26 ՅՈՒՆԻՍ 2019 – ՄԱԿ:
ՄԱԿ-ը զգայացունց հարցապնդում է հղել Թուրքիային Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Երեսունչորս տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպության Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը մի զեկույց ընդունեց, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչեց որպես ցեղասպանության դեպք:
Մինչև վերջերս ՄԱԿ-ում այլ գործունեություն չի եղել այս հարցի վերաբերյալ: Անսպասելիորեն, 2019 թ. մարտի 25-ին մի զարմանալի նամակ հղվեց Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Սադիկ Արսլանին՝ ՄԱԿ-ի երեք կառույցների ներկայացուցիչների կողմից․ Բեռնար Դուհայմ՝ Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի զեկուցող նախագահ, Դեյվիդ Կեյ՝ Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող և Ֆաբիան Սալվիոլի՝ Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող:
ՄԱԿ-ի համատեղ նամակում խնդրվում էր թուրք դեսպանին 60 օրվա ընթացքում պատասխանել հետևյալ յոթ հարցերին.
«1. Խնդրում ենք տրամադրել ցանկացած տեղեկություն և/կամ մեկնաբանություններ(ներ), որոնք դուք կարող եք ունենալ մեղադրանքների վերաբերյալ. … Թուրքիային վերագրվող խախտումները կապված 1915-1923 թթ․ ողբերգական իրադարձությունների հետ, որից տուժել է հայ փոքրամասնությունը, և դրանց հետևանքները այդ բնակչության համար:
- Ձերդ Գերազանցության կառավարության կողմից ի՞նչ քաղաքականություն է վարվել այս մեղադրանքներին արձագանքելու համար:
- Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923 թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:
- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինները, հնարավորինս, հայտնաբերելու համար:
- Խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել 2017 թ. օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի հետ:
- Խնդրում ենք մանրամասն տեղեկատվություն տրամադրել հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի վերաբերյալ:
ՄԱԿ-ի համատեղ նամակում մանրամասնորեն նկարագրվել են հայերի դեմ իրականացված վայրագությունները «1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունը և նրան հաջորդած Թուրքիայի Հանրապետությունը, [որոնք] իրականացրել են երկրի արևելյան մասում ապրող հայ փոքրամասնության զանգվածային տեղահանության քաղաքականություն: Այդ փոքրամասնությանը պատկանող հարյուր հազարավոր անձինք (մոտավորապես 600000-ից մինչև 1500000-ը) ենթարկվել են այդ քաղաքականությանը, ինչը հանգեցրել է համատարած բռնության այդ բնակչության դեմ։ Ըստ տեղեկությունների, նրանց բռնի արտաքսումը սկսվել է 1915 թ. մարտին, հիմնականում Անատոլիայում, բայց նաև երկրի այլ հատվածներում: Հայերին վտարել են իրենց նախնիների հողերից: 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հարյուրավոր քաղաքական և մտավորական ղեկավարների, իսկ հետագայում նրանց տեղափոխեցին այլ վայրեր: Դրա հետևանքով, հայկական վերնախավը գրեթե ամբողջությամբ վերացավ: Սրան հետևեց ամբողջ հայ բնակչության դեմ ուղղված համակարգված քաղաքականություն յուրաքանչյուր նահանգում և յուրաքանչյուր վիլայեթում, որի պաշտոնական նպատակն էր հայ բնակչության բռնի տեղահանումը Անատոլիայի արևելյան նահանգներից դեպի Հալեպ և սիրիական անապատներում գտնվող ճամբարներ: Հայերը ենթարկվեցին պարտադրված երթերի: Նրանց մեծ մասը, ենթադրաբար, աստիճանաբար մահացավ ուժասպառությունից, սովից, հիվանդություններից կամ կոտորածից, իսկ նրանց աճյունները հիմնականում մնացին լքված: Տեղ հասնելով, մի քանի կենդանի մնացածներին պահում էին ճամբարներում, որտեղ նրանք կարող էին խոշտանգվել կամ արժանանալ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի. հետագայում նրանց մեծ մասին սպանեցին: Գործընթացը շարունակվեց մինչև 1923 թվականը: Ենթադրվում է, որ այս գործողությունները կարող էին սահմանվել որպես բռնի անհետացումներ, այն աստիճանի, որ.
- Հայերը Թուրքիայում ենթարկվել են ձերբակալությունների, բանտարկությունների կամ առևանգումների կամ այլ կերպ զրկվել իրենց ազատությունից.
- Ըստ տեղեկությունների, այս գործողությունները վերագրվել են պաշտոնատար անձանց կամ կառավարության տարբեր ճյուղերի կամ մակարդակների.
III. Մինչ օրս Կառավարությունը չի բացահայտել այդ անձանց ճակատագիրը կամ գտնվելու վայրը»:
ՄԱԿ-ի նամակում քննադատվել է նաև Թուրքիայի ժխտողականությունը․ «Տեղեկացվում է նաև, որ Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել այդ իրադարձությունները, այլ նաև դիտավորությամբ ներգրավված է զոհերի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին ճշմարտության ժխտման ու խոչընդոտման մեջ․․․․ Թեև մենք չենք ցանկանում կանխորոշել այդ մեղադրանքների ճշգրտությունը, մենք ցանկանում ենք արտահայտել մեր անհանգստությունը նշված ժխտողականության և 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանման համար ճշմարտության հաստատման և արդարության ապահովման համար առաջընթացի բացակայության նկատմամբ, որը հանգեցրեց վիթխարի տառապանքի և դաժան վերաբերմունքի ու մահվան։ Համապատասխան փաստերի հաստատման և ճանաչման առաջընթացի բացակայությունը, ոչ միայն վնաս է հասցնում զոհերի և նրանց սերունդների արժանապատվությանը, այլև կարող է խոչընդոտել հիշողության պահպանման և ճշմարտության հաստատման միջոցառումներ նախաձեռնելու հնարավորությանը»։
2019 թ․ մայիսի 17-ին, ՄԱԿ-ի հարցապնդման 60 օրվա ընթացքում, Թուրքիայի դեսպանը արձագանքեց երեք էջանոց նամակով, նշելով, որ ՄԱԿ-ի նամակը «անպատասխան կմնա Թուրքիայի կառավարության կողմից»… Դեսպան Արսլանը նաև հայտարարեց, որ «իմ իշխանությունները բավականին շփոթված էին այդ հաղորդակցությունից», որը նա նկարագրեց որպես «չարամիտ և քաղաքական դրդապատճառներով թելադրված»։
ՄԱԿ-ի նամակում առկա հայտարարությունները ժխտելուց բացի, դեսպան Արսլանը նաև վկայակոչեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և նրա մամուլի խոսնակ Ֆարհան Հաքին, պնդելով, որ ՄԱԿ-ը երբեք դիրքորոշում չի ունեցել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ՄԱԿ-ի ստեղծումից առաջ։ Թե՛ գլխավոր քարտուղարը, թե՛ նրա խոսնակը սխալ են, քանի որ ՄԱԿ-ը հատուկ օր է սահմանել հրեական Հոլոքոստը հիշատակելու համար, որը տեղի էր ունեցել 1945 թ. ՄԱԿ-ի հիմնադրումից առաջ: Բացի այդ, ես հարցազրույց եմ ունեցել Բան Կի Մունի խոսնակ Ֆարհան Հաքի հետ և նրան հարցրել 1985 թ. ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի Ցեղասպանության զեկույցի մասին, որը ճանաչել է մի քանի ցեղասպանություններ, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, ընդ որում բոլորն էլ տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի հիմնադրումը։ Հաքն ինձ ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի Ցեղասպանության զեկույցի մասին, սակայն նա ակնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ճանաչման բացակայությունը։
Բացի այդ, հեղինակները ՄԱԿ-ի նամակին կից ներկայացրել են Միջազգային մարդասիրական օրենքից հղում, որտեղ ասվում է․ «Անպատժելիության դեմ պայքարելու միջոցով մարդու իրավունքների պաշտպանության և աջակցության համար թարմացված Սկզբունքների ամբողջության 2-րդ սկզբունքը սահմանում է բոլոր անձանց անքակտելի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն անցյալի դեպքերի մասին, կապված նողկալի ոճրագործությունների հետ, ինչպես նաև այն հանգամանքների և պատճառների մասին, որոնք հանգեցրին դրանց: Ճշմարտության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է կենսական կարևոր երաշխիք ընդդեմ խախտումների կրկնության։ Չորրորդ սկզբունքը սահմանում է, որ զոհերը և նրանց ընտանիքներն ունեն անժամանցելի իրավունք իմանալու ճշմարտությունը այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում տեղի են ունեցել խախտումները, ինչպես նաև զոհերի ճակատագրի մասին»։
Վերջապես, դեսպան Արսլանը կրկնել է նույն կեղծիքը այն մասին, որ Հայաստանը չի պատասխանել Թուրքիայի 2005 թ․նամակին, որում առաջարկվում էր «ստեղծել պատմաբաններից և փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար»։ Սա սուտ է: Հայաստանն արձագանքել է, առաջարկելով, որ նախատեսվող հանձնաժողովը քննարկի երկու երկրների միջև առկա բոլոր չլուծված հարցերը, այլ ոչ թե միայն Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան է, որ երբեք չի պատասխանել։
Այժմ, երբ Հայոց ցեղասպանության հարցը կրկին բարձրացվել է ՄԱԿ-ում, որպես հաջորդ քայլ, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես ներառի ՄԱԿ-ի նամակը և թուրքական ժխտողական պատասխանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի օրակարգում և հետամուտ լինի փոխհատուցման և արդարության Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
hayernaysor.am/archives/314497?