Կիլիկյան Հայաստանի 18 նշանավոր բերդերն ու ամրոցները
15 ՅՈՒԼԻՍ 2019 – ԲԵՐԴԵՐ – ԱՄՐՈՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Գուգլակ բերդ – Կիդնոս գետի աջ ափին, Տարսոն քաղաքից հյուսիս, Գուգլաիկ լեռնանցքի մոտ, ոչ բարձր լեռան վրա: Անմատչելի դիրքի համար միջին դարերում խաչակիրների պատմությանը վերաբերող աղբյուրներում անվանվել է «Հուդայի դուռ»: 1198–1375 թվականներին եղել է Կիլիկիայի հայկական թավավորության չորս խոշոր իշխանություններից մեկի` Գուգլակի իշխանության կենտրոնը: Բերդը արևմուտքից ձգվում էր 300 մետր, իսկ մյուս կողմերից պաշտպանված էր անդնդախոր և անմատչելի ձորերով:
Թիլ Համտուն բերդ – Ամանոսի լեռնաշղթայի ստորոտում, Սիս քաղաքի և Սարվանդիքար բերդի մոտակայքում, Ջահան գետի ձախ կողմում, Կարասու գետի ափին: Կառուցվել է 10-րդ դարում 60–80 մետր բարձրության բլուրների վրա, բազալտե քարից: Ունեցել է բուգերով երկշարք պարիսպներ: 12-րդ դարում միացվել է Կիլիկիայի հայկական իշխանությանը: Լևոն 2-րդի գահակալման օրոք (1198–1219 թթ.) տրվել է խաչակիր ասպետներին: 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության կործանումից հետո բերդը գրավել են Եգիպտոսի մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանյան թուրքերը: Բերդի մոտ գտնվող հայաբնակ ավանը կանգուն էր մինչև 1921 թվականը, երբ հայոց ցեղասպանության արդյունքում Կիլիկիան վերջնականապես հայաթափվեց:
Բաղրաս բերդ – Կիլիկիայի հարավ–արևելյան մասում, Օրոնտես գետի Սուետիա վտակի ափին, Տրապեզ լեռան մոտ: Անունն ունի արաբական ծագում: Հայ պատմիչների կողմից հիշատակվել է Պաղրաս ձևով: Հիմնադրվել է անտիկ ժամանակներում: Օմայան խալիֆայության շրջանում (661–750 թթ.) ծաղկուն վիճակում էր: 11-րդ դարի վերջին բերդը գրավվել է խաչակիրների կողմից: 12-րդ դարում Անտիոքի խաչակիր ասպետներից ազատագրել ու սահմանապահ բերդ է դարձրել Կիլիկիայի հայոց իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.)։ 1189 թվականի սեպտեմբերին Բաղրաս բերդը պաշարել ու գրավել է Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը (1174–1193 թթ.), որը քանդել է բերդի պարիսպները: Վերջինիս հեռանալուց հետո Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) 1191 թվականին գրավել է Բաղրաս և Դարպսակ բերդերը և մինչև 1193 թվականը վերականգնել Բաղրասի պարիսպները:
1268 թվականի մայիսի 27-ին Անտիոքի դքսությունը կործանել և Բաղրաս բերդը գրավել է Եգիպտոսի սուլթան Բեյբարս I-ը (1266–1277 թթ.): 1280 թվականին բերդը գրավել են մոնղոլները, բայց շուտով թողել են այն: Այնուհետև պատմական աղբյուրներում Բաղրասը չի հիշատակվում մինչև 1407 թվականը, երբ ասպատակության է ենթարկվում Զուլկադրյան ցեղի առաջնորդ Շահսուվարի կողմից: 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բաղրասը դեռ կանգուն է եղել: 16-րդ դարում այն նվաճել են Օսմանյան թուրքերը։ Նրանց տիրապետության շրջանում Բաղրաս ավերակ բերդի մոտ գտնվող համանուն ավանը մտնում էր Բեյլանի գավառակի մեջ` Բեյլանից ոչ շատ հեռու:
Հռոմկլայի բերդ – Վերին Միջագետքում` Եդեսիայի նահանգի Բիրեջիկի գավառի Հռոմկլա գավառակում, Եփրատի աջ ափին, մի ապառաժի գագաթին: Շրջապատված էր դժվարամատչելի ժայռերով, երեք կողմից ողողվում էր Եփրատի և Փարզմանի ջրերով, ուներ քառաշարք պարիսպ և աշտարակաձև, երկհարկանի մաշիկուլներով 7 դարպաս: Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել: Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ: 1071–1086 թվականներին եղել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության կազմում, այնուհետև պատկանել է Գող Վասիլի հայկական իշխանությանը: Վերջինիս մահից հետո` 1112 թվականին Եդեսիայի դուքս Բոլդուինը գրավել է Հռոմկլան և նվիրել իր ազգական Եդեսիայի կոմս Ջոսլին 2-րդ Կուրնեին: Վերջինիս մահից հետո` 1151 թվականին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին Հռոմկլան վաճառել է հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն (1113–1166 թթ.): Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրություններն ու հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել է այստեղ: 1178 և 1179 թվականներին Հռոմկլայում գումարվել են եպիսկոպոսական ժողովներ, որտեղ քննարկվել է Հռոմի պապի` հայոց եկեղեցին բյուզանդական եկեղեցուն միացնալու առաջարկը, սակայն, մերժվել է ժողովին մասնակից բարձրաստիճան հոգևորականների կողմից: Փոխարենը ժողովը ճանաչել է Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։ Մինչև 13-րդ դարի սկիզբը Հռոմկլան եղել է հայոց կաթողիկոսի կալվածքը։ Այնուհետև Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդ Մեծագործը (1187–1219 թթ.) այն միացրել է արքունի տիրույթներին։ Այնուհանդերձ, մինչև 1292 թվականը Հռոմկլայում էր գտնվում հայոց կաթողիկոսական աթոռը։ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցու (Շնորհալի) օրոք (1166–1173 թթ.) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր և ստեղծվել նորերը։
1292 թվականի մայիսի 26-ին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարել է Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրել են թշնամուն։ Դրսի օգնությունից զրկված պաշտպանները 1292 թվականի հունիսի 28-ին քաղաքը հանձնել են թշնամուն, որը, ներխուժելով Հռոմկլա, սրի է քաշել բերդաքաղաքի պահակազորին, կողոպտել քաղաքը, գերել բնակչության զգալի մասին, այդ թվում՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին (1290–1293 թթ.)։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են մեծագույն աղետ։
Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք Սսում։ 16-րդ դարում Հռոմկլան գրավել են օսմանցի թուրքերը, որոնք Հռոմկլայի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերափոխել են մզկիթի, իսկ մյուսներն` ավերել։ Հռոմկլան վերջնականապես ավերվել է 1839 թվականին Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված ամենայն հայոց կաթողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի է հանդիսացել:
Պապեռոնի բերդ – Լեռնային Կիլիկիայի Լամբրոն գավառում, Տարսոն քաղաքից 35 կմ. հյուսիս–արևելք, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի հարավային ստորոտում, դեպի վեր խոյացող լեռան վրա: Ունեցել է անառիկ դիրք: 11-րդ դարի կեսերից մտել է Աբլղարիբ Արծրունու տիրույթների մեջ: 11-րդ դարի 70-ական թվականներին անցել է Հեթումյաններին, նույն դարի 90-ական թվականներին` Օշինյաններին: 14-րդ դարի 2-րդ կեսին Պապեռոնի բերդը գրավել և կործանել են եգիպտացիները: Բերդին կից Մլիճո վանքը եղել է բերդատեր իշխանների դամբարանը:
Խառնի բերդ – Ադանայի նահանգի Ջեբել Բերեքեթի գավառի Բաղչե գավառակում, Ջահան գետի ձախ ափին: Կառուցվել է մոտ 786 թվականին արաբական խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի (786–809 թթ.) կողմից` դեպի Մարաշ տանող առևտրական ուղին պաշտպանելու համար: Տեղի հայությանը թուրք ջարդարարներն ամբողջությամբ կոտորել են 1909 թվականի ապրիլին Կիլիկիայի ջարդերի ժամանակ:
Սիս բերդաքաղաք – Դաշտային Կիլիկիայում, Թուրքիայի Ադանա նահանգի Քոզանի գավառում, Սիս գետի և Անցմնցուկ գետակի ափին: Հիշատակվում է հնագույն ժամանակներից: Անունը սեմական ծագում ունի և նշանակում է քահանաների բնակատեղի: Հնագույն ժամանակներից պատկանել է Հռոմին, այնուհետև անցել է Բյուզանդիային: 703 թվականին արդեն գերազանցապես հայաբնակ Սիսը նվաճել են արաբները: 12-րդ դարի սկզբին մտել է Կիլիկիայի հայկական իշխանապետության կազմի մեջ: Ըստ պատմիչ Մատթեոս Ուռհայեցու վկայության` 1114 թվականի նոյեմբերի 13-ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ: Մլեհ Ռուբինյան իշխանը (1169–1175 թթ.) վերակառուցելով Սիսը` 1173 թվականին այն դարձրել է Կիլիկիայի հայկական իշխանության կենտրոնը: 1198 թվականին Լևոն 2-րդի (1187–1219 թթ.) կողմից Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումից հետո Սիսը դարձել է նրա մայրաքաղաքը, շրջապատվել ամրակուռ պարիսպներով: Այստեղ կառուցվել են արքունի պալատը, կրոնական և հասարակական շինություններ: Սիսն ավելի է գեղեցկացել ու կառուցապատվել Հեթում I-ի (1226–1270 թթ.) և նրա հաջորդների օրոք:
1266 թվականի օգոստոսին Եգիպտոսի սուլթան Բեյբարս I-ը (1266–1277 թթ.) խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել Սսի հարստությունները։ Սիսը զգալիորեն տուժել է նաև 1268 թվականի երկրաշարժից: 1270-ական թվականներին քաղաքը վերաշինվել է, ամրացվել են պարիսպները։ 1275 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն, քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ ջախջախել և հետ է շպրտել թշնամուն։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ 1292 թվականին այստեղ է հաստատվել հայոց կաթողիկոսական աթոռը: Եգիպտոսի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը 1369 թվականին։ Քաղաքի պաշտպանական մարտերում իրենց սխրանքներով հերոսացել են Լիպարիտ սպարապետը, Հեթումը, Զարմանդուխտը և շատ ուրիշներ: Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով բերդաքաղաքը՝ թշնամին, այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումն ու նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետական իշխանության թուլացումից և ներքին երկպառակտություններից՝ Եգիպտոսի սուլթան Մալիք ալ-Աշրաֆը 1375 թվականին պաշարել և նույն թվականի ապրիլի 2-ին գրավել է բերդը, ավերել և կողոպտել այն: Միաժամանակ Մալիք ալ-Աշրաֆը ձերբակալել է Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 6-րդին (1374–1375 թթ.) և մի շարք իշխանների և իր հետ տարել Եգիպտոս։ Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։
15-րդ դարում Սիսն անընդհատ ենթարկվել է թուրքմենական ցեղերի ասպատակություններին և կողոպուտին: 1487 թվականին Սիսը գրավել են օսմանյան թուրքերը, որոնց անկայուն տիրապետության օրոք Սիսը բազմիցս ենթարկվել է զանազան մահմեդական ցեղերի ավարառու հարձակումներին: Չնայած այս ամենին` հայերը շարունակել են բնակվել Սսում: Սսի հայ բնակչությունը անմասն չմնաց Կիլիկիայի 1909 թվականի կոտորածներից, սակայն, տեղի հայությունը թուրք ջարդարարների կողմից վերջնականապես բնաջնջվեց և տարագրվեց 1915–1918 թվականններին: 1918–1919 թվականներին մոտ 500 սսեցիներ վերադարձել են իրենց հայրենի տներն ու ձեռնարկել ավերակ քաղաքի վերաշինությանը: Սակայն, 1920 թվականի մայիսի 30-ին ստորագրված թուրք-ֆրանսիական զինադադարից հետո, որով Սիսը հանձնվել է Քեմալական Թուրքիային, հայ բնակիչները, նոր կոտորածից խուսափելու համար նահանջող ֆրանսիական զորքերի հետ թողել են իրենց քաղաքն ու ապաստանել տարբեր երկրներում:
Այնթապ բերդաքաղաք – Մարաշ–Հալեպ ուղեգծի վրա, Եփրատի վտակ Սաջուր գետի ափին, դաշտաձև, բարձրադիր հովտում: Այնթապը եղել է հին բնակավայր, սակայն, պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից։ 12-րդ դարի սկզբին Այնթապը գրավել են խաչակիրները, որոնք էլ կառուցել են Այնթապի բերդը և այն դարձրել իրենց ռազմական հենակետը: Այնուհետև Այնթապը մտել է Եդեսիայի կոմսության կազմի մեջ։ 1266 թվականին Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում I-ը (1226–1270 թթ.) երկու անգամ արշավել է Այնթապի վրա, բայց չի կարողացել գրավել այն։ 14–15-րդ դարերում Այնթապը գտնվել է Եգիպտոսի սուլթանության գերիշխանության տակ։ 1404 թվականին Այնթապը ավերել են Լենկ Թեմուրի զորքերը։ 1516 թվականին Այնթապը գրավել են օսմանյան թուրքերը։ 18-րդ դարում Այնթապի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում Օսմանյան կայսրությունը այստեղ բնակեցրել է քրդերի, իսկ տեղի հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Այնուհանդերձ, 20-րդ դարի սկզբին Այնթապն ուներ 50 հազար բնակիչ, որից մոտ 20 հազարը հայեր էին։
1915 թվականին թուրք ջարդարարները տեղահանեցին Այնթապի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ-Զորի անապատը։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918 թթ.) Թուրքիայի կրած պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձել են հայրենի քաղաք։ Սակայն, 1920 թվականի ապրիլի 1-ին թուրքերը նորից են հարձակվել Այնթապի վրա։ 1920 թվականի ապրիլի 1-ից մինչև 1921 թվականի փետրվարի 8-ը հայերը 314 օր շարունակ հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրք ջարդարարների դեմ։ Սակայն, տեղի ֆրանսիական իշխանությունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին պաշտպանել հայերին, լքել են նրանց և հեռացել Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Այնթապի հայերը տարագրվել և բնակություն են հաստատվել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում։
Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1970 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀԽՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ գյուղը։
Թումլու բերդ – Ադանայի նահանգում, Անարզաբա քաղաքի մոտակայքում, Ջահան գետի աջ ափին: Կառուցվել է զառիթափ լանջերով մի բարձրադիր ժայռի վրա: Զբաղեցնում է բավական մեծ տարածություն, ունի քարաշեն պարիսպներ, աշտարակներ և բուրգեր, որոնք բերդը բոլոր կողմերից դարձնում են անառիկ: Առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից: Կիլիկիայի հայկական իշխանությանն է միացվել Թորոս 2-րդի (1145–1169 թթ.) կողմից: Հավանաբար ամայացել է 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո:
Սարվանդիքարբերդաքաղաք – Մարաշ քաղաքից 30 կմ. հարավ, Ամանոսի լեռնաշղթայի հյուսիսային փեշին, Կիլիկիան Ասորիքի հետ կապող ճանապարհին: Բերդը կառուցվել է 500 մետր բարձրության քարաժայռի վրա, ունի անառիկ և դժվարամատույց դիրք: Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1069 թվականին որպես բյուզանդական ամրոց: 1097–1098 թվականներին բերդին տիրել են խաչակիր ասպետները: 1135 թվականին բերդը գրավել է Կիլիկիայի հայկական իշխանության իշխանապետ Լևոն I-ը (1129–1137 թթ.) և դարձրել սահմանային կարևոր ռազմակայան: 1185 թվականին բերդին խարդախությամբ տիրել է Անտիոքի դուքսը: 1187 թվականին Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) հետ է գրավել բերդն ու այն նվիրել իր քեռու` Վասակ Հեթումյանի որդի Սմբատին: Բերդը խիստ ավերվել է 1266 թվականի երկրաշարժից, սակայն, հետագայում կրկին վերակառուցվել է: 1276 թվականին Սարվանդիքար բերդաքաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սմբատ սպարապետը պարտության է մատնել Եգիպտոսի սուլթանության մամլուքյան զորքին, սակայն, ինքը մարտում ծանր վիրավորվել է և շատ չանցած կնքել իր մահկանացուն: 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարի սկզբներին բերդի տերերն էին Կոստանդինի եղբայրներ Օշինն ու Սմբատը: 1337 թվականին բերդին տիրել են Եգիպտոսի մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանցի թուրքերը:
Վահկա բերդ – Լեռնային Կիլիկիայում, Սարոս գետի վերին հոսանքի աջ ափին, բարձր լեռան կատարին: 7-8-րդ դարերում եղել է Բյուզանդական կայսրության կարևոր ռազմական հենակետը Արաբական խալիֆայության դեմ պայքարում: 1097 թվականին Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին I-ը (1095–1100 թթ.) Բյուզանդիայից գրավել է Վահկան և հռչակել իր իշխանության կենտրոնը: Նրա որդի Թորոս I-ը (1100–1129 թթ.) վերակառուցել է Վահկայի ամրությունները, հիմնել դղյակ, պալատներ և այլ շինություններ: 1137 թվականին Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսը (1118–1143 թթ.) խոշոր բանակով պաշարել է Վահկան, որի հայկական կայազորն ու բնակչությունը Կոստանդին զորավարի գլխավորությամբ մարտնչել են հերոսաբար: Ի վերջո, թշնամին գրավել է Վահկան և գերել բերդի պաշտպաններին, որոնց թվում էին Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն I-ը (1129–1137 թթ.) և նրա որդիներ Ռուբենն ու Թորոսը: Լևոն իշխանն ու Ռուբենը մահացել են Կ. Պոլսի բանտում, իսկ Թորոսին հաջողվել է 1145 թվականին փախչել գերությունից և ազատագրել Վահկան: 1173 թվականին Թորոսի եղբայր և հաջորդ Մլեհը (1169–1175 թթ.) իշխանանիստը Վահկայից տեղափոխել է Սիս: Այնուհետև Վահկա բերդաքաղաքը դարձել է ըմբոստ իշխանների ու պալատականների կալանատեղի: 1375 թվականի Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Վահկան մինչև 15-րդ դարը մնացել է Աջապահյանների գերդաստանի ձեռքում: 1467 թվականին Վահկան գրավել է Զուլկադրյան ցեղի առաջնորդ Շահսուվարը: Հետագայում բերդին տիրել են օսմանցի թուրքերը: 19-րդ դարի վերջին Վահկան ավան էր և համանուն գավառակի կենտրոնը: Վահկայի հայերը բռնի տեղահանվել են 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, իսկ սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում: Այժմ Վահկան մտնում է Թուրքիայի Ադանա նահանգի Քոզանի գավառի մեջ:
Լամբրոնի բերդ – Կիլիկիայի կենտրոնական մասում` Տարսոն քաղաքից 38 կմ. հյուսիս–արևմուտք: Կառուցվել է սրբատաշ քարերով չորս անտառապատ լեռնազանգվածների միջնամասում գտնվող քարաժայռի կատարի մեծ ու ընդարձակ հարթակին: Հիմնադրման ժամանակն անհայտ է: 11-րդ դարում արդեն նշանավոր բերդ էր: 1073 թվականին Աբլղարիբ Արծրունին որպես օժիտ տվել է Գանձակից եկած իր փեսա Օշին իշխանին, որն էլ նորանոր կառույցներով ավելի ամրացնելով բերդը` այն դարձրել է իր նստավայրը և Լամբրոնի գավառի կենտրոնը: 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) Տարսոնում կալանավորել է Լամբրոնի իշխանական տան անդամներին և առանց պատերազմի գրավելով Լամբրոնը` այն դարձրել արքունի սեփականություն: 14-րդ դարում արդեն Լամբրոնի շուրջը ձևավորվել էր հոծ ազգաբնակչություն ունեցող քաղաքը: 1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Լամբրոնի բերդն անցել է Եգիպտոսի սուլթանությանը և կամաց-կամաց կորցրել իր ռազմավարական նշանակությունը: 16-րդ դարում Լամբրոնը գրավել են օսմանցի թուրքերը, որից հետո բերդը որպես այդպիսին դադարել է գոյություն ունենալուց, իսկ քաղաքը վերածվել է սովորական, անշուք մի ավանի: 1918–1920 թվականներին տեղի հայ ազգաբնակչությունը ևս թուրք ջարդարարների կողմից ենթարկվել է ցեղասպանության, որից հետո Լամբրոնը ևս հայաթափվել է:
Անարզաբա բերդաքաղաք – Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում, Սիս քաղաքից 25 կմ. հարավ–արևելք: Անունը ենթադրաբար սեմական ծագում ունի և արաբերեն նշանակում է «դեղին աղբյուր»: Հռոմի Օգոստոս Օգտավիանոս կայսեր ժամանակ (Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.) Անարզաբան անվանվել է Կեսարիա, Դիոնկեսարիա, Անարզաբյան Կեսարիա: Քաղաքը 4 անգամ խիստ կերպով տուժել է երկրաշարժից: 525 թվականի երկրաշարժից հետո վերակառուցվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի (527–565 թթ.) կողմից և վերանվանվել Հուստինիանուպոլիս: 444 թվականին Թեոդոսիոս կայսեր օրոք (408–450 թթ.) Անարզաբան դարձել է Երկրորդ Կիլիկիայի մայրաքաղաքը: 8-րդ դարի սկզբներին Անարզաբան նվաճել են արաբները: 880 թվականին գրավել է Բյուզանդական կայսր Բարսեղ I-ը (867–886 թթ.): 1104 թվականին Անարզաբան նվաճել է Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս I-ը (1100–1129 թթ.): Նրա եղբորորդի Թորոս 2-րդը (1145–1169 թթ.) քաղաքում կառուցել է նոր ամրություններ և 1149 թվականին դարձրել իր իշխանության կենտրոնը: Անարզաբան հիմնավոր վերակառուցման է ենթարկվել Լևոն 2-րդի ժամանակ (1187–1219 թթ.): Վերջինս այնքան էր գնահատում Անարզաբան, որ իր զինանշանը, որի վրա պատկերված էր Անարզաբա քաղաքը, անվանում էր «Անավարզա»: 1173 թվականին, երբ Մլեհ Ռուբինյանը (1169–1175 թթ.) մայրաքաղաքը Վահկայից տեղափոխում է Սիս, Անարզաբան դառնում է նրա մատույցները պաշտպանող անառիկ ու անմատչելի հենակետ: Այն ուներ կրկնակի շրջապարիսպ` կառուցված խոշոր, սրբատաշ քարերով: 1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Կիլիկիայի մյուս քաղաքների նման Անարզաբան ևս ավերվում և անշքանում է: 1437 թվականին Անարզաբան ասպատակության է ենթարկվում թուրքմենական Զուլկադրյան ցեղի կողմից: Քաղաքը վերջնականապես ավերվում և անմարդաբնակ է դառնում 16-րդ դարի սկզբներին թուրքերի կողմից Կիլիկիան գրավելուց հետո: Հետագայում Անարզաբայի տեղում առաջանում է Անավարզա փոքրիկ թուրքաբնակ գյուղը:
Լևոնկլա կամ Լևոնի բերդ – Վահկա բերդից 12 կմ. հարավ-արևմուտք, Ջահան գետի ձախ կողմում, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի ստորոտում` Կուլելիդաղ կոչվող լեռան վրա: Սմբատ Գունդստաբլի վկայությամբ 1272 թվականին բերդը կառուցել է Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 3-րդը (1270–1289 թթ.): 16-րդ դարում բերդը պատկանել է Մայսենց իշխաններին: 18-րդ դարում այստեղ էր գտնվում Սսի կաթողիկոսների ամառանոցը, որտեղ կային ընկուզենիների և խաղողի այգի-պուրակներ: 19-րդ դարից դադարել է բնակելի լինելուց:
Սելևկիաբերդաքաղաք – Միջերկրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ: Ք. ա. 3-րդ դարում կառուցել է Սելևկյան կայսրության հիմնադիր Սելևկոս I Նիկատորը (Ք. ա. 305–280 թթ.) և իր անունով կոչել Սելևկիա: 4-րդ դարի սկզբից եղել է Իսավրիայի եպիսկոպոսանիստ կենտրոնը: Սելևկիայի դերն ավելի է մեծացել 12-14-րդ դարերում: 12-րդ դարի կեսերին Սելևկիան գրավել է Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.): Նա վերակառուցելով Սելևկիան` այն դարձրել է ռազմական կարևոր հենակետ իր իշխանապետության հարավ-արևմտյան սահմանում: Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.) Սելևկիայի հսկողությունը հանձնել է Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահին, այնուհետև` Կոստանց իշխանին, իսկ 1210 թվականից` հայոց բանակում կռվող Երուսաղեմի Հիվանդապահ օրդենի խաչակիր ասպետներին: Այն իր նշանակությամբ Կիլիկիայի հայկական թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստն ու սահմանամերձ ամրությունն էր: 13-րդ դարի կեսերին Սելևկիան նվաճել են Կարամանյան կոչվող թուրքմենական քոչվոր ցեղերը: 15-րդ դարի վերջին բերդը լիովին կանգուն էր և պահպանում էր հզոր ամրոցի իր նշանակությունը: Սելևկիա բերդաքաղաքի կործանման ժամանակն ու պատճառներն անհայտ են: Սելևկիայի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, իսկ սակավաթիվ փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում:
Կոռիկոսի ծովային բերդ – Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ. հյուսիս-արևելք, լեռներով շրջապատված հովտում: Կոռիկոս է անվանվել մոտակա համանուն լեռան անունով, որն հունարենից թարգմանաբար նշանակում է քրքում: Բերդը հիմնադրվել է Ք. ա. 3–2-րդ դարերում` Սելևկյանների տիրապետության օրոք և դարձել առևտրի կարևոր կենտրոն: Բյուզանդական տիրապետության շրջանում մտել է Տարսոնի նահանգի մեջ, հանդիսացել եպիսկոպոսական թեմի կենտրոն: Արաբա-բյուզանդական հակամարտության շրջանում պատմական աղբյուրներում բերդը չի հիշատակվում: 7–8-րդ դարերում ավերված ու աղքատացած էր: Կոռիկոսի բերդի դերը կրկին սկսում է բարձրանալ 11-րդ դարի վերջից` Խաչակրաց արշավանքների սկզբնավորումով: Կիլիկյան Հայաստանի իշխանապետ Թորոս 2-րդը (1145–1169 թթ.) Կոռիկոսը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը: Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում պատկանել է թագավորից վասալական կախման մեջ գտնվող առանձին իշխանների: Կոռիկոսի բերդատերերից էր Օշին պայլը, որը Լևոն 4-րդ արքայի (1305–1307 թթ.) խնամակալն էր: Սակայն, վերջինս սպանել է տալիս Օշին պայլին և Կոռիկոսի բերդը դարձնում արքունի կալվածք: 14-րդ դարում բերդը որպես նվեր տրվել է Կիպրոսի արքայորդու որդի Բոհեմունդ Լուսինյանին: 1448 թվականին բերդին տիրել են Կարամանյան կոչվող թուրքմենական ցեղերը: Բերդն այնուհետև գրավում են եգիպտական մամլուքները, իսկ 16-րդ դարում` օսմանցի թուրքերը: Կոռիկոսը մինչև 17-րդ դարը շարունակել է մնալ որպես հայոց եպիսկոպոսանիստ:
Կոռիկոսը Կիլիկյան Հայաստանի ամենախոշոր նավահանգիստն էր և Այասի հետ միասին մեծ դեր էր խաղում երկրի տնտեսական կյանքում:
Մարաշ բերդաքաղաք – Ադանայի նահանգի Մարաշի գավառի վարչական կենտրոնը: Գտնվում է Ջահան գետի վերին հոսանքի ձախ կողմում, գետափից 10 կմ. արևելք` բլրի վրա: Հայտնի է հնագույն ժամանակներից: Բերդը կառուցվել է բյուզանդական շրջանում և միջին դարերում կոչվել է Մարվանի: 10-րդ դարում այստեղ մեծ թիվ են կազմել հայերը, ուստի բերդաքաղաքը հանձնվել է հայ իշխանների տիրապետությանը: Հայկական տիրապետության շրջանում Մարաշը դարձել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065 թվականին կարճ ժամանակով կաթողիկոսանիստ կենտրոն: 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերի` սելջուկ թուրքերից կրած պարտությունից հետո հայազգի բյուզանդական զորավար Փիլարտոս Վարաժնունին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և ստեղծել մի ընդարձակ հայկական իշխանություն, որի կենտրոն է դարձել Մարաշը: 1097 թվականին Մարաշին տիրել են խաչակիրները: 12-րդ դարի սկզբին Մարաշի կառավարիչ է նշանակվել հայազգի Թաթուլ իշխանը: Այնուհետև Մարաշն անցել է Եդեսիայի իշխանությանը` դառնալով նրա ավաններից մեկը։ Մարաշում մեծ ավերածություններ են եղել 1114 թվականի երկրաշարժի ժամանակ։ Սելջուկների տիրապետության անկումից հետո 1189 թվականին Մարաշը գրավել է Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն 2-րդը (1187–1219 թթ.): Այնուհետև հայերը որոշ ժամանակ կորցրել են Մարաշի վրա ունեցած իրենց իշխանությունը: Սակայն, 1266 թվականին Հեթում I-ը (1226–1270 թթ.) վերագրավել է այն։ 16-րդ դարում Մարաշն անցել է Օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դարի սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը քաղաքը տեղափոխել է այժմյան վայրը։ 1880-ական թվականների երկու մեծ հրդեհների ժամանակ այրվել են հայկական թաղերն ու շուկան։ Մարաշի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին: Նրանց մեծ մասը զոհվել է Հայոց մեծ եղեռնի ժամանակ: 20-րդ դարում Երևանում հիմնադրվել է Նոր Մարաշ թաղամասը, որտեղ բնակություն են հաստատել Խորհրդային Հայաստան ներգաղթած մարաշցիները:
Անամուռ բերդ – Միջերկրական ծովի Անամուռի հրվանդանում, Անամուռ գյուղաքաղաքից 10 կմ. հեռու: Հիմնադրվել է որպես նավահանգիստ Ք. ա. 4-3-րդ դարերում փյունիկեցի ծովագնացների կողմից: Հունա-հռոմեական տիրապետության ժամանակ էական դեր է կատարել որպես բերդ: 1266 թվականին դեպի Կիլիկիա կատարած արշավանքի ժամանակ բերդը հայերից խլել է Իկոնիայի սելջուկյան սուլթան Սալահեդդինը, բայց 1284 թվականին Կիլիկիայի արքա Լևոն 3-րդը (1270–1289 թթ.) կրկին հետ է գրավել այն: Դրանից հետո Անամուռի մասին հայկական աղբյուրներում հիշատակություններ չկան:
Աղբյուրներ՝
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 1–12, Երևան, 1974–1986:
- Հայկազ Ժամկոչյան, Աշոտ Աբրահամյան, Ստեփան Մելիք–Բախշյան, ՍերոբՊողոսյան «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջը)», 1975, 784էջ:
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»,հատ. I–V, Երևան, 1985–2001:
- Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:
- https://grakanjam.wixsite.com/armenia/haikakangexatesilvairer–c49d
Հեղինակ` Կարապետ Հակոբյան
Newsinfo.am
akunq.net/am/?p=67366