Արցախյան պատվիրակության այցն Ավստրալիա չափազանց կարևոր քաղաքական իրադարձություն է. Շահան Գանտահարյան
31 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ կարևորություն ունի ԱԳ նախարարի մակարդակով Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա, որի կազմակերպիչը ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբն է, և որը նաև տեղի է ունենում Ֆրանսիայում արցախյան և ֆրանսիական քույր քաղաքների միջև կնքված պայմանագրերի` դատարանների կողմից չեղարկման ֆոնին:
«Պարզ է, որ ինչպես քաղաքային, այնպես էլ նահանգային մակարդակներում Արցախի հետ հորիզոնական, ուղղակի հարաբերություններն իրավական դարձնելու վարքագիծ է, և այս այցն այդ առումով շատ նշանակալի իրադարձություն է։ Բաքուն խոր անհանգստություն է ապրում` ի տես այս վարքագծի, և փորձում է հակակշիռ գործողություններ իրականացնել։ Ֆրանսիական քույր քաղաքների հետ պայմանագրերի չեղարկումները կարելի է ընկալել այս տրամաբանությամբ, բայց դա չի նշանակում, որ հարցն այնտեղ ավարտվել է. այդ վճիռներն արդեն բողոքարկվում են, և մարդու իրավունքների ու եվրոպական հասկացությունների հետ համահունչ այլ իրավական հիմնավորումներով աշխատանք է տարվում դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ Գանտահարյանի` Արցախի ԱԳՆ-Հայ Դատի հանձնախմբեր համատեղ մեխանիզմները լիարժեք գործում են աշխարհի տարբեր երկրներում Արցախի ճանաչման գործընթացի անխափան երթը շարունակելու համար։
«Ես կասեի, որ շատ մեծ հիմնական նշանակություն ունի Ավստրալիայում տեղի ունեցածը: Սա ոչ միայն Արցախի Հանրապետությունը ճանաչած Հարավային Վելզի մակարդակով է արվում, այլ դաշնային. արցախյան պատվիրակությանն ընդունել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում` խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 8 մշտական հանձնաժողովների նախագահներ ու նախարարներ։ Սա աննախադեպ տարողություն է դեպի իրավական ճանաչում տանող ուղու հարթման տեսակետից»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ականապատված տարածքների ականազերծման համար տրամադրվող ֆինանսական աջակցության կրճատմանը` մեր զրուցակիցը նշեց, որ, անկախ գումարային խնդրից, հարկ է նշել որ ԱՄՆ-ը միակ պետությունն է, որն ուղղակիորեն պաշտոնական Ստեփանակերտին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։
«Սա Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ճանաչմանը համազոր ակտ է, որն իր հերթին ենթադրում է նաև ժողովրդի կամաարտահայտության փաստի իրավական ընդունում։ Իսկ այդ կամաարտահայտություննինքնորոշում է կամ հանրապետության հռչակում ևս։ ԱՄՆ-ի օժանդակությունն արվում է հետևողականորեն, կանոնավոր կերպով և ենթարկվում, գումարային առումով, վայրիվերումների։ Շատ պարզամիտ պետք է լինել` ենթադրելու համար, որ Բաքուն անտարբեր է այս իրողության նկատմամբ։
Փաստն այն է, որ հետևողական բողոքները տեղ չեն հասնում, և Վաշինգտոնը շարունակում է ֆինանսական օժանդակություն տրամադրել ուղղակիորեն Արցախին։ Տվյալ քաղաքական պահին, սակայն, Բաքվի նկատմամբ կիրառվող ամերիկյան արտաքին քաղաքականության ելևէջները կարող են ազդել գումարի ծավալի, բայց ոչ, կարծում եմ, Ստեփանակերտին ֆինանսավորելու որոշման վրա, որը Վաշինգտոն-Ստեփանակերտ հորիզոնական կապի աննախադեպ, բայց հետևողական երևույթ է։ Այստեղ, իհարկե, ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությանն առընթեր պետք է անպայման նշել Հայ Դատի գործոնի, պրոֆեսիոանալ աշխատանքի արդյունքը»,- ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:
artsakhpress.am/arm/news/111092/arcakhyan-patvirakutyan-aycn-avstralia-chapazanc-karevor-qaxaqakan-iradardzutyun-e-shahan-gantaharyan.html?