ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 14)
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)
Բերում է շարմաղ ալյուրով ու մեղրախառն խորիսխով առավոտյան թոնրի մեջ թխած գաթա, սեր, մեղր, մածուն ու պանիր…
Եկ, որդիս, նանդ մատաղ լինի քեզ, կեր աղջկա հետ, որ նա էլ չամաչի, քեզ հետ ուտի… Ես գնամ, տան գործերս մնաց…
Իմ մայրս էլ շատ բարի կին էր, – հառաչում է Լորեն: – Եթե նա լիներ ու դու մեր տուն գայիր, գիտես, ինչպես էր քեզ պատվելու…
Կեր, Լորե, մորս սիրտը չկոտրես… Մի քանի օրից, երբ էդ բաշիբոզուկներին վռնդենք, կգնամ Մուշ, քեզ համար շոր ու կոշիկ կբերեմ, մեր աղջիկների պես կհագնվես, էս քրդի ցնցոտիներով հո չեմ թողնի…
Ներս է ընկնում հուզված, այլայլված Էլման.
-Կրպե, ել հասի հավարին, զենքդ առ, Ամարի շներ Անտոքի վրա հարձակվեցին, Սրգե, Աստուր, Մկրո…. բոլորն այնտեղ գնացին, հասիր, միացիր նրանց…
Կրպեն տեղից վեր է ցատկում.
Գնա եղբայրներիս ասա, ես գալիս եմ… Դուք էլ պատրաստվեցեք հասնելու…
Էլման վազում է դուրս: Կրպեն անխռով մոտենում է Լորեին, ուզում է ինչ-որ բան ասել, որ երբեք ոչ մեկին չի ասել, հուզվում է, սիրտը տրոփում է ուժգին…
Պիտի գնաս, – աղջիկն էլ է վեր թռչում, – գնա, աստված մեզ հետ է… ես էլ կգամ մորդ ու քրոջդ հետ…. Բայց թե հանկարծ էլ իրար չհանդիպենք…
Աղջիկը պինդ գրկում ու համբուրում է Կրպեի ճակատը, հետո` իր արածից ամաչելով, պահում երեսը ափերի մեջ:
Հանկարծակիի եկած Կրպեն կարմրում է, հետո, իր հերթին նույն բնազդին ենթարկվելով, ինքն է գրկում ու համբուրում աղջկա ճակատը:
Եթե չմեռա, Լորե, դու մեր սրբ Մըրթուկի դշխուհին կլինես, սրբ Կարապետ ու Մշու դաշտի բոլոր սրբերը վկա…
Գնա, Կրպե ջան, ես քեզանից բացի ոչ ոք չունեմ աշխարհում, գնա ու հետ եկ…
Շեյխը վրանում սպասում է, որ Զեյնալը պիտի իր մոտ բերի մոր մահը տեսած Լորեին, ով այդ տեսարանից հնազանդ պիտի դառնա և բավարարի Ամարի ցանկությունները:
Երկար է սպասում: Չկան ոչ Զեյնալը, ոչ աղջիկը: Լույսը ծագելուց հետո հույսը կտրած Ամարը գլուխը հանում է վրանից, որի մուտքի մոտ դեռ անփույթ խռմփացնում են պահակները, զայրույթից կտրվող ձայնով գոռում.
Քնած եք, շան լեշեր…
Ես արթուն եմ, տեր իմ, – լսվում է մի ձայն:
Էդ դուն ես, Ֆեթուլլահ…
Էլ ով պիտի Ձեզ հսկեր… ես եմ իհարկե, բագրանցի բեյս…
-Արի ներս….
Ֆեթուլլահը կիսախավարի մեջ աննկատելի քմծիծաղով մտնում է վրանը:
Ամարը նստում է այծյամի մորթի վրա, դասավորվում, սպասում, որ Ֆեթուլլահը խոսի: Սա, հակառակ շեյխի ակնկալիքին, լուռ է:
Համբերությունը հատած շեյխը ինքն է սկսում.
Չգիտես, Զեյնալն ինչու չկա…
Գիտեմ, տեր, արդեն լսել եմ…
Պատմիր, շուտ…
Հիշում ես տվածդ հրամանը….
Իհարկե հիշում եմ… Ինչ է, չեն կատարել…
Զեյնալը փորձել է կատարել… Կինը սպանված է, բայց մի խումբ զինված հայեր հանկարծ հարձակվել են, սպանել քրդերին, Լորեին ու կնկա մարմինը փախցրել են, Զեյնալն էլ հազիվ է փախել…
Ո~նց թե Լորեին տարել են…
Այո, տեր իմ, տարել են… Ձեր կուրծքը կարոտ մնաց հայոց այդ վարդին…
Ովքեր են, ինչպես են հանդգնել…
Ովքեր լինելները չգիտեմ, ես` իմ վրանում, նրանք` Մհերի ձորի պռնկին… Եղածը հենց Զեյնալն է պատմել…
Ամարի դեմքը կատաղությունից այլայլվում է, ջղային կծկվում, նա սկսում է դես ու դեն վազել վրանի մեջ: Անկյունում կանգնած Ֆեթուլլահը գաղտագողի ժպտում է:
Ուրեմն ես, Բաղդադի ամիրապետության ժառանգ հաճի շեյխ Ամարը լինեմ ու իմ հարեմից կին փախցնեն… ով կհանդգներ հազարավոր բանակի միջից մի քաֆր առևանգել… Գտիր Զեյնալին, բեր մոտս…
Ֆեթուլլահը դուրս է գալիս, ներքին գոհունակությամբ լի: Ամարն ինքն իր հետ խոսելով սպասում է բեյերի գալուն:
Զեյնալը մտնում է ներս, բայց առաջ չի գալիս, հանցավորի պես գլխիկոր կանգնում է մի անկյունում: Մոտենում է Ֆեթուլլահը, ձեռքը սրի դաստապանին դրած.
Զեյնալ… Զեյնալ, քաֆրի շուն, ուր է Լորեն…
Տեր իմ, – կմկմում է նա, – մենք մեղք չունենք…
Այն ասա, թե ովքեր էին… ոչ մեկին չես ճանաչում…
Չէ, հաստատ չեմ ասի… մոտակա գյուղերի հայերը կլինեին, էլ ով…
Պատրաստ եղեք, էսօր հարձակվում ենք… Ես նրանց ցույց կտամ… բոլորին սրի եմ քաշելու…
Ֆեթուլլահը կարծես իսկական փռշտում է, որ թուրքերի կարծիքով բռնելիք գործի անհաջողության նշան է, ապա սելավեթ բերում.
Խեյր լինի, – քթի տակից անհամարձակ ասում է Զեյնալը:
Ողջ եղիր, – բարձրաձայն արձագանքում է Ֆեթուլլահը: – Շեյխ, գործը դյուրին չէ, սասնեցիք բայազեթցի չեն, սրանք մորթող գայլ են, մորթվող ոչխար չեն…
Ինչ, ինչ…
Ասում եմ, գործերս դժվար կլինեն… սասունցու կյանքի, պատվի, գույքի հետ խաղացողը էժան չի պրծնում… սասունցիք մեզ պես քաջ են, մեզանից զինավարժ… Նրանք աչքը հանողի զույգ աչքն են հանում, լեզուն վզակոթից են հանում… Նրանք առաջինը չեն սկսի, բայց որ ոտքի ելան, ահարկու են ու անխորտակելի… տե~ր իմ, հավատա, ես քո և մեր վատը չեմ ուզում…
Չլինի, Ֆեթուլլահ, քո մեջ էլ քաֆր հայի արյուն կա, որ այդպես պաշտպանում ես…
Իմ վրանի մեջ, իմ ծածկի տակ հյուր ես, շեյխ, հյուրընալի պատիվը ոտնատակ ես անում, – սառը և չոր պատասխանում է Ֆեթուլլահը: – Ի պատիվ իմ տան, իմ պատրիկի տան ներում եմ… որ ճշմարտությունը լսել չես ուզում:
Խորամանկ շուն, – քթի տակ փսփսում է շեյխը, կեղծ ժպտալով:
– Դու, տեր իմ, – շարունակում է Ֆեթուլլահը, – դու քո սրի բախտը այս ապառաժ լեռների կողերին չես փորձել… Փորձիր, եթե հանդգնես… դաշույնիցդ միայն դաստապանակդ կմնա ձեռքդ… Դու սասունցի հայերին չգիտես… սասունցի լեռնականը բայազեթցի քաղաքացին չէ… Սրանք մոր փորից զենքը ձեռքերին են ծնվում… Սրանք լացող չեն, սրանք բողազ պատռող են… Սրանք մի վերքի դիմաց հարյուրն են հասցնում, մի սպանվածի դիմաց` հայուրի կյանք խլում…Սրանք կկռվեն մինչև մահ, բայց ոչ իրենց, այլ այս լեռները մտած թշնամու մահը… Գիտցիր, սրանք կկռվեն միայն իրենց ու մեր` բագրանցիներիս պես` նահանջելիս հարվածելով, կեղծ փախուստ տալով… Լահորի սրի ճարակ կդարձնեն թշնամուն, աջ ու ահյակ շանթակոծելով կկոտորեն… Դու ինչ ես կարծում, սրանք, որ 2-3 հոգով քո հարեմից աղջիկ են փախցնում Զեյնալի պես աժդահա քաջի ու նրա հետ տաս քուրդ զինվորի ձեռից, երեքին սպանում, մյուսներին փախուստի մատնում, իսկ իրենք վիրավոր իսկ չեն թողնում, դու դրանց դեմ կարող ես կռվել… Եթե կարող ես, եթե այդքան անահ ես` կռվիր, բայց հետո չասես, թե ես չեմ զգուշացրել…
Զեյնալն ամոթից աչքը գետնից չի կտրում:
Այս ամենը դու ինձ ինչ մտքով ես ասում, – կատաղությամբ շչում է շեյխը:
Միթե քեզ համար պարզ չէ, տեր իմ, – արտաքուստ նորից հանդարտվում է Ֆեթուլլահը, – ես, որպես քո հավատարիմ ծառա ու հյուրընկալ, ուզում եմ հեռու պահել անխոհեմ քայլերից, ուզում եմ ճշմարտությունն իմանաս այս լեռների ու լեռնականների մասին… Սա Սասունն է, այն Սասունը, որ Զեյթունի պես միակն է աշխարհում, ուր 500 տարի է օսմանը դեռ իրապես չի տիրապետել, ուր նա մինչև հիմա վախենալով է մտնում… Դեմդ Սասունն է, հետևվդ` Մուշը, Խնուսը, Քիշմիշովը մի օրում այստեղ կհասնի… Ես` Տիգրանակերտի, Ճզիր-Բոթանի, Սասունի մեծագույն գագավառակների պետ, ասում եմ` զուր մի կոտորե քո հպատակ իսլամներին…
Ապա…
Ապա ինչ: Ես չեմ օգնի ձեզ, բագրանցիք սուր չեն բարձրացնի սասունցի հայերի դեմ, ես Հոլոյան ու Խզրեյան քաջազն տոհմերի, Սասնա պատրիկների դեմ չեմ կռվի… դուք կգնաք, մենք հարյուրավոր տարիներ հարևաններ ենք, մենք մնալու ենք: Սա է իմ` Մալե-Պատրիկ Բագրանի մեծատարած տան պատրիկի խոսքը:
Դու կկռվես… ես հրամայում եմ… – հաշտվողական տոնով ասում է շեյխը, – Ալլահի մելայիքները քեզ օգնական կլինեն…
Բե~հ… Ալլահի մելայիքները քեզ թող օգնական լինեին, երբ դու փախչում էիր ռուսի սալդատից… Ինձ երեխայի թե ապուշի տեղ ես դնում… Այստեղ ինձանից ու Զեյնալից բացի, որ քո չարխերին լավ է ծանոթ, ուրիշ մարդ չկա… Ես ազատ եմ խոսում… Ում ես ուզում խաբել, շեյխ… Ում ես հիմարի տեղ դնում…
Անիրավ, – ոռնում է շեյխը, գլխի թագը նետելով Ֆետուլլահի երեսին, որվ պատատանի շնորհիվ անիվի պես գլորվում է Ֆեթուլլահի ոտների տակ, – դու անիրավ ես, քաֆր ես, ֆլահ ես…
Ֆեթուլլահը հանգիստ ու անվրդով, առանց շփոթվելու վերցնում է թագը և հարգալից երկարում շեյխին.