Արարատը` Հայաստան հեշթեգով. թուրքերին զայրացրել է National Geographic-ի գրառումը
5 ՅՈՒԼԻՍ 2019 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
National Geographic ամսագիրը Արարատ լեռան հերթական լուսանկար է հրապարակել։ Ամառվա տապին Instagram–ի բաժանորդներին ամսագիրը ցույց է տվել լեռան ձմեռային լուսանկարները` ձյան մեջ և մոխրագույն երկնքի տակ։
«Արարատը հանգած հրաբուխ է Թուրքիայի արևելքում։ Սա երկրի ամենաբարձր կետն է։ Գիտնականները այն կարծիքին էին, որ պարտադիր չէ, որ բիբլիական Արարատ լեռը համընկնի այսօրվա Արարատի հետ։ Սակայն XI դարից քրիստոնեական աշխարհն այն կարծիքին է հանգել, որ Նոյան տապանը հենց այստեղ է հանգրվանել»,- լուսանկարին կից գրել են հեղինակները։
Վերջում` հեշթեգերում, ամսագրի խմբագիրները կարևոր «հիշեցում» են արել` առաջին թեգում գրելով #armenia։
Իհարկե, զայրացած օգտատերերի մեկնաբանությունները սպասեցնել չտվեցին, նրանց, հեշթեգից բացի, զայրացրել էր այն, որ լեռը նշվել էր Արարատ, այլ ոչ թե դրա թուրքական անվանմամբ` Աղրի։
Սակայն որևէ սադրանք այստեղ, ինչպես կարծում են ոմանք, չկա։ Ինչպես զայրացած քաղաքացիների համար պարզաբանեց օգտատերերից մեկը, ամեն ինչ ճիշտ է, քանի որ լուսանկարն արվել է Հայաստանի կողմից։
«Կարծես թե, ոմանք տրամաբանությունը չեն ըմբռնում։ Նախ` աշխարհի բոլոր լեզուներով, թուրքականից բացի, լեռան անվանումը հնչում է որպես Արարատ, այլ ոչ թե Աղրի։ Անգլերեն այն նույնպես Արարատ անվանումն ունի։ Այնպես որ ավելի լավ է դադարենք այստեղ «աղրի-մաղրի» գրելը, եթե միայն դուք թուրքերեն չեք գրում։ Իսկ երկրորդ` կրկնեմ, կոնկրետ այս լուսանկարը Հայաստանի կողմից է արված, ինչն էլ բացատրում է հեշթեգը»,- գրել է Armenian.nobility-ն։
https://www.arenanews.am/news/view/84172