17 Հուլիս 2019 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառումը քննարկման առարկա է դարձել Թուրքիայի մեջլիսում։
Օզքարաասլանը առաջարկել էր Թուրքիայից արտաքսել 1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ. եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե), ինչպես նաև Թուրքիայում գտնվող 100 հազար ապօրինի էմիգրանտ հայերին սիրիացիների հետ միասին։
Թուրքիայի ազգայնական «İYİ» կուսակցության անդամ և Քոջաելիի պատգամավոր Լյուֆթու Թյուրքքանը դատապարտել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցչի գրառումը և նշել.
«Նրան կոչ եմ անում պատմություն կարդալ և պատշաճություն ցուցաբերել։ Բուլղարիայից 1989-ին եկածները բոլորը մուսուլման թուրքեր են։ Այսինքն ոչ թե բուլղարացիներ են, այլ Բուլղարիայում ապրած թուրքեր»։
Հետաքրքրական է, որ ազգայնական կուսակցության պատգամավորն անդրադարձ չի կատարել իշխող կուսակցության ներկայացուցչի գրառման այն հատվածին, որտեղ հայերին վտարելու կոչ էր արվում:
Աղբյուր` Yenicaggazetesi