ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 13)

Արեւմտահայերէն Լրատուական Կայք

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 13)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)

Կրպեի մայրը` տեր Քաջեի հարազատ քույրը, խորին հարգանքով ու գուրգուրանքով վերցնում է տղայի բեռը և սկսում խնամել նվաղած աղջկան:

Կես ժամ անց քաջերը ճամփա են ընկնում դեպի Սեմալ:

– Կրպե ուր վարձքն առավ, – ասում է Աստուրն, իր բեռը Սեմալ` միր Մարտեի տան հյուրասենյակում դնելով, – իմն լը թըխ սրբ Մըրթուկ ի տա…

Առավոտյան նահատակված կնոջ դին դրած է Սեմալի եկեղեցում: Տեր Քաջեն կատարում է հոգեհանգստյան արարողությունը: Թե եկեղեցու ներսում, թե բակում ասեղ գցելու տեղ չկա: Եկել են բոլոր հայկական գյուղերից: Այստեղ են նաև միրերն ու ռեսերը: Հոգեհացը տալիս է միր Մարտեն` Սեմալի իշխանն ու Կրպեի հայրը: Ժողովուրդը խորապես սգում է կնոջ մահը,կարծես հարյուր տարի ճանաչել են այդ կնոջը, հարյուր տարի դրացի են եղել…: Հացից հետո, ավանդության համաձայն, բոլորը մոտենում են միր Մարտեին, “Դուք ողջ լինիք, էնուր արև թըխ քեզ ու քո որդոց գա…” ասելով, սեղմում են ձեռքը, հեռանում:

Կրպեն թաղմանը ներկա չէ: Վերջին օրերի իրադարձությունները, գիշեր-ցերեկ խառնելը, սրի սայրին ման գալը հյուծել են տղային, նա խորը քնած է իրենց տան պարտեզում, կանաչ խոտերի մեջ:

Երկինքը կարծես պարզել է, արևն էլ բավականին բարձրացել է հորիզոնից, բայց մի տեսակ բարակ շղարշ է ծածկել սարերը, որոնց գագաթները դեռ միգապատ են:

Կրպեն քնում է մինչև կեսօր և արթնանում քաղցից: Ճլնքոտալով վեր է կենում, աչքերը տրորում, լվացվում աղբյուրի ջրով, շապկի թևով սրբում երեսն ու կանչում քրոջը:

– Էլմա, աղջիկ, Էլմա:
Դուրս է գալիս 14-15 տարեկան մի սիրունիկ աղջնակ: Էլման է:
– Ինչ է, եղբայր իմ….
– Անոթի եմ, մորս ասա` հաց սարքեք…
– Մայրս էն աղջկա մոտ է…
– Ինչ աղջկա…
– Էն սիրուն աղջկա, որ գիշերը բերիր…
– Լորեի… Ոնց է…
– Լավ է: Գիտես, աղբերիկս, նա խոմ հիվանդ չէ, մորը համար շատ է ծեծկվում… սիրտս կտրտվում է նայելով…
– Բա մայրս չի մխիթարում…
– Մխիթարում է, բայց ինչ օգուտ… Խեղճի սիրտը կոտրված է… Գիտես, ես ինչքան կլացեի, եթ մեր մորը մի բան պատահեր…
– Շատ մի խոսի, Էլմա, գնա մեծ հարսներից մեկին ասա, թող հաց դնեն…
Աղջիկը վազում է ներս:

Կրպեն նստած է սենյակում ցածր սեղանի առջև: Դեմը լի ամանով տաք թանապուր է, անալի պանրով կորեկ հաց: Դեռ ուտելը չի պրծել, երբ նորից գալիս է Էլման.

– Մայրս կանչում, է, աղբերիկ:
– Ուր է…
-Լորեի մոտ…

Կրպեն մտադիր չէ Լորեին տեսնելու. արածը մի մեծ բան չէր, հիմա աղջիկը պիտի երկար-բարակ իր երախտագիտությունը հայտնի: Բայց որ մայրը կանչում է, չգնալ չի կարող:

Տեր Քաջեի քույրը մի ամբողջ օր ու գիշեր է, չի հեռանում Լորեից, խնամում, մխիթարում, սփոփում է նրան:

Լորեն թեև դեռ չգիտի ստույգ, թե ինչ է պատահել մորը. մեռած է նա, թե կենդանի, բայց չի համարձակվում հարցնել: Միևնույն ժամանակ նա չի մոռանում նորից ու նորից հարցնել իրեն փրկող տղայի մասին:

-Ես նրան եմ պարտական իմ կյանքովս ու պատվովս, ուզում են տեսնել նրան… եթե նա չլիներ…

Կրպեի մայրը, դստերից լսելով նրա զարթնելը, պատվիրում է Էլմային կանչել եղբորը:

Կրպեն մտնում է սենյակ: Աղջկա դեմքին հաջորդաբար նկարվում են ուրախություն, զարմանք, հիացմունք: Նա մի քանի վայրկյան անթարթ նայում է տղայի երեսին, ապա կրկին սկսում հեկեկալ:

– Նա է, Աստված իմ, – ասում է նա, – իմ Վահանն է.…, հարություն է առել… Տեր իմ, ինչքան նման է…

Կրպեն էլ, իր հերթին, առաջին անգամ ցերեկվա լույսով տեսնելով աղջկան, հաճույքով նայում է նրա երեսին, հետո ամոթխած ժպիտով նստում դեմը:

Հուզմունքից աղջիկը մի րոպե մնում է քարացած:

Այ սա է քո փրկիչը, իմ Կրպեն, – ասում է նրան մայրը: – դու նրա հաղթանդամ լինելուն մի նայիր, դեռ քսան էլ չկա…

Մեր պարտքն էր, – ասում է Կրպեն, -ափսոս, որ մորդ չհասցրեցինք փրկել…

Աղջիկը մի պահ կարծես վերապրում է այն եղերական գիշերը:

Մայրս գերի մնաց, – ահաբեկ հարցնում է նա, չուզենալով ու վախենալով ճշմարտությունը լսելուց:

Ոչ, մարմինը բերինք, թաղեցինք պատվով…

Լորեն նորից սկսում է հեկեկալ: Մայր ու որդի համբերությամբ սպասում են, որ լա, սիրտը թեթևացնի:

Օրիորդ, – վերջապես ասում է նա, – լա` սիրտդ թեթևանա, բայց լացից օգուտ չկա: Մորդ գերեզմանից հետ չես բերի: Մենք նրան թաղել ենք առքով ու փառքով, որպես մեր տան անդամ, որպես մեր տան նահատակ: Դու ողջ լինես, նրա անունն ու արևը քեզ են անցել…

Աղջիկս, – ավելացնում է Կրպեի մայրը, – մի մտածիր, մի վախենա, դու մենակ չես, Կրպեի նման սարի պես պաշտպան ունես, ես քեզ մայր կլինեմ, Էլման` քույր: Էսօրվանից դու մեր տան մարդն ես, մեր տան անդամը…

Կինը դուրս է գալիս իր գործերով:

Կրպե, Կրպե ջան, – ասում է աղջիկը, – ես նրա վրեժը լուծելու եմ…

Նրա վրեժը ես կլուծեմ… Դու ապաքինվիր, Լորե, մնա մեր տանը ինչքան կուզենաս, հետո կտանեմ քեզ ձերոնց մոտ…

Մերոնք չկան, Կրպե…, Բայազեթն ավերված է, բոլորը սպանված… Ես անտուն եմ, ես անտեր եմ… – նորից սկսում է հեկելալ աղջիկը:

Ուրեմն, Լորե ջան, մեր տունը քո տունն է, մենք էլ քո ազգուտակը… ապրիր մեզ հետ…

Ես ոչինիչ ու ոչ ոք չունեմ, Կրպե, դուք եք իմ հույսս ու ապավենս… Աստված թող քեզ ամուսնուդ գլխից անպակաս պահի…

Ներս մտնող մայրը լսում է վերջին բառերը.

Ամուրի, է, ազապ է, այս աշնանը թե աստված քեզ պես մի սիրուն աղջիկ տա, կպսակենք…

Լորեն կաս-կարմրում է, մի պահ ձայնը կտրվում է, հետո դողդոջուն ձայնով ասում է.

Իհարկե…

Կրպեն ուզում է գնալ, բայց ինչ-որ մի անասելի բան ձգում է նրան, չի թողնում: Սիրտն ու հոգին մի անսովոր զգացում է լցվել…

Այդ միջոցին մայրը, համարելով, որ սփոփանքը իր գործն արել է և աղջիկը բավականին կազդուրվել է, սկսում է սեղան բանալ…

Facebooktwitterredditpinterestlinkedinmail