11 Հուլիս 2019 – ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ:
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ո՞ր երկրներից են մեզ պաշտպանելու ռուսական S-400-ները» վերտառությամբ։
Բենեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։
Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն ռադարներով։
Անդրադառնալով այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու՝ հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։
Վերջինս անդրադառնալով այդ հարցին նշել է.
«Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի կողմից, իսրայելական օդուժի կողմից, կարող են կիրառվել բալիստիկ հրթիռներ։ Բացի այդ կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք կարող իմանալ, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար։ Այս ամենի դեմ Թուրքիան չունի ՀՕՊ ծածկույթ»։
Նրա խոսքով՝ Թուրքիան ունի Stinger-տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8կմ հեռավորության վրա։
«Կան իհարկե համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմա-ծովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ որոշ ինքնաթիռներ կարող են առանց Իսրայելի սահմանները հատելու կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,-հավելել է պաշտոնաթող բանակի գեներալը։
Աղբյուր` Milliyet
ermenihaber.am/am/news/2019/07/11/S-400-Թուրքիա/159504