ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ – Բաքուն Դժգոհ Է. Երեւանը Սկսում Է Պաշար Կուտակել
30 ՕԳՈՍՏՈՍ 2019 – ԿԻԶԱԿԷՏ – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հայաստանի իշխանութիւնը պէտք է կողմնորոշուի՝ խաղաղութիւ՞ն է ուզում, թէ իրավիճակի սրացում. Հայաստանում տեղի ունեցած դիւանագիտական ներկայացուցչութիւնների հաւաքի ընթացքում արտգործնախարարի եւ վարչապետի ելոյթներին արձագանքելով՝ յայտարարել է պաշտօնական Բաքուն: Բաքուն յայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպուի ներկայիս ստատուս-քուոյի (հաստատուած իրավիճակի-Խմբ.) հետ, եւ համբերութիւնն անսպառ չէ:
Ադրբեջանցիներին մշտապէս «բարկացրել» է Երեւանից հնչող որեւէ համարժէք յայտարարութիւն՝ թէ՛ յեղափոխութիւնից առաջ, թէ՛ յեղափոխութիւնից յետոյ: Ընդ որում, յեղափոխութիւնից յետոյ այդ յայտարարութիւնների թէ՛ որակը, թէ՛ յաճախականութիւնը բաւականին աւելացել են, միաժամանակ էապէս բարձրանում են սահմանուող նշաձողերը: Դրա վկայութիւնն են մարտի 12ին եւ Օգոստոսի 5ին Ստեփանակերտում տարբեր ձեւաչափերով պատմական ելոյթները, որ ունեցել է Հայաստանի վարչապետը: Դրանք սահմանում են Արցախեան հարցում քաղաքական պատասխանատուութեան բարձր նշաձող, որի շրջանակում էին նաեւ Երեւանում նախօրէին տեղի ունեցած դիւանագիտական հաւաքի ընթացքում հնչած ելոյթները:
Այդ իմաստով Երեւանի կողմնորոշումը յստակեցւում է՝ դա խաղաղութեան կողմնորոշումն է: Իսկ խաղաղութիւնը պահանջում է անցնող տարիների կամ բանակցային կոչուած ամբողջ գործընթացի տրամաբանութեան եւ բովանդակութեան շրջադարձ: Այդ բովանդակութիւնը եղել է նոր պատերազմի գեներատոր (յա-ռաջացնող-Խմբ.), ինչի վառ եւ ցաւալի վկայութիւնը Ադրբեջանի ապրիլեան ագրեսիան (յարձակումը-Խմբ.) էր՝ այն իմաստով, որ այդ ագրեսիան արժանացաւ հայկական բանակի հուժկու հակահարուածին, սակայն չարժանացաւ միջազգային սկզբունքային մերժման: Որովհետեւ Բաքուն ագրեսիան կառուցել էր հէնց այն բանակցային գործընթացի վրայ, որ տեղի էր ունեցել մօտ քառորդ դար: Խնդիրն այն է, որ գործընթացի հիմքում եղել է հայկական կողմի յաղթանակի արդիւնքի շուրջ »սակարկութիւն«ը:
Հիմա Երեւանը յայտարարում է, որ բանակցութեան նպատակը պէտք է լինի յաղթանակի արդիւնքի պաշտպանութիւնը: Նիկոլ Փաշինեանն այդ մասին յայտարարել է Օգոստոսի 5ին Ստեփանակերտի հրապարակում: Խնդիրն այն չէ, որ մինչ թաւշեայ յեղափոխութիւնը Երեւանը չի փորձել պաշտպանել այդ արդիւնքը: Սակայն բուն խնդիրն այն է, որ փորձը եղել է, այսպէս ասած, »երկդիմիութեան« տրամաբանութեան մէջ՝ բանակցային առարկան եղել է «փոխզիջում»ը, ինչն այլ բան չէ, քան պարզապէս յաղթանակի արդիւնքի շուրջ սակարկութիւն, իսկ ներսում հարցադրումներին պատասխան է տրուել, թէ իրականում այդպէս խօսում են, բայց ոչինչ էլ չեն յանձնելու:
Իհարկէ, մի կողմ թողնենք ապրիլեան քառօրեայի վերաբերեալ տարբեր վարկածները, դա առանձին թեմա է, նաեւ զգալիօրէն մանիպուլացուող (ձեռնավարուող, խարդախութեամբ-Խմբ.) թեմա: Ի վերջոյ, Ստեփանակերտում Փաշինեանն էլ յայտարարեց, որ «յանձնելու» մեղադրանքներից պէտք է անցնել՝ անցեալով, ներկայով ու ապագայով:
Խնդիրն այստեղ այն է, որ իրականում »երկդիմի« քաղաքականութիւնը՝ միջազգային մակարդակում արդիւնքի »սակարկութիւն« անելը, համոզուածութեամբ, որ հնարաւոր է խորամանկել եւ տարբեր պատճառներից եւ առիթներից օգտուելով միշտ խուսափել սակարկութեան իրականացման իրաւապայմանագրային ակտից (արարք-Խմբ.), փաստարկային առումով ծանրացնում է Բաքուի, ոչ թէ Հայաստանի պաշարը: Ապրիլին Բաքուն սպառեց այդ կուտակած պաշարը ապարդիւն՝ հայկական բանակի հերոսութեան եւ հանրութեան կամաւորական ջանքի շնորհիւ: Բայց եթէ չի փոխւում հայկական քաղաքականութեան տրամաբանութիւնը, պաշարը դարձեալ շարունակելու է կուտակուել Բաքուի կողմում՝ այդպիսով կուտակելով նոր պատերազմի լիցքեր:
Այդ իմաստով թաւշեայ յեղափոխութիւնը Երեւանի համար շրջադարձի հնարաւորութիւն է, ինչն ակնյայտօրէն փորձ է արւում օգտագործել՝ 25ամեայ »երկդիմի սակարկութեան« մարտավարութիւնից պարզապէս շահի ու յաղթանակի համար պատասխանատուութեան ուղիղ քաղաքականութեան ռեժիմ դուրս գալու համար:
Բաքուի դժգոհութիւնը հասկանալի է, որովհետեւ այդ պարագայում չափազանց բարդանում է նոր պատերազմի պաշար կուտակելը՝ բոլոր առումներով, եւ յաղթանակի ու խաղաղութեան պահպանման պաշար սկսում է կուտակել Երեւանը: Իհարկէ, այդ գործընթացը դեռեւս կ՛անցնի բաւականին բարդ ներքին ու արտաքին փուլերով: Սակայն հակառակ պարագան ամենեւին չի խոստանում աւելի դիւրին իրավիճակներ, այլ հակառակը:
«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»
asbarez.com/arm/353669/Բաքուն-Դժգոհ-Է-Երեւանը-Սկսում-Է-Պաշար-Կ/