ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը սկսում են. ոչ միայն Թուրքիա
28.08.2019 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Հայաստանի վարչապետի Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հանդիպումների շարքում հայկական թեմաներից եւ ձեւաչափերից դուրս առանձնակի ուշադրության է արժանի Կիպրոսի եւ Հունաստանի ոլորտային գործընկերների հետ հանդիպումը: Երեք երկրների սփյուռքի հարցերի պաշտոնյաները քննարկել են հայկական, հունական, կիպրական սփյուռքի մակարդակում գործակցությունը սերտացնելու ուղղությամբ աշխատանքի մասին:
Քննարկումները տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ նախաձեռնության ձեւաչափի համատեքստում, որի սկիզբն ամիսներ առաջ դրվեց Հայաստանի արտգործնախարարի Կիպրոս կատարած այցով: Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Երեւանը նախաձեռնում է երեք երկրների գործակցության ձեւաչափ: Կիպրոսում արտգործնախարարների մակարդակի հանդիպմանը հաջորդեց տեղեկությունը, որ եռակողմ ձեւաչափի առաջին Վեհաժողովը պլանավորվում է 2020 թվականի հունվարին Երեւանում:
Եռակողմ ձեւաչափը դիտարկվում է որպես Թուրքիայի ներկայիս քաղաքականության հակազդման նոր միջոց, եւ Անկարան անկասկած զգացել է այն, ինչն արտահայտվեց նախաձեռնության մասին հայտարարություններին Անկարայից եկող ցավագին ու նյարդային հայտարարություններով, մասնավորապես «Ստամբուլ-Կոնստանդնուպոլիս» թեմայով: Հայ-կիպրական-հունական նախաձեռնության տողատակում Թուրքիան անգամ «մեջքով զգում» է այդ խնդիրը:
Միաժամանակ սակայն, եռակողմ ֆորմատն այսպես ասած «հակաթուրքական» ծիրում դիտարկելը կնշանակի էապես նվազեցնել այդ ձեւաչափի ներուժը:
Ֆորմատը ունի միջազգային նշանակության քաղաքական նախագծի վերածվելու շոշափելի հեռանկար: Երեք երկրներն ունեն պատմա-քաղաքակրթական եւ նաեւ շոշափելի քաղաքական ռեսուրս՝ համաշխարհային քաղաքական ասպարեզում սեփական խոսքի եւ դերի ձեւակերպման ու ընդլայնման համար, այդպիսով հետաքրքիր քաղաքական առաջարկներ փաթեթավորելով համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների համար:
Առավել եւս, որ այդ քաղաքականությունը գտնվում է նոր աշխարհակարգի եւ միջազգային հարաբերությունների նոր եւ առավել արդյունավետ ձեւաչափերի որոնման փուլում, եւ այստեղ առանցքային են դառնում խորքային, քաղաքակրթական բաղադրիչները, որոնց վրա պետք է կառուցվեն նոր հարաբերությունները: Այդ իմաստով հատկանշական է, որ նոր աշխարհակարգի որոնման գործընթացը բավականին ցավագին դրսեւորումներ է ստանում հենց աշխարհակարգային քաղաքակրթական կետերում:
Հատկանշական է, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռյակը քննարկում է ոչ միայն միջպետական, այլ նաեւ սփյուռքյան գործակցության հնարավորությունները, հաշվի առնելով հենց այն իրողությունները, որ ներկայումս ծավալվում են աշխարհում եւ որոնք բնականաբար չեն կարող պարփակվել լոկ պետական սահմաններում եւ ֆորմատներում: Արժեհամակարգային-քաղաքակրթական, պատմա-հոգեբանական բազան եռակողմ նախաձեռնության խորքային ռեսուրս եւ ուժ է, որը բացելու համար անշուշտ անհրաժեշտ է «բացել պետական սահմանները» եւ ընդգրկել երեքի ամբողջ ներուժը՝ ձեւաչափի աշխարհաքաղաքական արժեհամակարգային նախաձեռնողականությունը բարձր նոտայի վրա պահելու համար:
Այդ իմաստով, մինչեւ երեւանյան համաժողով պետք է ձեւակերպել շատ կոնկրետ գաղափարներ, Երեւանում դրանց առարկայական տեսք տալու եւ առնվազն որեւէ գործընթացով մեկնարկ տալու համար:
lragir.am/2019/08/28/470567/