Եթէ Չունես Նաւթ Կամ Կազ, Գործարկիր Մշակոյթի Արժէքներդ – ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
21 ՕԳՈՍՏՈՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Արտակարգ եւ լիազօր դեսպան,
քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ
21-րդ դարում տեղի է ունենում պետութեան արտաքին եւ ներքին քաղաքականութեան սերտաճում եւ միահիւսում, որի արդիւնքում դիւանագիտութիւնն ստանում է նոր որակ ու տեսակ: Գոյանում է առանձնայատուկ մի միասնութիւն, որն անուանւում է խթանող դիւանագիտութիւն: Սա նոր, այլ որակի դիւանագիտութիւն է, որի կիրառումը մեծապէս բարձրացնում է արտաքին քաղաքականութեան օգտակար գործողութեան գործակիցը: (Իտէալական կը լինէր, եթէ հայկական դիւանագիտութիւնը իւրացնէր այս մոտելը):
Խթանող դիւանագիտութեան առանձնայատկութիւնն այն է, որ այն միակցում է պետական եւ ոչ պետական դիւանագիտութեան գործիքակազմերը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «ոչ պետական դիւանագիտութիւնը»: Այն ունի մի քանի անուանում` հանրային, ժողովրդական, Միացեալ Նահանգներում` քաղաքացիական (citizen diplomacy): Անուանումը չի փոխում առարկայի էութիւնը: Այն հիմնուած է բացառապէս «փափուկ ուժի» («soft power») վրայ, որը ներառում է ժամանակակից կեանքի բոլոր ոլորտները (ոչ պետական) եւ պետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան վայրաշարժն է, շարժիչ ուժը: Այն պետական դիւանագիտութիւնը, որը չի միանում, զոյգ չի կազմում հանրային դիւանագիտութեան հետ, դատապարտուած է ձախողման: (Հայաստանի ԱԳՆ-ն պէտք է որ այդ վտանգը պարզ պատկերացնի):
Այժմ անդրադառնանք նորագոյն դիւանագիտութեան գործիքակազմում յատուկ տեղ գրաւող մշակութային դիւանագիտութեանը:
Համաշխարհայնացման արդիւնքում փոխկապակցուած աշխարհում մշակութային դիւանագիտութիւնն առանցքային դեր է խաղում խաղաղութեան եւ կայունութեան ապահովման գործում, ներազդում է համաշխարհային հանրութեան կարծիքի ձեւաւորման, միջազգային յարաբերութիւնների կայացման ու պետական քաղաքականութեան իրականացման վրայ:
… Մշակութային դիւանագիտութիւնը ծագել է Ֆրանսայում: Դեռ 1883 թուականին` մշակութային «Ալեանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպութեան երեւան գալով, որն այսօր գործում է մօտ 150 երկրում: Ֆրանսան աշխուժօրէն եւ նպատակամղուած վարում է մշակութային դիւանագիտութիւն` պետական ու ոչ պետական մակարդակով: Ֆրանսական արտաքին գործերի նախարարութիւնում գործում է Համագործակցութեան եւ ֆրանսերէն լեզուի բաժանմունք, որը մշակում եւ իրականացնում է գրականութեան, արուեստի, գիտութեան, կրթութեան, ֆրանսերէն լեզուի ուսուցման եւ տարածման ծրագրեր: Ղեկավարում է «Արտասահմանում ֆրանսերէն լեզուի դասաւանդման գործակալութեան» եւ «Ֆրանսական արուեստագէտների ընկերակցութեան» աշխատանքները եւ այլն: ԱԳՆ-ն հսկում եւ ուղղորդում է Ֆրանքոֆոնիայի զարգացման գործընթացը:
Այնպէս որ, ֆրանսական հարուստ փորձի փոխառումը կ՛օգնէր հայկական մշակութային դիւանագիտութեան կայացմանը, ինչպէս նաեւ` Ֆրանքոֆոնիայի երկրների հետ յարաբերութիւնների զարգացմանը:
Ի դէպ, մշակութային դիւանագիտութիւնը` որպէս քաղաքականութեան տարատեսակ, միանգամայն համընկնում է Հայաստանի ներկայ իշխանութիւնների հռչակած յղացքի հետ, համաձայն որի, տնտեսութիւնը պէտք է լինի ներառական, այսինքն ունենայ դրանում հանրութեան բոլոր խաւերի մասնակցութիւնը: Հա՞րկ է նշել, որ «բոլոր խաւերի մասնակցութիւն» նշանակում է հանրային դիւանագիտութեան աշխուժ ներկայութիւնն այստեղ եւս: Եւ ոչ միայն: Եթէ տնտեսութիւնը պէտք է ընթանայ նման ճանապարհով, անտրամաբանական կը լինի պատկերացնել կեանքի միւս բնագաւառների, այդ թւում` դիւանագիտութեան, այլկերպ զարգացումը:
Այնպէս որ, մշակութային դիւանագիտութիւնը, բնականաբար, չի կարող դուրս մնալ քաղաքականութեան «բոլոր խաւերի մասնակցութեան» հասկացութիւնից: Մինչդեռ նման գործելակերպը վրիպել է 30 տարուայ անկախ Հայաստանի իշխանութիւնների ուշադրութիւնից: Ի հարկէ հայկական մշակոյթն այդ ժամանակահատուածում զարգացել է հայրենիքում եւ դրսում, սակայն արտաքին գործերի նախարարութիւնն աշխուժօրէն չի մասնակցել կամ մատների արանքով է նայել պետական նշանակութեան այդ գործին:
Իսկ օրերս ՀՀ ԱԳՆ… լուծարեց լաւ թէ վատ գործող «Մշակոյթի եւ մարդասիրական համագործակցութեան» վարչութիւնը: NO COMMENT.
Ստեղծուել է հակասական իրավիճակ: Դարերի խորքից եկող հայկական մշակութային արժէքները, որոնք կարող են շարժել քաղաքակիրթ աշխարհի նախանձը, որոնք իրենց հաւասարը չունեն ժամանակի եւ տարածութեան մէջ, ըստ արժանւոյն գնահատուած չեն, կամ ճանաչուած չեն երկրագնդի շատ ծագերում:
Եթէ մենք ունենայինք պետութեան կողմից մշակուած եւ ընդունուած ծրագիր, ապա պարզ կը պատկերացնէինք այն կենսական կարեւորութիւնը, որ հանրապետութեան համար ներկայացնում է ճիշդ եւ աշխուժ մշակութային դիւանագիտութեան իրագործումը երկրի ներսում եւ նրա սահմաններից անդին:
Երբ մենք խօսում ենք «մշակութային դիւանագիտութիւն» քաղաքական գործօնի մասին, դրա մէջ տեսնում ենք «ճանապարհային քարտէսի» երկու ուղղութիւն:
1.- Ազգային մշակոյթի արժէքների ծրագրաւորուած, մշակուած, նպատակադրուած տարածում եւ քարոզում պետական ու հանրային կազմակերպութիւնների միջոցով` աշխուժօրէն օգտագործելով հայկական սփիւռքի ներուժը: Այս պարագային մշակոյթը մատուցում է անգնահատելի ծառայութիւն` աշխարհի կողմից Հայաստանը ճանաչելու եւ ըստ արժանւոյս գնահատելու ուղղութեամբ: Բացարձակ ճշմարտութիւն է, որ երկրի եւ ժողովրդի բարձր արուեստը պետական եւ ազգային շահերի պաշտպանութեան լաւագոյն միջոցներից է:
2.- Մշակոյթի եւ արուեստի առեւտրականացում: Սա մշակութային դիւանագիտութեան վաղեմի փորձուած տեսակներից է, եւ այն խելացի ու ճիշդ կազմակերպելու դէպքում, աւելացնում է երկրի պիւտճէն: Այս տիպի գործունէութեան շառաւիղը շատ լայն է. գիտութիւն, արուեստ, ճարտարապետութիւն, գրականութիւն, երաժշտութիւն, գեղարուեստ, թատրոն, շարժանկար, մարմնամարզ, զբօսաշրջութիւն եւ այլն: Հայաստանի մշակոյթն այս առումով կատարեալ Կոլնդայկ է իր գանձերով` սկսած Բագրատունիների Հայկական մշակոյթի նոր ոսկեդարից, Վերածննդի դարաշրջանից` վերջացած մեր ժամանակներով:
Մնում է մէկտեղել հայութեան տաղանդաշատ ուժերը, ստեղծել համակարգուած մշակութային դիւանագիտութեան հաստատութիւն, որը կարող է դառնալ պետական-ազգային շահերի անփոխարինելի կռուան եւ գործողութեան ծրագիր:
aztagdaily.com/archives/450457