Արդեօք Դժուա՞ր Է Թուրքիայում Հայերէն Երգեր Կատարելը. Ստամբուլահայ Երգչուհին Է Պատմում

Արդեօք Դժուա՞ր Է Թուրքիայում Հայերէն Երգեր Կատարելը. Ստամբուլահայ Երգչուհին Է Պատմում

13 ՕԳՈՍՏՈՍ 2019 – – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Ստամբուլահայ (պոլսահայ) երգչուհի Մարալ Այվազը, որ Յունիսին ներկայացրեց իր առաջին ձայնասկաւառակը՝ «Մարալի Պէս», այնուհետեւ տեսահոլովակ՝ «Գուշակի Երգը», առաջիկայ օրերին այցելելու է Հայաստան:

«Այս այցելութեան ընթացքում ցանկանում եմ ալբոմս ներկայացնել հայ ժողովրդին: Ունեմ մի քանի հանդիպումներ, ամենաշատն ինձ յուզում է բանաստեղծ Սուրէն Մուրադեանի հետ հանդիպումը: Իմ առաջին տեսահոլովակը՝ «Գուշակի Երգը», հէնց Սուրէն Մուրադեանի խօսքերով է, երաժշտութեան հեղինակը Գրիգոր Հախինեանն է: Ծրագրելու եմ համերգներ եւ այլ ելոյթներ հայրենիքում: Իմ ամենամեծ երազանքն է շուտով ներկայանալ հայրենիքում, շփուել ժողովրդի հետ», «Փանորամա»ի հետ զրոյցում ասաց Մարալը:

«Մարալի Պէս» ալբոմում ընդ-գրկուած է հայերէն 8 երգ: Խօսելով ալբոմի մասին՝ Մարալն ասաց. «Իմ առաջին ալբոմում ժողովրդական եւ արդիական ութ երգեր են ներկայացուած, վեցը հանրաճանաչ երգեր են: Այդ երգերից ամէն մէկն իրարից անկախ բնօրինակ ոճով վերամշակուած ստեղծագործութիւններ են: Ուշագրաւ է հայ դասական եւ արդի գործիքների հարստութիւնն ու ներդաշնակ միասնակութիւնը: Ալբոմի երաժշտական ղեկավարն է պոլսահայ երաժիշտ Արի Հերկելը, որը նաեւ կատարել է ալբոմի եօթ երգերի մշակումը: Ալբոմի ամենաուշագրաւ երգերից մէկն է «Անվերջ Խաւար»ը, աշխարհահռչակ երաժիշտ, ուդահար Արա Տինքճիանին «Picture» անունով յօրինումն է, որ ճանաչուած եւ շատ սիրուած է լայն զանգուածների կողմից թուրքերէն «Agladikca» անունով: Ես այս երգին հայերէն խօսքեր գրեցի: Իմ ալբոմը կառուցուած է սիրուած եւ արդէն հնչած երգերով: Միայն «Վայրի Ծաղիկ» երգն է նոր, որը Վահան Թեքէեանի բանաստեղծութեան հիման վրայ է եւ նուագակցում է գերմանաբնակ յաջող երգիչ, երաժիշտ, կիթառահար Արէն Էմիրզէն: Արդէն սիրահարուած եմ հայ երգին ու երաժշտութեանը»:

Հարցերին, թէ Թուրքիայում յաճա՞խ էք կատարում հայերէն երգեր, ինչպիսի՞նն է լինում արձագանքը, արդեօք դժուա՞ր է Թուրքիայում հայերէն երգեր կատարելը, Մարալը պատասխանեց. «Ստամբուլում մենք ունեն բազմաթիւ վարժարաններ, եկեղեցիներ, միութիւններ, երգչախմբեր: Տարուայ մէջ շատ ելոյթներ ենք ունենում, որոնցից են նաեւ հայերէն երաժշտութեան համերգները:

Ես մանուկ հասակից յաճախում եմ «Լուսաւորիչ» երգչախմբի բազմաձայն հայ հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտութեան աշխատութիւններին՝ իբրեւ երգչախմբի անդամ եւ մենակատար, որը զանազան ձեռնարկներով բեմ է բարցրացել նաեւ Երեւանի տարբեր դահլիճներում, բացի դրանից, հայ էստրատային երաժշտութեան համերգների ընթացքում եմ ելոյթ ունեցել: Այսինքն, այո, շատ յաճախ եմ հայերէն երգում: Իմ անդրանիկ ալբոմը ներկայացնելու համար տարբեր մենահամերգներ պէտք է նախաձեռնեմ:

Ինչ վերաբերում է Թուրքիայում հայերէն երաժշտութիւն կատարելուն, դիւրին չէ:

Սակայն այս դժուարութիւնը ոչ միայն գոյութիւն ունի Թուրքիայում, այլ իւրայատուկ տեղական լեզու ունեցող բոլոր երկրներում: Օտարութեան մէջ հայկական մշակոյթն ու աւանդոյթները պահելը եւ հայերէն խօսելը, ստեղծագործելը, բաւականին դժուար է: Ես եւ իմ նմաններն ընտրեցինք այս ոչ դիւրին ճանապարհը, որ ջանում ենք եւ միշտ պէտք է ջանանք մեր ազգային արժէքները պահել եւ ժողովրդին ներկայացնել մեր ուժերին ներածին չափ»:

Ինչ վերաբերում է առաջիկայ ծրագրերին, Մարալն ասաց, որ ձմեռային ամիսներին մասնակցելու է համայնքային զանազան համերգների, նաեւ «Լուսաւորիչ» երգչախմբի մասնաւոր համերգին, որ նուիրուած է հիմնադրման 90ամեակին, այնուհետեւ ծրագրում է երկու համերգ Ստամբուլում:

«Ցանկանում եմ ալբոմում ընդգրկուած երգերից մէկի հիման վրայ եւս մէկ տեսահոլովակ նկարահանեմ: Պատրաստել եմ մի երգ, որի տեսահոլովակի նկարահանումը երազում եմ իրականացնել Հայաստանում: Ինչպէս արդէն նշեցի, երազում եմ հայրենիքում ելոյթ ունենալ, Աստծոյ կամքով պիտի կատարեմ», նշեց նա:

Խօսելով իր հայկական արմատների մասին՝ պոլսահայ երգչուհին ասաց. «Հայրական կողմից արմատներս չորս սերունդ Պոլիսից են, մեծ մօրս կողմից էլ Պոլսեցի են, իսկ մեծ հօրս ծննդավայրն է Սեբաստիա նահանգի Բրգնիկ գիւղը: Հօրս հայրն է՝ Ստամբուլի «Քուլիս» թատերական հանդէսի հիմնադիր, խմբագիր, թատերական գործիչ լուսահոգի Յակոբ Այվազը: Մանկութեանս տան մէջ կը խօսէինք հայերէն, կը լսէինք ու կ՛երգէինք հայերէն երգեր: Այսինքն, մեր հրաշք լեզուն առաջին անգամ լսած եւ սովորած եմ ընտանիքիս մէջ: Այժմ այդ աւանդոյթները շարունակում եմ ապրեցնել իմ հարազատ փոքրիկ ընտանիքիս մէջ»:

«ԱԼԻՔ»

asbarez.com/arm/352685/Արդեօք-Դժուա՞ր-Է-Թուրքիայում-Հայերէն/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail