ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԳԻՏԱ-ՊԱՏՄԱԿԱՆ «ԱՏՈՄԱՅԻՆ» ՌՈՒՄԲԸ
Ատրպէյճանի, ինչպէս նաեւ իր մեծ եղբօր, Թուրքիայի տափակութիւնն ու լկտիութիւնն էլ չպիտի մեզ հայերիս զարմացնեն, սակայն արի ու տես որ, Ատրպէյճանը ունի անսահման մեծ “գիտական” պաշարներ մեզ ջարդ ու փշուր անելու: Ներկայիս “ատոմային” ռումբն է Ատրպէյճանի գորգերի “իրեւանեան” խուբը: Գիրք-ալբոմը, հրատարակուած է Բաքւում մի խումբ փրոֆեսոր- դոկտորների կողմից: Հրատ. Տարին անյայտ է, սակայն այն ներկայացուել է Ֆրանքֆուրթի միջազգային գրքերի տօնավաճառում (2018) և ցրուել է անվճար անցորդների մէջ, իսկ այժմ AMAZON-ում “Վաճառւում” է 504,- Եւրոյով:
Գիրք-ալբոմը, իբր գորգերի մասին է, սակայն իրականութեան մէջ, ներկայիս ՀՀ-ի տարածքը իր պատմամշակոյթային հարստութեամբ, ներկայացւում է, որպէս արեւմտեան Ատրպէյճանի պատմական անքակտելի մաս: Գիրքը բաղկացած է շուրջ 112 էջերից, որի 65 էջը նուիրուած է Ատրպէյճանի արեւմտեան հատուածի (ՀՀ-ի և Երեւանի խանութեան, Ժ.Ք.) պատմութեանը: Գունատիպ է և գրուած է անսահման վատ գերմաներէնով: Արդեօք միւս լեզուներով էլ է հրատարակուել, չգիտենք: Այնքան առատ են կեղծիքներն ու սուտերը, որ մենք ի վիճակի չենք բոլորը ներկայացնել:Թարգմանաբար ներկայացնում ենք նախ յառաջաբանը, քանզի բաւականին խօսուն է:
”Ատրպէյճանի պատմաաշխարհագրական տարածքը:
Ատրպէյճան ազգը, որը 20-րդ դարի աւարտին իր պատմական տարածքի միայն մի հատուածում անկախացաւ, ունի հին և հարուստ պետականութեան պատմութիւն: Պատմական Ատրպէյճանի սահմաններն են՝ հիւսիսում, Կովկասեան մեծ լեռնաշղթան, արեւմուտքում՝ Ալագօզ լեռնաշղթան, ներառեալ Գօյչէ լիճը (ենթադրում ենք Սեւան լիճը Ժ.Ք.), արեւելքում՝ Կասպից ծովը, իսկ հարաւում Զնջան- Համադանը (Պարսկաստան Ժ.Ք.) և համարւում է ամենահին քաղաքակրթութեան կենտրոններից մէկը:Այսօր Ատրպէյճան ազգը 2-րդ մեծ թուրք ազգն է Անատոլիայի թուրքերից յետոյ: Այս տարածքում, ատրպէյճանական տարածքում, որտեղ զարգացել է ատրպէյճանական պետական աւանդոյթները, առկայ է հարուստ և իւրայատուկ մշակոյթ:Այս պատմաաշխարհագրական շրջաններում ժամանակի ընթացքում զարգացել են Շիրուանը, Մուղանը, Շէքին, Ղարաբաղը, Նախիջեւանը, Իրեւանը և այլն:
Գուլիստանի (1813) և Թուրքմենչայի պայմանագրերով պատմական Ատրպէյճանի տարածքները բաժանուել են երկու պետութիւնների միջեւ, որի հետեւանքով ստեղծուեցին հիւսիսային (Ռուսական կամ Սովետական) և հարաւային (Պարսկաստանի) Ատրպէյճան հասկացութիւնները: Անմիջապէս Թուրքմենչայի պայմանագրից յետոյ, Ռուսաստանը ձեռնարկեց Ատրպէյճանի արեւմտեան մասը հայկականացնել, արդիւնքում Ատրպէյճանի արեւմտեան մասում, իրեւանեան խանութեան սահմաներում, առաջին անգամ լինելով հարաւային Կովկասում հիմնուեց մի հայկական պետութիւն: Այս պրոցեսի հետեւանքով մի նոր աշխարհաքաղաքական հասկացութիւն յաւելուեց Ատրպէյճանի տարածքների հետ կապուած, որտեղ ՀՀ-ն է հիմնւել, կոչուեց արեւմտեան Ատրպէյճան (Իրեւանեան Ռեգիոն)”:
Ատրպէյճանի կեղծ ու սուտ քարոզչութիւնը ծաւալուն է, չգիտենք որ մէկին անդրադառնանք: Հարկաւ միայն թիրախը մենք չենք՝ Վրաստան (Դաւիթ Գարեջիի վանքային համալիր), ԻԻՀ “հարաւային Ատրպէյճան” և մասամբ Ռուսաստանը, որի 25 միլիոն իսլամ բնակչութիւնը օրնիբուն թրքականացւում է : Այսուամենայնիւ յոյժ հարուածը ուղղուած է անշուշտ, մեզ հայերիս:
Թուրքերն ու ատրպէյճանցիները ունեն “զէնքեր”, որոնք մեզ “պակասում” են:
1- Սուտ լուրերի տարածում (մամուլ, գիրք, հեռուստացոյց, ռադիոհաղորդումներ, էլ- կայքեր, համաժողովներ և այլն):
2-Անտեղեակ, յետամնաց և մոլեռանդ հասարակութիւն, որը հաւատում և հաւատարիմ հետեւում է ղեկավարութեանը, դառնալով բութ գործիք:
3-Իսլամի չարաշահումը փանթուրքիստական նպատակներով:
Կեղծ լուրերի և հակահայկական քարոզչութեան խմբին կարելի է դասել Ատրպէյճանի վարչապետի յայտարարութիւնը՝ թմրանիւթերի դէմ պայքարի 36-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Բաքւում, այս տարուայ Ապրիլ ամսում: «25 տարի է ինչ, ՀՀ բռնագրաւել է Լեռնային Արցախի շրջանը, որը նպաստաւոր տարածք է ահաբեկչութեան և թմրանիւթերի հանար » , իսկ Ալի Հասանովը, նոյն վարչապետի տեղակալը աւելացրել է «ՀՀ-ն ատրպէյճանի բռնագրաւեալ տարածքներում աճեցնում է թմրաբոյսեր, որոնց վաճառքով զէնք է գնում” (16.04.2019, fa.arannews.com, պարսկալեզու, փանթուրքիստական կայքէջ): Այս ճառերը լսելով, Ի՞նչ են մտածել միջազգային համագումարի մասնակիցները, դժուար է պատկերացնել,և կամ շարունակական “գիտական” համագումարները, Պարսկաստանի Ատրպատական նահանգի ատրպէյճանալեզու քաղաքներում, “Արցախը (Ղարաբաղը)պատկանում է իսլամական աշխարհին” թեմայով:
Հարկաւ,պէտք չէ անդրադառնալ բոլոր անհեթեթութիւններին, սակայն կան պարագաներ, որոնք մտահոգիչ են: Օրինակ՝ Բեռլինի պետական Ազատ Համալսարանի գրադարանում առկայ են շուրջ 7 գիրք, արցախեան հակամարտութեան թեմայով, բոլորն էլ հրատարակուած ատրպէյճանի ծախսերով, գերմանացի հեղինակների կողմից և չկայ որեւէ մի գիրք հայանպաստ և կամ չէզոք հեղինակի կողմից գրուած: Հիմա պատկերացնենք՝ ուսանողը գրում է գիտական աշխատանք, նախկին Սովետական Միութեան սառեցուած տարածքների հակամարտութեան մասին: Յստակ է չէ,՞ թէ արդիւնքը ինչ է լինելու:
Այս ու նման խնդիրների մասին բազմիցս փորձել ենք խօսել, նախկին ՀՀԿ իշխանութեան պատասխանատուների հետ, Ապարդիւն: Քանի որ, ԳԿ նախարարն էր Արմէն Աշոտեանը և կամ սփիւռքի առաջին և վեջին նախարարուհին՝ Հրանուշ Յակոբեանը: Յեղափոխական նոր նախարարն էլ հետեւեց Տիկին Յակոբեանի աւանդոյթին:
Երբ Բեռլին էր ժամանել ժամանակ չգտաւ հանդիպելու աշխարհահռչակ Դոկտ. Տիկին Հոֆմանին և կամ Ազատ Համալսարանում հայագիտութեամբ զբաղուող երկու դասախօսներին, այլ գնաց Հալլէ քաղաք, մասնակցելու “Մաշտոց” կենտրոնի հիմնադրման 20-ամեակին, պարգեւեց հերթական շքանշանը և վերադարձաւ Երեւան:
Սփիւքահայութեան հետ Մշակոյթային Կապի Կոմիտէի շնորհալի նախագահներ՝ Համազասպեան, Դալաքեան… ձեր պայծառ յիշատակը յաւերժ:
Այս բոլորը ի միջի այլոց:
Վերադառնանք թուրք-ատրպէյճանական կեղծարարութեանը: Ընթացիկ տարուայ Փետրուարին, տեղի ունեցաւ Թեհրանում մի լուսանկարների ցուցահանդէս նուիրուած “Խոջալուի ցեղասպանութեանը”, որտեղ ի միջի այլոց ցուցադրւում էր մի յայտնի լուսանկար, հայոց ցեղասպանութիւնից, որպէս փաստ: Ազարիհա, պարսկալեզու կայքը (www.azariha.org, info@azariha.info), անդրադարձաւ այս խայտառակութեանը և գրեց “Որտեղի՞ց է ակունք առնում այս երկրի անսահման կեղծարարութիւնը” և պատասխանում գրում է՝ “Ճշմարտութիւնն այն է որ, այս երկրի հիմքը դրուած է սուտի և գողութեան վրայ: Երկիր, որի անունը, գողութեան արդիւնք է (ԻԻՀ-եան Ատրպատականի նահանգ, Արաքս գետից հարաւում), ուրեմն գոյատեւելու համար շարունակ պէտք ունի սուտի և պատմութեան կեղծարարութեան”:
Փաստ: Բերենք մի քանի օրինակ գիրք-ալբոմի պատկերներից
Էջ 4: Գառնի հեթանոսական տաճար:
Մակագրութին: Հին թրքական տաճար”Գեռնի պալատը”: Բազմաստուած տաճար բիւզանդական ոճով: “Թիրիդատի գահ”: մ.թ.ա. I դ., կառուցուել է Արման թագաւոր Թիրդաթ I-ի կողմից, 14-րդ դարում վերակառուցւել է Հուլաքու Խանի կողմից:
Էջ 5: Արբիունի պալատ:
Կառուցւել է մ.թ.ա 782–ին, հին թրքական թագաւոր Արգիշտի I-ի կողմից:
Էջ 8: Աղուանական Այրիվենգ տաճար,1214 Գիրշբուլաղի շրջան, Էլլար:
Էջ 8: Քարէ սնդուկ, 15-ից 16 դար, Սանգսուրի շրջան, Սիսեան, Ուրուգ գիւղ:
Արձանագրութիւնը արաբատառ ատրպէյճաներէնով: “Այս գերեզմանում է հանգչում Օղուլ իբն Մուրադը, 963 (1555)”:
(պատկերում, արաբատառ ատրպէյճաներէնը տեսանելի չէ Ժ.Ք.)
Էջ 17: Մեծ ու փոքր սարեր, դիտուած Իրեւանի պալատից (Dubua de Mon Pere, 19-րդ դար):
(մեծ ու փոքր սարեր, այսինքն Սիսն ու Մասիսը և կամ Արարատները Ժ.Ք.):
Գիրք-ալբոմի միւս բոլոր պատկերների բացատրութիւնները նոյնպէս խեղաթուրուած են:
Ժիրայր Քոչարեան, Ապրիլ 2019
azadkhosk.com/hotvadsner9201.html