07 ՅՈՒԼԻՍ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ – Աղետի գոտու անօթևանության խնդիրներ: / lragir.am /
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող:
Աղետի գոտու անօթևանության խնդիրները 2020 թվականին մեկընդմիշտ լուծելու մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ աղետի գոտում վերջին տվյալներով հաշվառվել է 8000 տնակ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան:
Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն օրերս հայտարարեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ, և սրանով աղետի գոտու անօթևանների հարցը մեկընդմիշտ լուծվելու է:
Վահան Թումասյանն ասում է, որ դա վերաբերում է գյուղական համայնքներին, այս ընտանիքները վաղուց շահառու էին ճանաչվել: Բայց անօթևանության խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի թվերի հետ դա կապ չունի:
«Հանձնաժողովն ուսումնասիրությունները կատարել է, փաթեթը կազմել է ու առաջարկությունների փաթեթի հետ մի քանի օր առաջ ներկայացրել կառավարություն: Չի կարող 2020 թվականին ամբողջ անօթևանության խնդիրը լուծվել, եթե նույնիսկ այդ 3 մլրդ դրամով հնարավոր լիներ լուծել, մենք այնքան մեծ թիվ ունենք, որ կառավարությունը պետք է որոշի, թե որ կարգավիճակի անօթևան ընտանիքների նկատմամբ է պարտավորություն ստանձնում: Անգամ դա չկա»,- ասաց Թումասյանը:
Նրա խոսքով, վերջին հաշվարկներով՝ աղետի գոտում մոտ 8000 տնակ են հաշվառել: Դրանցից մոտ 500-ը փակ դռներ ունեն, փաստացի տնօրինողները կամ արտերկրում են, կամ էլ այլ վայրերում են բնակվում: Այսինքն, ըստ Թումասյանի, մոտ 7500 ընտանիքի մասին է խոսքը, հանձնաժողովի կողմից այս ուսումնասիրություններն արվել են, և կառավարությունը պետք է որոշի, թե ինչքան գոմար է ներդնում, որ կարգավիճակի անօթևանների նկատմամբ է պարտավորություններ ստանձնում:
«Ես կարծում եմ՝ գույքագրման առումով ճիշտ էր տնակները հաշվել, բայց անօթևանության առումով սխալ էր դրանք հաշվառելը: Երբ դոմիկները հաշվառում են, մարդիկ սկսում են չքանդել ու չվաճառել դրանք, որովհետև հույս ունեն, որ բնակարան կստանան: Այսինքն՝ պետք էր անօթևաններին հաշվառել»,- նշեց նա:
Ըստ Թումասյանի՝ նախորդ տարվա աշնանը վարչապետի ղեկավարությամբ Գյումրիում արտագնա նիստ հրավիրվեց, որի ժամանակ որոշվեց հանձնաժողով ստեղծել: Արդեն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ հանձնաժողովի կողմից փաստաթղթային փաթեթը ներկայացվել է կառավարություն:
«Հիմա կառավարությունը պետք է աղետի գոտու վերականգնման ծրագիր մշակի, դրանից բխող որոշումներ կայացնի և հաստատի դրանք: Միայն այդ որոշումների կայացման ու ծրագրերի մշակման փուլը 1-2 տարի կտևի: Դրանից հետո ըստ էության շինարարություն պետք է լինի, քանի որ աղետի գոտում այսօր ազատ բնակֆոնդ գոյություն չունի: Կամ պետք է նոր կառուցել, կամ շարքից դուրս եկած բնակֆոնդը կապիտալ նորոգման ենթարկել: Այսօր, օրինակ, հովանավորներից մեկը մեզ գումար է տվել, որ 10 բնակարան գնենք, 7-ը մի կերպ կարողացել ենք ձեռք բերել, առավոտից երեկո փնտրում ենք, բայց բնակության համար պիտանի երեք բնակարան չենք կարողանում գտնել: Եթե մենք երեք բնակարան չենք կարողանում գտնել, կառավարությունը հազարավոր բնակարաններ ո՞նց է գտնելու»,- նշեց Թումասյանը:
Նա ասաց, որ կառավարությանն առաջարկներ է ներկայացրել անօթևանության խնդրի լուծման վերաբերյալ՝ առաջարկելով նաև բնակարանաշինություն իրականացնել, հետո ամրացման ենթակա շենքերը վերակառուցել: Իսկ եթե բնակարանների գնման վկայագրերի տարբերակն են ընտրելու, Թումասյանի խոսքով, գումարը չպետք է տալ անօթևան ընտանիքին, այլ պետությունը պետք է գնի այդ բնակարանները, կապիտալ նորոգման ենթարկի դրանք և հատկացնի այդ ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ՝ նշված մոտ 8000 ընտանիքներից Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվն, ըստ Վահան Թումասյանի, անցնում է 3000-ից: Թումասյանը տեղեկացրեց, որ պարզվել է նաև, որ Լոռու մարզից են մեծ թվեր ներկայացվել հանձնաժողով, այդ թվերը գրեթե հավասարվում են Շիրակի մարզի թվերին: Բացի դա, Գյումրիում 92 վթարային շենք կա, որտեղ ապրում է մոտ 2000 ընտանիք: Եթե սրան էլ գումարվում են Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մոտ 2000 ընատանիքները, ըստ նրա, ստացվում է, որ միայն 4000 անօթևան ընտանիք Գյումրիում կա:
«Կառավարությունն այս ամբողջ բեռը կարող է չվերցնել իր վրա, բայց պետք է ասի, թե ինչ պետք է անել»,- ասաց Թումասյանը:
lragir.am/2019/07/07/457803/