Շարուրի հայերի սարսափելի կոտորածը. հուլիս և հետագա ամիսներ, 1919թ

Շարուրի հայերի սարսափելի կոտորածը. հուլիս և հետագա ամիսներ, 1919թ

30 ՅՈՒԼԻՍ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

1919 թ. յուլիս ամսի 20-ից Շարուրի թուրքերը ապստամբեցին հայկական հանրապետութեան դէմ և Շարուրի հայերը գերի մնացին նրանց ձեռքում:

Այդ ժամանակ յուլիսի 24-ից Խալիլ փաշան Շարուրում պրիստաւ է նշանակում Նախիջևանցի Միրզա-Ալաքպարին: Վերջինս երեք օրից յետոյ առաջարկում է հայերին զէնքերը իրեն յանձնել: Հայերը պատասխանում են, որ հէնց առաջին օրը գերի ընկնելուց յետոյ յանձնեցին զէնքները: Միրզա-Ալաքպարը չէ հաւատում և խուզարկութիւն է կատարում ու գտնելով հայերի մօտ երեք հրացան, հայերի ազդեցիկ մարդկանց պարկեցնում է գետնին, մերկացնում և հրամայում ծեծել: Այնուհետև սիստեմատիկ կերպով թուրքերն սկսում են հայերի տները թալանել, կանանց տանել, բռնաբարել և յետ դարձնել: Հայերը ասկեարների օգնութեան են դիմում, բայց օսմանցոց ասկեարները նրանց աղաչանքը անհետևանք թողնելով դեռ ևս մեղադրում են հայերին զրպարտութեան մէջ:

Օգոստոսի 10-ին հայերից տասն բանիմաց մարդիկ գտնում են Ենգիջա բողոքելու թուրքերի Միլլի-Շուրային, որի ղեկավարներ Մաշադի Հասան Համզաևը, Ամիլ-բէկ Սուլթանովը և Հաջի-Մամադ Քեաթանբեգովը հանգստացնում են հայերին խոստումներով ու յետ դարձնում, հայերի վրայ հսկիչ նշանակելով օսմանցի Հասան Թարզբէկին: Վերջինս 15 օրից յետոյ փոխւում է և նրա տեղ նշանակւում Յուսէյն Ջաֆար օղլին, որը սեպտեմբերի 15-ից հրամայում է արգելել հայերին գիւղերից դուրս գնալ և յանդգնողին ենթարկել դաժան ծեծի: Հրամայում է նաև բոլոր հայ երիտասարդներին ծեծելով տանել Արաքսի ափերում խոտ հնձել և ծեծելով յետ բերել: Սրանից յետոյ թուրքերը հրամայում են հայերին իրանց ձեռքով քանդել իրանց տները և տանել երկաթուղու կայարանը գնացքի համար վառելու:

Հոկտեմբերի 5-ին նշանակւում է պրիստաւ Քելբա-Մամադ-բէկ Շահ-Հուսէյնբէկովը, 16 ժանդարմներ ստանալով իրան թիկնապահ: Սա էլ նշանակւած օրից պահանջում է հայերից թէ իրա համար և թէ ծառայողների համար ամեն գիշեր մի կին և թոյլ է տալիս թիւրքերին դուրս տանել ֆուրգուններով հայկական տներից նրանց ունեցածը, պարբերաբար կոտորելով երիտասարդներին:

Հոկտեմբերի ամսում Շարուր են գալիս Ամերիկայի պատւիրակը Ալիխանի հետ: Հայերը բողոքում են Ամերիկական պատւիրակին, բայց նա հայերի լեզուն չէ հասկանում, իսկ Ալիխանը յուսադրում է հայերին, թէ նրանց կը գաղթեցնեն Երևան:

Նոյեմբեր ամսում Քելբ. Մամադ բէկը հրամայում է հաւաքել բոլոր հայ ժողովուրդը Փարչի գիւղում: Այնտեղ թուրքերը մերկացնում են հայերին քահանաների հետ և մարմնի վրայ խաչեր էին քաշում տաքացած շամփուրներով: Երեխան մոր արգանդից հանում էին առաջարկում միսը հորը ուտել: Ամուսինների ներկայութեամբ բռնաբարում են կանանց: Այսպէս շարունակւում է ամբողջ նոյեմբեր ամիսը: Դեկտեմբեր ամսի 15-ին նորից կոտորում են հայերին և մնում է 2300 հոգի, որոնց բոլորին տեղաւորում են երեք տան մէջ Փարչի գիւղում, պահելով խիստ հսկողութեան տակ, և անդադար բռնաբարում են կանանց և արգելում հայերին որևէ սնունդ տալ: Թշւառ հայերն այնուհետև սկսում են կերակրւել շան, կատւի և մեռած մարդկանց դիակներով:

Քնած մարդկանց վիզը կտրում են ուտում: Հայերին սպանում և միսը բերում ծախում հայերին:

Յունւարի 3-ին [1920] մօտաւորապէս 700 հոգի տանում են Ալիշար գիւղի մօտ ու ձգում Երասխը, կենդանի մնացողներն էլ ցիր ու ցան են լինում թուրքերի տներում, որի մի մասը կոտորւում է այնտեղ: Սրանց կանանց թուրքերը աճուրդի են դուրս բերում և բռնաբարում հինգ տարեկաններից բարձրին:

Փետրւարի 15-ին հայերին հաւաքում են նորից տանում ձգում Երասխը: Մնացածները մահն աչքի առաջ առնելով փախչում են սար ու քար ընկնում և հազիւ 300-350 հոգի կարողանում են փախչել, ազատւել և անցնել հայ գիւղերը:

Այսպիսով Շարուրի 6400 հոգի հայ բեկորներից մի կոտորածից յետոյ մնում է 4002 հոգի, դեկտեմբերի 15-ի կոտորածից յետոյ 3300 հոգի:

Վերջ ի վերջոյ կենդանի են մնում միայն այն արհեստաւորները, որոնք անհրաժեշտ էին թիւրքերի համար, որոնք են փարչեցի Ստեփան Սաֆարյանը, Յարութիւն Պետրոսեան, իրա ընտանիքով և Ստեփան Յովնանեանը, Վարմազեարից Կոստան Ստեփանեանը, Ղազար Մուրադեանը, Յարութիւնը, Նահապետը, Դաշարխեցի Ալեքսան Վարդանեանը, պարսկաստանցի կօշկակար Խաչատուրը, Քեշտանցի Քեալաշ և Գիրգոր Աւագեանները և Սիաղութցի Յովհաննէս Արամեանը, Սողոմոն Պողոսեանը, ջաղացպան Յակոբը և Առաքելը:

Ներկայումս Շարուրի հայ գիւղերը հիմնահատակ են եղած և վերածւած մոխրակոյտերի: Այս տարւայ յուլիս ամսում մեր զօրքերը Շարուրը գրաւելուց յետոյ, Շարուրցի հայերը զանազան կողմերից վերադառնալով Շարուր, ընդամենը կազմում են 1194 հոգի: Երբեմն, երբեմն դեռ ևս պատահում են վերադարձողներ իրանց գիւղերում բնակութիւն հաստատելու և տեղաւորում են առ այժմ թրքական լքեալ գիւղերում:

Ահա Շարուրի մօտիկ անցեալը և ներկան: Յետագայ դէպքերի մասին մենք կը հաղորդենք իւր ժամանակին:

Միքայել Տէր Աւագեան

Շարուրից

Ժողովուրդ, թիւ 173, չորեքշաբթի, 20 հոկտեմբեր, 1920

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%28173%29.pdf

Facebooktwitterredditpinterestlinkedinmail