28 / 08 / 2013 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Այսօր համշենցիների մեծամասնությունը ժխտում է, որ հայ է: Շրջանում կիրառվող տեղանուններից մինչև առօրյա կյանքում գործածվող առարկաների անունները հայերեն են: Շարունակվում են այնպիսի հայկական ավանդույթներ, ինչպիսիք են Վարդավառը, Հոդոչը:
Ուղուր Բիրյոլ**
Համշենը տեղանուն է, որը տրվել է այսօր Ռիզեի Չամլըհեմշին, Փազարհեմշին և Արդվինի Քեմալփաշայում գտնվող Համշեն տեղանվանն ու այնտեղ ապրողներին: Համշենը/համշենականությունը ներկայացնում է համատեղ մշակույթ և բարձր լեռներում բնակվողների (1):
Համշենցիները միայն Սև ծովի արևելյան շրջանում չեն բնակվում: Հայտնի է, որ պանդխտության արդյունքում Թուրքիայի բազմաթիվ շրջաններում և նախկին գաղթերի հետևանքով ն Սև ծովի արևմտյան ափերին և Էրզրումում ևս համշենցիներ են բնակվել:
Սև ծովի արևելյան ափ ասելիս առաջինը, որ մարդու միտքն է գալիս, Չամլըհեմշինն է, որը կառուցվել է Սև ծովի արևելյան շրջանի ամենաբարձր կետ հանդիսացող Քաջքար լեռների փեշերին՝ պատմական Թավրիզ-Տրապիզոն մետաքսի ճանապարհի կարևոր կետում: Չամլըհեմշինում բնակվողների մեծ մասն ամռան ամիսներին բարձրանում է յայլա:
Քանի որ Փազարհեմշին նահիեում բնակվողների մեծամասնությունը բարձրանում է Չամլըհեմշինի տարածքում գտնվող յայլաներ, երկու Համշենի միջև աշխուժություն է առաջանում:
Աշխարագրական դիրքով հեռու լինելու պատճառով արևելյան համշենցիների խումբն այս մերձեցումից բավականին հեռու է մնում: Թեև հայտնի են որպես համշենցիներ, սակայն որպես արևմտյան խումբ հայտնի չամլըհամշենցիների և փազարհամշենցիների հետ այդքան էլ առնչություն չունեն:
Արևելյան համշենցիներ (Հոմշեցի)
Փիթեր Անդրյուսն իր «Թուրքիայի էթնիկ խմբերը» գրքի «Համշենցիներ» բաժնում գրում է, որ Հոփա-Քեմալփաշայի կողմերում բնակվողներն իրենց անվանում են «հոմշեցի»:
Այս արևելյան խմբի համշենցիների բնակեցման վայրերը Արդվինի նահանգում տեղակայված են Հոպայի և Քեմալփաշայի միջով անցնող գետի մակարդակից վերև: Արևելքում Ճորոխ գետը բնական սահման է կազմում (2):
Արևելյան խմբի համշենցիների լեզուն հայերենն է: Խոսում են արևմտյան բարբառով և նաև թուրքերեն: Շրջանի բնակիչները որքան էլ որ պնդեն, որ խոսում են համշեներեն, նման լեզու գոյություն չունի (3):
Երբ 1990-ական թթ. Սարպիի սահմանը բացեցին, Ռուսաստանից առաջինը հայերը եկան Սև ծով արևելյան շրջան: Սկզբում, երբ հայերը առևտրի համար Հոպա էին գալիս, նկատեցին, որ շրջանի բնակչության հետ լեզվական նմանություններ ունեն:
Այսօր որքան էլ որ ժխտեն, որ իրենց լեզուն հայերեն չէ, այն հայերեն է և որոշ աղբյուրների համաձայն՝ հայերնի բարբառ է: Ըստ Փիթեր Անդրյուսի՝ հայերենը, որով խոսում են, ամենաքիչը երկու բարբառ ունի, որը գյուղից գյուղ տարբերվում է: Լեզվում, որի հնչյունական համակարգում կարելի է հանդիպել տարբերությունների, զարմանալի արխայիկ տարրերի հետ միասին կան նաև թուրքերենից փոխառություններ(4):
Հալե Սոյսյուն, ով, օգտվելով Փիթեր Անդրյուսի` արևելքում բնակվող համշենցիների վերաբերյալ աշխատությունից, «Ցեղերի դուռ-1» աշխատության մեջ (էջ 123-141) համշենցիներին ներկայացնելուց հետո աշխարհագրական շրջանը բաժանում է երկու հատվածի՝ «հայերեն խոսողների» և «թուրքերեն խոսողների»: Թեև արևելյան խմբում հիմնականում լեզվական գործոնից ելնելով են ինքնությունը որոշել, սա չի նշանակում, որ ժխտվում է հայկական ինքնությունը: Ամբողջությամբ թրքացած արևելյան խումբը թեև խոսում է հայերեն, սակայն ժխտում է իր հայկական ծագումը: Հալե Սոյսյուն իրավիճակը հակիրճ այսպես է բնութագրում՝ «հայերեն ասում են, որ հայ չեն»:
Արևելյան խմբի համշենցիների առօրյա կյանքում կիրառած որոշ բառերերից են՝ մար (մայր), դադ (հայր), մոմի (տատիկ), չուր (ջուր), ձառ (ծառ), թուռ (դուռ):
Արևելյան համշենցիները ևս, մյուս համշենցիների պես, ունեն յայլայի մշակույթ: Բացի այդ` կարելի է ասել, որ հագուստից մինչև կերակուրի մշակույթ, ժողովրդական տարրերն ու ծիսակարգերը յուրահատուկ են Արդվինին:
Արևելյան Համշենում մի ճաշատեսակ կա, որը կոչվում է ապուր. պատրաստում են կարմիր կաղամբով և փորոտիքի յուղով: Թանձրանալու համար ավելացնում են եգիպտացորենի ալյուր: «Ապուրո՞վ ես մեծացել» արտահայտությունն արևելյան համշենցիների շրջանում օգտագործում են այն մարդկանց համար, ովքեր գյուղից դուրս չեն եկել, անկիրթ են:
Թե՛ աշխարհագրական դիրքի և թե՛ լեզվի տեսանկյունից արևելյան համշենցիներին (հոմշեցի) արևմտյան համշենցիներից տարանջատող տարբեր ինքության պատճառը անհայտ է մնում:
Արևմտյան խումբ (Արմենի)
Արևմտյան համշենցիներ կոչված խումբը Չամլըհեմշինի և Փազար-Հեմշինի բարձր լեռներում բնակվող և էթնիկ ինքնություն ներկայացնող ժողովուրդ է: Նրանց հարևան լազերն այս համշենցիներին կոչում են Արմենի (5):
Տարածված խոսք կա՝ «հաստակող հայ»: Սակայն այլևս համշենցիների և լազերի միջև նմանատիպ տարածված արտահայտություններ չեն մնացել: Մրցակցությունը ևս կամաց-կամաց անհետանում է, մեկը մյուսին աղջիկ չտվող և թշնամի համարող երկու հասարակություններն արդեն ավելի անկեղծ են դարձել: Այն, որ լազերը թեյ մշակելու համար գալիս են Համշենի լեռնային գյուղեր, մերձեցրել է երկու ժողովրդին: Համշենի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած բազմաթիվ գրողներ ասում են, որ արևմտյան խմբի համշենցիներն ամբողջությամբ թուրքացվել են և մերժում են իրենց հայկական ծագումը:
Այսօր արևմտյան հեմշինցիները խոսում են տարբեր առոգանությամբ թուրքերենով, որի մեջ կան նաև հայերեն բառեր: Մինչ որոշ հետազոտողներ ասում են, թե արևմտյան խմբի համշենցիները մոռացել են իրենց լեզուն, ոմանք էլ ասում են, թե նման լեզու գոյություն չի ունեցել, հետաբար չէին կարող մոռանալ (ինչպես, օրինակ, լազերենը):
Թեև արևմտյան խմբի համշենցիները մերժում են իրենց հայկական ծագումը, սակայն շարունակում են տոնել այնպիսի հայկական ավանդույթներ և տոներ, ինչպիսիք են Վարդավառը (Համշենում Վարդևոր են անվանում), Հոդոչը (6):
Արևմտյան խմբի համշենցիների ամենակարևոր տարբերությունն արևելյան խմբի համշենցիներից հացթուխի և հրուշակագործի մասնագիտությունն է, որը վերածվել է գրեթե ինքնության: 19-րդ դարի սկզբին համշենցիները, գնալով Ռուսաստանի և Եւրոպայի որոշ քաղաքներ, սովորել են այս մասնագիտությունները և վերադառնալով Թուրքիա՝ տարածել են այստեղ,իմչը բացել է պանդխտության դռները: Այսօր մեծ քաղաքներում և անգամ Հաքքարիում հայտնի հրուշակեղենի խանութների և փռերի մեծ մասը պատկանում է համշենցիներին:
Համշենի պատմության վերաբերյալ
Հարցը, թե համշենցիները հայկակա՞ն ծագում ունեն, թե թուրքական, բազմաթիվ սպեկուլյացիայի առիթ է հանդիսացել՝ ծավալելով բազում քննարկումներ:
Ֆահրեդդին Քըրզըօղլուն մեկն է նրանից, ովքեր փորձում են ապացուցել` թե համշենցիներն ունեն թուրքական ծագում: Ըստ նրա՝ համշենցիների պապերը պարթևների հետ միասին 2200 տարի առաջ Ամադան շրջանում բնակեցված Ամատունիների մի ճյուղն են, ովքեր ծագումով թյուրք են: Սրանց առաջնորդը իշխան չի եղել, այլ «Իլբեգլերի» Համամը: Բենինհաուզը, քննադատելով Քըրզըօղլուի բազմակողմանի մոտեցումը, պնդում է, որ նա Գրոսետից վերցրած տեղեկությունները խեղաթյուրել է, իրականում Համամ բեյ կոչված անձը պատկանում է Ամատունի իշխանական տոհմին, որը հայկական ծագում ունի (7):
Համաձայն որոշ հետազոտողների՝ պարթևները, ովքեր ենթադրաբար համշենցիների նախնիներն են եղել, առաջին դարերում մեծ պետություն ստեղծելով, տարածվել են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) և Կասպից ծովի հարավային և արևմտյան հատվածներով մեկ:
Ք.Ա. 50-ական թթ. սկսած պարթևների և հռոմեացիների միջև ծագած պատերազմների ժամանակ այս շրջանում բնակվող հայերը անցնում են պարթևների կողմը, և ժամանակի ընթացքում երկու հասարակությունները սկսում են խառնվել:
Հետագա դարերում բազմաթիվ պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանում արաբների ժամանակաշրջանում ստեղծվում են թագավորություններ, որոնցից երեքը` Բագրատունիների, մեկն էլ` Արծրունիների գահակալությամբ: Արաբների ճնշումներին այլևս դիմանալ չկարողացող հայերի մի հատվածը ապստամբում է, և ըմբոստությունը հանգուցալուծվում է գաղթով: Ապստամբություն սկսած և գաղթն առաջնորդող Համամ և Շապուհ Ամատունի բեյերը 789-790 թթ. 12 000 հայերի հետ գաղթում են այսօրվա Համշենի տարածք:
Այս իշխաններն այստեղ քաղաք են հիմնում՝ անվանակոչելով իրենց անվամբ՝ Համամաշեն: Ասել է թե` համշենցիները, համաձայն այս պատմական սցենարի, արաբական դաժանություններից խույս տված հայերի և պարթևների միախառնումից առաջացած ժողովուրդ են:
Համշենցիների հայկական ծագման վերաբերյալ մի ընդարձակ աշխատություն գրած պրոֆեսոր Լևոն Խաչիկյանը համշենցիներին անվանում է «Համշենի հայեր»: «Համշենի առեղծվածը» գրքում Խաչիկյանը գրում է համշենցիների պատմական ճանապարհորդության մասին. «Բյուզանդական կայսրության հյուսիսարևելյան անկյունում՝ Խալդյոում, Հայաստանից գաղթի արդյունքում ձևավորված Համշենի հայկական համայնքը շարունակել է գոյություն ունենալ դարեր ի վեր՝ խաղալով դրական դեր հայ ժողովրդի քաղաքական և մշակութային պատմության մեջ»: Խաչիկյանն այս գաղթի վերաբերյալ պատմիչ Ղևոնդից մեջբերում կատարելով` Համշենի հայկական բեյլիկության ստեղծումը թվագրում է Եսայիի արքեպիսկոպոսությունից հետո՝ Օբայդուլլահի և Սուլեյման ոստիկանների ղեկավարման տարիներին՝ 789-790 թթ., երբ «Շապուհ և Համամ Ամատունիները, առաջնորդելով Հայաստանից գաղթը և ճնշելով արաբ զավթիչների ապստամբությունը, մոտ 12 հազար հպատակի համար Բյուզանդական կայսրության հովանու ներքո ապահով մի անկյունում բույն հիմնեցին: Ասում են, թե «Համշեն» անունը ծագում է Համամ Ամատունու անունից (8)»:
Այսօր համշենցիների մեծամասնությունը ժխտում է իր հայկական ծագումը: Ըստ էության շրջանում օգտագործվող տեղանունները (Օրսաղանթ, Չեյմաքջուր, Սամիսթա և այլն) և առօրյա կյանքում օգտագործվող գործիքների անունները որքան էլ որ խոսվածքային, բայց, այնուամենայնիվ, հայերեն են: Շարունակում են այնպիսի հայկական ավանդույթներ, ինչպիսիք են Վարդավառը, Հոդոչը: Հայտնի է, որ Էլեվիտ յայլայում եկեղեցու ավերակներ են եղել:
Բնականաբար այս բոլորը բավարար չէ համշենցիների հայկական ծագումը ապացուցելու համար, սակայն ճիշտ չէ ասել, որ համշենցիները օղուզների մի ճյուղն են: Համշենցիներին օղուզների հետ նմանեցնելիս անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, թե հին թյուրքական ո՞ր ավանդույթն են շարունակում: Հետևյալ նախադասությունը ցույց է տալիս, թե կայսեր հիվանդությունը բժշկելու համար Քաջքար լեռների արոտավայրերում դեղաբույս փնտրող ճանապարհորդ Քարի Քոչի «Ռիզեի ճանապարհորդագրություն» աշխատությունն ինչպես են փորձում ծառայեցնել թուրքական թեզն ամրապնդելու նպատակներին. «Մեհմեդ Բիլգինի պատմական հյուրատների և տների դռների երկաթե չորսուները թուրքական արվեստը մատնանշող շատ կարևոր ստեղծագործություններ են: Այս չորսուներում պատկերված են ոչխարի և գայլի գլուխներ, որոնք աղաղակում են թյուրքականության մասին»:
Բնականաբար այս նախադասությունը Քարի Քոչին չի պատկանում: Խեղճ մարդը թերևս բավարար չի համարել գիրքը գերմաներենից թարգմանելը, որ գրքի վերջում հավելել է նաև իր թեզերը:
Այս ազգայնական անձինք իրենց թեզերն արդարացնելու համար չեն վարանել օգտագործել Քարի Քոչին, ով ասել է, որ բոլոր հայ գրողները խորամանկ են, պետք է նրանց գրածներն այրել(!): Բացի այդ` Չամլըհեմշին-Համշենի տների դռների երկաթե չորսուներից և ոչ մեկը ոչխար-գայլի գլուխ չունի: Համշենցիների երաժշտական գործիք թուլումն անգամ Հունաստանում են նվագում (նրանք անգամ պնդում են, որ թուլումը միջինասիական է): Եթե Միջին Ասիայում մեկը թուլումի հանդիպել է, թող ձայն հանի…
Եւս մեկ ճանապարհորդ՝ Նիլ Աշերսոնը, ում ճանապարհն անցել է Քաջքարի փեշերով, իր «Սև ծով» աշխատության մեջ հանդես է եկել հետևյալ համոզմամբ. «Քեմալական գաղափարախոսությունը Եւրոպայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ժամանակավոր «մոդեռն» ազգայնականության որոշ ծայրահեղական հասկացություններ է յուրացրել: Միատարրությունը՝ մեկ լեզու, մեկ կրոն, հզոր և անկախ պետություն ունենալն անհրաժեշտություն է համարվել:
Այստեղից հետևություն են արել, որ բազմաէթնիկ, կենտրոնամետ չեղող և որոշ առումներով հանդուրժողական Օսմանյան կայսրության կույր կատեգորիաների և տարբերությունների չափ այս գիտական ոգու դեմ որևէ կազմավորում չի լինի:
Մոտ 250 հազարի հասնող լազերը սեփական ինքության հարցում ծայրաստիճան զգուշավորություն են ցուցաբերել՝ հեռու մնալով հրահրումներից, սակայն մոտ 20 հազարի հասնող համշենցիների փոքր խումբը հատկապես հնազանդվելու հարցում դժվարություններ է կրել: Անհայտ անցյալում իսլամ ընդունած այս խմբի անդամները հայկական արմատներ ունեն և չնայած դեռևս հայերեն են խոսում, սակայն 80 տարի առաջ տեղի ունեցած քրիստոնեական-հայկական դեպքերից հեռու են մնացել…»
Աշերսոնի այս համոզմունքները թեև համապատասխանում են ճշմարտությանը, սակայն չի կարելի ասել, թե կողք կողքի բնակվող երկու ժողովուրդներ՝ համշենցիները և լազերը, ունեն իրենց էթնիկ ինքնությունը: Հայտնի չէ, թե քրդերի նման ապստամբ են եղել, թե ոչ, սակայն հանգիստ կարելի է ասել, որ երկուսն էլ արդեն հավատարիմ հպատակ են:
Վերադառնալով համշենցիների հայկական ծագում ունենալ-չունենալու քննարկմանը՝ եթե համշենցիներին բնորոշեն որպես հայ կամ թուրք, ես կնախընտրեմ բնութագրել որպես Սև Ծովի արևելյան լեռներում իրենց գոյությունը առեղծվածային կերպով շարունակող ժողովուրդ: Իսկ եթե կարևորը բազմամշակութայնությունն է, ապա կարծում եմ՝ կարիք չկա, որ հենման կետ ունենան:
*Տեքստում հեղինակը Համշեն տեղանունն օգտագործում է Հեմշին ձևով, իսկ համշենահայ անվանումը՝ հեմշինցի ձևով-Ակունքի խմբագրություն:
**Ջան Ուղուր Բիրյոլ, Էգեյան համալսարանի Հաղորդակցման և կապի ֆակուլտետի լրագրության բաժին
Ծանոթագրություն
1- Հայտնի է, որ Համշեն տեղանունը սովորական տեղանուն չէ: Որովհետև եթե անգամ նկատի ունենանք աշխարհագրական գործոնը, ապա, օրինակ, Չամլըհեմշինի սահմաններում համշենցիներն ու լազերը որպես բնիկ երկու ժողովուրդ են ապրում: Համշենցիների և լազերի գյուղերի բաժանումը բավական ակնհայտ ձևով կարելի է կատարել: (Erhan G.Ersoy, Birikim, Etnik Kimlik ve Azınlıklar, s-139-143, sayı:65)
2- Peter Andrews, Türkiye’de Etnik Gruplar, (181 -184)
3- Michael Meeker 1971 The Black Sea Turks: Some Aspects of The-ir Ethnic and Cultural Background’ (S-318-345) Մեջբերում Էրհան Գ. Էրսոյից. «Միքրն ասում է, որ Արևելահայերենը համշենցիների շրջանում լավ պահպանվել է: Թեև Թուրքիայի հայերը գրեթե կարողանում են հասկանալ Հոփայի համշենցիների հայերենը, սակայն վերջիններս մյուս հայերին ընդհանրապես չեն կարողանում հասկանալ»:
4- Dumezil, G. 1964 (P.Andrews,a.g.e)
5- Էրհան Գ. Էրսոյը գրում է. «Դաշտային աշխատանքների ընթացքում վկայված բանավոր մրցակցության օրինակները ներառում են բավականին էթնոցենտրիկ տարրեր: Օրինակ՝ նախակրթարանի աշակերտների շրջանում տարածված արտահայտություններից է «լազերի սրբին բակում մի դիր»: Համշենցի մեծերի շրջանում ևս հաճախ հանդիպում են այնպիսի գնահատականներ, թե քաղաքակրթության տեսանկյունից լազերն իրենցից ցածր են, արյան վրեժի նման բարբարոսական ավանդույթներ ունեն, անփորձ են, հնում անկրոն կամ էլ ոչ մուսուլման են եղել: Լազերն էլ փորձում են համշենցիներին ներկայացնել խաղամոլ, հարբեցող և հայերից սերած: Երկու հասարակությունները նաև մշակութային տեսանկյունից լուրջ մրցակցության մեջ են (թուլումի նվագակցությամբ հորոններում):
6- Թեև այսօր համշենցիները (մեծավ մասամբ) թվում է, թե մոռացել են իրենց արմատները, սերնդեսերունդ փոխանցած բանավոր լեգենդներում չեն թաքցնում, որ իրենք հայ համայնքի հետ ազգակցական կապեր ունեն:
7- Բենինհաուզ, անդրադառնալով Քըրզըօղլուին, արդարացիորեն մատնանշում է, որ այս մարդու անհիմն և հակասական թեզերը շրջանում բավական ազդեցիկ են, որովհետև այս տողերի հեղինակը ևս դաշտային աշխատանքների ժամանակ այդ անվանը հաճախ է հանդիպել, ինչպես նաև իմացել է, որ Համշենի պատմությամբ հետաքրքրվող և շրջանում ազդեցիկ անձինք Քըրզըօղլուի հետ մոտ հարաբերություններ ունեն, սա էլ մատնանշում է ազդեցիկ պրոպագանդայի գոյությունը: (Erhan G. Ersoy, Birikim, a.g.m)
8- Levon Haçikyan, Hemşin Gizemi
9- Neal Ascherson, Karadeniz…
http://bianet.org/biamag/bianet/28739-etnik-bir-kimlik-olarak-hemsinliler
Լուսանկարում` համշենահայերի Կարճ/Կարճի գյուղը (պաշտոնական` թուրքական անվանումը` Հենդեք)` Խոպայի գավառում
Լուսանկարը` Akunq.net-ի
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net
akunq.net/am/?p=33551