ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Մենք Միասին Ենք – Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետութեան հռչակման 28-րդ տարեդարձը

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ – Մենք Միասին Ենք – Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետութեան հռչակման 28-րդ տարեդարձը

01 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հռչակման 28-րդ տարեդարձը: Մարդկութեան պատմութեան համար այդ ժամանակահատուածը, անշուշտ, հազիւ մէկ ակնթարթ է: Բայց ինչպիսի՛ ակնթարթ… Պռնկեպռունկ լեցուն բաժակի պէս այն յագեցած է այնպիսի նշանակալի քաղաքական, իրաւական, ռազմական իրադարձութիւններով, որոնցից իւրաքանչիւրը, անկախ իր յաջող կամ ձախող աւարտից, ըստ էութեան, բախտորոշ է հայ ժողովրդի մի առանձին հատուածի` արցախահայութեան եւ ի դէմս նրա` համայն հայ հանրութեան համար:

Քսաներորդ դարավերջի այդ շրջանը, երեւի թէ Աստծոյ կամօք, իւրատեսակ աստեղային ժամի նշանակութիւն էր ստացել աշխարհասփիւռ հայ ժողովրդի համար` հայոց պետականութեան վերահաստատման եւ հարեւանների միջեւ կամայականօրէն բաժան-բաժան արուած ազգապատկան հողերի տունդարձի, մէկ յարկի ներքոյ դրանց ի մի բերելու կոչնակով ու երանելի հեռանկարով: Իսկ որ պատմական արդարութեան վերականգնման հայոց համազգային պայքարի` Հայ դատի, առաջնագիծն անցնում է Արցախ աշխարհով, ոչ մի հայ այլեւս, աշխարհի որ ծագում էլ նա ապրելիս լինի, այլեւս չի կասկածում:

Ուստի միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, որ ղարաբաղեան (արցախեան) շարժման առաջին իսկ օրերից առ այսօր ողջ հայ ժողովրդի սրտացաւ ու հոգատար ուշադրութիւնը սեւեռուած է Արցախի վրայ, քանզի այստեղ` Արցախում է վճռւում հայոց կորուսեալ բնաշխարհի` օտարի գերութեան մէջ յայտնուած Արեւմտեան Հայաստանի, Նախիջեւանի, Ջաւախքի, աջափնեայ Կուրի, հիւսիսային Արցախի ազատագրման ճակատագիրը: «Երբ ես եկայ Ղարաբաղ եւ ինձ հարցրին, թէ ինչի համար եմ ես դա արել, ասացի` եկել եմ Կարսն ազատագրեմ: Հայրս Կարսից է»: Այդպէս է մտածում եւ այդպէս ասել է առասպելական Կոմանտոսը` Արցախի հերոս, զօրավար-հազարապետ Արկադի Տէր Թադեւոսեանը: Յատկանշական է, որ նոյն կերպ մտածում ու վարւում էին եւ են բոլոր այն հայորդիք, որոնք մարտերի թոհուբոհում վտանգելով իրենց կեանքը` խիզախաբար ազատագրել ու պաշտպանել են Արցախը, այն հայորդիք, որոնք մշտապէս սատարել ու շարունակում են սատարել Արցախին` նիւթապէս, բարոյապէս, վստահաբար գիտակցելով, որ այն ինչ անում են Արցախի համար, փաստօրէն անում են նաեւ Վանի, Էրզրումի, Մուշի, Սասունի, Զէյթունի, մեր նախնեաց միւս այլ կորուսեալ բնակավայրերի ու հողերի ազատագրման համար: Ահա այսպիսին է Արցախեան ազգային-ազատագրական պայքարի բուն էութիւնը, եւ այսպիսին է այդ պայքարին զինուորագրուած, մայր հայրենիքում` Հայաստանում ապրող, ինչպէս նաեւ աշխարհով մէկ սփռուած, սակայն, անկախ բաժանարար պետական սահմաններից, փորձութեան պահին հեռուից հեռու անգամ մշտապէս միաբան հայի տեսակը, եւ հէնց այդ տեսակի մէջ է կուտակուած մեր համազգային ներուժը` հզօր, վիթխարի, անպարագիծ, հայակեդրոն, ազգապահպան:

Այնպէս որ, Արցախի Հանրապետութեան օրը սոսկ արցախեան տօն չէ: Փաստօրէն, ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների 1991թ. այդ օրը կայացած համատեղ նստաշրջանը, որին մասնակցում էին նաեւ` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորները, «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հռչակման մասին» ընդունած հռչակագրով հիմնովին ու արմատապէս փոխեց հայ ժողովրդի պատմութեան ընթացքը: Ուստի այն իրաւամբ համահայկական, համազգային է իր էութեամբ ու նշանակութեամբ` խորհրդանշելով ոչ միայն հայոց երկրորդ պետութեան վերածնունդը, այլեւ կոչնակելով ոչ հեռու, հնարաւոր է` տեսանելի ապագայում հայոց պատմական բնաշխարհի ամբողջական ազատագրման եւ ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի կերտման մեր նուիրական երազանքի իրականացման մեկնարկը:

Ինչ խօսք, Խորհրդային Ազրպէյճանից Արցախի փաստացի անկախութիւնը սկիզբ է առել մինչ այդ` 1988-ի փետրուարի 20-ին մարզային խորհրդի ընդունած նոյնպէս պատմական որոշմամբ: Բացի այդ, ԼՂԻՄ մարզային խորհուրդը, անդրադառնալով խնդրին, փաստօրէն, համարժէք որոշումներ է ընդունել նաեւ նոյն տարուայ յունիսի 21-ի եւ յուլիսի 12-ի իր նստաշրջաններում` իւրովի նախապատրաստելով 91-ի սեպտեմբերեան հռչակագրի ընդունման հրամայականը: Ընդ որում, թէ՛ 88-ի փետրուարին եւ թէ՛ 91-ի սեպտեմբերին, թէ՛ նաեւ նոյն թուականի դեկտեմբերին, երբ անկախութեան հանրաքուէ անցկացուեց Արցախում, ամէն անգամ էլ միանշանակ ահաբեկչական էր Ազրպէյճանի պատասխան պահուածքը: Թէկուզ հազիւ թէ Պաքւում նոյնպէս չիմանային ու չգիտակցէին, որ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը համակարգաստեղծ դրոյթներից է միջազգային մի ամբողջ շարք հիմնարար փաստաթղթերում: Ահա այդ փաստաթղթերից ընդամէնը մի քանիսը. ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, որ ստորագրուել է 1945թ. յունիսի 26-ին եւ ուժի մէջ մտել նոյն տարուայ հոկտեմբերի 24-ին, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, որ ընդունուել է 1948թ. դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխաւոր վեհաժողովի «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախութեան տրամադրման մասին հռչակագիրը», որ ընդունուել է 1960թ. դեկտեմբերի 14-ին, Տնտեսական, ընկերային եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը, որ ՄԱԿ-ի գլխաւոր վեհաժողովի կողմից ընդունուել է 1966թ. դեկտեմբերի 16-ին, ուժի մէջ մտել 1976-ի յունուարի 3-ին, Միջազգային իրաւունքի սկզբունքների մասին հռչակագիրը, որ ընդունուել է 1970թ. հոկտեմբերի 24-ին: Եւ ահա, փոխանակ անյապաղ ճանաչելու արցախահայութեան ինքնորոշման միանգամայն օրինական իրաւունքը եւ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, ինչը հրամայաբար պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, Ազրպէյճանն անմիջապէս ձեռնամուխ եղաւ ահաբեկչական գործողութիւնների` յանցագործութիւններ իրականացնելով աշխարհի եւ մարդկայնութեան դէմ` նախայարձակ պատերազմի ծրագրում, նախապատրաստում եւ վարում, քաղաքացիական բնակչութեան սպանութիւններ ու բնաջնջում, ազգային զտումներ Արցախի զաւթուած տարածքներում, ռազմագերիների սպանութիւններ ու դաժան վերաբերմունք նրանց նկատմամբ, խաղաղ բնակչութեան ռմբակոծումներ ու հրթիռակոծումներ, քաղաքների եւ գիւղերի դիտաւորեալ աւերում, մշակութային յուշարձանների ոչնչացում, ատելութեան քարոզում զանգուածային լրատուամիջոցներում եւ կրթութեան համակարգում: Ապացոյցներն առաւել քան շատ են եւ անառարկելի:

Վերյիշենք, նախ, 88-ի փետրուարի 20-ի որոշմանն ի պատասխան Աղտամ քաղաքից ազրպէյճանական հոծ խառնամբոխի աւերիչ քայլարշաւը դէպի Արցախ, որ կասեցուեց Ասկերան շրջկեդրոնի մատոյցներում: Ապա` խորհրդային կեդրոնի` Մոսկուայի թողտուութեամբ իրականացուած սումկայիթեան ոճրագործութիւնը քաղաքի շուրջ քսան հազար հայ բնակիչների նկատմամբ: Եւ քանի որ արիւնալի ջարդերը շարունակում էին անպատիժ մնալ, ուստի հայ ժողովրդի մի ստուար հատուածի` ազրպէյճանահայութեանն այդպիսով իսկ ահաբեկման ենթարկելու այդ եղանակն օրաւուր ընդլայնուեց եւ ներառեց նորանոր հայաբնակ քաղաքներ ու գիւղեր` վերածուելով պետականօրէն իրականացուող համատարած ցեղասպանութեան քաղաքականութեան: Թւում էր, թէ նախճիրի վերջին աքորտը հնչեց Պաքւում` 1990-ի յունուարին, երբ գազանաբարոյ ամբոխի զոհ դարձան հազարաւոր խաղաղ քաղաքացիներ` հիմնականում անպաշտպան ծերեր, կանայք ու երեխաներ: Սակայն պարզուեց, որ Պաքուն հայկական ջարդերի ամենեւին էլ վերջին աքորտը չէր. 1991թ. ապրիլի վերջերին սկիզբ առաւ եւ մինչեւ ամառ շարունակուեց արցախահայութեան հերթական ահաբեկումը` «Օղակ» գաղտնագրային անուանմամբ ռազմագործողութիւնը հիւսիսային Արցախում` Գետաշէնի ենթաշրջանում եւ ինքնավար մարզի հարաւում` Հադրութի ու Շուշիի շրջաններում: Եւ` դարձեալ Մոսկուայի, որոշակիօրէն` խորհրդային առաջնորդ Կորպաչովի թողտուութեամբ, աւելի՛ն, խորհրդային զօրքերի անմիջական մասնակցութեամբ, երբ խորհրդային զօրքերը սեղմ, անելանելի օղակի մէջ էին առնում հայկական բնակավայրերը, իսկ ազրպէյճանական յատուկ ջոկատայինները` թալանի ելած խառնամբոխի հետ միասին, ներխուժում էին գիւղեր` անպատմելի բռնութիւնների ենթարկելով բնակիչներին` առանց տարիքի ու սեռի խտրութեան: Եւ այդ կերպ հայաթափուեցին, ամայացան 24 հայկական գիւղեր, ինչի մասին Ազրպէյճանի առաջին նախագահ Այազ Մութալիպովը հպարտութեամբ պիտի պատմէր երկրի խորհրդարանին:

1991թ. աշնանից սկսած, Ազրպէյճանը, փաստօրէն, չյայտարարուած լայնածաւալ պատերազմ էր սանձազերծել իր անկախ պետականութիւնը հռչակած Արցախի եւ նրա ժողովրդի դէմ` կիրառելով իր ձեռքի տակ յայտնուած խորհրդային մեծաքանակ զէնքն ու զինամթերքը, մարտադաշտ նետելով նորաստեղծ ազգային բանակի զօրամասերը, ինչպէս նաեւ` օգտագործելով դեռեւս այդ հանրապետութեան տարածքում տեղակայուած խորհրդային զօրքերը: Եւ հէնց խորհրդային զօրքերի աջակցութեամբ է, որ 1992թ. ապրիլի 10-ին կատարուեց Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի հայ խաղաղ բնակչութեան սպանդը. բարբարոսութեան զոհ դարձան տասնեակ անպաշտպան ծերեր, կանայք ու երեխաներ, իսկ շատերի ճակատագիրն անյայտ է մնում առ այսօր:

Սակայն, չնայած հակառակորդի լայնածաւալ ու տարաբնոյթ ահաբեկումներին, որոնց դիմում էր Մոսկուա-Պաքու եղեռնագործ զոյգը, արցախցիները չերերացին ահ ու սարսափից` նախնեաց օրինակով կառչած մնալով մայր հողին ու ազատութեան գաղափարին, ամենայն գնով, անգամ կեանքի գնով պաշտպանելով անգնահատելին ու անփոխարինելին` հայրենի Արցախ աշխարհը:

Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը հակառակորդին առաջին սաստիչ հարուածը հասցրին Ստեփանակերտի Կրկժան արուարձանում` 1991թ. դեկտեմբերի վերջերից մինչեւ յաջորդ տարուայ յունուարի 20-ը լիովին վնասազերծելով այդտեղ տեղակայուած ազրպէյճանական ռազմական յենակէտերը:

Ազրպէյճանական բանակի ստորաբաժանումներին յաջորդ ազդու հարուածը հասցուեց Շուշիի շրջանի Քարինտակ գիւղի մերձակայքում, որտեղ գրեթէ գլխովին ոչնչացուեց գրոհի անցած ազրպէյճանական գումարտակը:

Երրորդը Ստեփանակերտից 7 քմ հեռաւորութեան վրայ գտնուող եւ հանրապետութեան մայրաքաղաքի ու շրջակայ հայկական բնակավայրերի համար պատուհաս դարձած Խոջալու ռազմական յենակէտի վնասազերծման ռազմագործողութիւնն էր 1992-ի փետրուարի 25-ից 26-ը:

Չորրորդ եւ անհամեմատ հուժկու հարուածն ազրպէյճանական զինուժին հասցուեց Շուշիում`1992 թուականի մայիսի 8-9, ինչի շնորհիւ Արցախի վաղեմի մշակութային-քաղաքական կեդրոն բերդաքաղաքն ամբողջութեամբ ազատագրուեց ու մաքրուեց թշնամու զօրքերից:

Շուշիին հետեւեց Լաչինի, ներկայիս` Բերձոր շրջկեդրոնի ազատագրման մայիսեան ռազմագործողութիւնը, ինչի շնորհիւ լիովին վերականգնուեց Հայաստանի հետ ցամաքային կապը` բացուեց «կեանքի ճանապարհը»:

Չնայած այլեւս փլուզուել, եւ եւս էր եղել խորհրդային կայսրապետութիւնը, սակայն խորհրդային, աւելի ճիշդ` այդուհետ արդէն ռուսական կարգավիճակ ունեցող զօրքերը դէ եւս տեղակայուած էին մնում Ազրպէյճանի տարածքում` յետխորհրդային այդ շրջանում նոյնպէս շարունակելով կոյր գործիքի իրենց դերակատարութիւնը Պաքուի ծաւալապաշտական նկրտումներում: Կիրովապատ-Գանձակում տեղակայուած ռուսական 4-րդ բանակի 2-րդ տիվիզիան, կաշառուած լինելով, փաստօրէն, լիովին անցել էր թուրքերի տրամադրութեան տակ: Եւ հէնց այդ տիվիզիայի առաջապահ մասնակցութեամբ է, որ Պաքուին յաջողուեց 1992-ի յունիսին իրականացնել հիւսիսային Արցախի մի հատուածի Շահումեանի շրջանի զաւթման ու հայաթափման ռազմագործողութիւնը, շրջան, որ, համաձայն սեպտեմբերի 2-ի հռչակագրի, մտնում էր նորահռչակ ԼՂՀ կազմի մէջ: Ականատեսների վկայութեամբ, շրջանի հայկական գիւղերը, նախ, զաւթում էին ռուսական տիվիզիայի զօրամասերը` օգտագործելով ծանր զինատեսակները` հրասայլերն ու զրահամեքենաները, ապա հայկական բնակավայրեր էին ներխուժում ազրպէյճանական ոստիկանութեան յատուկ ջոկատայինները եւ քաղաքացիական կողոպտիչների խաժամուժը` ռուս սպաների ու զինուորների ներկայութեամբ յօշոտելով ու սպաննելով փախչել չհասցրած բնակիչներին, թալանելով նրանց ինչքը:

Ռուսական զօրքերը, ի հարկէ, հետագայում ստիպուած էին հեռանալ Ազրպէյճանի տարածքից: Այդ էր պաշտօնական Պաքուի կամքը, քանզի, ինչպէս առածն է ասում. «Մաւրն արդէն կատարել է իր գործը, մաւրը կարող է հեռանալ»: Սակայն այն սեւ բիծը, որ թողել է առ այդ բարեկամ թուացեալ, բայց իրականում դաւաճանաբար հակահայ պահուածք որդեգրած ռուսական զինուժը սպանդից մազապուրծ շահումեանցիների սրտում, հազիւ թէ երբեւէ անհետանայ:

Չմանրամասնենք հետագայ ռազմաքաղաքական իրադարձութիւնները: Բաւարարուենք նշելով միայն, որ Արցախի դէմ Ազրպէյճանի զաւթողական պատերազմը, որ նա սանձազերծել էր 1991-1994թթ., եզրափակուեց Պաքուի խայտառակ պարտութեամբ եւ հրադադարի մասին Պիշկեքի մայիսեան, ապա եւ Մոսկուայի յուլիսեան համաձայնագրերով:

Ի հարկէ, եռակողմ` Հայաստանի, Արցախի եւ Ազրպէյճանի պաշտօնական ներկայացուցիչների ստորագրութեամբ այդ փաստաթղթերը Պաքուին երբեք չխոչընդոտեցին իր համար ցանկացած պահի խախտելու ձեռք բերուած բարձր մակարդակի պայմանաւորուածութիւնները: Չկարողանալով յաղթահարել պարտութիւն կրած կողմի հոգեբանութիւնը, առաւել եւս` մշտապէս տառապելով այդ բարդոյթով, Ազրպէյճանի իշխանութիւնները հետագայ բոլոր տարիներին, ընդհուպ առ այսօր, չեն հրաժարւում վրէժի դիմելու իրենց մտադրութիւնից` շփման գծի ողջ երկայնքով ամէնօրեայ հրաձգութիւնից մինչեւ տեղայնական բնոյթի մարտերը պարբերաբար փորձելով իրադրութիւնը փոքր ի շատէ շտկել իրենց օգտին, սակայն, հանդիպելով Արցախի Պաշտպանութեան բանակի հուժկու հակադարձմանը, ձախողւում են իրենց նկրտումներում:

Ինչպէս յայտնի է, ձախողման դատապարտուեց նաեւ 2016-ի ապրիլեան պատերազմը, որ Պաքուն ձեռնարկեց` ապաւինելով արդիական սպառազինութեամբ իր բանակի յագեցուածութեանը եւ կենդանի ուժի զգալի գերակշռութեանը: Ինչպէս ասում են` ամէն անգամ էլ նա յայտնւում ու շարունակում է մնալ նոյն կոտրած տաշտակի մօտ:

Ինչ խօսք, Ազրպէյճանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքը, մանաւանդ` դրա մեծ ու փոքր դրսեւորումները, Արցախին ստիպում է պետականութեան կառուցման եւ ամրապնդման համալիր գործընթացում առաջնահերթ ուշադրութիւն դարձնել Պաշտպանութեան բանակի մարտունակութեան բարձրացմանը եւ սպառազինութեան համալրմանը, ինչը, բնականաբար, վիթխարի նիւթական միջոցներ է կլանում` խոչընդոտելով տնտեսութեան բնականոն զարգացմանն ու բնակչութեան ընկերային պայմանների լիարժէք բարելաւմանը: Այնուամենայնիւ, արւում է այն, ինչ հնարաւոր է անել նման արտակարգ պայմաններում: Երկիրը, փաստօրէն, գրեթէ վերականգնել է պատերազմի պատճառով աւերուած տնտեսութիւնն ու քայքայուած ենթակառուցուածքները, իրագործւում են մեծ ու փոքր ծրագրեր, որոնք կոչուած են խթանելու ընկերային-տնտեսական առաջընթացը, հետզհետէ վերընթաց է ապրում հանրապետութեան վարկանիշը` հանրային կառավարման համակարգում իրականացուող բարեփոխումների, կենսագործունէութեան բոլոր ոլորտներում համընդունելի ժողովրդավարական կանոնների արմատաւորման շնորհիւ:

Յիշեցման կարգով կրկնեմ, որ ճանաչուած չլինելով աշխարհի կողմից, այսինքն` չունենալով միջազգային իրաւունքի տիրոջ կարգավիճակ, Արցախի Հանրապետութիւնը, այնուամենայնիւ, միակողմանիօրէն միացած է մի շարք միջազգային համաձայնագրերի: Խօսքը վերաբերում է տակաւին 2014թ. մարտին ընդունուած «ԼՂՀ Միջազգային պայմանագրերի մասին» օրէնքի հիմքով հաստատուած «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին համաձայնագիրը վաւերացնելու մասին», «Տնտեսական, ընկերային եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը վաւերացնելու մասին», «Եւրոպայի ճարտարապետական ժառանգութեան պաշտպանութեան մասին համաձայնագիրը վաւերացնելու մասին», «Հնագիտական ժառանգութեան պահպանութեան մասին եւրոպական համաձայնագիրը վաւերացնելու մասին» եւ այլ օրէնքների:

Միեւնոյն ժամանակ, Արցախի Հանրապետութիւնը մշտական ներկայացուցչութիւններ ունի աշխարհի մի շարք տարածաշրջաններում ու երկրներում, ինչպէս, օրինակ, Մերձաւոր Արեւելքում, Միացեալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսայում, Գերմանիայում, Աւստրալիայում: Հնարաւոր է` առաջիկայում մշտական ներկայացուցչութիւն ունենանք նաեւ Հարաւային Ամերիկայում:

Հետզհետէ ստուարանում են Արցախի միջխորհրրդարանական կապերը: Ի լրումն Հայաստանի հետ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի` կազմաւորուել են բարեկամական խմբեր եւ շրջանակներ Ֆրանսայի, Լիթվայի, Պելճիքայի վերջինիս կազմի մէջ մտնող Ֆլանտրիայի խորհրդարանների, ինչպէս նաեւ` Եւրոխորհրդարանի հետ:

Հայաստանի, ինչպէս նաեւ հայկական սփիւռքի լոպիիստական լայն աջակցութեան շնորհիւ` հետեւողկան ու յարաճուն զարգացում է ապրում Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը, որը տեղի է ունենում տարբեր պետութիւնների առանձին վարչական միաւորների` նահանգների, շրջանների եւ քաղաքների մակարդակներով:

Միով բանիւ, իր շարժման առաջին օրերից ի վեր իր օրինական իրաւունքների համար պայքարի ելած արցախահայութիւնը երբեք լքուած ու միայնակ չի զգացել իրեն:

Որպէս յուսալի ապաւէն` մեզ հետ է համայն հայոց մայր հայրենիքը` Հայաստանի Հանրապետութիւնը, իր հնարաւորութիւններն ու միջոցներն ի սպաս դնելով Արցախի զարգացմանը, առաւել եւս` հանդէս գալով որպէս նրա անվտանգութեան յուսալի երաշխաւոր:

Մշտապէս մեզ հետ է հայոց սփիւռքը` իր կարելիութիւնների սահմաններում, ինչո՞ւ չէ, նաեւ` աւելի չափով աջակից լինելով արցախահայութեանը, քաջ գիտակցելով, որ, կրկնում, շեշտում եմ, Հայ դատի առաջնագիծն անցնում է հէնց այստեղով` Արցախ աշխարհով:

Մեզ հետ են աշխարհի բոլոր այն առաջաւոր մարդիկ` քաղաքական ու պետական գործիչներ, օրէնսդիրներ, գիտնականներ, վերլուծաբաններ, մշակոյթի ու գրականութեան յայտնի դէմքեր, տարբեր երկրների բազմահազար շարքային քաղաքացիներ, որոնք պարբերաբար այցելում են Արցախ` անասելի հիացմունք ապրելով արցախցիների մարդկային լաւագոյն յատկանիշներով, մեր լեռնաշխարհի սքանչելի բնութեամբ, պատմամշակութային յուշարձանների անկրկնելի գեղեցկութեամբ:

Անկախ այն բանից, թէ նրանցից ո՛վ ներկայ կը գտնուի սեպտեմբերի 2-ի տօնական հանդիսութիւններին, համոզուած եմ` նրանք բոլորն էլ, թէկուզ հեռուից հեռու, թէկուզ մտովի կամ բարձրաձայն, ի սրտէ ողջունում ու շնորհաւորում են մեզ Արցախի Հանրապետութեան օրուայ, մեր ազգային-ազատագրական պայքարի այդ նշանակալի իրադարձութեան 28-րդ տարեդարձի առիթով:

Շնորհակալութի՛ւն, բարեկամնե՛ր: Ձեր վարձքը կատար: Մենք միասին ենք:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

aztagdaily.com/archives/451915

Facebooktwitterredditpinterestlinkedinmail