Թոմարզայի Հայկական Եկեղեցին Աւերման Եզրին է – ԷՐԿԻՐ – ՀԱՅԱՍՏԱՆ

Կեսարիա նահանգի Թոմարզա գաւառին մէջ գտնուող հայկական պատմական Սբ Պօղոս–Պետրոս եկեղեցի

04 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Աժմեան թուրքիոյ Կեսարիա նահանգի Թոմարզա գաւառին մէջ գտնուող հայկական պատմական Սբ Պօղոս–Պետրոս եկեղեցւոյ տանիքը աստիճանաբար ճաքեր կու տայ եւ կը փլի, իսկ եկեղեցւոյ սիւներուն ծեփերը կը թափին: Թոմարզայի մշակութային միութեան նախկին նախագահ Հասան Կիւրպիւզը կը նշէ, որ եկեղեցին աւերման եզրին է: «Մեր մեծագոյն ցանկութիւնն է, որ անհետացած որմնագիրներով այս եկեղեցին վերանորոգուի եւ ծառայէ զբօսաշրջութեան»,- ըսած է ան:

Թոմարզայի շուկայի կեդրոնը գտնուող հայկական եկեղեցին կառուցուած է 1837-ին: 1915 թուականէն ետք որոշ ժամանակ ծառայած է որպէս պահեստ եւ կինոթատրոն, իսկ ատկէ ետք` լքուած: Կը նշուի, որ Կեսարիոյ Յատակագծման եւ յուշարձաններու վարչութիւնը եւ Մշակութային եւ բնական արժէքներու պաշտպանութեան խորհուրդը որոշած էին եկեղեցին վերանորոգել եւ վերափոխել, սակայն ծրագիրը չէ իրականացած, կը յայտնէ Mynet.com կայքը:

Կիւրպիւզը կը պնդէ, որ եկեղեցին կառուցուած է 18-րդ դարուն, եւ կը նշէ, որ եկեղեցին պատմական ու ճարտարապետական տեսանկիւնէ կարեւոր մշակութային ժառանգութիւն է: «Որոշ ժամանակ որպէս պահեստ օգագործուած, այնուհետեւ ժողովուրդին կինոթատրոն ծառայած եկեղեցին այժմ փլուզման եզրին է: Այս պահուն կը պահպանուին որմնանկարները: Աղաւնիի բոյնի վերածուած եկեղեցին, անուշադրութեան եւ անտարբերութեան հետեւանքով, աւերման վտանգի տակ է: Կ՛ակնկալենք նահանգի Մշակութային եւ զբօսաշրջութեան վարչութեան պաշտօնեաներու արձագանգը: Թոմարզայի մէջ գտնուող եկեղեցին տեղական եւ արտերկրեայ պատմութիւն սիրողներու համար տեսարժան վայր է: Յուսով եմ` եկեղեցին չի վերանար եւ կը նորոգուի»:

yerakouyn.com/2019/07/04/թոմարզայի-հայկական-եկեղեցին-աւերման/

Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է

04 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:
Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է
Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ) հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են:

Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է:

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական քանդակագործական հատուկ արվեստով և աղյուսներով: 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին որպես պահեստ և կինոսրահ են օգտագործել, իսկ հետագա շրջանում այն լքվել է: Անտարբերության մատնված եկեղեցու քիվերը նույնպես կոտրվել են: Տանիքը խոտով է ծածկվել:

Նշվում է, որ Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ, մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվել, որտեղ ներկայացվել է եկեղեցու վերականգնման ծրագիրը: Բայց պատմական եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել:

Հասան Գյուրբյուզը նշել է, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին պատմական և ճարտարապետական կառուցվածքով կարևոր մշակութային ժառանգություն է:

«Մեր ամենամեծ ցանկությունն է վերականգնել եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջային վայր: Եկեղեցին վերածվել է աղավնիների բույնի և ամեն պահի փլուզման վտանգի մեջ է: Ակնկալում ենք, որ մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պաշտոնյաները կզբաղվեն այս հարցով»,-ասել է Գյուրբյուզը:

Հիշեցնենք, որ թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Ցեղասպանության օրերին մեծ ու փոքր, կին ու տղամարդ զենքի են դիմել՝ թրքական բանակին ու քուրդ համիդիեին պատճառելով մեծ կորուստներ։

1929-ին վերջին հայերը, թվով 145 հոգի, հեռացան հայրենի բնակավայրից եւ տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։

Աղբյուր` DHA

ermenihaber.am/am/news/2019/07/04/Թոմարա-Պողոս-Պետրոս-Թուրքիա/159107

Facebooktwitterredditpinterestlinkedinmail