Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան
24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց.
«Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը եւ զերծմնալու որեւե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից եւ շփման գծի ու միջազգայինսահմանին տարվող ինժիներական աշխատանքներից։Ինչը նշանակում է որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։
Երկրորդ, առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում։
Մամեդյարովը իբրեւ թե բացելով փակագծերը ուզում է տպավորություն թողել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել եւ միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։
Ադրբեջանի արտգործնախարարը առավել եւս ծխածակույթ է ստեղծում երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով. Նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։
armenpress.am/arm/news/979645.html