06.07.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Արցախը համաձայն չէ ունենալ ներկայացուցիչ Հայաստանի բանակցային պատվիրակության կազմում, քանի որ այդ հանգամանքը դիտարկում է կարգավիճակի նվազեցում: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այդպես է արձագանքել Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանին:
Իր հարցազրույցում Շուգարյանը որպես բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության միջանկյալ քայլ էր դիտարկել պատվիրակության կազմում Արցախի ներկայացուցչի ընդգրկումը, նաեւ Հայաստանի ղեկավարին ինչ-ինչ քննարկումների համար Արցախի նախագահի լիազորագրի տրամադրումը:
Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի փոխարտգործնախարարին բարի մտադրությունների համար, այդուհանդերձ նկատել է, որ Արցախի կարգավիճակը որպես լիարժեք կողմ ամրագրված է 1994 թվականի ԵԱՀԿ փաստաթղթերում, եւ իրենք գերադասում են թեկուզ տեւական ու բարդ պայքարով, բայց լիարժեք ներգրավվածությունը:
Ռուբեն Շուգարյանն իհարկե չէր ներկայացրել լիարժեք ներգրավվածության այլընտրանք, այլ հակառակը՝ ճանապարհ դեպի լիարժեք ներգրավվածություն, ելնելով հենց լիարժեքի համար պահանջվող ժամանակի, բարդ ու դժվարին աշխատանքի հանգամանքից:
Այդուհանդերձ, Ստեփանակերտն էլ դա չի համարում արդյունավետ կամ նախընտրելի ճանապարհ, կարծելով, որ այդ «միջանկյալ» բնույթը կարող է ժամանակի ընթացքում բերել լիարժեքի «փոխարինման»:
Չնայած հնչած տարբեր տեսակետներին, այդուհանդերձ ինքնին դրական է, երբ Երեւանի ու Ստեփանակերտի մեջ ծավալվում է քննարկում եւ տարբեր կարծիքներ բովանդակային եւ հայեցակարգային տրամաբանությամբ: Ի վերջո, դա կարող է լինել Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացման գործընթացի դրվագ, ինչի մասին Հայաստանի վարչապետ Փաշինյանն արձանագրել է մարտի 12-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Ավելին, Երեւանը պաշտոնապես չի էլ դիտարկել այն միտքը կամ գաղափարը, որ առաջադրում է փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Այն եղել է մամուլին տված հարցազրույցում բարձրաստիճան դիվանագետի մասնագիտական դիտարկում-մտորում, եւ ոչ թե օրակարգ, որ ձեւակերպվում է պաշտոնապես:
Երեւանի օրակարգը ոչ միայն փոխված չէ, այլեւ դրա մասին վերստին ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտ կատարած այցի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների շրջանակում:
Ավելին, Մնացականյանը մեկնելուց առաջ շոշափել էր կարեւոր թեմա՝ բանակցային գործընթացի նկատմամբ Արցախի սեփականության զգացումը: Խոշոր հաշվով, Շուգարյանի դիտարկման հանդեպ Ստեփանակերտի արձագանքը որոշակի առումով այդ սեփականության զգացումի դրսեւորում է:
Սեփականության զգացումը տվյալ պարագայում մասնակցային սուբյեկտային նույնականացման հարցն է, որ պաշտոնական Ստեփանակերտի համար առաջացել է բանակցային գործընթացում ուղիղ ներգրավումը միջնորդավորված մասնակցությամբ փոխարինումից, ինչը դարձել է առնվազն երկու տասնամյակի իրողություն եւ ձեւավորել դրանից բխող որոշակի զգացողություններ:
Փաստացի, նոր իրավիճակում հաջողվում է «միջնորդավորվածության» զգացումը վերափոխել քաղաքական գործընթացի հանդեպ «սեփականության», այսինքն մասնակցային զգացման: Հարկ է ընդգծել, որ խոսքը քաղաքական գործընթացի մասնակցային տիրույթում ներառվածության, մասնակցային դերի եւ կարգավիճակի հանդեպ «սեփականության զգացման» մասին է, ոչ թե ռազմա-քաղաքական հաղթանակի եւ դրանից բխող Արցախի դե ֆակտո կարգավիճակի:
Այդպիսով, հնարավոր է արձանագրել, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ազդարարած «սեփականության զգացման» նպատակը իրականացման ճանապարհին է: Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ այստեղ կա այլ հարց, մասնավորապես Արցախում նոր իշխանության ձեւավորման գործընթացի համատեքստում: Խոսքն այն մասին է, որ «սեփականության զգացումը» պետք է ամրանա բովանդակային տիրույթում: Այսինքն, ոչ միայն սեփական դերի եւ կարգավիճակի նկատմամբ լիարժեք պահանջի առկայություն, այլ նաեւ բովանդակային, հայեցակարգային, քաղաքական պատասխանատվություն այդ դերի նկատմամբ՝ թե Արցախի ներքին կյանքի եւ թե արտաքին հարցերի ներդաշնակ ու համարժեք համադրմամբ:
lragir.am/2019/07/06/457788/