Պատմական վերադարձ Շուշի. կատարվեց աներեւակայելին – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Պատմական վերադարձ Շուշի. կատարվեց աներեւակայելին – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

09.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայությունը տոնում է Շուշիի ազատագրումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 8-9-ին, եւ ինչը գործնականում հանգուցային նշանակություն ունեցավ Արցախի պատերազմի հետագա ընթացքի եւ հաղթանակի համար:

Շուշիի հաղթանակը պարզապես ռազմական հաղթանակ, ռազմարվեստի մեծ դրսեւորում չէր, երբ հակառակորդի անհամեմատ գերակշռող ուժի, զինանոցի, նաեւ աշխարհագրական դիրքի պայմաններում հայկական ուժերին հաջողվեց ազատագրել քաղաքը:

Շուշին հայ ժողովրդի պատմական վերադարձն էր կամ վերադարձն էր պատմության հաղթող ժողովուրդների շարք, ընդ որում անկախ պետականության կարգավիճակով: Այդ հանգամանքը ամենեւին լոկ զգայական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ժողովուրդների, պետությունների կյանքում հաղթանակները ոչ միայն ոգեւորության, զգայական վերելքի աղբյուր են, այլ նաեւ ռազմա-քաղաքական կապիտալ միջազգային հարաբերությունների բարդ եւ բազմաշերտ համակարգում:

Հաջորդիվ, դժբախտաբար, հայկական «էլիտան» ոչ միայն անկարող կամ անկամ գտնվեց այդ կապիտալը պատերազմից հետո արդեն խաղաղ պայմաններում բազմապատկելու հարցում, այլ բավականաչափ «հաջողեց» այն մսխելու գործում: Ռազմա-քաղաքական եւ բարոյահոգեբանական ահռելի կապիտալը ուղղվեց ոչ թե պետության, այլ մի իշխող համակարգի զարգացման, որն իր տրամաբանությամբ հակոտնյա էր պետական մտածողությանը եւ այն խնդիրներին, առաջնահերթություններին, մարտահրավերներին եւ հնարավորություններին, որոնք առկա էին Հայաստան-Արցախում եւ շուրջը:

Այդուհանդերձ, հենց հաղթող ժողովուրդների շարք պատմական վերադարձով ձեռք բերած ռազմա-քաղաքական կապիտալն էր նաեւ, որ պետականության շահին եւ խնդիրներին հակոտնյա համակարգի նվազագույնը քառորդ դար գործունեության, ծավալման եւ բյուրեղացման այդ շրջանում այդուհանդերձ թույլ տվեց զերծ պահել պետությունը անշրջելի աղետներից, թեեւ հանրությունն իհարկե այդ ժամանակահատվածի տարբեր փուլերում ստիպված էր վճարել շատ թանկ՝ ընդհուպ մարդկային կյանքով, պետականությունն աղետից զերծ պահելու համար:

Թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին՝ արցախյան շարժման, ըստ այդմ հայ ժողովրդի պատմական վերադարձի փաստացի մեկնարկի 30-րդ տարեդարձին զուգահեռ, բացեց հայության երկրորդ շնչառությունը, տալով Շուշիով խորհրդանշվող պատմա- քաղաքական վերադարձի քառորդդարյա տարաբնույթ մսխումները վերականգնելու, ըստ այդմ հաղթող ժողովուրդների շարքում մեր պետական տեղն ամրապնդելու հնարավորություն:

Հույժ կարեւոր է, որ այդ հնարավորությունը դիտարկվի հիմքից, ըստ այդմ՝ Շուշիով խորհրդանշվող հաղթանակից: Այդտեղ է կենտրոնացած համաշխարհային հայկական սուբյեկտային էներգիան: Խնդիրն այդ էներգիայի գեներացիան է եւ համաչափ ու համարժեք բաշխումը համահայկական կյանքի ներքին ու արտաքին տարբեր բաղադրիչների ուղղությամբ:


lragir.am/2019/05/09/441794/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail