր տարրը, որը փոխհատուցում էր Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու գաղափարը: Բայց դա համազոր չէր տարածք տալուն: Ազատ օգտագործելով այդ ճանապարհը` Ադրբեջանը կապահովեր իր կապը Նախիջևանի հետ, ոչ թե սուվերեն տարածք էր տրամադրվում Ադրբեջանին՚:4
Հետագայում ես կարդացի ոչ պաշտոնական, անգլերենով շարադրված այն փաստաթուղթը, որն ընդունված է անվանել քիվեսթյան: Փաստաթղթում սևը սպիտակի վրա գրված էր, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ՙինքնիշխան անցում՚ (soveraign passage) է ստանում Հայաստանի հարավում:
Մայիսի 2-ին Քավանոն հայտարարեց, որ պայմանավորվածության համաձայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ժնեւում, հունիսի 15-ին, և ինչպես Քի Վեսթում` օգտագործվելու է ՙբանակցություններ մոտակայքում՚ ձևաչափը: Ամերիկացի միջնորդն ուղեւորվեց Բաքու` շոշափելու Ալիևի հետքիվեսթյան տրամադրությունները:
Մինսկի խմբի միջնորդները մայիսի 18-21-ն այցելեցին տարածաշրջան: Բաքվում ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել, հետևաբար` անիմաստ է Ժնևում ծրագրված բանակցությունների նոր փուլի կազմակերպումը:
Համանախագահները Ադրբեջանից ԼՂ հասան` հատելով շփման գիծը: Սահմանի ականազերծման ընթացքում ադրբեջանցի սպան անուշադրության պատճառով կորցրել էր ոտքը, ինչն ավելի էր հուսահատեցրել միջնորդներին, ովքեր նախօրեին Բաքվում չհուսադրող բանակցություններ էին վարել Ալիևի հետ:
Թոմաս դե Վաալը ներկայացնում է այդ հանդիպման առաջին րոպեները:
ՙՆախագահ Ալիևը դժգոհ էր: Նա նստած էր երկար սեղանի կենտրոնում` դրանիկներով շրջապատված, նայում էր բազմաթիվ հեռուստախցիկներին: Քաղբյուրոյի և ՊԱԿ-ի վետերան նախագահն այժմ խաղում էր ծերացած ու հիասթափված արքայի դեր… Ալիևը հյուծված տեսք ուներ և բարերարի ժպիտը դեմքին սկսեց բառային մենամարտն արտասահմանցի երեք միջնորդների հետ` մերթ ընդ մերթ հայացք ձգելով հեռուստախցիկներին: Ակնհայտորեն խորհրդատվությունները ցանկալի ընթացք չէին ունեցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ալիևը, ըստ էության, պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Հայաստանին` բանակցային սեղանի շուրջ այլ զիջումների դիմաց, ինչը, սակայն, նզովք էր մարդկանց այն խմբի համար, ում խորհրդի կարիքը նա ուներ Քի Վեսթից հետո:
Ռուս դեսպան Գրիբկովն ուշացումով շնորհավորեց նախագահին ծննդյան 78-ամյակը: ՙՇնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց…՚,- Ալիևը դադար տվեց: ՙԻսկական ծննդյանս տոնը կգա, երբ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, երբ մեր հողերն ազատագրված լինեն: Ուստի բոլոր այն տարիների ընթացքում, որ զբաղվում եմ այս հարցով, որևէ տոն չի եղել ինձ համար, առավել ևս` ծննդյանս տարեդարձը: Ես մոռացել էի ծննդյանս օրվա մասին, որովհետև ուղեղս միշտ զբաղված է այս հիմնախնդրով՚,- շարունակեց նա:
Ծանրակշիռ, հանդիսավոր կեցվածքը ստիպում էր հավատալ նրան՚:5
Ղարաբաղյան կողմը շփման գոտու հայկական հատվածում սեղան էր բացել: Բոլորը բաժակ բարձրացրին խաղաղության համար, սակայն նրանց դեմքերից չէր երևում, թե հավատում են խաղաղության մոտ լինելուն: Նախաճաշից հետո խումբն այցելեց Աղդամի մզկիթ: Մեկ տարի առաջ Քավանոն մզկիթից մի քար էր նվեր տարել Ալիևին` Հաղթանակի տոնի և նրա ծննդյան օրվա առիթով: ՙՀուսով եմ, որ այդ մզկիթն առաջինը կվերականգնվի գրավյալ տարածքների ազատագրումից հետո՚,- ասել էր Քավանոն: Ստացած նվերից հուզված եւ արտասվալից աչքերով Ալիևը շնորհակալություն էր հայտնել Քավանոյին` ասելով, թե հույս ունի նրա հետ այցելել Աղդամ` ազատագրումից հետո:
Աղդամից միջնորդներն ուղևորվեցին Մարտակերտ, որտեղ հանդիպեցին շրջանի ղեկավարության հետ, ապա շարունակեցին դեպի Գանձասար: Մթնում էր, երբ Գանձասարից իջանք Վանք գյուղ, որտեղ գործարար Լևոն Հայրապետյանը միջնորդների պատվին ընթրիք տվեց: Խորովածն իսկը տեղին էր: Կենացի ժամանակ Հայրապետյանը կատակով հարցրեց. ՙԵրեք երկրներից առաջինը որի՞ անունը նշեմ՚: Քավանոն հումորով նկատեց. ՙՀայերենում մեր պետության անունը սկսվում է այբուբենի առաջին տառով՚: Բոլորը ծիծաղեցին, այդ թվում` ռուս միջնորդ Գրիբկովը:
Ստեփանակերտում ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո հաջորդ առավոտյան միջնորդներն ուղևորվեցին Շուշի, որտեղ մարդիկ ուղղակի գրոհում էին համանախագահների վրա` ասելով, որ թույլ չեն տա ադրբեջանցիների վերադարձը քաղաք: Ակնհայտորեն, ինչ-որ մեկը կազմակերպել էր բողոքի գործողությունը: Այրված ու ավերակների վերածված այս քաղաքում երբեք այդքան մարդ չէի տեսել:
Երբ արդեն ուղղաթիռ էինք բարձրանում, Քավանոյին հիշեցրի նրա լավատեսությունը մինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորությունների մասին: ՙԵս մտահոգված եմ` Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները պատրա±ստ են փոխզիջումների: Շատ դժվար է հասնել փոխզիջումների, որովհետև պատերազմի վերքերը թարմ են, հիշողությունները` ծանր: Այդ մասին մենք այսօր լսեցինք Շուշիում, նախօրեին` Ադրբեջանի փախստականների ճամբարում՚,- ասաց նա:
Ուղղաթիռում ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենի օգնականը մի քանի անգամ հարցրեց. ՙԿարո՞ղ ես բացատրել, թե ինչու հնարավոր չէ Շուշիում հայերի և ադրբեջանցիների կողք կողքի բնակվելը՚:
Գլխի շարժումով բացատրեցի, որ չեմ կարող:
Մոտ մեկ ժամ անց ուղղաթիռը վայրէջք կատարեց Վանաձոր-Սպիտակ հատվածի մի հարթ վայրում, որտեղից համանախագահներն ուղևորվեցին սահմանային Ախուրյան կայարան: Շիրակի մարզպետը պատմում էր, թե ինչ օգուտ կբերի երկաթգծի վերագործարկումը: Գրիբկովը լուռ էր, Սյուրմենը` չեզոք, ոգեւորված խոսում էր Քավանոն: ՙԱյստեղից ընդամենը երկու կիլոմետր հեռու Թուրքիան է: Երկու հարևան նների միջև չկա շփում, և մեծ տխրությամբ պետք է նշեմ, որ հայ և թուրք ժողովուրդների միջև վերջին շփումները եղել են 1915թ.: Կարճ ժամանակով երկաթգիծը բացվեց, բայց ղարաբաղյան հակամարտության պատճառով կրկին փակվեց: Ողջ տարածաշրջանի համար երկաթգծի բացումը կարևոր նշանակություն կունենա, բայց դրան անպայման պետք է նախորդի խաղաղության համաձայնագիրը՚:6
Գյումրիից համանախագահները մեքենաներով ուղևորվեցին Երևան: Հաջորդ օրը նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ամերիկացի միջնորդն ասաց. ՙԽաղաղության ճանապարհը ոչ միշտ է հարթ և նման է Լաչինի ճանապարհին, որտեղ մի շարք խոչընդոտներ կան՚:7
Ֆիլիպ դը Սյուրմենը մայիսի 28-ին հայտարարեց. նախատեսված հանդիպումը Ժնևում հետաձգվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների խնդրանքով: Ակնհայտորեն, հանդիպումը չկայացավ Ադրբեջանի պատրաստ չլինելու պատճառով: Դա անուղղակիորեն հաստատեց Ալիևը: Մայիսի 29-ին նա հայտարարեց, որ ՙեռանախագահները Ղարաբաղի համար պահանջում են անկախ կարգավիճակ՚, բայց ՙԱդրբեջանի հարևանությամբ չի կարող լինել երկրորդ հայկական պետություն՚:
Մայիսի 31-ին ԱՊՀ Մինսկի գագաթաժողովում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցավ Քոչարյան-Ալիև հանդիպում, որը չէր կարող առաջընթաց ապահովել, քանի որ բանակցություններն արդեն մտել էին փակուղի:
Հուլիսի 10-13-ը եռանախագահները եւ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում բանակցություններ վարեցին Քոչարյանի, Ղուկասյանի և Ալիևի հետ: Միջնորդները Շուշիից ուղղաթիռով հասան Ֆիզուլի և նախքան շփման գիծն անցնելը համատեղ հայտարարություն տարածեցին` կողմերին հորդորելով վերջ տալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անպատասխանատու կոչերին:
Նախքան ուղղաթիռ բարձրանալը համանախագահները եւ Տրուբնիկովը, ով առաջին անգամ էր այցելում ԼՂ, շրջեցին Շուշիում, այցելեցին Ղազանչեցոց եկեղեցի, պարսկական մզկիթ, Վազգեն Սարգսյանի հուշարձան: Ի տարբերություն նախորդ բողոքի ցույցի, շուշեցիները ոչ մի կերպ չարձագանքեցին համանախագահների այցելությանը: Միջնորդներն էլ մոռացել էին Շուշին ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրությունները: Հակամարտությունը կարգավորելու նրանց վերջին ամիսների լավատեսությանը փոխարինել էր հոռետեսությունը:8
Քիվեսթյան փակուղուց մինչև մահ Ալիևը ևս վեց անգամ հանդիպեց Քոչարյանի հետ, սակայն ակնհայտ էր, որ նրա իշխանության օրոք այլևս անիմաստ էր ակնկալել ճեղքում բանակցություններում: 2001թ. օգոստոսին Սոչիի, նոյեմբերին` Մոսկվայի հանդիպումներից հետո մոտ տասն ամիս Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ՙընդմիջում՚ են վերցնում:
Քոչարյանի և Ալիևի միջև 2002թ. առաջին շփումը տեղի ունեցավ Երասխ-Սադարակ հատվածում օգոստոսի 14-ին, առանց միջնորդների: Հատուկ պատրաստված վրանում նախագահները բանակցեցին չորս ժամ: Ապա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին հոկտեմբերին Քիշնեւում: Քոչարյանի և հայր Ալիևի վերջին երկկողմ շփումը կայացավ նոյեմբերին Պրահայում:
2001թ. տարեվերջին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի նախագահն ՙԱրարատ՚ մարզավանում իրանահայության հետ հանդիպման ընթացքում հայտարարեց. ՙՂարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և երբեք չի լինելու՚:9
Հետագա տարիներին ևս Քոչարյանը բազմիցս կրկնեց այդ միտքը, իսկ 2004թ. հունիսին Ստրասբուրգի ելույթում ասաց. ՙԽորհրդային Միության փլուզման հետեւանքով նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում ձևավորվեցին երկու անկախ պետություններ` ԼՂՀ-ն և Ադրբեջանը: Այդ պետությունների գոյության իրավական հիմքերը նույնական են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի հետ ընդհանուր ոչինչ չունի՚:10
Ծանոթագրություններ
- Քավանոյի հետ զրույցից, 25 հունվար, 2001թ., Ստրասբուրգ, ՙԱզգ՚, թիվ 14, 26 հունվար, 2001թ.:
- Քավանոյի հետ զրույցից, 19 մայիս, 2001թ., Աղդամ:
- Հեղինակի գրառումներից, Ստրասբուրգ եւ Փարիզ, 25-26 հունվար, 2001թ., ՙԱզգ՚, թիվ 15, 27 հունվար, 2001թ.:
- Օսկանյանի հետ զրույցից, 24 հուլիս, 2006թ., Երևան:
- Tomas de Waal, pp. 4-5.
- Հեղինակի գրառումներից, 19-21 մայիս, Աղդամ-Շուշի-Գյումրի, ՙԱզգ՚, թիվ 92, 22 մայիս, 2001թ.:
- Հեղինակի գրառումներից, 20 մայիս, Գյումրի, ՙԱզգ՚, թիվ 92, 22 մայիս, 2001թ.:
- Հեղինակի գրառումներից, 11 հուլիս, 2001թ., Շուշի, Ստեփանակերտ:
- Հեղինակի գրառումներից, Թեհրան, ՙԱզգ՚ օրաթերթ, թիվ 239, 27 դեկտեմբեր, 2001թ.:
- Հեղինակի արխիվից:
aniarc.am/2019/06/22/kocharyan-aliyev-key-west-april-2001-tatul-hakobyan-book/?





