Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են

Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. և 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են

Մշակութային եղեռն / genocide-museum.am /

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9 կոնվեցիայի մեջ:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում… Ես մի անգամ գնացի եկեղեցի` տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ են: Գիտության գրքերը թուրքերն օգտագործում են շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Սկսած 1920-ական թթ. Թուրքիայում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրված կերպով ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունն ուշադրություն պետք է ցուցաբերի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ` միաժամանակ պահանջելով պատշաճ վերաբերմունք Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:

Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում

Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր

• Հոռոմոսի վանքը մինչև 1965թ. և 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար

• Հուշարձանը 1910-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)

• Հուշարձանը մինչև 1960-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր 

• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 1966թ.` պայթեցումից հետո

 

• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը մեր օրերում (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

 

• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 2000թ-ին` 1966թ. պայթեցումից հետո (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Տեկորի տաճար, 5-րդ դար 

• Հուշարձանը մինչև 1912թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի

Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.

• Հուշարձանը մինչև 1966թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Անի, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք, քաղաքի զինանշանը 1910- ական թթ. և 2000թ-ին` թուրքական վերանորոգումից հետո

• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. և 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )

• Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արևելյան կողմից, (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Մուշ, Ս. Կարապետ վանքը հարավ-արևելյան կողմից, 4-18րդ դարեր, 1900-ականների սկիզբ
• Մուշ, Չանկլի գյուղ, Ս. Կարապետ վանքի տեղանքը, 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Ռշտունիքի շրջան, Նարեկավանքը հարավ-արևմտյան կողմից, 1900-ականների սկիզբ
• Վան, Ռշտունիքի շրջան, ավերված Նարեկավանքի տեղում կառուցված մզկիթ, 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Վան, Կողբանց գյուղ, Սալնապատ վանքի ավերակները հարավ-արևմտյան կողմից, 10-13րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Վան, Շուշանց գյուղ, Կրմրավոր Ս. Աստվածածին վանքի տեղանքը, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

• Վան, Վարագավանք, 5-19րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

Լուսանկարների աղբյուրները.

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն»

“The Armenian Architecture a Cultural Genocide” published by the Armenian National Committee of Canada, Montreal 2005

Facebooktwitterredditpinterestlinkedinmail