Հայկական Հասանքէյֆ Քաղաքին Անհետացումը Մօտալուտ Է – Մելինէ Անումեան

28 ՅՈՒՆԻՍ 2019 –

Մելինէ Անումեան «Ակունք»-ի միջոցով հետեւեալը կը տեղեկագրէ.

«Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնուող Պաթման նահանգի հայկական հինաւուրց Հասանքէյֆ (հարսնքով) քարանձաւային քաղաքի` վերջնականապէս ջրի տակ անցնելուն հաշուած օրեր են մնացել, ահազանգում է գերմանական «Deutsche Welle» լրատուական գործակալութեան թուրքական ծառայութիւնը:

Աղբիւրին համաձայն, արդէն կէս դար է, ինչ քննարկւում է Հասանքէյֆի ջրի տակ անցնել-չանցնելու հարցը: Այդ քննարկումը միայն այս շաբաթ աւարտին հասցուեց, եւ «Հարաւարեւելեան Անատոլիայի նախագծի» (GAP) կարեւոր կէտերից մէկը եղող Ըլըսու ջրամբարի կառուցումն աւարտուեց: Ներկայում այլեւս միայն հետեւեալ հարցն է քննարկւում. ե՞րբ պէտք է փակուեն ամբարտակի փականները, այսինքն Հասանքէյֆը քանի՞ օր յետոյ է ջրի տակ անցնելու:

«Deutsche Welle»-ի թղթակիցն այցելել է Հասանքէյֆ եւ հանդիպել տեղի բնակիչների եւ պաշտօնատար անձանց հետ: Ըլըսու ամբարտակի կառուցման ընթացքում պայմաններ են ստեղծուել, որպէսզի թէ՛ տեղի որոշ պատմական յուշարձաններ եւ թէ՛ բնակիչները տեղափոխուեն մի նոր բնակատեղի: Ռաման լերան ստորոտին հիմնուած այդ նոր բնակավայր նախ փոխադրել են որոշ յուշարձաններ: Աղբիւրի համաձայն, պատմական նմուշների 95 տոկոսն արդէն տեղափոխուել է:

Ու թէեւ քաղաքի` ջրի տակ անցնելուն ընդամէնը հաշուած օրեր են մնացել, սակայն հասանքէյֆցի 700 ընտանիքի փոխադրումն անգամ չի էլ սկսուել: Տեղի բնակիչները գործակալութեան թղթակցին բողոքել են նաեւ, որ չեն ցանկանում այլ բնակատեղի տեղափոխուել:

Յիշեցնենք, որ Հասանքէյֆ քաղաքը հազարաւոր տարուայ պատմութիւն ունի: Հռոմէացիների կողմից Տիգրիս գետի ափին կառուցուած այս հինաւուրց քաղաքը յայտնի է իր շումերական, ասորական եւ բաբելոնեան ժամանակահատուածների մօտ 4000 քարանձաւներով:

Ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին, դեռեւս 2008թ. Հասանքէյֆը պահպանելու կոչով միջազգային հանրութեանն էր դիմել Ղրիմում Հայ գրողների եւ նկարիչների միութիւնների պատասխանատու քարտուղար Սասուն Բարեանը:

Ըլըսու ջրամբարի կառուցման պատճառով ջրի տակ անցնելու վտանգի առաջ է կանգնած նաեւ 1500 տարուայ պատմութիւն ունեցող Սուրբ Գէորգ վանական համալիրը: 2013թ. «Եւրոպա Նոստրա» կազմակերպութիւնը ներկայացրել էր յատուկ ծրագիր, ըստ որի, նախատեսւում էր կազմել Հասանքէյֆի «ամենամեծ վտանգի տակ գտնուող 7 մշակութային արժէքներ»-ի ցուցակը: 21 երկրներից ներկայացուած 40 յուշարձանների մէջ յիշեալ հայկական եկեղեցին ընդգրկուել էր առաջին 14 յուշարձանների ցանկում:

Բայց եւ այնպէս, չնայած այս բոլոր ջանքերին, սոյն պատմական քաղաքը շուտով վերջնականապէս կ՛անհետանայ երկրի երեսից»:

aztagdaily.com/archives/443311

Facebooktwitterredditpinterestlinkedinmail