Աղդամ. 1993-ի հուլիսի 23 – Հատված Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

Աղդամ. 1993-ի հուլիսի 23 – Հատված Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ – 22 ՅՈՒԼԻՍ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից:

Քաոս Ադրբեջանում. գլուխ 26-րդ

Փաշաեւների ընտանիքը 1993-ի ամռանը մեկնել էր Բաքու` բարեկամներին այցի: Երբ նրանք վերադառնում էին տուն` Աղդամի շրջանի իրենց գյուղը, ղարաբաղյան ուժերն արդեն հաստատվել էին այնտեղ: Վեց հոգանոց ընտանիքն ընկնում է կրակի տակ, գերվում: Ընտանիքի մայրը ՙՀյումըն ռայթս ուոչի՚-ին հետագայում պատմել է, որ հայրը կրակոցներից սպանվել է վայրկենապես, ամուսինը` գերվել, ինքը եւ երկու որդիները` վիրավորվել:

ՙՂարաբաղցի զինվորները կապեցին մեր վերքերը, բայց դա չփրկեց իմ իննամյա որդուն: Նա մահացավ, երբ մենք դեռ գյուղում էինք: Ղարաբաղցի զինվորները մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ: Ուզում էին հեռացնել իմ տղայի ձեռքը: Ես ճչացի եւ աղաչեցի նման բան չանել: Վիրաբույժ Ստեփանյանը նայեց իմ աչքերին եւ ասաց. ՙԵս կանեմ ամեն ինչ, որ փրկեմ նրա ձեռքը: Կարող էր լինել իմ երեխան՚: Տղայի ձեռքը բուժվում է, եւ մեկ շաբաթ անց կինն ու որդին փոխանակվում են հայ գերիների հետ:

1993-ի ամռանն Ադրբեջանը քաոսի մեջ էր: Բաքվում իշխանության պայքար էր գնում, գավառները մնացել էին անկառավարելի: Ղարաբաղյան ուժերն օգտագործեցին Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական անկայունությունը: Ամերիկյան ՙԲոստոն գլոբը՚ մեջբերել է Ադրբեջանի բանակի մայոր Մամեդովի խոսքերը. ՙԵթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը՚: Բրիտանական ՙԻնդիփենդենթը՚, վկայակոչելով Բաքվում հավատարմագրված արեւմտյան մի դիվանագետի, գրել է. ՙՀայկական գործողությունները ես չէի անվանի ներխուժում: Դա ավելի շատ նման է ռազմական զբոսանքի՚:

Կազիմիրովը գրում է. ՙՉնայած Ղարաբաղի հայերին արված հաճախակի նախազգուշացումներին, այդ թվում` Մոսկվայից, մարտական գործողությունների ակտիվացման նպատակով չփորձել օգտվել Ադրբեջանի ներքաղաքական ճգնաժամից, նրանք չկարողացան խուսափել գայթակղությունից եւ հունիսի 12-ին հարձակում սկսեցին ռազմաճակատի կենտրոնական հատվածում: Նախօրեին Սուրեթ Հուսեյնովը Գյանջայում հունիսի 4-ի արյունալի դեպքերից հետո Էլչիբեյի հետ ծագած հակասությունների պատճառով ՙիր՚ որոշ զորամասեր հետ էր քաշել ղարաբաղյան ճակատից: Այդ ժամանակ ադրբեջանական ուժերը եռանդուն կերպով գնդակոծում եւ օդային ռմբահարումների էին ենթարկում հայկական բնակավայրերը: Այսպես, հունիսի 17-ին հերթական անգամ ուժգին գնդակոծվեց Ստեփանակերտը՚:

Ռուսաստանը եւ Մինսկի խումբը միջնորդական առաքելությունը չէին դադարեցնում անգամ պատերազմի ամենաթեժ շրջանում: Հունիսի վերջերին Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այցելեց ռուսական պատվիրակությունը, իսկ հուլիսի կեսերին` Մարիո Ռաֆայելլին ու նրա դիտորդական առաքելությունը: Կազիմիրովն Ալիևի հետ նախնական համաձայնությունից հետո արել էր շատ հստակ առաջարկ` կրակը դադարեցնել մեկ ամսով: Ռուսների առաջարկները գործնական էին եւ բխում էին ռազմի դաշտում ստեղծված վիճակի տրամաբանությունից: Մինսկի խումբը ներկայացնում էր ժամանակավրեպ ծրագրեր: Ռաֆայելլին կողմերին առաջարկեց ընդունել Հռոմում հավանության արժանացած ժամանակացույցը. Քելբաջարից ղարաբաղյան ուժերի դուրսբերում, ապա` կրակի դադարեցում, որից հետո` բանակցություններ Ժնեւում:

Ղարաբաղյան ուժերի համար Քելբաջարն այլևսանցյալ էր, նրանք պատրաստվում էին Աղդամի գործողությանը: ՙԱղդամ քաղաքն ազատագրելու ժամանակ տվել ենք 11 զոհ, որոնցից 4-ը սպանվել են ականի պայթյունից: Այդչափ տարածքով օպերացիան 11 զոհով, թեեւ ամեն մի զոհ մեզ համար շատ թանկ է, ես համարում եմ փայլուն՚,- ասել է Սամվել Բաբայանը:

Գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) եւ Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):

Աղդամի դեպքերից մի քանի օր առաջ Հուսեյնովի օգնությամբ Բաքվում իշխանության եկած Ալիեւը ընդունում է ռուս միջնորդ Կազիմիրովին. ՙԸնդհանուր առմամբ` զրույցը բավական բարդ եւ վիճաբանական, իսկ հետո` ուղղակի տտիպ ու լարված ստացվեց: Ինչ-որ պահից Հեյդար Ալիեւիչի զայրույթն անցավ բանական սահմանները. ելավ աթոռից եւ քայլում ու համարյա թե հիստերիկ կերպով գոռում էր: Բորբոքված` նա սպառնալով ճչաց. ՙՏրորելու ենք հայերին, տրորելու ենք՚: Նա իրեն չզսպեց նաև մեր հասցեին հարձակումից. ՙՂարաբաղի մեջքին Հայաստանն է կանգնած, իսկ Հայաստանի մեջքին` Ռուսաստանը՚: Մինչեւ օրս այդ տեսարանն աչքիս առաջ է՚:

Ալիեւը ռուսատյաց էլչիբեյ չէր: Նա փորձում էր ստանալ Մոսկվայի աջակցությունը (ինչը մի քանի անգամ հաջողեց), սակայն իշխանության գալու սկզբնական շրջանում, Ժողճակատի նման, ձգտում էր հայերի հետ հարցեր լուծել ռազմական ճանապարհով, որից օգտվելով` ղարաբաղյան ուժերը մեկը մյուսի հետեւից նորանոր տարածքներ էին գրավում:

Հունիսի կեսերից, երբ Ալիևի համար այնքան կենսական էր զինադադարը (նոր էր հաստատվում Բաքվում), ռուսների միջնորդությամբ Ադրբեջանը Ղարաբաղի ղեկավարության հետ պայմանավորվեց մեկ շաբաթով դադարեցնել Աղդամի եւ Ստեփանակերտի, իսկ հետո` հարձակողական գործողությունները, հրթիռահրետակոծությունը եւ օդային ռմբահարումներն Աղդամի եւ Մարտակերտի շրջաններում: Հուլիսի սկզբում ռուսներն առաջարկեցին պայմանավորվածությունը երկարաձգել մեկ ամսով եւ այն տարածել Հադրութի եւ Ֆիզուլիի շրջանների վրա: Ստեփանակերտը ՙկողմ՚ էր, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիեւը այդպես էլ չարձագանքեց ռուսների առաջարկությանը: Արդյունքում, վերսկսվեցին ռազմական գործողությունները, իսկ հուլիսի 23-ին Ադրբեջանը կորցրեց Աղդամը:

Տեղահանվածների պատմություններից պարզվել է, որ Բաքվի իշխանությունները ռազմական գործողությունների գոտիներում վիճակը գրեթե չէին վերահսկում: Չնայած Սուրեթ Հուսեյնովը հունիսի 30-ին հայտարարել էր, որ իր զորքերով մտնելու է մարտի մեջ, սակայն կան պնդումներ, որ նա գրեթե ոչինչ չի արել ամրապնդելու Աղդամը: Մինչեւ հուլիսի 5-ը ղարաբաղյան ուժերն Աղդամը, ըստ էության, երեք կողմերից շրջափակել էին, բաց էր մնացել մեկ ճանապարհ, որով հեռանում էին ադրբեջանցիները եւ իրենց հետ տանում ինչոր հնարավոր էր:

Մամեդռաֆի Մամեդովը, ով անցել է Աֆղանստանով, իսկ 1993թ. սեպտեմբերից մինչեւ 1995թ. փետրվարը ղեկավարել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, խոստովանել է. ՙԱդրբեջանի զինված ուժերում տիրում էին անկարգությունն ու քաոսը, յուրաքանչյուր շրջան ուներ իր գումարտակը, անձնակազմի 30 եւ ավելի տոկոսը բացակայում էր: Այն վիճակում, որ գտնվում էր ադրբեջանական բանակը, չէր կարող հաղթել: Պատերազմում միշտ հաղթում է ուժեղը՚:

Աղդամի գրավումը դատապարտեցին ինչպես Իրանն ու Թուրքիան, այնպես էլ` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Ըստ Վաշինգտոնի` ՙԱղդամի գրավումը չի կարող արդարացվել օրինական ինքնապաշտպանության վկայակոչումներով՚: Մոսկվան հայտարարեց, որ ՙհետագա տարածքային նվաճումները կգնահատվեն միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում եւ կարժանանան միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը՚:

ՄԱԿ-ի ԱԽ-ն հուլիսի 29-ին ընդունեց թիվ 853 բանաձեւը, որում դատապարտվում էին Աղդամի գրավումը, թշնամական գործողությունները, մասնավորապես` քաղաքացիական անձանց վրա հարձակումները եւ բնակելի տարածքների ռմբահարումները, պահանջվում` Աղդամի ու Ադրբեջանի տարածքներից գրավման ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերումը: Հայաստանին հորդորում էր օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Ղարաբաղի հայերը կատարեն 822 եւ 853 բանաձեւերի դրույթները:

Ռուսաստանի միջնորդությամբ 1993թ. օգոստոսի 18-ից կրակը դադարեցվեց հինգ օրով, բայց հրադադարը խախտվեց, եւ Բաքուն կորցրեց Ֆիզուլին ու Ջեբրայիլը: Կազիմիրովի խոսքերով` ՙԱլիեւը հրապարակավ ընդունեց, որ ադրբեջանական ուժերը մեկ անգամ չէ, որ խախտել են հրադադարը, իսկ Ֆիզուլին հանձնել է շրջանի վարչակազմի ղեկավարը: Կրակը 10 օրով հնարավոր եղավ դադարեցնել միայն օգոստոսի 31-ին, երբ հայկական զորքերն արդեն գրավել էին Ղուբաթլուն: Մոսկվայի եւ Երեւանի ճնշման տակ Քոչարյանը հրապարակավ խոստացավ թողնել այդ քաղաքը, բայց հետագայում ՙականջի հետեւ գցեց՚:

Օգոստոսի երրորդ տասնօրյակում Ադրբեջանը կորցրեց երեք շրջան. 23-ին ղարաբաղյան ուժերը գրավեցին Ֆիզուլի քաղաքն ու շրջանի տասնյակ բնակավայրեր, երկու օր անց` Ջեբրայիլի շրջանն ամբողջությամբ, իսկ 29-ին դուրս գալով Ղուբաթլու- Զանգելան մայրուղի` փակեցին Խանլըղի (Իշխանաձոր) կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկները: Օգոստոսի 31-ին Ադրբեջանը կորցրեց Ղուբաթլուն եւ շրջանի մի մասը:

Ֆիզուլի-Ջեբրայիլ ռազմական գործողությանը մասնակից հինգերորդ բրիգադը (հրամանատար Մանվել Գրիգորյան), շրջանցում է Ֆիզուլին, դուրս գալիս Ֆիզուլի-Ջեբրայիլ ճանապարհ, վերահսկողության տակ առնում Հորադիզ-մերձարաքսյա շրջան տանող խճուղին` դիրքավորվում Արաքսից 15 կմ հեռավորության վրա: Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (Մովսես Հակոբյան, Նելսոն Սողոմոնյան), դուրս են գալիս Ֆիզուլի-Հորադիզ ճանապարհ եւ մոտենում քաղաքի արվարձաններին. Ֆիզուլին հայտնվում է շրջափակման մեջ:

Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակները (Արթուր Աղաբեկյան) ազատագրում են շրջանի մի քանի գյուղեր, առաջ շարժվում եւ դուրս գալիս Ֆիզուլի-Ջեբրայիլ ճանապարհ: Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները ազատագրելով Հադրութի շրջանի` հակառակորդի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրեր, դուրս են գալիս Ջեբրայիլ քաղաք:

Ղարաբաղյան ուժերը Ջեբրայիլում տվեցին շուրջ մեկ տասնյակ, Ղուբաթլուում` շուրջ հիսուն զոհ: Թվերը, որքան էլ ողբերգական լինեն, ցույց են տալիս, որ այս օրերին ադրբեջանական բանակը ուղղակի փախել ու փրկվել է:

Բաբայանը վստահեցնում է, որ Հայաստանի ղեկավարությունը չէր ողջունում նոր տարածքների գրավումը: ՙԱղդամի, Ֆիզուլու, մյուս տարածքների ազատագրման քաղաքական որոշումը կայացրել է Արցախը: Երբեմն Հայաստանը տեղեկացել է միայն դրանց վրա մեր վերահսկողությունը հաստատելուց հետո: Բայց դա չի նշանակում, թե արցախյան կողմն արհամարհել է Հայաստանի իշխանություններին: Մենք շատ լավ գիտակցում էինք այն ճնշումները, որ կիրառվում էին Հայաստանի նկատմամբ: Լինում էին պահեր, երբ տեսնում էինք հակառակորդի անկազմակերպ վիճակը եւ օգտվում դրանից: Համոզված եմ, որ ճիշտ ենք վարվել. ինչո±ւ բաց թողնեինք հնարավորությունը: Դա չի նշանակում, որ անտեսել ենք Հայաստանի իշխանությանը, կամ նրանք եղել են անտեղյակ՚:

Օգոստոսի 31-ին կրակը 10 օրով դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու օրերին Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի ղեկավարությանը հորդորեց որպես բարի կամքի դրսեւորում ՙանհապաղ հետ քաշել իր առաջավոր ջոկատներն ավելի վաղ ձեւավորված անջատման գիծ` ամենախիստ միջոցներ կիրառելով համաձայնագիրը խախտողների նկատմամբ՚: Քոչարյանը` ՙի պատասխան Հայաստանի նախագահի դիմումի՚, որոշում է զինված ուժերը հետ քաշել Խոջիկ-Խանլըղ-Չերելի գծից դեպի նախկինում զբաղեցրած դիրքերը:

2008-ի ձմռանը, երբ Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քաղաքականություն, Քոչարյանը հայտարարեց. ՙՄեր փառավոր հաղթանակները Ղարաբաղի շուրջ ձեւավորեցին անհրաժեշտ անվտանգության գոտի: Եթե մենք այսպիսի ռազմավարություն չիրականացնեինք Ղարաբաղում, երբեւէ զինադադար չէր լինի: Իսկ եթե Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները միասնական լինեին, եւ չլիներ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի ճնշումը, ապա անվտանգության գոտին շատ ավելի հուսալի կլիներ: Տեր-Պետրոսյանը չուներ այդ համարձակությունը եւ ամեն օր զանգում ու ասում էր, թե մենք կործանում ենք Հայաստանը: Իսկ ես ասում էի` մենք դիմանում ենք պատերազմին, դուք էլ կարողացեք դիմանալ գոնե դիվանագիտական ճնշումներին՚:

1993-ի սեպտեմբերին շարունակվում էին խոշոր տերությունների դիվանագիտական ճնշումները Երեւանի նկատմամբ, իսկ Թուրքիան մտադրվել էր մասնակի ներխուժումներ կատարել Հայաստան: Մոտ հազար հոգանոց իրանական զորքը անցավ էր իրանա-ադրբեջանական սահմանը` դեռևսԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արաքս գետի երկայնքով հողաշերտ, ապա նորից վերադարձավ իրանական տարածք: Ռուսաստանն Իրանի քայլը որակեց ապակայունացնող գործոն` Իրանին եւ Թուրքիային զգուշացնելով ձեռնպահ մնալ հակամարտությանն ուղղակի միջամտությունից:

Իր հերթին Ռաֆսանջանին Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում անհասկանալի որակեց ղարաբաղյան ուժերի գործողությունները: Վելայաթին Փափազյանին հղած ուղերձում ափսոսանք հայտնեց ՙԱդրբեջանի տարածքի խորքում հայկական ուժերի ոտնձգությունների՚ կապակցությամբ, անընդունելի որակելով ՙՂարաբաղի պաշտպանության պատրվակով ռազմական գործողությունները, որոնք զուգորդվում են նոր տարածքների գրավումով եւ անմեղ բնակչությանը թափառական դարձնելով՚:

Ուորեն Քրիստոֆերը Երեւանին հորդորեց ճնշում բանեցնել, որպեսզի ղարաբաղյան ուժերը ՙդադարեցնեն ագրեսիան՚: ՙՂարաբաղի հայերը, ստիպելով ադրբեջանցիներին լքել Ֆիզուլին, շարունակում են առաջխաղացումը: Այս հարձակումները չեն կարող արդարացվել որևէ օրինական պաշտպանական նկատառումներով՚:

Արխիվային լուսանկար՝ Վիտալի Բալասանյանը բանակցում է ադրբեջանցիներ հետ, 1992 թ.

Արցախյան օրագիր. Կանաչ ու սևԿանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

Փափուկ կազմ, 520 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
երրորդ հրատարակություն,
2011, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-146-7,

aniarc.am/2019/07/22/karabakh-diary-chapter-26-aghdam/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail