Եռաբլուր. հրաժեշտ Մոնթեին – ՙՆյու Յորք Թայմսի՚ լրագրող – ՙմեր երբևէ ունեցած լավագույն աստվածը՚

Եռաբլուր. հրաժեշտ Մոնթեին – ՙՆյու Յորք Թայմսի՚ լրագրող – ՙմեր երբևէ ունեցած լավագույն աստվածը՚

12 ՅՈՒՆԻՍ 2019 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Մարգար Մելքոնյանը վերջին անգամ եղբորը ողջ տեսել էր 1991-ի ամռանը, երբ եկել էր Հայաստան` հրաբխային ժայռի մեջ փորված մի հին մատուռում Մոնթեի ու նրա հարսնացուի գլխավերևում խաչ պահելու:

ՙԵրբ 1993թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի և լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում, և մենք փորձում էինք նրան մի տուփ ՙուոքի-թոքիներ՚ ուղարկել:

– ՙՈւոքի-թոքիները՚ հավանաբար պետք չեն գա,- ասաց Մայլեն սեղմված կոկորդով: Ապա նա հայտնեց, որ իմ միակ եղբայրն այդ օրը տեղի ունեցած մի փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հեռավոր Արցախի լեռների ստորոտին:

Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հոսանքները նրան թաղել են քարաբեկորների տակ, և նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես Մայլեին տվեցի միտքս եկած առաջին երկու հարցը. որքան է տևել նրա մահանալը: Եվ` նրան մեջքի՞ց են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ:

Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս և եղբորս լավ ընկերոջ հետ: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածները:

– Քո եղբորը սպանել են դարանակալներ,- ասաց մեկը,- նրան սպասում էին:

Մեկ ուրիշը պնդում էր, թե մարդասպանն իր արարքի համար վարձատրվել է, իսկ մեկն էլ` որ այդտեղ անպայման թուրքերի մատը խառն է:

Հետո ներկաներից մեկը շշնջաց, որ իմ եղբայրը թակարդն էր ընկել, իսկ այդ թակարդը լարել էին ոչ թե թշնամու զինվորները, այլ իրեն մոտիկ մարդիկ:

Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքի. ոչ միայն թուրքական, իսրայելյան, ամերիկյան հետախուզական գործակալությունների, այլև ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ ՙԳաղտնի բանակի՚ նախկին խմբավորումների, տեղական գանգստերների ու զորագլուխների, և էլ ո՞վ գիտե, թե ում:

Նա թերևս տասնյակ մահացու թակարդներից էր փրկվել: Մոնթեի մահվան ՙպաշտոնական՚ սին վարկածը միայն խորացրեց իմ կասկածները: Եղբայրս` հարյուրավոր մարտերի փորձառու վետերան, ինչպես ասում էին, սպանվել էր մի լքված գյուղում` գնալով թշնամու տանկի ուղղությամբ ու հակառակորդին իր մարդկանց տեղը դնելով:

Եթե Մոնթեին դավաճանել էին, ապա հարց էր ծագում. բազմաթիվ թեկնածուներից ո՞վ կարող էր դա արած լինել:

Աչքերիս առաջ նորից սկսեցին ուրվագծվել այն պատկերները, որոնք ես տարիներ շարունակ աշխատել էի ինձնից հեռու վանել:

Ահա Մոնթեն` ՙՍարո՚ մականունով, Իրանի Քրդստանում նայում է ավազապարկերի արանքից: Ապա` դարձյալ Մոնթեն` ՙԱբու Սինդի՚ մականունով, Բեյրութում` Յասիր Արաֆաթի հետ կողք կողքի, ռումբերի տարափի տակ: Հետո` Մոնթեն որպես կալանավոր, միայնակ` Փարիզից դուրս գտնվող մութ բանտախցում:

Այնուհետև նորից հայտնվում է Մոնթեն, այս անգամ` ՙՏիմոթի Շոն Մաք Քորմիք՚ մականունով. նա գազով ըմպելիքների շշեր է հավաքում փողոցում, Սլոբոդան Միլոշևիչին` խելահեղ ուղի բռնած Հարավսլավիայի նոր ղեկավարին զորակից հանրահավաքից հետո:

Վերջապես, հրամանատար Ավոն` Արցախի հեռավոր լեռներում, զրահի ծռմռված բեկորներով ծածկված մարտադաշտում` հեռադիտակով նայելիս:

Թաղման առավոտյան` 1993թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր: Նա գիշերն այնտեղ էր անցկացրել` ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում:

Մենք բարձրացանք աստիճաններով ու մտանք սառնություն շնչող կամարի տակ:

Մոնթեի մարմինը` նոր զինվորական համազգեստով, դրված էր անմշակ տախտակներից պատրաստված մի ոչ խոր դագաղի մեջ` մետաղյա դարակի վրա:

Դիահերձող կինը նրա գլուխը` հոնքերից վեր, փաթաթել էր վիրակապով` ծածկելու համար աջ քունքի խորը վերքը. այդտեղ էր մեկ շաբաթ առաջ թափանցել արկի բեկորը` փշրելով գանգը:

Նույն առավոտյան ավելի ուշ Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետեւեցինք դեպի ՙՍպայի տուն՚: Չորս ժամ շարունակ, մինչ դահլիճում միապաղաղ հնչում էր դուդուկը, հուղարկավորությանը եկած հազարավոր մարդիկ, շատերը` ցնցոտիավոր, խմբերով անցնում էին դագաղի մոտով: Մաշված բաճկոններով գործազուրկ բանվորներ, սովահար գյուղացիներ, ռազմահագուստով զինվորականներ. բոլորը եկել էին իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցելու 35-ամյա զորահրամանատարին, որին նրանք գիտեին որպես Ավո: Եկել էին նաև Հայաստանի նախագահն ու նրա նախարարները:

Համաձայն ՙԼոս Անջելես Թայմսի՚` այդ կեսօրին դագաղի հետեւից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100 հազար: Տեղացի լրագրողները չափազանցրին` մասնակիցների թիվը հասցնելով քառորդ միլիոնի: Բայց ո՞վ կարող էր հաշվել, թե Հանրապետության հրապարակում որքան մարդիկ էին ամբոխվել` դագաղը տանող զրահամեքենային հետեւելու համար: Ո՞վ կարող էր հաշվել բոլոր նրանց, ովքեր շարվել էին դեպի բլրի վրա գտնվող գերեզմանոցը տանող վեց կիլոմետրանոց ճանապարհի եզրերին: Այն բլրի, որն ասես կետագծված է Խորհրդային Միության փլատակների վրա պայթած ամենադաժան պատերազմի զոհերի գերեզմանաքարերով:

Իսկ քանի՞ հազար հոգի էին նրանք, ովքեր ժամեր շարունակ արեւի տակ կանգնեցին գերեզմանի շուրջը, որի վրա մարդկային կրծքի բարձրությամբ մեխակներ ու կարմիր վարդեր էին դիզվել:

Բաց գերեզմանի եզրին կանգնած քահանան թրի նման ճոճում էր իր սրածայր կնգուղը, մինչև սեւազգեստ ծեր կանայք ողբում էին: Չսափրված հայրերը, որոնք արդեն սգացել էին իրենց սպանված որդիների համար, սգացին կրկին:

Ես պարպեցի Մոնթեի ինքնաձիգի մեջ մնացած 21 փամփուշտները` կրակելով օդ և գիտակցելով, թե եղբայրս որքան դեմ կլիներ նման վատնողական, աննպատակ ու վտանգավոր ցույցին:

Խունկի ծուխը գալարաձև բարձրանում էր երկինք:

Կյանքի վերջին տարիներին, երբ զինվորական պարտականություններն ամբողջովին կլանել էին նրան, Մոնթեն իրեն նկարագրելը թողել էր ուրիշներին:

Ադրբեջանի խոսնակներից մեկը Վաշինգտոնում Մոնթեին ներկայացրել էր որպես ՙհանցավոր անցյալ ունեցող ահաբեկիչ՚: ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցները նրան համարել էին ազգային անվտանգության համար սպառնալիք: Հարավային Կովկասի լեռնաբնակները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով ՙմեր սուրբ տղա՚, իսկ ՙՆյու Յորք Թայմսի՚ լրագրողը հիշատակել էր մի հայի, որը նրան անվանել էր ՙմեր երբևէ ունեցած լավագույն աստվածը՚:

Հուղարկավորությանը եկած քիչ մարդկանց էր սակայն հայտնի, որ ՙԱվո՚ մականունով հրամանատարը ժամանակին եղել էր հնագիտության բաժնի` բազում լեզուներ տիրապետող ուսանող, որը հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց` հանուն հեղափոխական Իրանում և պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու:

Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում:

Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց ուսումնասիրությունների, հարձուփորձի ու հայտնագործություների շնորհիվ ես ու Սեդան (Մոնթեի կինը) կարողացանք հետևել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը՚:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից: Այս հատվածն ամբողջությամբ վերցրել ենք ՙԱվո՚ գրքից, որի հեղինակներն են Մարգար Մելքոնյանն ու Սեդա Գպրանյան-Մելքոնյանը:

aniarc.am/2019/06/12/monte-melkonian-12-june-1993/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail