Վանա լճի երկու կարևոր կղզիներում գտնվող պատմական կառույցների ավերակները սպասում են վերանորոգման
11 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ԷՐԿԻՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ:
Համիթ Քարաքուշ
Վանա լիճը, որը համարվում է Թուրքիայի ամենամեծ լիճը, աշխարհի ամենամեծ աղի լիճն է։ Այն իր կղզիներում առկա պատմական վայրերով տուրիզմի համար մեծ կարևորություն է ներկայացնում։ Վանա լճում գտնվող չորս կղզիները՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Առտեր, ունեն պատմական և տուրիստական կարևոր նշանակություն, բացի այդ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ «Resmi Gazete»-ում հրապարակված հրամանով Վանա լճի՝ բնական արգելավայր դարձած մեծ կղզիներից 3-ը հռչակվեցին «Խիստ պահպանության տակ առնված տարածքներ»։
1951 թ․ կառավարության հրամանով Աղթամարի եկեղեցին քանդվում էր, ինչի մասին պատահաբար տեղեկանում է այդ ժամանակ լրագրող Յաշար Քեմալը։ Վերջինիս միջնորդությամբ եկեղեցին չի քանդվում։ 1990 թ․ հնագիտական վայր հայտարարված կղզում 2007 թ․ կատարված վերանորոգման աշխատանքներից հետո եկեղեցին տուրիզմի զարգացման համար կարևոր կենտրոն է դարձել։ Աղթամար կղզին և եկեղեցին տեղ են գրավել Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ․) ամենաշատն այցելված վայրերի շարքում։ Ավերման վտանգի տակ հայտնված եկեղեցին վերանորոգվեց և դարձավ զբոսաշրջության նշանավոր կենտրոն, որից հետո իրենց հերթին են սպասում նաև Կտուց կղզում գտնվող Սուրբ Հովհանին նվիրված Կտուց վանքը, Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Սիոնի մատուռը։ Վանում տուրիզմով զբաղվող անհատները շեշտում են, որ ամեն տարի պատմական կառույցների մնացորդները ավելի մեծ տուրիստական ներուժ են ստանում, ապա՝ հավելում, որ սպասում են այդ կառույցների վերանորոգմանը։
1951 թ․ Աղթամար եկեղեցու ճակատագիրը Յաշար Քեմալի շնորհիվ փոխվեց։ Ներկայում տուրիստական կարևոր կենտրոն դառնալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ «Resmi Gazete»- ում հրատարակված հրամանով Վանա լճի՝ բնական արգելավայր դարձած մեծ կղզիներից 3-ը հռչակվեցին «Խիստ պաշտպանության տակ առնված տարածքներ»։
Այդ որոշմամբ պահպանության տակ առնված Կտուց կղզում (թուրքերեն անվանումը Չարփանակ-Ակունքի խմբ․) Սբ․ Հովհանին նվիրված Կտուցի վանքը և Լիմ կղզում (թուրքերեն անվանումը՝ Ադըր-Ակունքի խմբ․) գտնվող Սբ․ Գևորգ եկեղեցին և Սբ․ Սիոն մատուռը սպասում են տուրիստական կենտրոններ դառնալուն։ Քաղաքում տուրիզմով զբաղվող մարդիկ անդրադարձան Կտուց և Լիմ կղզիներ հասնելու տարբերակների բարելավման հարցին, ինչը, ըստ նրանց, Աղթամար կղզու վերանորոգման նման՝ կհանգեցնի զբոսաշրջության զարգացմանը։ Մուրադ Բեյազն առաջարկեց Ստամբուլում դեպի կղզիներ կատարվող նավարկությունների օրինակով տուրեր կազմակերպել նաև Կտուց, Լիմ և Աղթամար կղզիներ, իսկ թանգարանի պաշտոնյան շեշտեց, որ կղզիների համար ֆինանսական միջոցներ պետք է հատկացնի Մշակույթի և Զբոսաշրջության նախարարությունը և հավելեց, որ իրենք՝ որպես հիմնարկ, սույն նախագծի շրջանակներում պատրաստ են կատարել իրենց վրա ընկած պարտականությունները։ Նա նշեց, որ նման կառույցների վերանորոգումը միակողմանի չի լինում, այլ գործին պիտի աջակցություն ցուցաբերեն նաև քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները, ՀԿ-ները և տուրիստական գործակալությունները։
Թանգարանի պաշտոնյան շեշտեց, որ հիմա անհրաժեշտ է Կտուց և Լիմ կղզիները դարձնել զբոսաշրջության կարևոր կենտրոն։ Նա նշեց, որ այդ երկու կղզիները Աղթամար կղզուն հավասար նշանակություն ունեն և հավելեց, որ հանդես է եկել կղզիները զբոսաշրջության նշանավոր կենտրոն դարձնելու նախաձեռնություններով․ «Աղթամար կղզու չափ նշանակություն ունեցող այս պատմական կառույցները վերանորոգելու նախաձեռնություններով և պահանջներով ենք հանդես եկել։ 2013 թ․ խորհրդի որոշմամբ՝ Լիմ կղզու հետ կապված աշխատանքներ արեցինք, սակայն այդ վայրերը զբոսաշրջության կենտրոն դարձնելու գործը միայն մեկը չի կարող անել։ Մեր երկու կղզիների վերականգման և զբոսարջության կենտրոն դարձնելու գործին պետք է միանան նաև մեր շրջանի տեղական կառավարման մարմինները, ՀԿ-ները և տուրիստական գործակալությունները, որոնք լուրջ աջակցություն կարող են ցուցաբերել»։
Մենք պատրաստ ենք կատարել մեր պարտականությունը
Թանգարանի պաշտոնյան նշեց, որ երկու կղզիներում գտնվող պատմական կառույցների վերանորոգման գործը կախված է պետական գանձարանից․ դրանք վերանորոգելու համար Մշակույթի և Զբոսաշրջության նախարարությունը պետք է ֆինանսական միջոցներ հատկացնի․ «Այս պահին այդ երկու կղզիների համար ֆինանսական որևէ աջակցության մասին խոսք չկա։ Եթե Մշակույթի և Զբոսաշրջության նախարարությունն այդպիսի նախաձեռնությամբ հանդես չգա և սեփականության իրավունքը չվերցնի, որևէ լուրջ քայլ անել հնարավոր չէ։ 2011-12 թթ․ավարտին հասցվեցին Կտուց կղզու ուսումնասիրությունն ու վերականգնման նախագիծը, սակայն դրանից մեկ տարի չանցած՝ այդ ուղղությամբ որևէ քայլ չարվեց։ Անցած տարի, որպես թանգարան, այդ տարածքներում վերականգնման աշխատանքեր անելու պահանջ ներկայացրեցինք։ Մենք՝ որպես հիմնարկ, պատրաստ ենք երկու կղզիներում և այլ պատմական վայրերում արվելիք քայլերի դեպքում մեր ստանձնած՝ փորելու ու մաքրելու աշխատանքներն անել և աջակցել գործին»։
Քաղաքում գործող տուրիստական գործակալությունների ղեկավարները ցանկանում են, որ կղզիները դարձվեն զբոսաշրջության նշանավոր կենտրոններ
Վանա լճի ավազանի տուրստական միության «VAHATUDER»-ի ղեկավար Աբդուլլահ Թունչդեմիրը նշեց, որ եթե Կտուց և Լիմ կղզիները վերածվեն տուրիստական վայրերի, իրենց ներդրումը կունենան տուրիզմի զարգացման գործում, և անդրադարձավ նաև այդ երկու կղզիների պատմական կառույցների ավերակների վերականգնման անհրաժեշտությանը։ Թունչդեմիրն ասաց․ «Սպասում ենք, որ Աղթամար կղզու նման կարևոր այդ երկու կղզիներում գտնվող պատմական կառույցները կվերանորոգվեն ու դառնան տուրիստական վայրեր։ Վերանորոգումից հետո կղզիներ գնալ-գալը կհեշտանա, և Աղթամար կղզի այցելող մարդիկ կցանկանան տեսնել նաև այդ երկու կղզիները։ Կղզիներում գտնվող կառույցների վերանորոգումն ու կղզիներ հասնելու գործը դյուրացնելը տուրիզմի զարգացման գործում մեծ ներդրում կունենան», ապա հավելեց․ «Տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները, եթե գնան նաև այդ երկու կղզիներ, մեր երկրում կմնան ևս երկու օր, ինչն էլ նշանակում է՝ լուրջ ներդրում տնտեսության մեջ»։
Թունչդեմիր․ «Երկու կղզիները Աղթամար կղզու չափ կարևոր են»
Թունչդեմիրի խոսքով՝ տուրիզմով զբաղվողների նպատակն է զբոսաշրջության կենտրոններ դարձնել այն վայրերը, որոնք տուրիզմի համար փակ են և վերանորոգման կարիք ունեն, նա մասնավորապես նշեց․ «Մեր շրջանում կան բազմաթիվ պատմական կառույցներ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Մեր ամենամեծ ակնկալիքը պատմական կառույցների վերանորոգումը և դրանք տուրիստական վայրերի վերածելն է։ Ներկայում երկու կղզիներում գտնվող պատմական կառույցներն ավերակ են։ Ինչպես Աղթամար կղզում գտնվող եկեղեցու վերանորոգումը խթանեց տուրիզմի զարգացումը, այնպես էլ մյուս երկու կղզիներում գտնվող պատմական կառուցները դա կարող են անել։ Ակնկալում ենք, որ այդ հնարավորինս շուտ վերանորոգվեն և դառնան տուրիստական կենտրոններ»։
Բեյազն արդրադարձավ Աղթամար կղզու կարևորությանը
Տուրիզմով զբաղվող Մուրաթ Բեյազն անդրադարձավ Վանա լճում գտնվող կղզիների նշանակությանը և նշեց, որ դրանք եղել են սրբատեղիներ, ապա հավելեց․ «Վանա լճի չորս մեծ կղզիները հայերի կողմից օգտագործվել են որպես բնակավայրեր և սրբատեղիներ։ Հայերի հեռանալուց հետո մենք մոռացության մատնեցինք այս կղզիները, որոնք օգտագործվել են որպես արոտավայրեր։ Սակայն ժամանակի ընթացքում զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ Աղթամար կղզում գտնվող Սուբ Խաչ եկեղեցին և հայկական վանքերը առաջին պլան մղվեցին։ Հայազգի զբոսաշրջիկների այցերից հետո հետաքրքրությունն ավելի մեծացավ, և տեղացի զբոսաշրջիկները ևս սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել։ Աղթամար կղզում վերանորոգման աշխատանքներից և եկեղեցում արված պատարագից հետո այն ավելի պահանջված տուրիստական վայր դարձավ։ Արևելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ․) այն դասվեց ամենաշատն այցելվող պատմական վայրերի շարքին։ Նման բազմաթիվ կառույցներ ունենք, որոնցով կարող ենք մեծացնել գործը՝ Կտուց կղզում գտնվող Կտուց վանքը, Լիմ կղզում գտնվող Սբ․ Գևորգ եկեղեցին և Սբ․ Սիոն մատուռը»։
Կտուց կղզին հայերի համար կարևոր է
Բեյազը նշեց, որ Կտուց կղզին Աղթամար կղզու չափ կարևոր է և, անդրադառնալով կղզի հասնելու դժվարության և նավով տուրերի պակասության պատճառով տեղանքի ամայությանը, հավելեց․ «Կտուց կղզում կա ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող նավամատույց, կանոնավոր նավարկություն չկա, սակայն պատմական նշանակության վանական համալիր կա։ Այն հայերի համար շատ կարևոր վայր է։ Վերջին շրջանում մարդկանց նվազ քանակի պատճառով կղզին դարձել է բազմաթիվ թռչնատեսակների օրրան։ Հիմա կղզին մի վայր է, որտեղ կարելի է հետևել թռչուններին։ Կտուց կղզու տեղանքն այնպիսին է, որ Սիփան սարը շատ մոտիկից է երևում։ Հետևաբար կարող ենք ասել, որ թռչունների տեսակները, Սիփան սարն ու կղզու ներսում գտնվող պատմական կառույցներն այն շատ կարևոր վայր են դարձնում»։
Բեյազ․ Դեպի երեք կղզիներ նավարկությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը
Բեյազը նշեց, որ Լիմ կղզին մյուս կղզիների նման կարևոր է, ապա հավելեց․ «Կղզում գտնվող Սբ․ Գևորգ եկեղեցին և Սբ․ Սիոն մատուռը նշանավոր պատմական կառույցներ են, որոնք ժամանակի ընթացքում քանդվել են, և այժմ միայն մնացորդներն են պահպանվել։ Երկու կղզում գտնվող պատմական կառույցները հնարավորինս շուտ պետք է վերանորոգվեն, որոնք շրջակայքի հետ կդառնան տուրիստական կարևոր կենտրոն։ Հատկապես պետք է զարգանան նավով տուրերը։ Ստամբուլի օրինակով այստեղ էլ նավով տուրեր կարելի է կազմակերպել, որը կսկսվի Աղթամար կղզուց մինչև Լիմ և կտևի մեկ օր։ Կամ էլ հակառակը՝ կսկսվի Լիմ կղզուց և նավով կհասնեն Աղթամար․ այսկերպ զբոսաշրջությունը կարելի է զարգացնել։ Մեր շրջան այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին էլ ամենաքիչը 1-2 գիշեր ավել կհյուընկալենք։ Այսպիսով՝ մեր շրջանի զարգացման համար մեծ տնտեսական ներդրումներ կապահովենք»։
Օզքըլըչ․ երկու կղզիներում գտնվող պատմական կառույցների վերանորոգումը պարտադիր է
Տուրիզմով զբաղվող Մուհամմեդ Էնես Օզքըլըչը շեշտեց, որ Աղթամար կղզու չափ կարևոր են Կտուց և Լիմ կղզիները, որոնք պետք է դարձնել տուրիստական կարևոր կենտրոն, ապա հավելեց․ «Աղթամար կղզու վերանորոգումն իր ներդրումն ունեցավ տուրիզմի զարգացման գործում, նույն կերպ էլ այս երկու կղզիներում գտնվող պատմական կառույցները վերանորոգելը և նավով զբոսանք կազմակերպելը իրենց ներդրումը կունենան այդ գործում։ Կղզիներում ամենակարևոր հարցը այնտեղ գտնվող կառույցների վերանորոգումն է, որ մարդիկ կարողանան այցելել։ Այսինքն՝ առանց վերանորոգման՝ կղզիներ զբոսաշրջիկ տանել հնարավոր չէ, նույնիսկ մենք չեք կարողանում գնալ։ Մեր շրջանում պատմական նշանակության շատ կառույցներ կան, սակայն չվերականգնելու և ֆինասական միջոցներ չհատկացնելու պատճառով դրանք գնահատելու հնարավորություն չի լինում»։
Կտուց և Լիմ կղզիների շնորհիվ տուրիզմը կարող ենք զարգացնել
Օզքըլըչը նշեց, որ Կտուց և Լիմ կղզիներում կատարվելիք վերանորոգման աշխատանքերի ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև տուրիզմով զբաղվողների գաղափարները, ապա հավելեց․ «Երկու կղզիներում արվելիք վերանորոգման աշխատանքներից հետո նախադեպ հանդիսացած Աղթամար կղզու նման դրանք ևս կարող ենք դարձնել տուրիստական վայրեր։ Հատկապես պետք է կազմակերպել մեկօրյա տուրեր։ Դեպի կղզիներ տուրեր կազմակերպելով՝ ջրասուզային տուրիզմը ևս կարող ենք զարգացնել և տեղացի, օտարերկրացի զբոսաշրջիկներին կարող ենք ուղղորդել դեպի քաղաք։ Նոր ձևավորվող Թուրքիայի զբոսաշրջության և զարգացման գործակալության հետ միասին այս երկու կղզիներում տուրիզմի նոր ուղղություններ կարող ենք զարգացնել»։
Աղթամար կղզու նման՝ Կտուց և Լիմ կղզիներն էլ են պահպանության տակ առնվել
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ «Resmi Gazete»-ում հրատարակված հրամանով Վանա լճի՝ բնական արգելավայր դարձած մեծ կղզիներից 3-ը հռչակվեցին «Խիստ պահպանության տակ առնված տարածքներ»։ Վանա լճի կապույտ ջրերի միջից վեր խոյացող և զբոսաշրջիկների ամենաշատ այցելած վայրերից մեկը համարվող Աղթամար կղզու հետ միասին Կտուց և Լիմ կղզիները ևս հռչակվեցին «Խիստ պահպանության տակ առնված տարածքներ»։ Կղզիներում, որոնք իրենց տարածքում գտնվող Աղթամար եկեղեցու, Կտուց և Լիմ վանքերի շնորհիվ քաղաքի առաջատար տուրիստական արժեքների մեջ են ներառված, հավելյալ միջոցառումներ են ձեռք առնվելու դրանք ավելի լավ պահպանելու համար։
Յաշար Քեմալի շնորհիվ Աղթամար կղզին վերջին պահին փրկվեց քանդվելուց
Հայերի համար նշանավոր Աղթամար կղզին և եկեղեցին ճարտարապետական տեսանկյունից միջնադարյան հայկական արվեստի ամենափայլուն նմուշներից է։ 1951 թ․ կառավարության հրամանով եկեղեցին քանդելու որոշումն ընդունվեց, որը կասեցվեց այդ ժամանակ լրագրող և դեպքի մասին պատահաբար իմացած Յաշար Քեմալի միջնորդությամբ։ Գրող Յաշար Քեմալը հետևյալ կերպ է ներկայացնում Աղթամարի փրկությունը․ «Բժշկի հետ միասին շարժվեցինք ուղիղ Աղթամար կղզի։ Վանա լճի ջուրն էլ կախարդական էր։ Ակնթարթից ակնթարթ գույնը փոխվում էր։ Մի փոքրիկ մակույկով կղզի հասանք։ Դեռ եկեղեցուն հերթը չէր հասել, գրեթե վերջացնում էին վերջինիս մոտ գտնվող փոքրիկ մատուռի քանդման աշխատանքերը։ Մայորն ասաց․ «Մինչև ես չգամ՝ այդ եկեղեցու վրա մի խազ անգամ չենք անելու։ Ես գնում են նահանգապետի մոտ»։ Բանվորները կանգ առան, նրանց ղեկավարն ասաց․ «Լսում ենք, հրամանատար»։ Եկանք Վան։ «Cumhuriyet» թերթի խմբագրատուն զանգեցինք։ Այդ օրը մինչև երեկո սպասեցինք, չէին պատասխանում։ Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, կրկին զանգահարեցինք։ Մի քանի ժամ անց Նադիր բեյն իմ դիմաց էր։ Դեպքի մասին պատմեցի այն, ինչ իմացել էի կապիտանից։ Նադիր բեյն ասաց․ «Մի՛ նեղվեք։ Ավնի բեյը կլուծի այս հարցը։ Նրան լավ եմ ճանաչում․ քաղաքակիրթ մարդ է»։ Ավնի Բաշմանն այդ տարի Ազգային կրթության նախարարն էր։ Երկու օր անց Իլյաս Քիթափչըն բժիշկ, կապիտան Ջավիթ բեյի հետ եկավ իմ հյուրանոց։ Ուրախ էին։ Ավնի Բաշմանը նահանգապետին հեռագիր էր ուղարկել եկեղեցու քանդումը դադարեցնելու համար։ Աղթամարի եկեղեցին փրկվեց 1951 թ․ հունիսի 25-ին»։
Ճանաչու՞մ եք Կտուց կղզին
Կտուց կղզին Վանա լճի հյուսիսարևելյան շրջանում գտնվող Վան քաղաքին կից Չիթյորեն գյուղի մոտակայքում է։ Կղզի կարելի է հասնել գյուղի նավամատույցում գտնվող նավերով։ Տեղի բնական տարածքը չխախտելու պատճառով այն փակ է տուրիզմի համար։ Կղզում է գտնվում Սուրբ Հովհանի վանքը, որը ենթադրաբար կառուցվել է 9-րդ կամ 11-րդ դարում։ Կառույցից, որը հիշատակվում է որպես Կտուց վանական համալիր, այսօր միայն եկեղեցու հատվածն է կանգուն։ Կղզում կան բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք հնարավոր չէ տեսնել Թուրքիայի մեկ այլ վայրում։
Կղզու պատմությունը
Ենթադրվում է, որ կղզին մինչև 100 տարի առաջ իրականում թերակղզու մաս է եղել։ երբ Վանա լճի ջրերը արագ տեմպերով բարձրացել են, մի հատված ցամաքի հետ իր կապը կտրել և վերածվել է կղզու։ Կղզու և վանքի վերաբերյալ երկու գրավոր փաստաթղթեր են մնացել՝ 1414 թ․ թվագրված։ Եկեղեցական կառույցների առկայության շնորհիվ պատերազմներից այն շատ չի վնասվել, սակայն բազմաթիվ երկրաշարժեր են եղել։ 1703 թ․ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վանքի մի մեծ հատված քանդվել է, որը 1712-1720 թթ․ ընթացքում բիթլիսցի Կասկապեր վարպետի կողմից վերակառուցվել է։ Հայկական վանքը 1918 թ․ շրջանում տեղի ունեցած անկարգությունների պատճառով դատարկվել է։ Կառույցը ներկայում ավերման վտանգի տակ է։
Կղզում գտնվող վանքը
Կղզու վրա գտնվել են 9-րդ և հետագա դարերում կառուցված հոգևոր շինություններ։ Մեծ վանական համալիրից միայն եկեղեցու հատվածն է կանգուն։ Կտուց անվամբ հիշատակվող վանքը գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։ Վանքի մատուռը, քարոզի համար նախատեսված դահլիճները, գրադարանը, հյուրատունը, ճաշասենյակն ու ննջասենյակները և մյուս սենյակները այսօր չկան։ Վանքի գերեզմանատունն էլ ներկայում լիովին անհետացել է։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ այս վանքը կառուցվել է Սուրբ Խաչի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գրիգորի, Սուրբ Հովհանի պատվին։ Վանքի՝ 1700-ական թթ․ մնացած արձանագրության մեջ առկա տեղեկություններից բացի՝ այդ կառույցի մասին որևէ այլ փաստաթուղթ չկա։ Կա ենթադրություն, որ եկեղեցու մեծ մասը 1462 թ․ Էթյեն անունով մի վարպետի կողմից վերանորոգվել է։ 15-րդ դարում Լիմ կղզում գտնվող վանքում ապրած կուսակրոնները, շրջանում երկար ժամանակ տևած պատերազմներից մեկի ժամանակ իրենց հոգևոր առաջնորդ Ներսեսի մահից հետո, հեռացել են վանքից և հաստատվել Կտուց վանքում։
Վանքի ճարտարապետական առանձնահատկությունները
Ընդարձակ վանական համալիրից, որն ուներ գրադարան, մատուռներ ու հյուրատներ, այսօր միայն եկեղեցու հատվածն է կանգուն մնացել։ Դրսից այն ուղղանկյուն է, իսկ ներսը՝ խաչաձև։ Խաչի կարճ թևերը ծածկված են կամարով։ Գմբեթը երկու առանձին ոտքերի վրա է տեղադրված։ Ազատ խաչաձև կոչվող ճարտարապետական ձևով կառուցված եկեղեցու արտաքին պատերը հասարակ զարդաքանդակներով են պատված։ Կղզուն մոտ՝ նույն լճի մեջ գտնվող Աղթամար կղզու եկեղեցու հետ համեմատած՝ այս եկեղեցու ներսի պատերը որմնանկարներով զարդարված չեն։ Դարձյալ Աղթամարի եկեղեցու հետ համեմատած՝ այս եկեղեցու արտաքին պատերն էլ բավականին անշուք են։ Ներսի պատերին գաջ օգտագործված չէ։ Եկեղեցու մուտքի դուռը (Թագե դուռը) ցուցատախտակով և խաչերով է զարդարված։ Հյուսիսային և հարավային պատերի վրա նիշեր, իսկ արևելյան պատին մեծ պատուհան կա։ Եկեղեցին սպիտակ, կաթնագույն և մոխրագույն քարերով է կառուցված, միայն գագաթին է սև տուֆն օգտագործվել՝ հարդարանքի նպատակով։ Եկեղեցու լուսավորությունը մեծ մասամբ ապահովում են ութ փոքրիկ պատուհանները։ Եկեղեցու զանգակատունը երկու սյուների վրա է կանգնեցված։ Աշտարակների ներքևի հատվածները օսմանյան մոտիվներով են զարդարված, իսկ վերևի հատվածները հիմնականում քանդված են։
Ներկայիս վիճակը
Կղզին 2007 թվականից փակ է տուրիզմի համար։ Նախորդ տարիներին ներկերով եկեղեցու պատերը սևացվել են, ինչը էլ ավելի է վատացրել առանց այն էլ վնասված կառույցի վիճակը։ Կղզին պահպանելու համար նշանակված որևէ հսկիչ չկա։ Ավելի վաղ մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել կղզին տուրիստական կենտրոն դարձնելու ուղղությամբ, սակայն դրանք չեն ընդունվել այն պատճառաբանությամբ, թե կարող է վնաս հասցվի ճայերի վերարտադրությանը։ Կղզու հողի վրա ճայերը խառնիխուռն թուխս են նստում, այստեղ կան տեսակներ, որոնց Թուրքիայի մեկ այլ վայրում անհնար է հանդիպել։ Ներկայում կղզի քիչ են այցելում, այցելողներն էլ միայն ցանկանում են եկեղեցին տեսնել և հեռանալ։ Կղզուն կից գյուղի նավամատույցից կամ էլ Վանի նավամատույցից կղզի կարելի է հասնել մեկ ժամ 40 րոպեում։
Գիտեի՞ք, որ Լիմ կղզում եկեղեցի և մատուռ կա
Լիմ կղզին Վանա լճի ամենամեծ կղզիներից մեկն է։ 10-րդ դարում այնտեղ բնակավայր է եղել։ Կզղում են գտնվում Լիմ վանքը, Սբ․ Գևորգ եկեղեցին և Սուրբ Սիոնի մատուռը։ 1305 թ․ կառուցված վանքը և 1621 թ․ կառուցված եկեղեցին ավերված են, իսկ 1766 թ․ կառուցված մատուռն ու ժամատունը դեռևս կանգուն են։ Հատկապես գարնանը կղզին դառնում է ճայերի ձվադրման վայր։ Ձվադրած մեծ քանակությամբ ճայերին և ձվերին վնաս չհասնելու ուղղությամբ հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել։ Մի ձեռագրում տեղեկացվում է, որ եկեղեցին վերանորոգվել է Զաքարիա Առաջինի կողմից։ Այն փոքրամասշտաբ, ազատ խաչի նախագծով կառույց է։ Անկյունային պատերի վրայով բարձրացող դրսից գլանաձև, շրջանաձև, կոնաձև կենտրոնական գմբեթի վրա չորս կողմից խաչի թևերն են տարածվում։ Ձախ թևն ավարտվում է կիսաշրջանաձև ասպիդով։ Ասպիդի երկու կողմերում տեղ գրավող ուղղանկյուն խորանների հյուսիսային և հարավային թևերին մեկական խուցեր կան։ Եկեղեցու վերակառուցման ժամանակ արևմտյան մուտքի մոտ քառակուսի ժամատուն է ավելացվել։ Թևերը դեպի դուրս խաչաձև եկեղեցիների կարելի է հանդիպել քրիստոնեական սկզբնական ժամանակաշրջանում, հետագայում դա օգտագործվել է բյուզանդական ճարտաապետության մեջ՝ շրջանի եկեղեցիների հատակագծերը կազմելու ժամանակ, սակայն հետագա տարիներին այլևս չի կիրառվել։
Հայկական ճարտարապետության ամենավաղ նմուշները 7-րդ դար թվագրվող Կովկասում գտնվող Աշտարակի, Արթիկի և Լմբատավանքի եկեղեցիներն են (առաջին հայկական եկեղեցիներն ու վանքերը կառուցվել են 4-րդ դարում-Ակունքի խմբ․)։ Ասպիդի ձևով Լիմի եկեղեցին նման է 11-րդ դարին պատկանող Կաղզմանում գտնվող Չենգելլի եկեղեցուն։
www.sehrivangazetesi.com/guncel/van-golunde-iki-onemli-adada-tarihi-kalintilar-restore-edilmeyi-h60411.html?fbclid=IwAR3nUw0i3uB0-9jMo5Rn90GnLfxB0gE8MmYCMcAf5pMH0AlyPLwg-5f7GdA
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net