Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը
30 ՅՈՒԼԻՍ 2019 – ՄՇԱԿՈՅԹ :
Էջմիածնի Մայր տաճարի վերականգնողական աշխատանքները տևել են 7 տարի։ Այդ ընթացքում նոր ու հետաքրքիր ճարտարապետական բացահայտումներ են արվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Էջմիածնի Մայր տաճարում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։
Ամիրան Բադիշյանը
«Տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2012–ին և մինչև 2017–ը` վերականգնման բուն աշխատանքները, հետազոտություններ ենք արել։ Ի դեպ, տաճարի հետազոտման աշխատանքներին մասնակցում էին ճապոնացիներ, իտալացիներ, սակայն որոշում կայացրինք, որ այն կվերականգնվի իտալական հումքով և բացառապես հայ մասնագետները կողմից։ Վերականգնման աշխատանքները սկսելուն զուգահեռ` տաճարը սկսեց անակնկալներ մատուցել մեզ»,–ասաց նա։
Բադիշյանի խոսքով` առաջին բացահայտումը եղել է տաճարի հատակագծային լուծումների վերաբերյալ. տարբեր ճարտարապետներ միշտ պնդել են, որ տաճարն ի սկզբանե բազիլիկ կառույց է եղել, իսկ չորս խորանները կցվել են ժամանակի ընթացքում։ Սակայն տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ հերքվել է այդ տեսակետը։ Ճարտարապետը հայտնեց, որ որմնասյուների ամրակայման աշխատանքների ժամանակ դրանց հիմքում բացահայտվել են խաչաձև խարիսխները, ինչը փաստում է, որ խորաններն ու միջանկյալ հատվածը միաժամանակյա կառույց են։
«Տաճարը կենտրոնագմբեթ և քառախորան է` մեր աշխատանքների ժամանակ բազիլիկ կառույցի հետ կապված որևէ նոր տվյալի չհանդիպեցինք։ Իրականում նախկինում գիտական աշխարհում կարծրացած տեսակետ կար, որ հայկական միջնադարյան ճարտարապետությունը, հատկապես վաղ միջնադարում, ձևավորվել է բազիլիկ կառույցների հիմքի վրա»,–ասաց Բադիշյանը։
Հրազդանի կամրջի առեղծվածը. բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար
Հաջորդ բացահայտումը տաճարի` 4–րդ դարին վերագրվող սյուների հետ է կապված. սյուների վրայի սվաղի հաստ շերտը հեռացնելուց հետո հայտնաբերվել են քարի վրա փորագրված ուշագրավ պատկերներ, որոնք 4-5–րդ դարի են: Սա ճարտարապետը բացահայտումների թագն է համարում, քանի որ պատկերները ոչ միայն հայկական ճարտարապետության, այլև համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության մեջ բացառիկ դետալներ պարունակող զարդանախշերով են։
«Այս բացահայտումը տաճարի հնության վարկանիշը բարձրացնող ծանրակշիռ փաստարկ է։ Սա այն բացահայտումն էր, որի վերաբերյալ անգամ ենթադրություն չկար։ Բացահայտված քանդակազարդ որմնախոյակներն իրենց ճարտարապետությամբ անցում են նախաքրիստոնեականից դեպի քրիստոնեական ճարտարապետություն»,–ասաց նա։
Ճարտարապետը նշեց, որ տաճարի վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո արված բացահայտումները պետք է ցուցադրվեն։ Բացի այդ, աշխատանքների ավարտից հետո բոլոր բացահայտումները Բադիշյանն առանձին մենագրությամբ ներկայացնելու ծրագրեր ունի:
Նա հայտնեց նաև, որ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները, ըստ ծրագրի, նախատեսված է ավարտել մինչև 2020–ը։
Դամբարան կողոպտողները. ինչպես պարսիկներին չհաջողվեց կոտրել հայերի ոգին
Նշենք, որ Էջմիածնի Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը։ Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483-84 թթ.։
armeniasputnik.am/culture/20190730/19854377/ushagrav-bacahaytumner-ejmiacni-mayr-tajarum.html?