01 յունիս 2014
Հայկական դրօշակի գոյներն երկար քննարկումների եւ ներկայացրած առաջարկների լոյսի ներքոյ, որոշւել ու սահմանւել են, 1918 թւականին՝ մեր նորանկախ Հանրապետութեան խորհրդի (իմա՝ Հայաստանի առաջին խորհրդարանի) կողմից՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն գոյներով, եւ հակառակ հետագային հայ ժողովրդին վիճակւած ծանր ու դժնդակ ոչ-անկախ պայմաններին՝ տարիներ պահպանւել ու յարատեւել են հաստատուն ու աներեր, եւ ի վերջոյ ամրագրւել ու նւիրականացել են 1991 թւականին վերանկախացած Հայաստանի Սահմանադրութեամբ:
Վերջերս երբեմն ականջալուր ենք լինում մեր ազգային-պետական դրօշի մասին յօրինւած մի երգի՝ կարմիր, կապոյտ, ծիրանագոյն, որը կատարւում է քայլերգի ձեւով, եւ ոմանց կողմից ոգեւորւած կերպով:
Տասնամեակներ շարունակ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, ամրօրէն ու անխախտ պահպանւած արժէքը, ոչ միայն ի չիք է դառնում մէկ-երկու անհատների քմահաճ որոշմամբ, այլ այդ տխուր մտադրութիւնն ունեցող անձինք, օգտւելով խնդրին անտեղեակ նոր սերունդի առանձին ներկայացուցիչների հանգամանքից, փորձում են այն տարածել հասարակութեան շրջանակներում:
Այս նորաթուխ նորոյթը շատերի մօտ առաջացնում է դժգոհութիւն եւ արդար զայրոյթ, թէ ինչու տարիներ անընդմէջ հնչած եւ հարազատ դարձած նարնջագոյնը պիտի փոխել ծիրանագոյնի: Դերակատարները բացատրում են թէ՝ իբր ծիրանագոյն բառը հայկական ծագում ունի, իսկ նարնջագոյնը՝ ոչ:
Այժմ անդրադառնանք մեր դրօշի գոյները նոյնութեամբ պահելու անհրաժեշտութեան հարցին:
Հայկական դրօշակի գոյներն երկար քննարկումների եւ ներկայացրած առաջարկների լոյսի ներքոյ, որոշւել ու սահմանւել են, 1918 թւականին՝ մեր նորանկախ Հանրապետութեան խորհրդի (իմա՝ Հայաստանի առաջին խորհրդարանի) կողմից՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն գոյներով, եւ հակառակ հետագային հայ ժողովրդին վիճակւած ծանր ու դժնդակ ոչ-անկախ պայմաններին՝ տարիներ պահպանւել ու յարատեւել են հաստատուն ու աներեր, եւ ի վերջոյ ամրագրւել ու նւիրականացել են 1991 թւականին վերանկախացած Հայաստանի Սահմանադրութեամբ:
Թւում է՝ յիշեալ փաստարկները բաւարար հիմք պիտի հանդիսանային, մեզ առաջնորդելու եւ որեւէ փոփոխութեան փորձ չկատարելու Եռագոյն դրօշի գոյների անւանման նկատմամբ: Սակայն, ելնելով այն մտահոգութիւնից, որ խախտողներից ոմանք, հաւանաբար կարող է շարունակեն կանգնած մնալով իրենց դիրքերի վրայ, պնդել թէ՝ օրինակ ինչու պիտի սահմանափակւենք ու կաշկանդւենք 1918 թւականով, կամ իրենց քայլը անւանելով «բարեփոխում», ինչո՞ւ չի կարելի շրջանցել նաեւ Սահմանադրութիւնը:
Ուստի փորձեմ մանրամասնել:
«Ծիրանագոյն»-ի կողմնակիցները կարծելով, թէ ծիրանը հայկական ծագում ունեցող բառ է, իսկ նարինջը՝ օտար, առաջարկում են այդ փոփոխութիւնը:
Բառերի ծագումը ստուգելու համար, կարելի է դիմել համապատասխան բառարանների, ինչպէս Հրաչեայ Աճառեանի «Հայերէն արմատական բառարան»-ը եւ Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարան»-ը:
Նշւած երկու բառարանները վկայում են, որ ծիրանը թէպէտ համարւում է հայկական միրգ, բայց այդ բառը փոխառեալ է խալդերէնից: Հ. Աճառեանի բառարանում՝ ծիրան բառի դիմաց դրւած է աստղանիշ (*), որը բառարանի առաջաբանում բացատրւած է օտար փոխառեալ բառ. հետաքրքրական է, որ նաեւ նարինջ բառի դիմաց եւս օգտագործւած է նոյն աստղանիշը: Ուրեմն՝ յիշեալ երկու մրգերի անուններն օտար ծագում ունեն:
Անկախ այս հանգամանքից՝ ծիրանագոյնը «Արդի հայերէն բացատրական» բառարանում բացատրւած է դեղնագոյն, իսկ Ստ. Մալխասեանցը բացատրում է բաց դեղնագոյն: Խնդիր, որից զգուշացել եւ խուսափել են 1918 թւականին հայկական դրօշակի գոյներն որոշող պատասխանատուներն ու կանգ են առել նարնջագոյնի վրայ:
Եթէ մենք պիտի ընդունենք գոյների անունների հայերէն ծագման փաստը (ինչը պարզւեց, որ «ծիրանագոյն»-ը այդ փորձաքննութեանը չդիմացաւ), ուրեմն՝ պիտի նոյնանման մօտեցում ցուցաբերենք նաեւ Եռագոյնի միւս երկու գոյների նկատմամբ:
Փորձենք: «Կապոյտ» բառի արմատը հայերէն չէ, պարսկերէն է: Ասենք «լազո՞ւր», սա եւս պարսկերէն է. «մո՞վ», «մաւի՞», ըստ Մալխասեանցի բառարանի իտալերէն է, եւ տաճկերէնից (այսինքն թուրքերէնից է) անցել մեր բառացանկում: Աշոտ Սուքիասեանն իր «Հոմանիշների բառարան»-ում տալիս է նաեւ ուրիշ բառեր: Ուրեմն՝ թերեւս ընտրենք «երկնագոյն» բառը, որի արմատը, ըստ Հրաչեայ Աճառեանի հայերէն է:
«Կարմիր»-ը եւս իր արմատով հայկական չէ, պահլաւերէն է. օգտագործենք «ա՞լ»-ը, սա նոյնպէս հայերէն չէ, «բոսո՞ր»՝ եբրայերէն է: Այստեղ եւս հոմանիշների բառարանում կարելի է հանդիպել այլ բառերի, հետեւաբար երեւի ծանրանաք հայերէն «արիւնագոյն» բառի վրայ, (ասւում է նաեւ «արնագոյն», որի այս ձեւը հայոց լեզւի քերականական օրէնքներով ընդունւած չէ, որովհետեւ իւ երկհնչիւնը չի սղւում, չնայած կան բացառութիւններ, ինչպէս օրինակ մեծատաղանդ բանաստեղծ Եղիշէ Չարենցը գրել է. «Արնանման ծաղիկների ու վարդերի բոյրը վառման…»): Աւելի չծաւալւենք:
Ուրեմն՝ այս տրամաբանութեամբ երեւի մեր դրօշի գոյները պիտի անւանւեն՝ արիւնագոյն, երկնագոյն, եւ (ըստ ոմանց) ծիրանագոյն… եղա՞ւ, իհարկէ ոչ: Այսպիսով՝ յօնքը սարքելու փոխարէն՝ աչքը կը հանենք:
Աւելացնեմ նաեւ, որպէսզի մեր լեզւում այսքան ոչ-հայերէն ծագում ունեցող բառերի առկայութիւնը չդժգունի ու չմթագնի, յատկապէս, մեր դեռահաս սերնդի հոգին եւ յուսահատութեան շղարշը չպատի նրան, հարկ է բացատրել, որ այս երեւոյթն անբնական չէ, որ շատ նշանաւոր ու բարձր զարգացում ունեցող ազգերի մօտ աւելի տարածւած է այն: Օրինակ՝ ամենաստւարածաւալ բառարաններ ունեցող անգլերէն լեզւի բառացանկի չնչին մասն անգլերէն ծագում ունի:
Հին մշակոյթի ու բարձր գրականութեան տէր պարսկերէն բառերի զգալի մասն օտար բառերից է կազմւած:
Իրողութիւնն այսպէս է նաեւ շատ լեզուների պարագային: Իսկ հայերէնում առկայ օտար ծագում ունեցող բառերի տոկոսը շատերի համեմատութեամբ աւելի փոքր է, այն էլ դարեր շարունակ մեր ժողովրդի ազգային պետականութիւնից զրկւած լինելու պայմաններում: Յատկանշական է, որ մեր լեզւում օտար ծագում ունեցող շատ բառեր դարերի ընթացքում հայկականացւել եւ հայկական երանգ են ստացել:
Հանդիպել ենք անհատների, որոնց կարծիքով ծիրանագոյնն ոչ թէ պէտք է պատկերացնել ծիրան մրգի գոյնով, այլ հնում մեր արքաների եւ որոշ ազնւականների կողմից օգտագործւած «ծիրանի»-ն (հագուստ, կօշիկ):
Առաջին հերթին այս գոյնի երանգը մօտ է եղել կարմիր գոյնին: Ստ. Մալխասեանցի բացատրական բառարանում կարդում ենք՝ ԾԻՐԱՆԻ՝ կարմիր, արիւնի գոյնով կամ վարդագոյն, ծիրանի զգեստ եւ այլն, ապա կապոյտ, մաւի՝ ծիրանի ծով, ծիրանի ծուխ, նաեւ դեղին, բաց կամ մուգ, այնուհետեւ կանաչագոյն:
Մօտաւորապէս նոյն բացատրութիւններն են տալիս «Ժամանակակից հայերէն բացատրական բառարան»-ը եւ «Արդի հայերէնի բացատրական բառարան»-ը:
Կողմնակի խօսքն երկարեց:
Արդ, եկէք թոյլ չտանք, որ աւելի քան ինը տասնամեակ գուրգուրանքով պահպանւած եւ Սահմանադրութեամբ նւիրականացւած մեր Եռագոյնի անփոփոխելիութիւնը կասկածի տակ դրւի:
Թող մեր անկախութեան անայլայլ խորհրդանիշը մնայ անսասան եւ նրա գոյները՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն շարունակւեն յար:
Աւարտելով խօսքս, առաջարկում եմ մեր մատաղ սերնդի զաւակներին սովորեցնել Անդրանիկ Ծառուկեանի հետեւեալ բանաստեղծութեան տողերը.
Արիւնից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկւած կտոր մի կապոյտ,
Հասուն հասկերի շող նարնջագոյն
Եւ վեց դարերի խաւարի վրայ՝
Դրօշ Եռագոյն:
ՆՈՐԱՅՐ ԷԼՍԱՅԵԱՆ
Երեւան
alikonline.ir