Կարմիր բանակը Հայաստան կմտներ, եթե անգամ Հայաստանում նախագահական համակարգ լիներ

30 հոկտեմբեր 2015

Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները որպես այդ փոփոխությունների իրականացման հակափաստարկ ներկայացնում են Հայաստանի խորհրդարանական կառավարման ձախողման պատմական փորձը: 1918թ. մայիսին հռչակված Առաջին հանրապետությունը, որ գոյություն ունեցավ մինչև 1920թ. նոյեմբերը, ուներ կառավարման խորհրդարանական մոդել: Այդ ընթացքում չորս կառավարություն փոխվեց. կառավարությունները հաջորդում էին իրար՝ չկարողանալով լուծել ոչ սոցիալական և ոչ էլ անվտանգության հետ կապված խնդիրները, երկրում իշխանությունը ավելի շատ խմբապետների բանդաների ձեռքում էր, քան ընտրված խորհրդարանի և կառավարության: Բայց ամենակարևորը՝ իշխանությունը այդպես էլ չկարողացավ լուրջ դիմադրություն կազմակերպել թուրքական ագրեսիային, և երկիրը հանձվեց թուրքերի ու ռուսական Կարմիր բանակի մասնատմանը:

Կառավարման խորհրդարանական համակարգ ուներ նաև նորաստեղծ ԼՂՀ-ն, որտեղ Հայաստանի հետ միաժամանակ անցում կատարվեց կառավարման նախագահական համակարգի: Կառավարման խորհրդարանական համակարգի քննադատներն ասում են, որ այս դեպքում էլ հնարավոր եղավ ռազմաճակատում հաջողությունների հասնել միայն կառավարման ավելի կենտրոնացված համակարգի՝ Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորման միջոցով, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում Լեռնային Ղարաբաղում ավելի շատ կորուստներ էին, քան ձեռքբերումներ:

Ինչպես Առաջին հանրապետությունում, այնպես էլ ԼՂՀ-ում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում էր ՀՅԴ-ն, ով այսօր էլ շարունակում է մնալ կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակից: Արդյոք Հայաստանի խորհրդարանական հանրապետությունների տապալված փորձը ՀՅԴ-ին չի՞ հուշում, որ կառավարման կոլեգիալ համակարգը Հայաստանի համար չէ, և չարժե երրորդ անգամ կրկնել այն, ինչ չի ստացվել երկու անգամ:

Այս հարցի շուրջ մենք զրուցեցինք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

– Ի՞նչ կասեք այն մեղադրանքների վերաբերյալ, որ Առաջին հանրապետության գոյության երկուսուկես տարում չորս կառավարություն է փոխվել, և կառավարական ճգնաժամերը շարունակական բնույթ են կրել, ինչը խոսում է այդ համակարգի անկատարության մասին, գոնե Հայաստանի համար:

– Նախ ասեմ, որ ավելի լավ է փոխվի, քան մնա անփոփոխ մի կառավարության գործունեություն, որը երկիրը ամեն օր տանում է դեպի դեգրադացիա և հետընթաց: Այնպես որ, այդ փոփոխություններին պետք չէ վատ վերաբերվել: Ասում են, չէ՞, Իտալիայում 50 տարվա մեջ 60 կառավարություն է փոխվել, բայց ուր էր թե մենք Իտալիայի նման երկիր լինեինք, որտեղ չնայած կառավարությունների նման հաճախակի փոփոխությանը, այնպիսի տնտեսական աճ է արձանագրվել, որ այդ երկիրը աշխարհի արդյունաբերական առավել մեծ զարգացում ունեցող երկրների յոթնյակում է: Այնպես որ, երկրի զարգացումը պետք չէ կապել կառավարման մոդելի կամ կառավարությունների հաճախակի փոփոխության հետ:

– Տեսակետ կա, որ Առաջին հանրապետության ռազմաքաղաքական ձախողումները ևս կապված էին կառավարման համակարգի հետ, որը չկարողացավ ապահովել անվտանգությունը:

– Նախ ուզում եմ հարցնել, իսկ որևէ մեկը գիտի, թե ինչ կլիներ Հայաստանի ճակատագիրը, եթե նախագահական կառավարման համակարգ լիներ, բնականաբար՝ ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի, և պետք չէ գուշակությամբ զբաղվել: Կամ կառավարման համակարգն ի՞նչ կապ ունի Առաջին հանրապետության անկման հետ, այն տեղի ունեցավ թուրք-բոլշևիկյան արտաքին ագրեսիայի արդյունքում: Ի՞նչ կապ ունի կառավարման խորհրդարանական համակարգը, եթե Կարմիր բանակը մտավ Հայաստան:

– Հնարավոր է, որ նախագահական կառավարման համակարգը օգներ դիմագրավել այդ ագրեսիային:

– Պետք չէ այդքան պարզունակ մտածել:

– ԼՂՀ-ում ևս ձևավորման ամենասկզբնական շրջանում կառավարման խորհրդարանական համակարգ էր, և որոշ մարդիկ տեսակետ են հայտնում, որ ԼՂՀ-ում ռազմական հաջողություններ եղան միայն 1992թ. Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից հետո, որը ավելի շատ նման էր կառավարման նախագահական համակարգի:

– Այո՛, ԼՂՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգ էր, և այդ համակարգը վերացվեց Հայաստանում նախագահական համակարգ մտցվելուց հետո, երբ 1996թ. համաժողովրդական քվեարկությամբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ԼՂՀ նախագահ: Իսկ Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվել է նույն ԼՂՀ խորհրդարանի կողմից՝ նկատի ունենալով պատերազմական իրավիճակը, իսկ Ռոբերտ Քոչարյանը այդ նույն խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում գլխավորում էր կառավարությունը՝ զբաղեցնելով ՊՊԿ-ի և վարչապետի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ խորհրդարանի կողմից նախագահ է ընտրվել պատերազմի ավարտից հետո՝ 1994թ. դեկտեմբերին:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց հետո, Արցախում ևս կարող է անցում կատարվել կառավարման խորհրդարանական համակարգի: Ռուստամյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ է եղել 1990-1991թթ., և այդ ժամանակ Հայաստանում բավական հավասարակշռված քաղաքական համակարգ էր, որի ապացույցը Արմեն Ռուստամյանը համարում է այն, որ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանը տևական ժամանակ չուներ տեղակալ, քանի որ խորհրդարանը չէր հաստատում տեղակալի թեկնածությունը:

Հեղինակ՝ Ավետիս Բաբաջանյան
1in.am

http://www.arfd.info

Facebooktwitterredditpinterestlinkedinmail