Կարո Փայլան – 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում թող ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի

Անցյալին առերեսվելու համար 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում թող ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի». Կարո Փայլան

07 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ ԱՅՍՕՐՈՒԱՅ ԹՈՒՔԻՈՅ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹԵԱՄԲ:

Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմել է խորհրդարանին 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած հույների և հայերի սպանություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու, մեղավորներին պատժելու և տուժած անձանց և կառույցներին փոխհատուցում տրամադրելու առաջարկով: Այս մասին Կարո Փայլանը հրապարակում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով նաև այդ դեպքերի մասին bianet.org-ի հրապարակած նյութով:.

Փայլանն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը Թուրքիայի Հանրապետության պատմության ահասարսուռ դեպքերից են, որին դեռևս չի առերեսվել պետությունը»:

Ըստ Թուրքիայի պաշտոնական տվյալների՝ այդ դեպքերի հետևանքով 73 եկեղեցի, 8 այազմա (հունական սրբատեղի՝ կառուցված ջրի աղբյուրի վրա), 2 տաճար, 5 538 տուն և աշխատավայր են թալանվել և ավերվել: Բազմաթիվ մարդիկ են սպանվել, բռնաբարության է ենթարկվել առնվազն 60 կին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այս թվերը շատ ավելի մեծ են:

Հարձակումներն իրականացվել են հայերի, հույների, հրեաների դեմ, և այդ հանցագործությունների անպատիժ մնալու հետևանքով տասնյակ հազարավոր հայեր, հույներ և հրեաներ լքել են Ստամբուլը:

Չնայած Թուրքիայի պաշտոնյաների կողմից կազմակերպման և մասնակցության հարցում բացահայտորեն պետության առնչությունը մատնանշելու հանգամանքին՝ այդ անձինք շարունակել են մնալ իրենց պաշտոններին և նոր՝ ավելի բարձր նշանակումներ են ստացել:

Կարո Փայլանը նշել է, որ չնայած 64 տարի է անցել այդ հանցագործություններից, սակայն Թուրքիայի խորհրդարանը չի անդրադարձել դրանց, և, թեկուզ ուշացումով, անհրաժեշտ է վերականգնել արդարությունը՝ գտնելով մեղավորներին և փոխհատուցելով տուժածների նյութական և բարոյական վնասը:

Tert.am

parliament-wa.info/hy/archives/11212

Facebooktwitterredditpinterestlinkedinmail