
Անուրջների Էրկրի Կենարար Ջուրը, Արեւմտահայաստանն Այդպէս Էլ Չի Դարձել Թուրքական
27 ՕԳՈՍՏՈՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՔԱՂԱՔԱԿԱՆ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:
ՏՄԻԹՐԻ ՓԻՍԱՐԵՆՔՕ
Օսմանեան կայսրութեան իրականացրած Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ Sputnik Արմենիայի սիւնակագիր Տմիթրի Փիսարենքոն ներկայացնում է իր առաջին ուղեւորութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան եւ պատմում, թէ ի՛նչ ապրումներ է ունեցել այդ ճամբորդութեան ընթացքում:
… Վանի օդակայանը (պատմական Արեւմտեան Հայաստան, այժմ` Թուրքիայի տարածք) գտնւում է ծովափին: Մինչ ինքնաթիռը վայրէջք կատարելուց յետոյ կանգ էր առնում, այն սկսեցին շրջապատել զրահամեքենաները` պտտուող աշտարակներով եւ խոշոր տրամաչափի թնդանօթներով: Օդակայանի տանիքին յայտնուեցին հրացաններով մարդիկ: Հասկանալի դարձաւ, որ արեւելեան Անատոլիայից ստացուող լուրերը քիւրտ գրոհայինների դէմ յատուկ գործողութիւնների մասին վերաբերում են ոչ միայն հեռաւոր լեռնային շրջաններին:

Ուղեբեռին սպասելիս նկատեցի, որ մուտքի մօտ հերթապահում է քամուֆլեաժով ռազմական պարեկ: Սափրուած ալեհեր սպան բարեացակամօրէն ստուգեց մեզ հետ ժամանած երիտասարդների փաստաթղթերը եւ նրանց բաժանեց խմբերի: Ատրճանակի գեղեցիկ պատեանը կախուած էր դիմացից, ինչպէս գերմանացիների մօտ` նրանց ժապաւէներում: Տղաներից մի քանիսը, որոնք սպասում էին դուրս գալու իրենց հերթին, սկսեցին պայուսակներում փորփրել իրերը, եւ ես նկատեցի, որ պայուսակների մէջ նոյնանման համազգեստ է, ինչ պարեկների մօտ: Օդանաւակայանը դրսից շղթայուած էր: Տղաներին սկսեցին նստեցնել շէնքին մօտ կանգնած փափուկ օթոպիւսները:

– Ուսանողները ռազմական հաւաքի են եկե՞լ, – հարցրի մեզ դիմաւորած զբօսաշրջային ընկերութեան ներկայացուցչին, երբ նրանք անցան մեր կողքով:
– Ո՛չ, նրանք զինուորներ են:
Յետոյ նա քամահրանքով արտաբերեց ինձ անծանօթ անգլերէն արտայայտութիւններ, որոնցից գլխի ընկայ միայն, որ նա համաձայն չէ կառավարութեան հետ: Զինուորականները շրջափակումը հանեցին միայն այն ժամանակ, երբ նորակոչիկներով օթոպիւսները շարժուեցին…

Առաջին հերթին մեզ տարան տեսնելու Վանի վրայ վեր խոյացած ուրարտական ամրոցը: Վերելքը բաւական բարդ էր, իսկ տեսարժան վայրերը` ոչ այդքան տեսարժան: Բայց երբ ես հասայ ամրոցի պատին եւ ներքեւ նայեցի, սիրտս ճմլուեց: Բացուել էր ցաւալիօրէն ծանօթ տեսարան` հայկական Այգեստան թաղամասի աւերակները: Այնքան յաճախ էի լուսանկարներում տեսել Այգեստանը հէնց այդ անկեան տակ: Եւ յանկարծ մի միտք ծագեց գլխումս. մենք իզուր էինք բարձրացել ամրոց: Պէտք էր շրջանցել բլուրը եւ գնալ առասպելական թաղամաս, որտեղ 1915-ին Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայերը հերոսական դիմադրութեան են ելել:

Տեսախցիկի ոսպնեակի մօտեցնելու հնարաւորութեան շնորհիւ` ես նկատեցի, թէ ինչպէ՛ս էր աւերակների մէջ զբօսնում միմեանց ձեռք բռնած արտասահմանցիների մի զոյգ: Երկու տղայ հեծանիւ էին քշում, իսկ հեռւում, ստուերի տակ նստած, զրուցում էին տարէց տղամարդիկ: Հեռւում երեւաց եւս մի տղամարդ: Հաւանաբար տեղացիները մինչեւ հիմա գալիս են այստեղ` հայերի թաքցրած գանձերը որոնելու:

Մենք ժամանել էինք Ռամատանի նախօրէին: Ներքեւում` ճանապարհի երկարութեամբ, կանգնած էին վերջերս կառուցուած երկու մզկիթներ: Մինարեթում տեղադրուած բարձրախօսից երաժշտութիւն էր հնչում` միահիւսուելով մոլլայի քարոզների հետ: Թանգարանային համալիրի տարածքից դուրս գալիս ուշադրութիւն դարձրեցի ձնապատ Այգեստանի տեսարանով մի բացիկի: Գեղեցիկ, բայց` շատ տխուր տեսարան…

Յետոյ ճանապարհ բռնեցինք դէպի Տողուպայազետ (մինչեւ 1934թ–ը` Պայազետ, խմբ.): Մենք հրաժարուեցինք այցելել կատուների ապաստան, որպէսզի կարճատեւ դադար անենք լճի ափին: Վանայ լճի ջուրը իւրայատուկ է: Այն աղի է: Ջուրը մտնելիս թւում է, որ լողում ես սոտային լուծոյթում, իսկ երբ չորանում ես արեւի տակ, մաշկդ սկսում է մրմռալ, իսկ յետոյ զգացողութիւն է լինում, որ մաշկդ պատուած է բուրաւէտ իւղի բարակ շերտով: Այստեղ ես յիշեցի, որ երեւանցի ընկերներիցս մէկը խնդրել էր նախնիների հայրենիքից մի բուռ հող տանել: Ես կռացայ եւ մի բուռ վերցրի: Երկար զննում էի այն ափիս մէջ, բայց այն ինձ այդպէս էլ չոգեշնչեց: Այդ հողը ոչնչով չէր տարբերւում նրանից, որի վրայ մեծացել էինք ես ու ընկերս, եւ որին յանձնել էին այստեղից գնացած նրա նախնիներին… Մռայլ մտքերս ցրուեցին լճին նայելիս: Որոշեցի ընկերոջս ոչ թէ հող տանել, այլ` ջուր: Վանայ լճի ջուր…

Ուղեկիցներիցս մէկը` մոսկուացի հայ Սամուէլը, անշարժ նայում էր սպիտակ գառների նման փրփրուն ալիքներին, որոնք յայտնուել էին լճի հայելու վրայ ուժգնացած քամու պատճառով:
– Քեզ ի՞նչ եղաւ,- հարցրի ես:
– Յիշեցի, թէ ինչպէս էր պապս մանուկ հասակում շոյում մազերս եւ ասում, որ գանգուրներս նման են Վանայ լճի ալիքներին,- Սամուէլը ձեռք տարաւ դէպի սափրած գլուխը…

Պատուհանից այն կողմ սլանում էին Արեւմտեան Հայաստանի գեղեցկութիւնները: Ես ուշադիր նայում էի բլուրներին եւ նկատեցի սրածայր քրիստոնէական եկեղեցու ուրուապատկերը` կորած մակերեւոյթի ծալքերի մէջ: Դժուարանցանելի տեղանքը, հաւանաբար, փրկել էր եկեղեցին կործանումից:
– Էրմենի քիլիսէ՞,- արթնացրի ննջած զբօսավարին:
– Էրմենի քիլիսէ,- պատասխանեց նա եւ քնաթաթախ գլխով արեց:

Արեւմտեան Հայաստանը թէեւ մնացել է Թուրքիային, բայց այդպէս էլ չի դարձել թուրքական հող: Այստեղ հայեր չկան, բայց եւ չկայ զգացողութիւն, որ դու Թուրքիայում ես: Հիմա անհնազանդ քրտերն են զինուած բարձրանում սարերը: Դրանցից ամենափառահեղը պահպանում է սրբազան պատմութեան ամենաառեղծուածային գաղտնիքներից մէկը: Ըստ հաւատալիքի, Նոյեան տապանը կ՛երեւայ մարդկութեանը, երբ Աստուած կամենայ: Հաւանաբար դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այստեղ վերադառնան Արարատի իսկական ժառանգները…

Առաջին անգամ յայտնուելով այստեղ` ես ինձ բռնացրի այն մտքի վրայ, որ փորձում եմ թէկուզ ինչ-որ տարբերութիւն զգալ երկու Հայաստանների միջեւ. այն Հայաստանի, որտեղ ամէն ինչ մօտ է եւ ծանօթ ու հեռաւոր եւ ողբերգական երկրի, որի մասին այդքան կարդացել ու լսել եմ: Ես նայում էի բնութեանը, տարբերութիւններ որոնում, բայց այդպէս էլ չգտայ դրանք: Ո՛չ Վանում, ո՛չ Կարսում, ո՛չ Անիում եւ նոյնիսկ ո՛չ Արարատի գագաթին: Եւ հասկացայ` ինչու:
Որովհետեւ իրականում չկայ Արեւմտեան ու Արեւելեան Հայաստան: Կայ մի ամբողջութիւն` Հայրենիք:
Արարատն անսպասելիօրէն բացուեց մեր առաջ: Մենք նոյնիսկ չհասկացանք, որ դա լեռ է` այդ նոյնը, հարազատը: Յայտնի է, որ թուրքական կողմից այն գեղատեսիլ չէ, բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի: Դա ուղղակի լեռ էր, շատ այլ լեռների նման: Վերջապէս մենք հասանք Տողուպայազետ: Ըստ մեզ` Արեւելեան Պայազետ: Տեղաւորուեցինք հիւրանոցում եւ գնացինք ընթրելու քաղաքի միւս ծայրում` ընդունող ընկերութեան` MURAT CAMP–ի գրասենեակում: Այն գտնւում էր գլխաւոր տեսարժան վայրից` Իսակ փաշայի պալատից մի քիչ ներքեւ:

Դրա շրջակայքում աւերակներ էին: Նախկին մասնաւոր հատուածի կմախքներ: Ինչ-որ բան յուշում էր, որ մենք գտնւում ենք հին Պայազետում: Այն Պայազետի, որի 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի տարիների իրադարձութիւնները նկարագրել է Վալենթին Փիքուլը իր համանուն վէպում: Քիւրտ զբօսավարը հաստատեց, որ այստեղ քրիստոնէական թաղամաս է եղել, եւ այդ փլատակները մի ժամանակ հայերի տներն են եղել: Ի տարբերութիւն Վանի թաղամասի` դրանք աւելի լաւ են պահպանուել:
– Իսկ այնտեղ հայկական այգիներ են: Մենք մինչեւ հիմա այդպէս ենք անուանում այդ վայրը,-զբօսավարը ցոյց տուեց հեռւում երեւացող ծառերը:
– Իսկ որտե՞ղ է յայտնի ամրոցը:
– Ցաւօք, այն քանդուել է…
– Իսկ սրանք ի՞նչ աշտարակ ու պատեր են:
– Դա նոյնպէս հին ուրարտական ամրոց է: Իսկ ուրարտացիները, ինչպէս յայտնի է, հայերի նախնիներն են: Այդ տարածքում մի ժամանակ գոյութիւն է ունեցել հին հայկական թագաւորութիւն, – ոգեշնչուած աւարտեց զբօսավարը` զգալով, որ բոլոր կողմերից ուղեկիցներս` Մոսկուայի, Մերձմոսկուայի եւ Նիժնի Նովկորոտի հայերը, նրա վրայ են ուղղել իրենց տեսախցիկները
– Նա դա յատուկ է ասում,- մեկնաբանեց Արսէնը:- Հասկացաւ, որ հայ ենք, դրա համար էլ մեզ հաճելի բաներ է ասում: Հին ասիական հնարք է: Նրանք այդպիսին են: Կարող են ժպտալ, խոնարհուել, ձեռքերդ համբուրել, միայն թէ փող չխնայես: Իսկ մէջքիդ յետեւում կը թքեն քո ամանի մէջ:

Մենք վերադարձանք գրասենեակ: Խմբի ղեկավարներն ինչ-որ բան պէտք էր քննարկէին ընկերութեան ղեկավարի հետ: Արարատը զինուորական գօտի է: Զբօսաշրջիկների համար պաշտօնապէս առանձնացուած էր միայն մէկ երթուղի` Տողուպայազետի կողմից: Իշխանութիւնների համար այդպէս աւելի հեշտ էր վերահսկել իրադրութիւնը: Բացի նրանից, որ այստեղ ՕԹԱՆ-ի խարիսխ կայ եւ այդտեղից Պաղ պատերազմի տարիներին հետեւել են խորհրդային տարածքին, Արարատը եւ դրա շրջակայքը շարունակում են մնալ զինուած դիմադրութեան օճախ: Ընկերութեան ղեկավարը` Սայիմը խոստովանեց, որ MURAT CAMP անուանումն ընտրել է ի պատիւ աւագ եղբօր, որը 8 տարի նստել է թուրքական բանտում «անօրինական զինուած խմբաւորումներին» յարելու համար:
– Դուք նրա հետ անպայման կը հանդիպէք լերան վրայ: Նա հիմա այնտեղ է, ուղեկցում է խմբերին,- նշեց նա:
Սայիմը եւ նրա շրջապատը չեն թաքցնում իրենց համոզմունքները` նոյնիսկ հաշուի չառնելով այն հանգամանքը, որ իշխանութիւնները կարող են խանգարել իրենց գործերին, որոնք ակնյայտօրէն լաւ են ընթանում: Սայիմին է պատկանում Արարատ լեռ բարձրանալու մենաշնորհը: Արտասահմանից յայտերի մեծ մասը ստանում է նա: Հասկանալի է, որ առանց տեղի իշխանութիւնների, զինուորականների եւ ոստիկանութեան հետ «փոխշահաւէտ» յարաբերութիւններ կառուցելու` ոչինչ չէր ստացուի: Ամէն դէպքում, արեւելքը մնում է արեւելք, եւ «դու ինձ, ես քեզ» բանաձեւն այստեղ հիանալի է աշխատում: Չնայած պաշտօնապէս գործող մէկ երթուղուն` փողով կարելի է ամէն ինչի մասին պայմանաւորուել:

Արեւելեան Անատոլիայում թուրքերը փոքրամասնութիւն են կազմում: Հիմնականում` զինուորականներ, ոստիկաններ, ուսուցիչներ եւ ծառայողներ: Չնայած ռազմական թաղամասերը եւ առատ պահակակէտերը միմեանցից հեռու չեն տեղակայուած, դրանք բոլորը խիստ են հսկւում: Հսկողութեան տակ են նաեւ պետական հաստատութիւնները, պաշտօնեաների եւ սպայական ընտանիքների տները: Այդ շէնքերը շրջապատուած են փշալարերով, իսկ երկայնքով աւազով լի պարկերից սարքել են հրակնատէրով թաքստոցներ թնդանօթների համար: Բայց Տողուպայազետում այդ միջոցները աւելի շուտ ձեռնարկուել են` ելնելով ընդհանուր պահանջներից, քան` անհրաժեշտութիւնից: Ամրանն այստեղ զբօսաշրջային Մեքքայ է: Անցած ամառ քաղաքի միջով անցել են 10 հազար լեռնագնացներ: Քրտերի համար ձեռնտու չէ այստեղ այնպիսի գործողութիւններ կազմակերպելը, որոնք կարող են խանգարել Արարատ բարձրանալ ցանկացող առատաձեռն օտարերկրացիներին: Բացի այդ, ակնյայտ է, որ սար բարձրանալուց օգուտ ունեն ոչ միայն զբօսաշրջային ընկերութիւնները եւ նրանց հովանաւորները, այլ նաեւ` սարերում գտնուող փարթիզանները:
Երբ մեզ առաջնորդողները քննարկում էին սար բարձրանալու մանրամասները, զարմացրեց, որ ամէն անգամ վրանները պէտք է հաւաքել, բարձել ձիերի վրայ եւ կրկին ճամբարներ խփել երթուղու ընթացքում: Ինչու՞: Չէ՞ որ մեզանից առաջ եւ յետոյ ուրիշ խմբեր են գնում: Սայիմը մէջքով յենուեց աթոռին, հայեացք նետեց առաստաղին ու անգլերէն պատասխանեց.
– Գիտէք, այստեղ ամէն ինչ այդքան հեշտ չէ: Դա արդէն ձեւաւորուած փորձ է: Այդպէս աւելի յուսալի է: Լինում է, որ որոշ զբօսաշրջիկներ արդէն իջել են, իսկ միւսները դեռ բարձրանում են: Ճամբարը դատարկւում է, եւ դա նկատելով` փարթիզանները կարող են իւրացնել վրանները…
Մենք բարձր էինք խօսում: Բայց քրտերէնն աւելի բարձր էր հնչում Արարատի վրայ: Լերան վրայ քոչուորական իջեւանատեղերի վրաններ են, անասունների փարախներ, արածող ոչխարների ու կովերի հոտեր: Ճարպիկ խաշնարածներն իրենց վրանների վրայ կպցնում են HOTEL, CAFE, SUPERMARKET եւ այլ գրութիւններ: Դա նշանակում է, որ այստեղ կարելի է ստուերում հանգստանալ, սառը ջուր, թան կամ տաք թէյ խմել: Յետոյ նրանք աներեսաբար ստիպում են գնել տարատեսակ մանրուքներ` հուլունքներ, գունաւոր գուլպաներ, ձեռագործ տիկնիկներ եւ հնացած քաղցրաւենիք:

Արարատի ամենաբարձր գագաթը յայտնուեց մեր առաջ արեւի առաջին շողերի հետ: Գագաթը փայլում էր եւ կայծկլտում: Հէնց առաջին քայլերս դրեցի սառոյցի վրայ, հասկացայ, որ հասնում եմ եւ հեկեկացի: Սառոյցը փխրուն էր: Ես առաջին անգամ էի հեկեկում հիացմունքից: Եւ դա իսկապէս անկեղծ էր: Մերոնցից առաջինը հասայ բարձունքին: Միանգամից չհասկացայ դա: Աչքիս առաջ շքեղ տեսարան էր բացուել: Կողքը մի գագաթ էլ կար, աւելի հեռու` Փոքր Արարատն էր:

Ֆրանսացիներին ուղեկցող պեխաւոր մարդուն հարցրի` ցոյց տալով դէպի մօտակայ գագաթը ձգուող հետքերը.
– Եր՞բ կը գնանք այնտեղ:
– Ինչու՞: Այնտեղ պէտք չէ: Մենք ձեզ չենք թողնի: Այնտեղ Հայաստանն է, այնտեղ` Իրանը, այնտեղ` Նախիջեւանը, իսկ այստեղ` մենք: Սա ամենաբարձր կէտն է: Քըր-տըս-տա՜ն, Քըր-տըս-տա՜ն,- գոռաց նա` ձեռքերը վերեւ բարձրացնելով:
Երեւանի վրայ բացուող տեսարանը փակել էր երկար սառցէ «հովարը»: Ես չտեսայ քաղաքը: Ուստի զգացողութիւն մնաց, որ սարը, որը ամէն օր տեսնում եմ մեր երեւանեան բնակարանից, դեռ նուաճուած չէ…
Լուսանկարները`
ԱՐՍԷՆ ԹՈՒՄԱՍԵԱՆԻ
aztagdaily.com/archives/451289





