Գուսան Հայկազուն ֊ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ՃԻՇՏ ՉԻ… Գուսան Հայկազուն

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ

Գուսան Հայկազուն ֊ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ՃԻՇՏ ՉԻ…

Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Արցախի կառավարությանը, խորհրդարանին և բոլոր պատկան մարմիններին։

Այսօր Արցախի անկախության օրն է և իմ փոքրիկ դստերս՝ Անահիտի ծննդյան 3 ամյակը։

Երազում էի Անահիտիս ծննդյան օրը նշել Ստեփանակերտում, ներկա լինելով նաև տոնական միջոցառումներին։

Ցավոք ֆինանսական վիճակս թույլ չտվեց դա կատարել։

Ես երբեք իմ արածների համար չեմ սպասել կամ պահանջել հատուցում, քանի որ ինչ արել ու անում եմ, անում եմ իմ ազգի, իմ երկրի համար։

Բայց այսօր ուզում եմ երկու խոսք ասել, սիրտս լցված է ուզում եմ թեթևանալ։

Ակտիվ մասնակից եմ եղել Արցախյան շարժմանը հենց առաջին օրվանից, մասնակցել պատերազմին Արտաշատի երկրապահի կազմում։

Գուսան Հայկազուն

1988թ մայիսի 17ին ծնվեց իմ առաջին “Հայեր Միացեք” երգը, որը կարճ ժամանակում դարձավ համազգային երգ՝ նպաստելով ողջ հայության համախմբմանը՝ դառնալով Արցախյան շարժման հիմն։

1990թ գրեցի Գետաշեն երգը, որն ամենաշատ կատարվող ու սիրված երգերից մեկն է։
1992թ ,երբ Արցախում ծանր էր վիճակը և թուրքն արդեն հասնում էր Գանձասար, պետք էր ոգևորել զինվորներին ու հայությանը, գրեցի Հպարտ գնացեք երգը “Ինչքան էլ որ դժվար լինի դիմացեք”։

Հերթով չթվեմ , կարծում եմ բոլորիդ ծանոթ են դրանք և արդեն 30 տարի է այդ երգերը հնչում են ամենուր ,ոգևորում հայությանը և որպես քայլերգեր կատարվում բանակում։

Ասում են լավ երգը պատերազմի դաշտում ծանր հրետանու դեր է կատարում ։

Ես կարողացա այդ ծանր տարիներին ոչ միայն անձամբ մասնակցել պատերազմին , այլ նաև ստեղծել իրոք ծանր հրետանուն համարժեք մի շարք երգեր։

Միայն Արցախին ու Արցախյան հերոսներին նվիրված ունեմ մի քանի տասնյակ երգեր, վերջին երգերից են նոր գրված ,, Լավ Իմացեք ,, , և ,, Յաշա Գարա ,, երգերը։

Այս տարիների ընթացքում իմ ,, Հայկազունք,, խմբով համերգներով հանդես եմ եկել բոլոր զորամասերում՝ տասնյակ օրերով քնել վրանների տակ։

Հենց այս պահին գրում եմ մի հզոր երգ ,որը ադրբեջանին կցնցի ներսից ու դրսից։
Ես վիրավորվում եմ, որ 30 տարի ոչ մի տոնական միջոցառման չեմ հրավիրվել, ինչու Շուշիում տոն է նշվում, երգվում է իմ Շուշի երգը, իսկ ես չկամ, ինչու…

Ինչ անուն տալ դրան՝ անտարբերություն, անուշադրություն թե դիտավորություն։
Սիրել, ընդունել իմ երգերը, բայց չսիրել , չընդունել հեղինակին։

Գուցե պատճառն այն է,որ ես բնավորությամբ մի քիչ ըմբոստ եմ ,ինչպես իմ երգերը, լավին լավ եմ ասում, վատին վատ, բայց չլինեի այդպիսին չէին ծնվի այդ երգերը։

Ինչպես ասում են անցած լինի…

Ես հայի այն տեսակն եմ, որ կարող եմ նեղանալ անհատներից, անձերից,բայց ոչ հայրենիքից ու իմ ժողովրդից։

Ժողովուրդն ինձ սիրում ու գնահատում է, կարևորը դա է։ Ես միշտ եղել եմ ու կլինեմ իմ ժողովրդի հետ, նրա կողքին՝ ունենալով իմ տեսակետը ցանկացած հարցում։

Վստահ եմ , ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շատ բան է փոխվում ու դեռ կփոխվի և ամեն բան կդրվի իր տեղը։

Գառնու ցիրուցան քարերն եմ հիշում,
Տաշած քարն իրոք գետնին չի մնում,
Վաղ թե ուշ արժան տեղում է դրվում,
Փոշին քամու հետ գալիս է գնում։

Տոնդ շնորհավոր իմ ժողովուրդ, իմ Արցախ,
Ծնունդդ շնորհավոր իմ Անահիտ ։

Գուսան Հայկազուն

www.facebook.com/RadioYAN/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail