ԱՄՆ Սպասում Է Փաշինեանին. Երեւանի Եւ Վաշինգտոնի Առանձնայատուկ Ռեսուրսը

«Ամերիկայի Ձայն»ի հետ զրոյցում նշել է, որ ԱՄՆ նպատակն է, որպէսզի Հայաստանը լինի զարգացող, ծաղկող պետութիւն եւ դա բխում է Ամերիկայի շահերից

ԱՄՆ Սպասում Է Փաշինեանին. Երեւանի Եւ Վաշինգտոնի Առանձնայատուկ Ռեսուրսը

12 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ԿԻԶԱԿԷՏ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի ու Եւրասիայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը

«Ամերիկայի Ձայն»ի հետ զրոյցում նշել է, որ ԱՄՆ նպատակն է, որպէսզի Հայաստանը լինի զարգացող, ծաղկող պետութիւն եւ դա բխում է Ամերիկայի շահերից: Քենթը յայտարարել է, որ թաւշեայ յեղափոխութիւնից մէկ տարի անց Հայաստանն ունի այդպիսին դառնալու հնարաւորութիւն: ԱՄՆ այդ նպատակների կամ մօտեցումների մասին Ամերիկայի տարբեր պաշտօնեաներ յայտարարել եւ յայտարարում են տարբեր առիթներով:

Քենթի յայտարարութիւնն այդ համատեքստում ուշագրաւ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին, որը ունենալու է աշխատանքային ձեւաչափ եւ տեղի է ունենալու ՄԱԿ Գլխաւոր Ասամբլէայի (ժողովի-Խմբ.) հերթական նստաշրջանի առիթով:

Սակայն նկատելի է, որ Փաշինեանի ամերիկեան այցը ներկայումս ընկալւում է աւելի շուտ հէնց հայ-ամերիկեան յարաբերութեան եւ օրակարգի համատեքստում, որովհետեւ գործնականում այլ քաղաքական տողատակ ՄԱԿ ԳԱ առիթով տեղի ունեցող այցը խոշոր հաշուով այս փուլում ունենալ չի կարող:

Անգամ Գլենդելում հայ համայնքի հետ նախատեսուած հանդիպումը, մեծ հաւաքը, որ ազդարարել է վարչապետը, պէտք է դիտարկել հայ-ամերիկեան յարաբերութեան համատեքստում: Որովհետեւ ԱՄՆ այդ իմաստով էլ հայկական համայնքը դիտարկում է հայ-ամերիկեան յարաբերութեան առանցքային բաղադրիչ կամ գործօն:

Խոշոր հաշուով, Հայաստանի եւ ԱՄՆ հայ համայնքի գործակցութեան արդիւնաւէտութիւնն ու բովանդակութիւնը առանցքային դեր է ունենալու հայ-ամերիկեան քաղաքական յարաբերութեան համատեքստում եւ այստեղ խնդիրը շատ աւելի լայն է, քան կարող է թուալ առերեւոյթ: Բանն այն է, որ ամերիկահայ համայնքը մեծ առումով ամենաազդեցիկն է իր քաղաքական էութեամբ, ելնելով նաեւ այն իրողութիւնից, որ այդ ազդեցիկ համայնքը նաեւ աշխարհի թիւ մէկ տէրութեան կամ խոշոր հաշուով միակ գերտերութեան հայկական համայնքն է:

Ըստ այդմ, Հայաստան-Սփիւռք գործակցութեան շրջանակում այդ հանգամանքը ստանում է ոչ միայն ներազգային հայրենասիրական, յուզական, այսպէս ասած էթնոգենետիկ (ազգագրական-ծինային-Խմբ.) նշանակութիւն, այլ նաեւ աշխարհաքաղաքական: Այդ հանգամանքը բաւականին ճկունութիւն է շնորհում Միացեալ Նահանգներին՝ իր ռեգիոնալ (շրջանային-Խմբ.) քաղաքականութեան համատեքստում, որը անշուշտ բաւականին բարդ է, հաշուի առնելով ՆԱՏՕ անդամ Թուրքիայի, Կովկասում առանձնայատուկ դեր ու շահեր ունեցող եւ Հայաստանի հետ բազմաթիւ կապեր ունեցող Ռուսաստանի, ԱՄՆ հետ դիրքային դիմակայութեան եւ խնդիրների մէջ գտնուող Իրանի, զուգահեռ Հայաստանի համար Իրանի նշանակութեան, եւ այլ բաւականին նուրբ խնդիրներ ու հանգամանքներ:

Ահա այդտեղ հայկական համայնքը, ամերիկահայ գործօնը դառնում է մի բաւականին առանձնայատուկ ռեսուրս (միջոց, աղբիւր-Խմբ.), որը թոյլ է տալիս Ամերիկային Հայաստանի եւ ընդհանրապէս ռեգիոնի հետ աշխատել առաւելագոյն ճկունութեամբ: Օրինակ, մի բան, որը Վաշինգտոնն իրեն թոյլ տալ չի կարող Վրաստանի հետ յարաբերութիւնում:

Ըստ այդմ, Հայաստանի եւ ամերիկահայ Սփիւռքի միջեւ օրակարգը գործնականում ոչ միայն համահայկական, այլ վերհայկական եւ համաշխարհային օրակարգ է, ըստ այդմ դրանում պէտք է շօշափուեն այդ մասշտաբի հարցեր ու խնդիրներ եւ Նիկոլ Փաշինեանի ամերիկեան այցը թերեւս պէտք է լինի այդ հնարաւորութիւնը կամ ներուժը ցուցանող մեկնակէտ:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

asbarez.com/arm/353952/ԱՄՆ-Սպասում-Է-Փաշինեանին-Երեւանի-Եւ-Վա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail