Խոսում են եշիլգյուղցի հայերը – և Բեյքենթ համալսարանի հետազոտող Զեյնեփ Բայքալն

Խոսում են եշիլգյուղցի հայերը – և Բեյքենթ համալսարանի հետազոտող Զեյնեփ Բայքալն

19 ՅՈՒՆՈՒԱՐ 2015 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոկտորանտ և Բեյքենթ համալսարանի հետազոտող Զեյնեփ Բայքալն իր մագիստրոսական աշխատանքը կատարել է պոլսահայերի ինքնության ձևավորման և այս գործընթացի վրա ազդած դինամիկայի և եշիլգյուղցի հայերի առանձնահատկության վերաբերյալ: Իր աշխատության մեջ Բայքալը, դիտարկելով այս ինքնության ձևավորման վրա պատմական անցյալի, առօրյա հարաբերությունների և ազգ-պետություն հարաբերությունների թողած ազդեցությունը, նշում է, որ համայնքում բազմաշերտ հայկական ինքնությունը վերակառուցվում է, սակայն սա նոր ինքնության կառուցում չէ: Գոնե եշիլգյուղցի հայերի համար:

Զ. Բայքալն իր ուսումնասիրության շրջանակում հարցազրույց է ունեցել 28-72 տարեկան 24 հոգու հետ (միջին և միջինից բարձր դասի հոգևորականներ, ազատ մասնագիտություն ունեցող անձինք, տնային տնտեսուհիներ, ուսուցիչներ, լրագրողներ և կազմակերպությունների ղեկավարներ):

Բայքալն ասում է, որ Եշիլգյուղը, որտեղ միասին ապրում են հայերը, թուրքերը, հույները, հրեաներն ու նաև քիչ թվով լևանտացիներ, այս առումով ապաստան է. «Ստամբուլում այն վայրերը, որտեղ հայը կարող է ապրել, կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա: Հայերը երկար ժամանակ է ապրում են Եշիլգյուղում, և այստեղի եկեղեցու և դպրոցի գոյության շնորհիվ նրանց կյանքը հանգիստ է: Միևնույն ժամանակ այս թաղամասը գծում է պատկանելության սահման: Թեև ոչ առաջնային, սակայն իրենց կարող են ներկայացնել եշիլգյուղցի»:

Երկրորդ հայրենիք

Ինչպես նշում է Բայքալը, Պոլսում այն թաղամասերը, որտեղ կարող են ապրել հայերը, շատ սահմանափակ են: Նման իրավիճակում հայերն իրենց բնորոշում են թաղամասերով, հետևաբար՝ ոչ միայն եշիլգյուղցիներ, այլև՝ քուրթուլուշցիներ, բաքըրգյուղցիներ, սամաթիացիներ, սակայն գիտենք, որ այս թաղամասերը, որտեղ ծնվել-մեծացել են, չեն պատասխանում «ծագումով որտեղացի ես» հարցին: Եշիլգյուղցիների մեծ մասը, ում հետ հարցզարույց է անցկացվել, Պոլիս է գաղթել Անատոլիայից (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.), Կեսարիայից, Սվազից և Մալաթիայից: Այս քաղաքները նրանց համար դեռևս հայրենիք են: Բայքալն ասում է, որ «անատոլիացի լինելը նրանց համար նշանակում է մնալ մաքուր և անբիծ, շարունակել իրենց ավնդույթները: Հետաքրքիրն այն է, որ նրանց պոլսեցի երեխաների համար ևս «հայրենիքը» առանձնահատուկ տեղ ունի. «Մարդիկ, որոնց հետ հարցազրույց է անցկացվել, իրենց կոլեկտիվ անցյալը, պատմությունը նույնացնում են Անատոլիայի այն քաղաքների հետ, որտեղից սերում են իրենց ընտանիքները: Անգամ ամենաերիտասարդ անձինք, ումից հարցազրույց եմ վերցրել, Անատոլիան ներկայացնում են որպես մի վայր, որտեղ ապրում են երջանիկ, խաղաղ, գեղեցիկ հուշերով, որը պատսպարված է գեղեցիկ բնությամբ, և որտեղ գտնվում են իրենց պապերի գերեզմանները: Նրանք շեշտում են, որ հայկական մշակույթն այդտեղ է ծնվել և հանդիսանում է Անատոլիայի մշակույթի մի մասնիկը»»:

Բայքալը նշում է, որ ինքնության ձևավորման մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անատոլիականության շեշտադրումը. «Ստամբուլը, որը ինչ որ իմաստով «ապաստարանի» նշանակություն ունի, ընկալվում է «երկրորդ հայրենիք, որտեղ փորձել են արմատախիլ եղած վիճակում հաստատվել»»:

Բայքալին հարցնում եմ, թե այս համատեքստում որտեղ է գտնվում 1915 թվականը: Ի պատասխան՝ ասում է. «1915 թվականը Անատոլիայի հետ նույնականացվող կոլեկտիվ տրավմա է նշանակում: Կարելի է ասել, որ թեև հանդիպածս մարդկանց մոտ 1915 թ. ցավերի վերաբերյալ ընդհանուր լռություն և հիասթափություն է տիրում, այս տրավման «անձնազոհության» պատճառ չի դարձել, մեծամասնության համար անցյալի և ապագայի միջև և ինքնութան շարունակության մեջ մեծ դադար չի առաջացրել:

Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ հայերն այս վերքը թարմացնելու փոխարեն նախընտրում են ծածկել, փակել: Ասում են, որ «նոր ապագա կառուցելու համար» պետք է այս թեմաների վերաբերյալ այլևս չխոսել, «երկու հասարակության միջև էլ անցյալից եկած ցավ կա», նրանք, ովքեր կարողացել են գնալ Անատոլիայից, «երկրներում, որտեղ հաստատվել են, կաողացել են թղթին հանձնել իրենց ցավը», սակայն չպետք է այսօր այդ ցավի մասին կարդալով՝ հակառակ կողմի անդեպ թշնամանք տածել, անցյալը պեռք է անցյալում թողնել: Ոմանք էլ ասում են, որ 1915 թվականը պետք է «օբեկտիվ արժևորել և միմյանց հասկանալ»: Հարցազրույցի մասնակցածների մեծ մասը միաժամանակ շատ խիստ է համարում սփյուռքի քաղաքականությանը:

«Փոքրամասնության» անհանգստություն

Հարցնում եմ, թե հարուստ եշիլգյուղցի հայերը, որոնց մեծ մասն ապաքաղաքական է, մի մասին էլ կարելի է բնութագրել որպես «սպիտակ թուրք», փոփոխվող Թուրքիայում իրենց համար ինչպիսի՞ տեղ են առանձնացնում. «Սպիտակ թուրք լինելու հանգամանքը նրանց հեռացնում է հայ համայնքից: Կարողանում են դուրս գալ էթնոքաղաքական ինքնությունից: Երիտասարդների մոտ նկատվում է սովորական դարձած հայկական ինքնությունից ազտվելու վիճակ: Կրկին, ի տարբերություն տարեցների, երիտասարդները հանգիստ կարողանում են ասել, որ հայ են, անգամ քաղականությանը վերաբերող հարցերին են ավելի բացահայտ պատասխան տալիս: Իսկ մեծամասնություն կազմող տարեցների խումբը, որի անդամների թիվը շատ ավելին է, քան ես սպասում էի, շարունակում է ծպտված մնալ:

Բայքալի նշած այս խմբի ծպտյալ անդամները նախընտրում են էթնիկ ինքնության փոխարեն իրենց ներկայացնել քրիստոնյայի ինքնութամբ: Պարադոքսալ ձևով կրոնի միջոցով իրենց ինքնությունն արտահայտող մարդիկ «cemaat (համայնք)» բառի փոխարեն, որը կրոնի հետ է նույնացվում, նախընտրում են օգտագործել «toplum», «millet» (հայերեն- հասարակություն, համայնք, ազգ) բառերը:

Իրենց հայ և/կամ քրիստոնյա բնորոշողների հետ կան նաև իրենց թուրքիացի, անատոլիացի, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի բնորոշողներ: Բոլորի համար ընդհանուր հատման կետ է հանդիսանում «փոքրամասնություն» բառի պատճառած անհանգստությունը: Կան մարդիկ, ում այս բառի կիրառությունն անհանգստություն է պատճառում, քանի որ իրենց համարում են այս երկրի հիմնական տարր, իսկ ոմանք խուսափում են այս բառից, քանի որ փոքրամասնություն լինել՝ ասել է թե՝ ոչ մի իշխանություն չունենալ… Իսկ Բայքալի կարծիքով սա բացատրվում է հանրապետության ողջ պատմության ընթացքում կիրառված խտրական քաղաքականությամբ:

Եկեղեցի

Բայքալը նշում է, որ հաճախ քրիստոնեությունը շատ ավելին է, քան կրոնը. «Ազգագրագետ Էնթոնի Սմիթը նշում է, որ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն իրեն միայնակ և անտեր էր զգում, կրոնը հանգստություն և ազգային հպարտություն է ներշնչել հայերին: Թեև ցրվել են աշխարհով մեկ, սակայն կրոնը նրանց միավորելու գործառույթ է կատարել»: Այս առումով հարցազրույցի ժամանակ մարդկանց պատմություններում կարևոր տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայերը և առաջինը հայերն են հանդիպել դժվարությւնների: Շատ հաճախ հանդիպել եմ այնպիսի պատմությունների, որտեղ շեշտում էին , որ շնորհիվ կրոնի և լեզվի՝ հայ համայնքը թեև ցրված է եղել աշխարհով մեկ, սակայն շարունակել է օգնել միմյանց և կապված լինել:

Հայերի համար եկեղեցին շատ ավելին է, քան կրոնական ծիսակարգը կատարելու վայրը: Այն ավել շատ խառնամուսնությունները կանխելու և համախմբվելու միջոց է: Բայքալը հայտնեց, որ հարցազրույց տված անձանցից ոմանք եկեղեցի են գնում, որպեսզի նեցուկ լինեն և ապահովեն համայնքի և իրենց էթնոկրոնական ինքնության շարունակականությունը: Մեջ բերենք ենք նրանցից մեկի խոսքը. «Եթե ուշադրություն եք դարձրել, հայկական դպրոցների կողքին միշտ եկեղեցի կա: Մենք միաժամանակ աշխարհում քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն ենք և հպարտ ենք դրանով: Լինենք հավատացյալ կամ ոչ, եկեղեցին մեր ինքնության պատկերում շատ կարևոր դեր ունի: Մեր աղջիկ և տղա երեխաները գիտեն, որ մի օր եկեղեցում ամուսնանալու են և ամեն ինչ անում են դրա համար: Կան եկեղեցիներ, որտեղ բոլորս մկրտվել, պսակադրվել ենք և ցանկանում ենք, որ մահանալուց հետո էլ թաղման արարողակարգը եկեղեցում կատարվի: Անգամ օտարի հետ ամուսնացած մեկի համար, օտար ասելով՝ նկատի ունեմ մուսուլման, ասում են՝ թրքացել է, մինչդեռ մեկը ազգություն է, մյուսը՝ կրոն, սակայն հայկականությունն ու քրիստնեությունն այնքան են միահյուսվել, որ հայից բացի մեկ ուրիշի հետ ամուսնանալու դեպքում դառնում է թուրք, այսինքն՝ մուսուլման»:

Բեռը կանանց ուսերին է

Բայքալը նշում է, թե նկատել է, որ եկեղեցին միավորող գործառույթի հետ մեկտեղ նաև սահմանափակող գործառույթ ունի: Բոլորս էլ գիտենք, որ Բայքալի՝ 24 հոգու հետ հարցազրույցի արդյունքում կատարած այս ճիշտ դիտարկումը հայ երիտասարդների ուսերին ծանրացած բեռ է: Հայ մշակույթը և համայնքը պահպանելու պատասխանատվությունը սև ամպի պես ծանրացել է մեր ուսերին: Բայքալի հարցազրույցներից պարզ է դառնում, որ այս իրավիճակը կանանց վրա շատ ավելի մեծ ճնշում է գործադրում. «Ինչքանով որ ականատես եղա նաև հայկական համայնքում, ինքնությունը պահպանելու պարտքը կանաց համար մեծ բեռ է: Հայկականությունը, մշակույթը և լեզուն երեխաներին փոխանցողը նրանք են և այս բեռան տակ կքում են: Ամուսնությունն այս առումով բանալու նշանակություն ունի: Սրան ստորադասվում է այդ խառնամուսնության և դրա արդյունքում համայնքի թիվը նվազելու վախը:

Հարցազրույց տված անձանցից մեկը խառնամուսնությւնների վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն արեց. «Եթե նայենք մեր ինքնության տեսանկյունից, ապա մեր ամենացավոտ տեղն է: Արդյոք կարո՞ղ եմ դատապարտել մեկին, ով ամուսնացել է ոչ հայի հետ կամ նրան որևէ ձևով կարո՞ղ եմ չնկատել: Ո՛չ: Ինչպես ասացի, եթե երկու երիտասարդ սիրում են իրար, ապա որևէ բան չենք կարող անել: Այլևս անելիք չունենք, ցավալի՞ է, շատ ցավալի է»:

Համայնքում ամենաշատ քննարկվող հարցերից է նաև լեզվի շարունակականության և արևմտահայերենի ապագայի խնդիրը: Երիտասարդներն ավելի պրագմատիկ են մոտենում և կարծում են, որ իրենց կարիերայում արևմտահայերենը որևէ օգուտ չի տա: Ընտանիքները, որոնք իրենց երեխաների դաստիարակության հարցում ևս այդ կերպ են մտածում, նախընտրում են երեխաներին չուղարկել հայկական դպրոց: Սակայն Բայքալը նշում է, որ եշիլգյուղցիներն իրենց տներում վարձում են հատկապես հայաստանցի տնտեսվարներ. «Հատկապես այս նախընտրության պատճառը դպրոցում չստացած հայերեն կրթությունը տանը շարունկելն է»: Բայքալը նաև հայտնում է, որ չնայած այս ամենին՝ չի նկատել, որ ընտանիքում հայերեն շատ խոսեն:

Իսկ ավագ սերունդը շարունակում է հայերեն խոսել, և միաձայն համաձայն է այն մտքին, թե մշակույթը չի կարող գոյատևել առանց լեզվի: Կարևորում են ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքը, հավատում են, որ հայոց այբուբենը ինքնության պահպանման գործում կարևոր դեր է կատարում, անգամ կանխում է ոչնչացման վտանգը. «Ըստ իս՝ այբուբենն ու լեզուն հայկական ինքնության հիմնաքարերն են: Այբուբենի շնորհիվ հայ համայնքը փրկվել է Հռոմեկան կայսրությունում ձուլումից: Եթե հզոր մշակույթ չունենայինք, այդ ժամանակ շատ հեշտ կարող էինք ձուլվել»:

Հարցը, որ, հավանաբար, պետք է սկզբում տայի, թողնում եմ վերջում: Լավ, իսկ երջանի՞կ են: «Հարցազրույց տված անձանցից մեկն ասաց, որ Ֆրանսիայի իր բարեկամներից մեկը փոխել է իր անունը, ինքը դա չի անի, կարիքը չի զգում: Շարունակաբար ասում էր, թե որքան է այստեղ երջանիկ, հանգիստ, խաղաղ: Շատ են նրանք, ովքեր շեշտում են, որ այստեղ երջանիկ և հանգիստ են»: Բայքալն այս ամենը կապում է եշիլգյուղիների սոցիալ-տնտեսկան իրավիճակի հետ. «Սրանք մարդիկ են, ովքեր Փակ շուկայում առևտուր են անում, գումար վաստակում, այնտեղի արհեստավորների հետ հարաբերությունները լավ են, Եշիլգյուղի պես հանգիստ վայրում գեղեցիկ տներ ունեն: Ինչու՞ աշխատավայրում «թարս» բառ ասեն և հարաբերությունները փչացնեն: Բացի այդ՝ միգուցե իրոք երջանիկ են»:

Բայքալն ասում է, որ Եշիլգյուղը, որտեղ միասին ապրում են հայեր, թուրքեր, հույներ, հրեաներ ու նաև քիչ թվով լևանտացիներ, այս առումով ապահով է:

Հանգիստ եմ, բայց…

Հայերը, ովքեր այս երկրի՝ նրանց համար գծած սահմաններում իրենց համար ստեղծում են երջանիկ կյանք և դրա շնորհիվ կարողանում են ասել՝ «հանգիստ եմ», ամեն դեպքում հասկանում են, բայց և այնպես հավասար քաղաքացի լինել չկարողանալն ինչ գին ունի: Թղթի վրա հնարավոր է, իսկ գործնականում շատ դժվար է: Ցավալի է, որ այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են պետական պաշտոնը կամ զինվորական աստիճանը, երազանքի նման մի բան է նրանց համար: Նաև հասարակության աչքի առաջ փորձառություն ձեռք բերած խտրականություն, արհամարհանք և նախապաշարումներ գոյություն ունի: Բայքալը ասում է, որ սրա պատճառով թաքցնում են իրենց էթնիկ ինքնությունը, անգամ «թուրքից ավելի մոլի թուրք են դառնում». «Այս կիրառումների արդյունքում լռությունը, լավ քաղաքացի լինելու շեշտադրումը, համայնքային հարաբերությունները և իրենց մշակույթը պահպանելու ջանքերով մի տեսակ ներամփոփ վիճակը ազգային պետության ներսում որպես փոքրամասնություն գոյություն ունենալու ռազմավարությունն է»:

Այս ռազմավարություններից ամենաուշագրավը պետությանը հավատարմությունն է: Եշիլգյուղցի զրուցակիցներիցս մեկը, ով հպարտանում էր, որ որպես «հավատարիմ ազգ» են հիշատակվում, ասում է. «Հայերն ամենահավատարիմն են, անգամ թուրքերից են հավատարիմ այս երկրին: Այս երկրի հայերը պատրաստ են ամենամեծ ներդրումն ունենալ այս երկրի համար, անգամ թուրքերից էլ մեծ ներդրում: Մենք շատ տարօրինակ ազգ ենք: Մեր ապրած երկրին շատ ավելին ենք կապվում, քան պետք է: Այդ երկրի համար շատ բան կանենք, սակայն մեր ձեռքում չէ»:

www.agos.com.tr/tr/yazi/10053/yesilkoylu-ermeniler-konusuyor

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net

akunq.net/am/?p=42683&

Facebooktwitterredditpinterestlinkedinmail