Վերջին ամիսներին Իրանը յաճախակի է բարձրաձայնում երկրի դէմ ամերիկեան տարբեր կիբերյարձակումների

Իրանը նախազգուշացնում է

28 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Վերջին ամիսներին Իրանը յաճախակի է բարձրաձայնում երկրի դէմ ամերիկեան տարբեր կիբերյարձակումների ակտիւացման մասին։

Գրեթէ կասկածից վեր է, որ Ուաշինկթոն-Թեհրան շահերի բեւեռացման այս փուլում կողմերը գործի են դնելու յաւելեալ եւ տարաբնոյթ լծակներ, առաջին հերթին՝ հետախուզական, դիվերսիոն ու կիբերհարձակումներ, որպէսզի յօգուտ իրենց փոխեն դէպքերի ընթացքը։ Եւ այստեղ որեւէ անակնկալ կամ զարմանք առաջացնող դրսեւորում չէր կարող լինել։

Առաւել ուշագրաւ էր այն, որ Իրանն իր հետախուզական-հակահետախուզական եւ այլ բնոյթի գործողութիւնների օպերատիւութեան ու արդիւնաւէտութեան շնորհիւ կարողանում է չէզոքացնել եղած սպառնալիքները։ Ասուածի լաւագոյն վկայութիւնն էր, երբ Յունիսի 20-ին Թեհրանը յայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական յեղափոխութեան կորպուսի կողմից ամերիկեան նաւատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական, հետախուզական նշանակութեան ԱԹՍ-ի խոցման մասին։ Յատկանշականն այն է, որ ԱԹՍ-ն, որն իրականացնում էր հետախուզական կարեւոր առաքելութիւն, պէտք է որ զինուած լինէր հակառադարային, քօղարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոկիական միջոցներով, որն այլ կերպ յայտնի է որպէս stealth aircraft։ Ասենք աւելին` MQ-4C Triton տեսակի ամերիկեան ԱԹՍ-ի 1 միաւորն արժէ 120 մլն. տոլար։

Ստացւում է, որ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների ճգնաժամային այս փուլում, երբ կողմերն արդէն անցել են ուղիղ հարուածներ հասցնելու հռետորաբանութեան, եւ այնպիսի թէժ կէտում, ինչպիսին Հորմուզի նեղուցն է, թանկարժէք ԱԹՍ-ի կիրառումը պէտք է որ ունենար ռազմավարական կարեւորութիւն ներկայացնող հետախուզական առաքելութիւն։ Սակայն ստացւում է այնպէս, որ ամերիկեան սարքը խոցւում է իրանական արտադրութեան Խորդադ-3 (Khordad) տեսակի զենիթահրթիռային համալիրով։ Յիշեցնեմ, որ այդ համալիրները կարողանում են միաժամանակ որսալ մինչեւ 4 թիրախ՝ 27 քլմ. բարձրութեան վրայ:

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել Իրանի՝ հրթիռաշինութեան կամ, առհասարակ, ռազմարդիւնաբերութեան բնագաւառում ձեռք բերած նուաճումները, միեւնոյն ժամանակ, դժուար էր պատկերացնել նման միջադէպ։ Այդ հարցում, առաջին հայեացքից, թերեւս տեղին էր գերագնահատել համաշխարհային առաջատար Ուաշինկթոնի ռազմական պոտենցիալը։ Հակառակ դէպքում մնում է միայն ենթադրել, որ գուցէ նախագահ Տոնալտ Թրամփին տրամադրուել են սխալ տեղեկութիւններ, որոնցում թերագնահատուել են Թեհրանի ռազմատեխնիկական կարողութիւնները։

Թերեւս աբսուրդի ժանրից է շրջանառուող այն վարկածը, որը Ուաշինկթոնն ի սկզբանէ ցանկանում էր հրահրել Թեհրանին, որպէսզի նա խայծը կուլ տայ, նեարդերը տեղի տան եւ խոցի ամերիկեան արտադրութեան սարքը։ Ըստ վարկածի` իբր դա կ’ամրագրէր Իրանին ուղիղ ռազմական հարուածներ հասցնելու` ԱՄՆ-ի միջազգային իրաւունքը։ Սակայն տեսնում ենք, որ ամերիկեան ԱԹՍ-ի խոցումից անմիջապէս յետոյ Թրամփի շատ կտրուկ ու ակրեսիւ հռետորաբանութիւնը մեղմուեց յաջորդ յայտարարութիւններով։ ԱՄՆ նախագահն արդէն խօսում էր, որ այդ գործողութեան յետեւում գուցէ կանգնած չէ Իրանը՝ որպէս պետութիւն, եւ որ գուցէ չի եղել նման մտադրութիւն, դա հաւանաբար, ըստ նախագահ Թրամփի, որեւէ իրանցի սպայի սխալ որոշման արդիւնք է։ Սա խօսում է այն մասին, որ նշուած վարկածը, որ շրջանառւում էր որոշ փորձագիտական շրջանակներում, իսկապէս աւելին քան անհաւանական է։

Անցնենք առաջ. Յունիսի կէսերին Թեհրանը յայտարարեց, որ բացայայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) կիբերլրտեսական նոր ցանց եւ ձերբակալել որոշ գործակալների։ Յստակեցւում էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն կիբերլրտեսութիւն ու կիբերյարձակումներ է իրականացրել այլ երկրներում նոյնպէս։

Յուլիսի երկրորդ կըսին Թեհրանը հանդէս եկաւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան մասին յայտարարութեամբ։ Իրանական աղբիւրների համաձայն` լրտեսների մի մասը դատապարտուել է մահապատժի։ Այլ աղբիւրների հաղորդմամբ` նրանցից ոմանք արդէն ենթարկուել են մահապատժի։ Իրանի հետախուզական տուեալներով` գործակալները վերապատրաստուել են ԱՄՆ ԿՀՎ-ում, տեղեկութիւններ էին հաւաքագրում Իրանի ռազմավարական ու կենսական նշանակութեան օբյէկտների, այդ թւում՝ միջուկային ու ռազմական ձեռնարկութիւնների վերաբերեալ։ Արեւմտեան վերլուծական շրջանակներում Իրանի այս յայտարարութիւնը որակեցին որպէս քարոզչական հնարք՝ ուղղուած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին լսարանին։

Սակայն այս ամէնում առանձնացնենք երկու անչափ կարեւոր հանգամանք։ Առաջին` մեր սահմանակից երկրի շուրջ ծաւալւում են իրադարձութիւններ, բայց առ այսօր շարունակում է անհասկանալի մնալ ստեղծուած իրավիճակում Հայաստանի դիրքաւորումը։ Հարց է առաջանում՝ նպատակայարմար չէ՞ր այդ կապակցութեամբ որեւէ դիրքորոշում յայտնել։ Վերջին հաշուով, նոյնիսկ կարելի էր կողմերի միջեւ ակտիւացած այդ հետախուզական պայքարի անիւը պտտեցնել դէպի հարեւան Ատրպէյճան, որն արդէն առաջին տարին չէ, որ տրամադրել է իր տարածքը Իրանի դէմ Իսրայէլի կողմից հետախուզական գործունէութիւն ծաւալելու համար։ Այդ մասին, ի դէպ, քանիցս մտահոգութիւններ յայտնել են Թեհրանում եւ անթաքոյց կերպով։ Եւ եկէք չհամեմատուենք Ատրպէյճանի հետ այն առումով, որ` եթէ այդտեղից յայտարարութիւններ չեն հնչել, ինչո՞ւ մենք աչքի ընկնենք։

Եթէ հիմնուենք այն սցենարի վրայ, ըստ որի` Իրանի միջուկային ծրագրի, միջուկային օբյեկտների վերաբերեալ նախագահ Թրամփին գաղտնի հետախուզական տեղեկութիւնների տրամադրման, ինչպէս նաեւ դրանց պարունակութեան հարցում անգնահատելի է իսրայէլական գործօնի դերը, ապա հայկական կողմն իսկապէս այստեղ անելիքներ ունի։

Յիշեցման կարգով ասեմ, որ 2018 թուականի Ապրիլին Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հրապարակեց Իրանի գաղտնի` «Ամադ» անուանումը կրող միջուկային նախագծի մանրամասները, որոնք յայտնի էին դարձել հենց Իրանի տարածքում, եթէ չեմ սխալւում՝ բուն Թեհրանում` Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան համապատասխան գործողութեան արդիւնքում։ Այդ ժամանակ խօսակցութիւններ էին պտտւում, որ այդ գաղտնի փաստաթղթերն Իսրայէլ են տեղափոխուել տարբեր ճանապարհներով, այդ թւում` Ատրպէյճանի տարածքով։

Կրկին յիշեցման կարգով՝ Թել Աւիւը չի էլ թաքցնում, որ գաղտնի տուեալներ է տրամադրում Թրամփի վարչակազմին. այդ գործողութեան հանրայնացման ժամանակ Նեթանիահուն չզլացաւ նաեւ նշել, որ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի վերաբերեալ Սպիտակ տանը փոխանցուած նիւթերը ամրապնդեցին Թրամփի որոշումը՝ դուրս գալ 2015 թուականին ստորագրուած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրից (Joint Comprehensive Plan of Action):

Եւ այստեղ գալիս է բարձրացուած հարցի երկրորդ կողմը` իսկ ի՞նչ կը լինի, եթէ հակամարտող կողմերը Հայաստանը նոյնպէս սկսեն դիտարկել կամ գուցէ արդէն դիտարկում են որպէս դիմակայութեան հերթական թատերաբեմներից մէկը։

Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել մեր հետախուզական, հակահետախուզական ծառայութիւնների օպերատիւութեան բաւական բարձր մակարդակն ու հմտութիւնները` չմոռանանք, որ գործ ունենք համաշխարհային հիմնական խաղացողներից մէկի՝ Ուաշինկթոնի, միւս կողմից` տարածաշրջանային տէրութիւն հանդիսացող Թեհրանի հետ։

Այս առիթով կրկին վերադառնանք Յուլիսի երկրորդ կէսին Իրանի կողմից ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան կոնկրետ դէպքին։ Մասնաւորապէս` ամսի 22-ին Իրանի հետախուզութեան նախարարութիւնը հանրայնացնում է վաւերագրական, փաստագրական ֆիլմ, որում ներկայացւում են Իրանի սահմաններից դուրս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութեան լրտեսների նկատմամբ իրանցի հետախոյզների գործողութիւնները:

Իսկ ամենակարեւորն այն է, որ ֆիլմում նկարահանուած գործողութիւնների ընթացքում ցուցադրւում են քատրեր, որոնք արուել են Հայաստանում։

Եթէ հիմնուենք ֆիլմի հաւաստիութեան վրայ, Իրանը վերջին շրջանում ակտիւացրել է իր հետախուզական, հակահետախուզական գործունէութիւնը մերձտարածաշրջաններում, առաջին հերթին՝ Պարսից ծոցի երկրներում, Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի հանրապետութիւններում։

Դա, ըստ երեւոյթին, զարմանալի եւ անհնար մի բան չէ, հաշուի առնելով նշեալ տարածաշրջաններում Իրանի զգալի ցանցային ազդեցութիւնը։ Եթէ առաջնորդուենք այս ֆիլմում ներկայացուած տեղեկութիւններով ու դրանց տրամաբանութեամբ, ապա ոչ պակաս տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ֆիլմում ներկայացուած քատրերը, որոնք արուել են Հայաստանում՝ Երեւանում, ինչպէ՞ս են ընկալւում Թեհրանում։ Արդեօ՞ք հիմնաւոր է այն տեսակէտը, թէ մեր հարեւան երկրի իշխանութիւնները Հայաստանը կարող են մի պահ դիտարկել որպէս ոչ իւրային երկիր։ Թէ՞ դա Թեհրանի հերթական տեղեկատուական-հոգեբանական մանիպուլիացիոն գործողութիւնն է, այս անգամ` ուղղուած Հայաստանի դէմ։

Սրանով չի սահմանափակւում մեր մտահոգութիւնը. կրկին հիմնուելով ֆիլմի ներկայացրած տուեալների վրայ) արդեօ՞ք կարող ենք բացառել այն վարկածը, ըստ որի` ամերիկեան կողմը մտահոգուած է Իրանի սահմանակից երկրներում, այդ թւում` Հայաստանում ամերիկեան կողմի դէմ Թեհրանի հետախուզական գործունէութեան ակտիւացմամբ։ Սակայն այս ամէնում ի յայտ է գալիս շատ աւելի խոր մի մտահոգութիւն, որ մեր երկիր է տեղափոխւում հակամարտող կողմերի հետախուզական պայքարը՝ դարձնելով այդ դիմակայութեան թատերաբեմ։ Յամենայն դէպս, եթէ ուռճացնում ենք ստեղծուած իրավիճակը, ապա նուազագոյնը չպէտք է բացառել այդ սցենարը։

Խօսակցութիւններ են պտտւում, որ Իրանում զգուշաւորութեամբ են մօտենում Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեանը։ Գուցէ մտավախութիւն կայ, որ մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական շարժումը գունաւոր յեղափոխութիւնների տրամաբանութեան մէջ է: Եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, ապա Իրանում կարող են զգուշանալ, որ Հայաստանում ուժեղացել է ամերիկեան գործօնը, կամ առնուազն կայ նման սցենարի զարգացման նախադրեալ։

Անդրադառնանք Յուլիսի 10-ին ՀՀ էներգահամակարգում տեղի ունեցած տատանումներին ու դրանց հնարաւոր պատճառների հարցին։ Հայկական կողմի առաջ քաշած հիմնական վարկածներից մէկով` յաճախականութեան ուժեղ տատանումները կարող էին պայմանաւորուած լինել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Իրանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացուած են, հետեւաբար` յաճախականութեան տատանումները փոխադարձ ազդեցութիւն են թողնում։

Յիշեցնեմ, որ յաճախականութեան տատանումների հետեւանքով անջատուել էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ պլոկը, իսկ յետոյ՝ նաեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ աւելի փոքր կայաններ:

Խնդրի հետ կապուած փորձագիտական տարբեր հարթակներում քննարկումներ էին ընթանում, փորձում բերել միջադէպի հետ կապուած նաեւ այլ հնարաւոր սցենարներ։ Առաջ քաշուած հիմնական սցենարներից մէկով` Հայաստանի էներգետիկ համակարգում յաճախականութեան տատանումները դիտւում էին որպէս Իրանի կողմից դիվերսիայի հետեւանք։

Եթէ կրկին առաջնորդուենք այն տրամաբանութեամբ, որ ԱՄՆ-Իրան ճգնաժամում, ըստ Թեհրանի, Հայաստանը սկսում է դիտարկուել որպէս ոչ իւրային երկիր, որտեղ ակտիւացել է ԱՄՆ ԿՀՎ-ի գործունէութիւնն ընդդէմ Իրանի, ուստի այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում է Երեւանին հնարաւոր վտանգների ու դրանց զսպման անհրաժեշտութեան մասին։

Յիշեցնեմ նաեւ, որ նախորդ տարուայ Յուլիսի 3-ին խոշոր վթար էր տեղի ունեցել նաեւ Ատրպէյճանի Մինգեչաուրի ՋԷԿ-ում, ինչի հետեւանքով Ատրպէյճանը գրեթէ ամբողջութեամբ հոսանքազրկուել էր։ Այդ ժամանակ նոյնպէս փորձագէտները վթարը կապում էին հնարաւոր դիվերսիայի հետ։ Պատահականութի՞ւն էր, արդեօք, այն, որ Մինգեչաուրի ՋԷԿ-ում միջադէպը գրեթէ համընկել էր ընդամէնը օր առաջ՝ Յուլիսի 2-ին Ատրպէյճանի կողմից նախաձեռնուած` զօրքերի տարբեր տեսակների մասնակցութեամբ լայնածաւալ զօրավարժութիւնների հետ։ Այդ շրջանում նոյնպէս շրջանառութեան մէջ էր դրուել իրանական հետքը։ Խօսւում էր այն մասին, որ կրկին ԱՄՆ-Իրան դիմակայութեան զարգացման այդ փուլում Թեհրանը տրամաբանօրէն խուսափում էր իր սահմանակից հատուածներում ու երկրներում, ժողովրդական լեզուով ասած` սեփական քթի տակ, գործ ունենալ լարուածութեան նոր օճախի հետ։ Գուցէ այդ քայլով Թեհրանը նախազգուշացնում էր Ալիեւին՝ զերծ մնալ իրավիճակի հնարաւոր ապակայունացման փորձերից։ Եւ այստեղ հարց է առաջանում` արդեօ՞ք որեւէ կապ կայ Մինգեչաուրի ՋԷԿ-ի ու Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարների տրամաբանութիւնում։ Գրեթէ չի խօսւում, որ գուցէ երկու դէպքում էլ աշխատել է նոյն ձեռագիրը։

Յետգրութեան փոխարէն` չար լեզուներն ասում են, որ վերջին շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ մերձաւորարեւելեան մէկ այլ պետութեան՝ Իսրայէլի ուշադրութիւնը։ Սակայն յանուն օբյեկտիւութեան արձանագրենք, որ այդ հետաքրքրութիւնն ակտիւացել էր մինչ յեղափոխութիւնը։

Գ.Մ.

horizonweekly.ca/en/իրանը-նախազգուշացնում-է/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail