
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 10)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
Երկինքն այդ ընթացքում բոլորովին մռայլվում է, խավարն ավելի է թանձրանում, հյուսիսային ցուրտ քամին կատաղի սուլում ու շչում է, վայրի ապառաժների ու անձավների ձորերի ծոցը լցնում խորհրդավոր երգերով:
Խարույկների ու վրանների մոտ եղած քրդերը իրենց տարազով երեք երիտասարդ են տեսնում, որոնցից մեկի գլխին նամակ կա, ու անարգել թողնում են հասնելու մինչև շեյխի վրանի մոտերը: Այնտեղ Կրպեն հանում է նամակը, դնում ծոցը, գաղտագողի անցնում առաջ: Զգուշացված Աստուրը մոտենում է շեյխի վրանին, ստուգելու, թե ինչ ձայներ էր լսել նախօրեին…
– Աստուր, զգույշ եղիր, շատ չուշանաս…
– Վըր իմ մեկ աչից եղի զքո հրաման, – ապահովում է նրան Աստուրը, – դուք գացեք:
Կրպեն ու տիրացուն հեռանում են թշնամու ճամբարից, բայց գյուղ գնալու փոխարեն ուղղվում են դեպի Անտոք լեռը, ուր շենիկցիների վրաններն են:
Հաջող գործ էր, – մրմռում է Կրպեն, – անվտանգ տեղ հասանք, այս շան նամակն էլ մեր ձեռքի զենք եղավ:
Հիմա ուր ենք գնում…
Շենիկցի Խզրեի վրանը…. այնտեղ սասնո միրերն ու ռեսները մեզ են սպասում, բոլոր Սասուն ոտի է ելած…
Սրգեն էլ է այնտեղ…
Մերոնք բոլորն էլ այնտեղ են…
Անցորդներին տեսնելով, վրա են վազում հսկա գելխեղդ գամփռները: Կրպեն երեք անգամ շվացնում է, խավարից հանկարծ մի քանի զինված սասունցի են դուրս գալիս…
Կրպե, – ձայն է տալիս մի հսկա երիտասարդ:
Մենք ենք, Սրգե ջան…
Տո, տիրացու, դուն լը հուս իս… Բա Աստուրն ուր է…:
Գործ ուներ: Կգա:
Համբուրվում են:
Իսկական Հոլո պապու թոռն ես…
Բոլորն եկած են…
Բոլորը… միայն վատը չկա…
Տափկա ռեսը…
Է որ գիտես, ինչ ես հարցնում…
Միր Ակոն…
Երեկ գիշեր քու գնալուց հետո եկավ, զինված ձիավորներով…
Լավ… Քրդերը շարժվել են, զենքերն են մաքրում…
Բոլորը մտնում են Խզրեյի վրանը, ուր ծալապատիկ դասավորվել են տասի չափ սասնա իշխաններ: Սա երկրագործական կամ տնտեսական ժողով չէ, այլ զինվորական խորհդի նիստ:
Կրպեն խոնարհ ողջունում է, հետո հրաման ստանալով, պատմում գլուխներին անցածը, նամակը տալիս է միր Ակոյին և ուզում է դուրս գալ, երբ միրը հարցնում է.
Առաջնորդը լուր պիտի տար Հոնանու ռեսին ու տերտերին…
Խոստացան անել ինչ կարող են: Թոփոն առավոտից նվիրակի անունով պիտի անցնի դաշտի գյուղերը: Առաջնորդն ու վանահայրը հեռագրեցին սուլթանին ու պատրիարքին…
Ես նրանց վրա հույս չունեմ, – միջամտում է Սրգեն, – դաշտեցիք ոչ միայն մեզ օգնել չեն կարողանա, այլև եթե իրենց գլուխը պահեն, էլի շնորհակալ ենք… Մեր հույսը մեր զենքն է ու Աստված…
Այդ միջոցին հևալով ներս է ընկնում Աստուրը, միակ աչքը տրորելով:
Ինչ կա, Աստուր,- զարմանում են իշխանները:
Կրպե, Սրգե, – առանց բարևելու վրա է տալիս Աստուրը. – զենքերդ առեք, գնացինք շուտ, հինգ-տասը խորդեր որ երթանք, բավական է…
Կրպեն առանց իրեն ուղղված հարցերին պատասխանելու վեր է կենում ու դառնում է Աստուրին.
Հեռու պիտի երթանք…
Հընտը մըր քթու տակ ի, Մհրի ձորու գլուխ:
Կոնտ լեռը…
Խըխ… Սրգե, դուն լը տի գես խետ մզի…
Սրգե ջան, – դառնում է Սրգեին, – ընկերացիր մեզ:
Ինչ բան է, քաջեր, – հարցնում է միր Ակոն:
Պզտիկ գործ մի կա, – ասում է Սրգեն, խլում սյունից կախած բերդանն ու փամփուշտակալը, վահանն ու դուրս վազում Կրպեի հետևից:
Կա-չկա, քրդերից ոչխար են գողանալու, – ծիծաղում է Կրպեի հայրը` միր Մարտեն:
Էն ուր են գնում, – անհագստանում է մայրը, – գոնե ասեին… գողությունն վատ բան է, վրանից ներս չեմ թողնի, թե էդպես բան անեն…
Մայրիկ, ինչ գողություն, Աստված չանի, գնում ենք մի հայ կին ու աղջիկ փրկելու քրդերի ձեռից…
Դե որ էդպես է, գնացեք, Աստված ձեզ պահապան…
Խումբը աճապարելով հեռանում է:
Մնացածները շարունակում են խորհրդակցությունը.
Բան չեմ հասկանում մեր ջահելներից, – ասում է միր Մարտեն, – համբերություն չունին, վաղը կարող է կռիվ սկսենք, ուր փախան… Միր Ավե, հրաման տուր հովիվներին, աչալուրջ լինեն, թե պետք եղավ, օգնության հասնեն: Դուք էլ, միրեր ու ռեսներ, գնացեք ձեր գյուղերը, հենց հիմա, ժամանակ չունենք… Զենքերը մաքրեցեք, պատրաստ եղեք: Թող ծերերն ու կանայք վառոդ պատրաստեն: Արաբն ու քրդերը որ գան, մեզ` սասունցիներս իմացած ձևով դիմավորենք, շրջապատենք չորս կողմից, սկսենք կռվել… այլ ելք չկա…: Ազատություն ու հայրենիք ամենեն վեր են:
Այդպես էլ կանենք, մի~ր,- ասում է միր Ակոն:
Կռվի զորավարը Սրգեն է, օգնականը` Կրպեն: Նրանք Անտոքն են պաշտպանելու: Կենտրոնում Տեր Քաջեն է, օգնականը` դու, միր Ակո: Ձերը Անտոքի հյուսիսային կողմն է: Մենք կտրում ենք Սասնա-բերդի, Խերզենքի կիրճերը, Մհերի ձորն ու Անտոքի հարավային լանջը: Մի վերջին հարց էլ. լիովին վստահում եք ինձ, ուրիշ ավելի հմուտ զորավար չունինք…:
Որոշված բան է, միր Մարտե: Քեզ ենք վստահում Էրգրի բախտը:
Ուրեմն ի զեն, զենք ի մարտ: Լավ կլիներ, դաշտը մեզ օգնության գար, պատվական ջարդ կտայինք շներին, բայց անհնար է կապվելը…
Դրսից ձայներ են լսվում, շների կատաղի հաչոց:
Տղաք, – ասում է միր Մարտեն, – ինչ կա դրսում, շները անծանոթի վրա են հաչում…
Վրանի մոտ կանգնածներից երկուսը գնում են միր Մարտեի հրամանը կատարելու:
Կռիվ, – շարունակում է Կրպեի հայրը, – եթե պարտվինք էլ, մինչև վերջին շունչ, մինչև վերջին զինվոր… Մենք` սասնցիներս, 500 տարուց ավել պահել ենք հայ ազգի խորտակված փառքի վեհության ստվերը, մեղ վայել չե պարտություն… Մեր հայրերի, մեր պապերի սիրելի զբոսանքն է կռիվը, թշնամու արյուն թափելը… Որ հայրը չի պարծենում իր քաջ ու անվախ կորյուն զավկով, որ հարսը` իր նշանածով, երբ ամուսինը քաջի մահով է գլուխը գետնին դնում, իրեն և ազգը պաշտպանելիս: Հերոսների երկիր է Սասուն: Թշնամին մեր թիկունքը չի տեսել ու չի տեսնի: Ինձ պարծանք է զեյթունցի Խզրոյի թոռ լինելը, պանծալի տոհմի միր լինելը, պարծանք է ձեզ` Հոլոյի որդիք լինելը: Անվախ ոտքի ելնենք, հանենք Մուշ ու Բուլանըխը, անցնինք Խնուս, միանանք հայազգի զորավարներ Քիշմիշովին, Լազարևին, մաքրենք հայրենիքը գազան իսլամից: Հայ քաղաքացին ու դաշտի գյուղացին խեղճացած են: Մի տարի առաջ Մշո Ձորու թաղի եկեղեցու դուռը փակեցին Թոփոյի առջև. “Ձեռներն արյունոտ են, քրդակեր է”, – ասելով: Լավ է, Հայրիկը թողություն տվեց: Տեր Քաջեն է մեզ օրինակ` և սուր է բռնում , և խաչ: Զինվենք, կռվենք, ազատենք մեր երկիր…
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 10)





