Հայոց պատմության մեջ Արտավազդ անունով հայոց արքաները հինգն են։ Առաջինը՝ Արտաշես Ա-ի (Ք․ա․ 189-160 թթ) որդին եւ հաջորդն է՝ Մեծ Հայքի բոլոր ժամանակների ամենաերկարատեւ գահակալած միապետը՝ Արտավազդ Ա-ն (Ք․ա․ 160-115 թթ․)։ Հուստինոսը վկայում է, որ նրա կառավարման շրջանում պարթեւ արքա Միհրդատ Բ Մեծը ներխուժել է Հայաստան։
Արտավազդ Բ-ն (Ք․ա․ 55-34 թթ․)՝ Տիգրան Բ Մեծի որդին ու հաջորդը, հայտնի է որպես մտավորական անձնավորություն։ Պլուտարքոսը վկայում է, որ հայոց արքան «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»։
Արտավազդ Բ-ի որդին էր Արտավազդ Գ-ն (Ք․ա․ 5-2), ով հայոց գահին բազմել է հռոմեացիների օգնությամբ, փոխարինել գահնկեց արված եղբորոդուն՝ Տիգրան Գ-ի (Ք․ա․ 20-8 թթ) որդի Տիգրան Դ-ին (Ք․ա․ 8-5 եւ մ․թ․ա․ 5- մ․թ․ 2)։ Եղել է Արտաշեսյան հարստության ամենաանհաջող ու չսիրված գահակալը։ Նա Անտոնիոսի կողմից, հոր, մոր ու եղբոր հետ միասին Ք․ա․ 34-ին գերվել ու տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա մայրաքաղաքը, չորս տարի անցկացրել բանտում, ապա Օկտավիանոսի հրամանով տեղափոխվել Հռոմ (Ք․ա․ 30-ին), եւս 25 տարի ապրել օտարության մեջ՝ մոռանալով մայրենի լեզուն, ազգային ավանդույթներն ու բարքերը։ Հայերը Ք․ա․ 2-ին Հայաստանից վռնդել են հռոմեացի նվաճողներին ու նրանց կամակատար Արտավազդին։
Հռոմի դրածո Արտավազդ Դ-ն (4-6 թթ․) Հայաստանի ոխերիմ թշնամի՝ Ատրպատականի արքա Մար Արտավազդի թոռն է։ Ըստ Տակիտոսի, նրա հայրը՝ Արիոբարզանը, մահացել է «դիպվածական մահով»։ Կասկածի տեղիք չի տալիս այն փաստը, որ թե՛ հայոց գահը բռնազավթած Արիոբարզանը, թե՛ որդին՝ Արտավազդ Դ-ն, սպանվել են ապստամբ հայերի կողմից։
Մեր վերջին Արտավազդը, թվով հինգերորդ հայոց նույնանուն գահակալը, գահ է բարձրացել սասանյանների կողմից, սակայն չի եղել նրանց կամակատարը եւ երկիրը կառավարել է ինքնուրույն։
ԱՐՏԱՎԱԶԴ Ե-ի մասին տես՝
http://hayergiteqvor.blogspot.am/2015/10/blog-post_18.html?q=%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4+%D4%B5
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Տիգրամ Բ Մեծի որդու եւ հաջորդի՝ Արտավազդ Բ-ի հատած պղնձե դրամը (Altes Museum, Berlin)։
http://hayergiteqvor.blogspot.am/