25-06-2019 | Հայաստան | Վերլուծություն:
2019թ․ մարտի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խումբը հարցադրում է հղել Թուրքիայի կառավարությանը 1915-1923թթ. հարկադիր տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ:
Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողները համատեղ հարցադրում են ներկայացրել և միջնորդել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դիրքորոշում հայտնի ներկայացված հարցապնդման վերաբերյալ, մասնավորապես․
1. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինների գտնվելու վայրերը հայտնաբերելու համար:
4. Տեղեկատվություն տրամադրել 2017-ին օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ հոդվածի հետ:
5. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հայերի դեմ իրականացված հանցագործությունների մասին հայտարարություններ անող անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի մասին:
ՄԱԿ Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի Թուրքիայի կառավարությանը հղված հարցադրմանը անդրադարձել է նաեւ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն իր կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանը, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը «Առաջնորդվելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպությունների և հաստատությունների անունից մենք ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցողի համատեղ գործողությունը, այն է՝ իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը համատեղ հարցապնդում հղելը:
Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետությանը պահանջ ներկայցնելու գործընթացում, որ վերջինս հաշտվի սեփական անցյալի հետ և, նախ և առաջ, կատարի ճշմարտության հաստատման, զոհերի արդարության և վնասի փոխհատուցման իրավունքն ապահովելու համար քննություն իրականացնելու իր պարտավորությունը»:
Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականի ընթացքում հայերը՝ ի դեմս Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան կառավարության երեք դիմումնագրեր են հղել ՄԱԿ՝ որոնք վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք կայացվել են, սակայն մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։
Նոյյան Տապան
25 հունիս 2019 թ.
nt.am/am/news/269537/