Guardian-ը՝ հայկական խաչքարերի մասին. «Ադրբեջանն ու 21-րդ դարի մշակութային ամենավատ ցեղասպանությունը»
02.03.2019, Տարածաշրջան, Աշխարհ, Հայաստան:
The Guardian պարբերականն անդրադարձել է մշակութային խնդիրներին՝ նշելով, որ ըստ փետրվարին Hyperallergic մշակութային ամսագրի հրապարակված զեկույցի տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»: Պարբերականը նշում է, որ 21-րդ դարի մշակութային մաքրման ամենանշանակալի արշավը, հավանաբար, կգրանցվի ոչ թե Սիրիայում, այլ շատ ավելի պակաս անտեսված տարածքում՝ Անդրկովկասյան բարձրավանդակում:
Վերոնշյալ զեկույցի հեղինակներ Սայմոն Մաղաքյանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային և կրոնական արտեֆակտների այդ ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի պայթեցմանը:
Մաղաքյանը, որը դասավանդում է քաղաքագիտություն Դենվերում, անվանում է դա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»:
Նա մեծացել է՝ լսելով պատմություններ իր հոր մասին, որն այցելում էր հիանալի եւ առեղծվածային տեղանքը՝ Ջուլֆա անունով:
Նախիջևանի տարածքում, Արաքս գետի ափին գտնվող այդ տեղանքը միջնադարյան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզվիտ վանական Ալեքսանդր դե Ռոդից մինչև բրիտանացի դիվանագետ և գրականագետ Ուիլյամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժեքի մասին: Դամբարանատեղիում կար 10 000 խաչքար՝ 6-րդ դարի ժամանակաշրջանին պատկանող: Համաձայն հայկական ավանդույթների՝ վարդագույն-կարմրավուն կամ դեղին խաչքարերի վրա պատկերված են խորհրդանիշեր և պատկերներ, որոնք վերածում են խաչքարերը բարձրագույն մակարդակի մշակութային կոթողների:
«1920 թվականին, երբ Խորհրդային Միությունը հռչակեց Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար հանրապետություններ, տասնամյակներ շարունակ թալանի հետևանքով պահպանվել են շուրջ 3 000 խաչքարեր: Իսկ վանդալիզմի գործողությունները հանգեցրել են նրան, որ 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարգադրել էր պահպանել մշակութային այդ հուշարձանները»,-գրում է պարբերականը:
armedia.am/arm/news/68485/guardian-y-haykakan-khachqareri-masin-adrbejann-u-21-rd-dari-mshakutayin-amenavat-cexaspanutyuny.html