Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում Թուրքիայի համշենահայ մտավորական Հուրիյե Շահին

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում Թուրքիայի համշենահայ մտավորական Հուրիյե Շահինը ներկայացրեց համշենցիների ներկայիս խնդիրները

2019/07/31 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄ:

Հուլիսի 29-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի կազմակերպմամբ կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Թուրքիայի համշենահայ մտավորական, մի շարք գրքերի հեղինակ Հուրիյե Շահինի հետ։ Այս մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն՝ հանդիպման շրջանակներում ելույթներով հանդես եկան Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, համշենագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը և օրվա գլխավոր բանախոս Հուրիյե Շահինը։

Հայկազուն Ալվրցյանը ներկայացնելով հյուրի կատարած գործունեությունը համշենահայերի միջավայրում՝ շեշտեց հատկապես այն հանգամանքը, որ համշենահայերի ազգային գիտակցության վերելքի պայմաններում հատկապես նկատելի է հենց համշենահայ հետազոտողների և մշակութային գործիչների ներդրումը այս գործում։ Նա հատկապես առանձնացրեց գերմանաբնակ համշենահայ մտավորական Ալիյե Ալթի հետազոտությունը՝ Համշենի պատմության վերաբերյալ, Հուրիյե Շահինի՝ Համշենի բարբառին նվիրված աշխատանքն ու փոքրամասնությունների ձուլման մասին ուսումնասիրությունը, ռեժիսոր Ալպեր Օզջանի ֆիլմերը՝ համշենցիների ազգային ինքնության զարթոնքի թեմայով, համշենցիների ՀԱՏԻԿ միության և «Վովա» ժողովրդական երգչախմբի գործունեությունը և այլն։

Սերգեյ Վարդանյանը, անդրադառնալով համշենահայության արդի խնդիրներին, խոսեց Հուրիյե Շահինի «Համշեներեն լեզվի իմացություն» գրքի մասին, ներկայացրեց գրքի բաժինները և շեշտեց, որ Հուրիյե Շահինը ներդրում ունի նաև համշենահայերի կյանքի այլ ոլորտներում։ Համշենագետը թվարկեց այդ ոլորտների վերաբերյալ Հուրիյե Շահինի աշխատությունները։

Հուրիյե Շահինը խոսեց Թուրքիայում բնակվող համշենցիների ներկայիս խնդիրների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Թուրքիայում համշենահայության մշակույթի և լեզվի պահպանմանն ուղղված գործընթացին։

Նա հայտնեց, որ մի քանի տարի առաջ Թուրքիայում օրենք է ընդունվել՝ փոքրամասնությունների լեզուների ուսուցումը, որպես ընտրովի դաս, դպրոցական ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։ Այդ իրավունքից արդեն սկսել են օգտվել որոշ փոքրամասնություններ, այդ թվում՝ դարձյալ Արդվին և Ռիզե նահանգներում բնակվող լազերը։

Սակայն Թուրքիայի համշենցիներն առայժմ չեն դիմել համապատասխան պատկան մարմիններին՝ իրենց այդ իրավունքից օգտվելու հարցով, քանի որ դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ համապատասխան դասագիրք։

Հիմնականում այդ պատճառով է Հուրիյե Շահինը որոշել գրել «Համշեներեն լեզվի իմացություն» գիրքը, որը, թեև ոչ բավարար, այնուամենայնիվ, մի փորձ է՝ նման դասագիրք ստեղծելու ուղղությամբ։

Հարցուպատասխանից հետո, ներկաների խնդրանքով, Հուրիյե Շահինը կատարեց մի համշենական երգ՝ խիստ հուզելով ներկաներին։ Նա մասնակիցներին նվիրեց իր վերջին գիրքը։

akunq.net/am/?p=67671

Facebooktwitterredditpinterestlinkedinmail