13 ՅՈՒԼԻՍ 2019 –
ԵՐԵՒԱՆ.- Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը հետեւեալ գրառումը հրապարակած է «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ:
Նրանք ասում են՝ մեր բրենդի պատմութիւնը աւելի քան 3500 տարուայ պատմութիւն ունի:
Հայրենադարձներ Քոլ Թաշճեանն ու Արմէն Մարտիրոսեանը Հայաստան եկան «Դէպի Հայք» կազմակերպութեան կամաւորական ծրագրերի շնորհիւ, որոշեցին մնալ Հայաստանում ու հիմնել իրենց սեփական բիզնեսը, սակայն մէկ պայմանով, որ այն պիտի լինի եզակի ու աշխարհին ներկայացնի Հայաստանը:
Այդպէս հիմնուեց Areni 1 բրենդը, որը մարմնաւորում է հայկական կօշկակարութեան հազարամեայ պատմութիւն ու աւանդոյթները, դրանք համադրում արդիական պահաջներին ու ներկայիս նորաձեւութեան միտումների՝ աշխարհին առաջարկելով իւրօրինակ, յարմարաւէտ ու բացառապէս ձեռքի աշխատանքով ստեղծուած հայկական կօշիկը:
Քոլն ու Արմէնը երէկ (Չորեքշաբթկի, 10 Յուլիսին) Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակում էին, հանդիպեցին Գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին եւ գրասենեակի ղեկավար Սառա Անջարգոլեանին: Պատմեցին իրենց յաջողութեան պատմութիւնը: Իտալական կաշուից, յատուկ բարձրակարգ տակացուներից ու էկոլոգիապէս մաքուր նիւթերից պատրաստուած հայկական կօշիկն արդէն իսկ անվճար առաքումով հասանելի է Հիւսիսային Ամենրիկայից մինչեւ Եւրոպա:
Այն ընդգծուած ճաշակ, յատուկ ոճ եւ լաւագոյնը գնահատել կարողութիւն ունեցողների համար է: Այժմ Երեւանում 40 փորձառու վարպետներ համադրում են կօշկակարութեան հայկական աւանդոյթներն ու ժամանակակիցը՝ նպատակ ունենալով Հայաստանի այցեքարտերից մէկը դարձնել նաեւ հայրենադարձ Քոլի ու Արմէնի Areni 1-ը: Երիտասարդները նշում են՝ ԽՍՀՄ տարիներին եւս Հայաստանը կօշիկի արտադրութեան մեծ ծաւալներ է ունեցել, արտահանման նպատակով տարեկան արտադրուել է աւելի քան 30 միլիոն զոյգ կօշիկ, եւ նրանք այսօր հպարտութեամբ են շարունակում այդ պատմութիւնը: Ասում են՝ մենք պատասխանատու ենք մեր պատրաստած իւրաքանչիւր կօշիկի համար:
asbarez.com/arm/350254/Հայրենադարձ-Երիտասարդներ-3500ամեայ-Հայկ/