Տիգրան Փաշաբեզյան, «Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո»

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԲԱՇԱԲԵԶԵԱՆ

Տիգրան Փաշաբեզյան, «Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո»

(Ելույթ «Հայոց պետականությունը եւ հայ լրագրությունը» խորագրով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում)

Հայկական կամ համահայկական օրակարգը, ինչպես ավելի հաճախ գործածվում է, ձեւավորվում է երկու գործընթացներով՝ հայկական աշխարհի խնդիրներով, օրինակ Սփյուռքի դեպքում՝ հայկական կյանքի կազմակերպում, Հայապահպանություն եւ մարտահրավերների ու սպառնալիքների պարտադրանքով, օրինակ՝ Արցախի ազատագրության օրակարգ:

Հետեւաբար հայկական օրակարգն իր մեջ ամփոփում, ներառում է հայկական աշխարհների օրակարգերը եւ դրանց միասնությունն էլ հենց համահայկական օրակարգն է:

Ո՞րն է սակայն մեր գլխավոր բացթողումն այս հարցում:

Ըստ էության, Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում հայկական միասնական օրակարգ չի ձեւավորվել: Սփյուռքի հայության օրակարգում հայ համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրներն էին: Խորհրդային Հայաստանի օրակարգում Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրները: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտելու, Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրները:

Ընդ որում, պետք է խոստովանել, որ վերոնշյալ խնդիրները շատ դեպքերում ունեն լուծումներ եւ այլ դեպքերում չունեն, որովհետեւ կապված են միմյանց եւ իրականում կապված են հայկական օրակարգին, համահայկական օրակարգին:

Լավ է, որ վերջին տասնամյակներին առաջ քաշվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գափափարը, որն ըստ էության եռամիասնության օրակարգ է:

Սակայն Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքներին պարտադրված կենսագործունեության նոր ու դժվարին պայմանները մի կողմից, Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժի առկայությունը մյուս կողմից հուշում է մեզ, որ հայկական օրակարգի, համահայկական օրակարգի շղթան լրացնելու եւ ամբողջացնելու ժամանակը եկել է:

Ըստ այդմ՝ մեր առաջարկն է, Հայաստան — Սփյուռք — Արցախ եռամիասնությանը՝ եռամիասնության օրակարգին, գումարել Մերձավոր Արեւելքի հայ համայնքների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պակասող 4-րդ բաղադրիչը եւ դա անել զուսպ կերպով, առանց աղմուկի ու թմբկահարության, առանց ցուցադրականության, բայց խորքային համագործակցության եղանակով, ապահովելով բոլոր չորս բաղադիչների ու օրակարգերի փոխառընչությունը, համագործակցությունը, փոխօգնությունը: Վերջինիս դեպքում, որպես իրավական քաղաքական գործիք՝ ընտրելով 2011-2018 թթ: ընթացքում ձեւավորված ու իրականացված Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը, 1918-1920 թթ. հայությանը տրված հայտնի իրավունքների հիմքերով:

Մեր առաջարկն է ահա այսպես ձեւավորել հայկական, համահայկական ժամանակակից օրակարգ, ինչը հնարավորություն կտա հայկական խնդիրները դիտարկել ամբողջությամբ եւ գտնել դրանց լուծման համապատասխան ուղիներն ու ճանապարհները:

Հավատում ենք, որ այս հարցում վճռական ու կարեւոր դերակատարություն կարող են ունենալ Սփյուռքի մեր գործընկերները՝ լրագրողները, լրատվամիջոցները եւ Սփյուռքի նախարարությունը:

Քանի որ հավատում ենք, որ միասնական ջանքերով կարող ենք հասնել նրան, որ հայկական, համահայկական միասնական օրակարգի շուրջ սկսեն համագործակցել Հայաստանի Հանրապետությունը – Արցախը — Սփյուռքը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչները:

Մինչ ելույթը ավարտելը ցանկանում ենք ներկայացնել նաեւ մեր մյուս առաջարկները հետեւյալ կետերի միջոցով.

1. Սփյուռքի նախարարությունը պահպանել որպես նախարարություն եւ որպես Հայաստան – Արցախ — Սփյուռք համագործակցության հիմնական դերակատար:

2. Սփյուռքի նախարարության համար առաջնային համարել հայրենադարձության խնդիրը, դա իրագործել լավ մշակված հայեցակարգի ու ծրագրերի հիման վրա:

3. Սփյուռքի նախարարության եւ Պաշտպանության նախարարության սերտ համագործակցությամբ եւ հաշվի առնելով Պաշտպանության նախարարության բանակաշինության «Ազգ-բանակ» հայեցակարգը, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի «Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշումը, ապահովել սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործին:

Շնորհակալություն ուշադրության համար: Ակընկալում ենք ձեր բոլորի աջակցությունը այս չափազանց կարեւոր հարցում:

01.06.2018 թ.

—————

E-mail: tigranakert2012@gmail.com

gov-wa.info/?p=2253&lang=hy

Facebooktwitterredditpinterestlinkedinmail