Ատրպէյճան Կը Փորձէ Աղճատել Բազմադարեայ Հայկական Ժառանգութիւնը, Մշակոյթը Եւ Պատմութիւնը. Նալպանտեան

06 հոկտեմբեր 2015
nalbantian unesko
ԵՈՒՆԵՍՔՕ-ի Գլխաւոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեանի ելոյթ ունեցաւ:

ԱԳՆ մամուլի ծառայութենէն կը ներկայացնեն ելոյթը ամբողջութեամբ.

Յարգելի՛ տիկին գլխաւոր տնօրէն,

Յարգելի՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Շնորհաւորում եմ եւ շնորհակալութիւն յայտնում պարոն Սթենլի Սմաթային` ԵՈՒՆԵՍՔՕ-ի 38-րդ գլխաւոր համաժողովի նախագահ ընտրուելու կապակցութեամբ եւ մեր շնորհակալութիւնը յայտնում նախորդ նախագահ պարոն Հաոյ Փինգին:

Պարո՛ն Նախագահ,

1945թ.-ին` իր կազմաւորումից ի վեր` ԵՈՒՆԵՍՔՕ -ն զգալի աշխատանք է իրականացրել` միաւորելով պետութիւնների ջանքերը` կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի միջոցով խաղաղութիւնն ու կայուն զարգացումը խրախուսելու ուղղութեամբ:

Կազմակերպութեան 70-րդ տարեդարձի կապակցութեամբ Հայաստանը հիւրընկալել է «Մշակութային քաղաքականութիւն. քաղաքականութիւն մշակոյթի համար. մշակոյթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. Յետոյ» միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40-ից աւելի երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Համաժողովի կողմից ընդունուած «Երեւանեան հռչակագիրը» դատապարտում է մարդկութեան մշակութային ժառանգութեան գանձերի ոչնչացումը: Դժբախտաբար, այսօր այս հարցը դարձել է առաւել քան երբեւէ հրատապ: Այս կապակցութեամբ, Մերձաւոր Արեւելքում ներկայիս իրավիճակը խորին մտահոգութիւն է յարուցում:

Ահաբեկիչների կողմից բազմաթիւ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինաւուրց Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների աւիրումը, Հայոց ցեղասպանութեան բազմաթիւ զոհերի մասունքներն ամփոփող Տէյր էլ Զօրի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագութիւնները քաղաքակրթութեան դէմ գործուած յանցանքներ են: Դրանք յիշեցնում են նմանատիպ բարբարոսութիւնները` Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջեւանում հայկական միջնադարեան հազարաւոր խաչքարերի եւ այլ յուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժուեցին` ճանապարհ հարթելով նոր յանցագործութիւնների համար: Պատմութիւնն վկայում է, որ անպատժելիութիւնը նոր ոճրագործութիւններ է ծնում:

Պարո՛ն Նախագահ,

Մի դարաշրջանում, երբ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ խթանումը քաղաքակիրթ աշխարհի համար առանցքային հասկացութիւն են հանդիսանում, այլ քաղաքակրթութիւններին պատկանող արժէքների նկատմամբ անհանդուրժողականութիւնը, մշակութային եւ կրօնական ժառանգութեան կանխամտածուած վնասումը կամ ոչնչացումը պէտք է դատապարտուեն միեւնոյն վճռականութեամբ, ինչ մարդկանց դէմ բռնութիւնը: Միջազգային հանրութիւնը պէտք է վճռականօրէն եւ անյապաղ գործի` պաշտպանելու համար այն, ինչ դեռեւս հնարաւոր է պահպանել:

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը շարունակաբար հրաւիրել է այս բարձր մարմնի ուշադրութիւնը հարեւան Ադրբեջանում գտնուող հայկական մշակութային ժառանգութեան ողբալի իրավիճակի վրայ: Միայն Նախիջեւանի շրջանում հազարաւոր միջնադարեան խաչքարեր, հարիւրաւոր հայկական եկեղեցիներ, վանքեր եւ այլ սրբավայրեր ամբողջութեամբ ոչնչացուել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակուել է այս շրջանում եւ ովքեր այն կոչել են «նախիջեւանէ, ինչը հայերէն տառացիօրէն նշանակում է «առաջին իջեւանէ` նկատի ունենալով աստուածաշնչեան Նոյի իջեւանած առաջին վայրը: Վերջերս Միջազգային կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ յանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկոյցում, խօսելով Նախիջեւանում վանդալիզմի ենթարկուած հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրօնական ազատութեան հետ կապուած իրավիճակը շարունակում է վատթարանալ` օրինակ բերելով Բաքւում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործւում է որպէս նախագահի աշխատակազմի արխիւ, եւ բռնագրաւուած Լիւթերանական եկեղեցին, որը վերածուել է համերգասրահի: Եթէ մենք` Իւնեսկօ-ն եւ այլ միջազգային կազմակերպութիւնները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագայ է վաղը սպասւում այս եւ բազմաթիւ այլ վտանգուած յուշարձաններին:

Որպէս վերոնշեալի վառ հակապատկեր` հարեւան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման եւ պաշտպանութեան ուղղութեամբ: Իրանում գտնուող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թուագրւում է 7-րդ դարով, Իրանի կառավարութեան կողմից ներառուել են Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապոյտ մզկիթը Երեւանում եւ մտադրւում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկի մէջ:

Հայաստանը ջանում է իր ներդրումն ունենալ համաշխարհային մշակութային ժառանգութեան պահպանմանն ուղղուած ջանքերում, այդ թւում` ԵՈՒՆԵՍՔՕ -ի համապատասխան մարմիններում կառուցողական ներգրաւուածութեան միջոցով: 2013թ. Հայաստանը դարձաւ Զինուած ընդհարումների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան հարցերով կոմիտէի անդամ: Մէկ տարի անց մենք ընտրուեցինք այդ Կոմիտէի բիւրոյի փոխնախագահ: Այս տարի Հայաստանը դարձաւ Մշակութային արժէքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականութեան իրաւունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցների մասին կոնուենցիայի իրականացման յանձնաժողովի անդամ:

Պարո՛ն Նախագահ,

Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի եւ ԵՈՒՆԵՍՔՕ -ի կրթութեան բնագաւառում խտրականութեան դէմ կոնուենցիայի պահանջներից է, որպէսզի կրթութիւնը նպաստի բոլոր ժողովուրդների, էթնիկական եւ կրօնական խմբերի միջեւ փոխըմբռնմանը, հանդուրժողականութեանը եւ բարեկամութեանը: Հաշուի առնելով կրթութեան ոլորտում ԵՈՒՆԵՍՔՕ-ի բացառիկ դերը` մենք կոչ ենք անում Կազմակերպութեանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձեւաւորել վերահսկողութեան մեխանիզմ, որը քննութեան կ’առնի եւ կը գնահատի անդամ-պետութիւնների դասագրքերը` յատկապէս պատմութեան եւ սոցիալական գիտութիւնների բնագաւառներում` յատուկ շեշտադրում կատարելով խտրականութեան եւ այլատեացութեան բացառման վրայ: Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարեայ հայկական ժառանգութիւնը, մշակոյթը եւ պատմութիւնը: Այս երկրում սեփական պատմութեան վերաշարադրումը շարունակւում է այլոց մշակութային ժառանգութեան բռնի իւրացմամբ կամ ոչնչացմամբ, եւ նոյնիսկ աւելին` հարեւան ժողովուրդների մշակութային ժառանգութեան բռնազաւթմամբ: Պետութիւն, որը դեռեւս մէկ դար էլ չկայ, ինչ յայտնուել է աշխարհի քաղաքական քարտէզի վրայ, ոտնձգութիւններ է կատարում մի երկրի եւ ժողովրդի մշակոյթի նկատմամբ, որի մի քանի հազարամեակների պատմութիւնը գրանցուած է վաղնջական ժամանակներից:

Որպէս ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընտանիքի անդամ, մենք կողմնակից ենք ընդգրկուն կրթական համակարգի զարգացմանը, խտրականութեան ցանկացած արտայայտութեան բացառմանը, կրթութեան բնագաւառում բոլորի համար հաւասար հնարաւորութիւնների ապահովմանը: Այս առումով կը ցանկանայի ընդգծել ԵՈՒՆԵՍՔՕ-ի կրթական ծրագրերից եւ նախագծերից ոչ մէկին դուրս չթողնելու կարեւորութիւնը` ներառեալ նրանց, ովքեր բնակւում են այն տարածքներում, որոնց քաղաքական կարգավիճակը որոշուած չէ եւ ենթակայ է կարգաւորման համաձայնեցուած բանակցային գործընթացների շրջանակներում: ԵՈՒՆԵՍՔՕ-ն պէտք է երաշխաւորի սեփական գործունէութեան համընդգրկուն բնոյթը` առանց քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ այլ տեսակի խտրականութեան:

Պարո՛ն Նախագահ,

70 տարի առաջ ապագայ սերունդների համար աւելի լաւ աշխարհի կերտմանն ուղղուած ընդհանուր նպատակը ձեւաւորեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի կազմաւորման հիմքը: Այնքան ժամանակ, որքան այդ նպատակները պահանջուած կը մնան, դրանց իրականացումը շարունակելու է խարսխուած մնալ գործողութիւնների ներդաշնակութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի արժէքներին եւ սկզբունքներին լիակատար հաւատարմութեան վրայ: Կազմակերպութեանը քարոզչական վիճաբանութեան մէջ ներքաշելու ցանկացած փորձ, որեւէ երկրի քաղաքական օրակարգը այդ արժէքների հաշուին կամ ի հակասութիւն դրանց առաջ մղելու նպատակով, պէտք է վճռականօրէն եւ անյապաղ սաստուի:

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը լիովին հաւատարիմ է մնում ԵՈՒՆԵՍՔՕ-ի արժէքներին եւ նպատակներին եւ շարունակելու է ընդլայնել իր ներգրաւուածութիւնը ԵՈՒՆԵՍՔՕ-ի նախաձեռնութիւններին եւ ծրագրերին:

ԵՌԱԳՈԵՆ

http://www.yerakouyn.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail