Թուրքերն այսօր համերգ են կազմակերպում Աղթամար կղզում. ‹‹Մեղեդիներ Ուրարտուից մինչև Եվրոպա›› խորագրով համերգին երգեր կհնչեն տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն
28 ՅՈՒՆԻՍ 2019 – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու առջև այսօր տեղի կունենա ‹‹Մեղեդիներ Ուրարտուից մինչև Եվրոպա›› խորագրով համերգը: Համերգին երգեր կհնչեն տարբեր լեզուներով: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Վանի առևտրի և արդյունաբերության պալատի ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է ‹‹Շեհրիվան›› օրաթերթը:
Աղբյուրի համաձայն՝ համերգն ըմբոշխնելու նպատակով կղզի այցելող արվեստասերները Աղթամար հասնելու համար կօգտվեն անվճար նավերից: Համերգին երգեր կհնչեն թուրքերեն, քրդերեն, արաբերեն, պարսկերեն, իսպաներեն, անգլերեն, հունարեն, եբրայերեն, լատիներեն և հայերեն լեզուներով:
Համերգի կազմակերպիչներից Վանի առևտրի և արդյունաբերության պալատի ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի համակարգող Քերեմ Օրուչը ‹‹Շեհրիվան›› պարբերականի թղթակցին տված հարցազրույցում նշել է, թե համերգի հիմնական նպատակը Վանա լճի նշանակության մասին հասարակության մեջ գիտակցության ձևավորումն է:
Օրուչը նաև ասել է. ‹‹Մենք նպատակադրվել ենք կիսվել համաշխարհային արժեքներով: Մեր կազմակերպությունն ամեն տարի նման միջոցառումներ է կազմակերպում Վանում ՝ այստեղի մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ հասարակության մեջ գիտակցություն ձևավորելու նպատակով: Նախանցյալ տարվա միջոցառումն արել էինք Վանի ամրոցի վրա, իսկ դրանից մեկ տարի առաջվանը՝ Աղթամար կղզում: Այս տարի ևս Աղթամարում ենք կազմակերպելու: Շարունակելու ենք ամեն տարի զանազան վայրերում նման գիտակցություն ձևավորող մեր միջոցառումները: Միակ նպատակը Վանի պատմական և բնական արժեքները, մշակութային ժառանգությունը պահպանելն է››:
Այսօր ժամը 19:00-ին մեկնարկող համերգը կլինի անվճար:
Մելինե Անումյան
Akunq.net