Ջողասի ջրամբարը. ինչպես ծաղկեցին Տավուշի 10 գյուղերը
13 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ:
Նախաբան
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ոլորաններից բացվում է Հայաստանի պատկերներից մեկը՝ Ջողասի ջրամբարը: 2017 թվականի գարնանը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը ինձ առաջարկեց մի ուսումնասիրություն պատրաստել ջրամբարի մասին: Առաջարկը ինձ հետաքրքիր թվաց, քանի որ շատերը, հատկապես ճամփորդները, ովքեր կանգնում են ու հիանում Հայաստանի այս խորը պատկերով, բավարար գիտելիքներ չունեն ջրային այս ավազանի մասին:
Այս ուսումնասիրությունը պատրաստելու ընթացքում 2017-ի ապրիլին երկու անգամ այցելեցի Ջողազի ջրամբարից ջուր ստացած Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևան շրջանի գյուղերը, տեղում պարզելու, թե ինչ ազդեցություն է թողել այդ ջրամբարը, երբ այն սկսեց աշխատել և ինչ հետևանքներ թողել, երբ այն դադարեց ջուր հասցնել այդ բնակավայրեր: Դաշտային աշխատանքներ կատարեցի Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր գյուղերում:
Այս ուսումնասիրությունը իրականացնելը դժվար էր մի քանի առումներով: Նախ, մենք գրում ենք մի բանի մասին, որը, փաստացի չկա: Ավելի ճիշտ, կա ջրամբարը, սակայն չկան ենթակառույցները՝ պոմպակայանները, խողովակաշարերը, ներքին ցանցը: Դրանք մեծ մասամբ թալանվել են այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման պատճառով այլևս անհնար դարձավ ջրամբարի շահագործումը:
Մարդիկ համոզված են, որ Ջողասի ջրամբարը չի կարող շահագործվել, քանի դեռ խաղաղություն չկա հայերի և ադրբեջանցիների միջև: Ջրամբարի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միայն խաղաղության դեպքում է հնարավոր շահագործել: Ջրամբարը թեև վարչականորեն գտնվում է Հայաստանի տարածքում, սակայն ողողում է նաև Ադրբեջանի ափը: Բացի այդ, պոմպակայան հասնելու համար պետք է հատել վարչականորեն Ադրբեջանին պատկանող սահմանը՝ անցնել Ղազախի շրջանի Մազամ գյուղով: Ավելին, դեպի Նոյեմբերյան գնացող խողովակաշարը մասամբ անցնում է Ադբեջանի տարածքով:
Մեր զրուցակիցները՝ գյուղապետեր, ջրամբարի շինարարությանը, ապա դրա շահագործմանը մասնակիցներ, շարքային մարդիկ, կարոտով են հիշում այն տասնամյակը, երբ ջրամբարի ջուրը ծաղկեցրեց Նոյեմբերյանի և Իջևանի շրջանները, բարելավեց մարդկանց կյանքը: Նրանք ցանկանում են, որ նախկին ջուրը, կարևոր չէ ջրամբարից, ինքնահոս կամ այլ կերպ, կրկին հասնի արոտավայրերի ու կիսաչոր դաշտերի վերածված իրենց հողատարածքներ:
Ջողասի ջրամբարից օգտված գյուղերի հիմնական մասը սահմանամերձ են: Գյուղացիները նշում են, որ արտագաղթի պատճառը ոչ թե Ադրբեջանին սահմանակից լինելն է, այլ ջրի պակասը: Երբ չկա ջուր, մարդը չի կարող բերք ստանալ, ապահովել ընտանիքի կարիքները:
Թեև այս ուսումնասիրության սևագիր տարբերակը պատրաստել եմ դեռ 2017-ի ամռանը, սակայն տարբեր հանգամանքներ և առաջին հերթին զբաղվածությունը, ինձ թույլ չէին տալիս վերջնական տեսքի բերել և հրապարակել: 2019-ի սեպտեմբերի 9-12-ը ազատ ժամանակը գտնվեց: Մեկ անգամ ևս անցնելով Ջողասի ջրամբարից ջուր ստացած գյուղերով, ներկայացնում եմ ուսումնասիրությունը:
——
Ջողասի ջրամբարը Հայաստանի Հանրապետության մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո:
Ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվել են 1966 թվականին: Շինարարությունն սկսվել է 1975-ին, ավարտվել 1979-ին: Ջրամբարը շահագործվել է մինչև 1991 թվականի ապրիլ և դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:
Ջողասի ջրամբարի հարևանությամբ՝ Ադրբեջանի տարածքում, հետագայում կառուցվել է ևս մեկ ջրամաբար, որը շահագործվում է մինչև այսօր:
Ջողասի ջրամբարը ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների 11 գյուղերի՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր: Իջևանի Ազատամուտ ավանը այս ջրամբարից ստացել է խմելու ջուր՝ համապատասխան զտում անցնելուց հետո: Այս ջրամբարից ջուր է հասել նաև Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղ:
Ջողասի ջրամբարից ջուր ստացած Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան գյուղերը այժմ խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս են կազմում: Ջրամբարը առաջին հերթին կառուցվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղին ոռոգման ջուր հասցնելու նպատակով:
Ջողասի ջրամբարի առաջին աստիճանի պոմպակայանում տեղադրված էր 11 հատ ջրմուղ պոմպ, որից 4 հատը գնում էր դեպի Իջևանի շրջանի գյուղեր, 4 հատը՝ դեպի Նոյեմբերյանի գյուղեր, իսկ 3 հատը Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղի համար էր:
Բերքաբեր
Սևքար գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Սահմանակից է ադրբեջանական Մազամ, Ղուշչի Այրում, Ֆարահլի և Կըզըլ Հաջիլի գյուղերին:
Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 1184 հեկտար է (11. 84 քառ. կմ): Շուրջ 900 հեկտար խաղողի և պտղատու այգիներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հեռավորությունը Երևանից՝ 161 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 28 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 700 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 500-ից պակաս է:
Ալբերտ Մադաթյանը 1999-2002 թ. եղել է Բերքաբերի գյուղապետ, իսկ ջրամբարի կառուցման ժամանակ եղել է գյուղի մեխանիկը:
Հիշում է ջրամբարի կառուցման շինարարությունը, որը տևել է 4 տարի՝ 1975-ից մինչև 1979-ը:
«Մինչև 500 մարդ էր աշխատում երեք հանրապետություններից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Բանվորական ուժի մի մասը գալիս էր Ադրբեջանից: Ջրամբարի կառուցման հենց սկզբից կառուցվեցին 5 քոթեջներ մասնագետների համար և հանրակացարան այլ բնակավայրերից եկած բանվորական ուժի համար: Շինարարությունն ընթանում էր հզոր թափով: Ջրամբարի շինարարությունը կատարում էր մեկ հիմնարկ, իսկ դաշտամիջյան խողովակների շինարարությունը՝ այլ: Ջրամբարի բացումը մեծ շուքով նշվեց, ներկա էր մոտ 1000 մարդ»,- հիշում է Մադաթյանը:
Մադաթյանն ասում է, որ ջրամբարի շինարարությունը փոխեց գյուղի կյանքը: Եթե մինչև շինարարությունը գյուղը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ և ծխախոտագործությամբ, ապա կառուցումից հետո զարգացավ այգեգործությունը
«Ունեցանք տնկարանային տնտեսություն, որը տնկիներ էր մատակարարում հիմնականում Նոյեմբերյանի և Իջևանի գյուղերին՝ դեղձ, սալոր: Տարեկան մոտ 300 հազար տնկի էինք մատակարարում»,- հիշում է նա:
Ջրամբարի կառուցումից հետո ջրարբացվեցին գյուղի դաշտերը, նոր այգիներ տնկվեցին: Բերքաբերում տնկվեցին 200 հեկտարից ավելի նոր այգիներ՝ հիմնականում դեղձ, նաև խաղող, տանձ, սալոր, ունեցանք նռի և թզի պլանտացիա, ասում է նա:
Ջրամբարի կառուցումից հետո սկսվեց ձկնորությունը, որը հիմա վտանգավոր է, քանի որ կարող են կրակել: Մի քանի անգամ ձկնորսները վիրավորվել են: Ջրամբարի շինարարության ավարտից հետո Ջողասի ջրերի մեջ բաց թողեցին սազանի և կարպի ձկնկիթ:
Կոթի
Կոթին գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, այսօր մաս է կազմում Նոյեմբերյանի խոշորացված համայնքի:
Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Ղուշչու Այրում, Ուրքմեզլու, Սալահլու, Դաշ Սալահլու, Ստամբեգլու գյուղերը: Դաշ Սալահլուն Ադրբեջանի մեծագույն և Ղազախի շրջանի ամենամեծ գյուղն է, ունի 8500 բնակչություն:
1980-ական թվականների կեսերին, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև տարածքային վեճերից հետո տեղի ունեցան հողերի փոխանակություններ մի քանի վայրերում: Այսպես, Կոթիին անցավ 128 հեկտար հողատարածք Ստամբեգլուից, 46 հեկտար՝ Ղուղչի Այրումից, իսկ Կոթիից 17 հեկտար անտառ անցել է Ղուշչի Այրումին:
Կոթի գյուղի ամբողջ մակերեսը ավելի քան 4 հազար հեկտար է (40.1 քառ. կմ.), տարածքով այն Հայաստանի ամենախոշոր բնակավայրերից է: Հեռավորությունը Երևանից՝ 181 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 48 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 750 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ, բնակչության թիվը 2133 է, իրականում՝ 2000-ից քիչ: Տնտեսությունների թիվը 885 է: Կոթիում կա 522 տուն, որից ծխում է 410-ը:
«Եթե ջուրը գա, շատերը հետ կգան Ռուսաստանից». Արտավազդ Եսայան
Արտավազդ Եսայանը մասնագիտությամբ պտղաբույծ-գյուղատնտես է, այս բնագավառում աշխատում է արդեն 45 տարի: Այսօրվա պես հիշում է 1979-ի նոյեմբերը, երբ Ջողասի ջրամբարից Կոթի, այն ժամանակ՝ Շավարշավանի կաթնա-անասնապահական խորհրդային տնտեսություն հասավ առաջին ջուրը:
«Կանոնավոր ջրամատակարարումը սկսվեց 1980 թվականից և շարունակվեց ավելի քան 11 տարի: Դադարեցվեց 1991-ի ապրիլին, երբ Նոյեմբերյանի և Ղազախի շրջաններում սկսվեցին հայ-ադրբեջանական զինված բախումները և այստեղ մտան ռուսական զորքերը»,- ասում է նա:
Եսայանն ասում է, որ Կոթին ոչ մի ժամանակ այնպիսի այգիներ չի ունեցել, ինչպես Ջողասի ջրի օգտագործման ժամանակ:
Ոռոգման ջրի պակասը անմշակ է թողել հարյուրավոր հեկտար այգիներ և, որպես հետևանք, մարդիկ հեռացել են Կոթիից: Թեև Կոթին, ինչպես Տավուշի մարզի սահմանային գրեթե բոլոր գյուղերը գնդակոծության տակ են, սակայն արտագաղթի հիմնական պատճառը ոչ թե «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակն է, այլ գործազրկությունը:
«Եթե ջուրը գա, շատերը հետ կգան Ռուսաստանից»,- ասում է Եսայանը:
Կոթիի հողատարածքների մի մասը, շուրջ 400 հեկտար, ծովի մակերևույթից մոտ 590-600 մետր բարձրության վրա:
Ջողասի ջրամբարի վերականգնումը կարող է նոր հնարավորություններ բացել ոչ միայն հողագործության ու անասնապահության, այլև վերամշակման արտադրություններ հիմնելու համար, ասում է Եսայանը:
Այստեղ լավ է աճում հատկապես դեղձը, խաղողն ու արքայանարինջը:
«Բավարար ոռոգելի ջուր ունենալու դեպքում Կոթին կարող է ունենալ 2200 հեկտար մշակելի հող»,- ասում է նա:
Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարգավորվել, Ջողասի վերականգնման հնարավորությունը քիչ հավանական է: Ջրամբարի տեղադրությունը այնպես է, որ պոմպակայանները շահագործելու համար պետք է հատել Ադրբեջանի վարչական սահմանը: Բացի այդ, ջրամբարից դեպի Նոյեմբերյանի գյուղեր ջրախողովակաշարը անցնում է Ադրբեջանի տարածքով: Հիմնական խողովակաշարը և ցանցը թալանված է, վերականգնելու համար անհրաժեշտ կլինի նոր խողովակաշար և նոր ներքին ցանց:
Այսօր Կոթիի ոռոգման ջուրը ստացվում է Ոսկեպար գետից՝ ինքնահոս ճանապարհով, սակայն այդ ջուրը չի բավարարում գյուղին, իսկ չոր եղանակին այդ գետի ջրի պաշարները նվազում են:
Բարեկամավան
Բարեկամավանը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, այսօր մաս է կազմում Նոյեմբերյանի խոշորացված համայնքի:
Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ստամբեգլու գյուղերը: Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 300 կիլոմետր սահման, որից 17 կիլոմետրը բաժին է ընկնում Բարեկամավանին: Գյուղի նախկին անվանումներն են Կրումսլու, Դոստլու, իսկ 1978թ. կրում է Բարեկամավան անունը:
Բարեկամավան գյուղի ամբողջ մակերեսը 1333 հեկտար է (13.33 քառ. կմ.), որից 876 հեկտարը արոտներ, 484.4 հեկտար վարելահողեր, 64.5 հեկտար անտառ:
Հեռավորությունը Երևանից՝ 191 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 58 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 720 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30:
350 տեղանոց դպրոցում այսօր սովորում է 20-ից պակաս աշակերը: Դպրոցի շուրջ 20 տարիների տնօրեն Աստղիկ Ազատյանը պատմում է. «Երբ ես հաճախում էի այս դպրոց, մեր դասարանում սովորում էր 36 աշակերտ, իսկ ամբողջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 350-ի: Այսօր 12 դասարաններում միասին սովորում է ընդամենը 19 աշակերտ»:
Արդեն երկու տարի գյուղում չկա առաջին դասարան:
Գյուղի ավելի քան 220 տների մեծագույն մասի դռները կողպված են: Հիմնականում կողպվել են պատերազմի ավարտից և 1994-ին հաստատված հրադադարից հետո: Գյուղում մնացել է 160 շունչ:
Բարեկամավանցիները, որոնք հեռացել են գյուղից, հիմնականում հաստատվել են Ռուսաստանում: Այսպես, Ստավրոպոլ քաղաքում 120 ընտանիք է հաստատվել:
«Ջուրը կտրվեց՝ գյուղը սկսեց հեռանալ, ծառերը՝ չորացան». Հրաչյա Վիրաբյան
Մեխանիզատոր Հրաչյա Վիրաբյանը հիշում է,թե ինչ փոփոխություններ բերեց Բարեկամավանին Ջողասի ջուրը:
Ավելի քան 220 հեկտար հողեր ջրարբիացվեցին, տնկվեցին խնձորի, դեղձի, խաղողի այգիներ: Ջրամբարի ջրով ոռոգվում էին նաև արոտավայրեր: Կովերի գլխաքանակը հասցվեց 300-ի, ոչխարինը՝ 600-ի, մայր խոզերինը՝ 44-ի:
«Ջուրը կտրվեց՝ գյուղը սկսեց հեռանալ, ծառերը՝ չորացան: Եթե ջուրը լինի, ապա գյուղից այլևս չեն հեռանա, գուցե վերադարձողներ լինեն: Այսօր Բարեկամավանը չունի ոչ խմելու, ոչ ոռոգման ջուր»,- ասում է Վիրաբյանը:
Ոսկեվան
Ոսկեվանը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, այսօր մաս է կազմում Նոյեմբերյանի խոշորացված համայնքի:
Հարևանությամբ գտնվում է ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղը:
Ոսկեվան գյուղի ամբողջ մակերեսը գրեթե 2 հազար հեկտար է (19.36 քառ. կմ.), որից 578 հեկտարը արոտներ են, 536 հեկտարը՝ վարելահողեր, 58 հեկտարը՝ անտառ: Հեռավորությունը Երևանից՝ 177 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 44 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 900 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 3 է, ամռանը՝ պլյուս 29: 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ, բնակչության թիվը 1397 է, իրականում՝ 1000-ից պակաս: Տնտեսությունների թիվը 408 է:
«Ջուրը կյանք է, որտեղ կա ջուր, այնտեղ կա կյանք». Ռաֆայել Վարդանյան
Ոսկեվանի բնակիչ Ռաֆայել Վարդանյանը Ջողասի ջրամբարում աշխատել է հիմնադրման օրվանից մինչև դադարեցումը: Եղել է վարպետ, տեղամասի պետ, ապա գլխավոր ինժեներ:
Նա սպասարկել է հինգ գյուղ՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս և Ջուջևան, ընդհանուր առմամբ՝ 2400 հեկտար:
«Ջրառատ 10 տարիներին Կոթիում կար 7 միավոր դաշտավարական բրիգադ, 4-ը՝ Ոսկեվանում, 2-ական՝ Բարեկամավանում և Բաղանիսում, 1-ը՝ Ջուջևանում»,- ասում է նա:
Վարդանյանը պատմում է, որ հատկապես զարգացում ապրեց Կոթին: Իր ծննդավայր Ոսկեվանում ջրամբարի ջրով ոռոգվել է 357 հեկտար: Նա նշում է, որ Ջողասը արմատապես փոխեց մոտ մեկ տասնյակ գյուղերի կյանքն ու կենցաղը:
Ոսկեվանում հատկապես զարգացում ապրեց ծխախոտագործությունը: Այսօր, Վարդանյանի խոսքերով, եթե ջուր լինի, հնարավոր է ավելի քան 350 հեկտար հող օգտագործել ծխախոտագործության նպատակով:
«Ջուրը կյանք է, ամեն մի կաթիլը իր քաշով ոսկի է, որտեղ կա ջուր, այնտեղ կա կյանք»,- ասում է Վարդանյանը և նկատում, որ անհնար է Ջողասի ջրամբարը վերագործարկել, քանի դեռ չկա խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Բաղանիս
Բաղանիսը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, այսօր մաս է կազմում Նոյեմբերյանի խոշորացված համայնքի:
Հարևանությամբ գտնվում են ադրբեջանական Ղուշչու Այրում, Բաղանիս-Այրում և Ներքին Աքսիպարա (երկուսն էլ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ) գյուղերը:
Բաղանիս գյուղի ամբողջ մակերեսը գրեթե 1.3 հազար հեկտար է (12.59 քառ. կմ.), որից 463 հեկտարը արոտներ են, 288 հեկտարը՝ վարելահողեր, 62 հեկտարը՝ անտառ: Հեռավորությունը Երևանից՝ 175 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 42 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 850 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 3 է, ամռանը՝ պլյուս 29: 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ, գրանցված բնակչության թիվը 955 է, փաստացի՝ 830: Տնտեսությունների թիվը 262 է:
«Ջրի կտրելուց հետո վարելահողերի մեծ մասը վեր է ածվել արոտավայրերի և խոտհարքի». Նարեկ Սահակյան
Նարեկ Սահակյանը Բաղանիսի նախկին գյուղապետն է, այսօր՝ խոշորացված Նոյեմբերյան համայքնի վարչական ներկայացուցիչը Բաղանիսում:
Բաղանիսը խորհրդային տարիներին ավելի շատ զբաղվել է անասնապահությամբ, հետևաբար՝ հողատարածքների մի մասը օգտագործվել է եգիպտացորեն և ճակնդեղ աճեցնելու համար, որպես անասնակեր:
Ջողասի ջրամբարից եկող ջուրը Բաղանիսում ոռոգել է 260 հեկտար, այդ թվում՝ հացահատիկի և ծխախոտի դաշտեր:
«Երբ Ջողասի ջուրը հասնում էր գյուղ, մեծացել էր արտադրողականությունը: Ջրի տակ գտնվող դաշտերը կրկնակի ավելի բերք են տալիս: Ջրի կտրելուց հետո վարելահողերի մեծ մասը վեր է ածվել արոտավայրերի և խոտհարքի»,- ասում է Սահակյանը:
Եթե ջրամատակարարումը վերականգնվի, ապա նախկինի չափ հողեր չեն ջրարբիացվի ու մշակվի, քանի որ այսօր չկա այդքան աշխատուժ և բացի այդ, գյուղատնտեսությունը ռիսկային է և մարդիկ հակված չեն զբաղվելու դրանով: Եթե բավարար չափով ջուր լինի, ապա Բաղանիսում կմշակվի ևս շուրջ 50-60 հեկտար միայն:
Վերջին տարիներին ինքնահոս ջրով՝ Ոսկեպար գետի վերին ակունքներից, ոռոգման ջուր է հասցվել Կոթիին, Ոսկեվանին ու Բարեկամավանին: Դրա շնորհիվ, Բաղանիսում 12 հեկտար խաղողի այգիներ են ջրարբիացվել, ինչպես նաև տնկվել է 3 հեկտար հոնի ու պնդուկի այգի:
Ջուջևան
Ջուջևանը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, այսօր մաս է կազմում Նոյեմբերյանի խոշորացված համայնքի:
Ջուջևան գյուղի ամբողջ մակերեսը գրեթե 959 հեկտար է (9.59 քառ. կմ.), որից 253 հեկտարը արոտներ են, 170 հեկտարը՝ վարելահողեր: Հեռավորությունը Երևանից՝ 180 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 47 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1000 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ, գրանցված բնակչության թիվը 571 է:
Ջողասի ջրամբարից ջրարբիացվել է Ջուջևանի հողերից 90 հեկտարը:
Ժորա Չիլինգարյանը 14 տարի եղել է գյուղապետ: Նա ասում է, գյուղում հիմնականում զբաղվել են անասնապահությամբ:
«Անասնապահության համար կարևոր էր եգիպտացորենը, որից ձմեռային կեր էին պատրաստում անասունների համար՝ սիլոս: Ջողասի ջուրը հասնում էր մեր եգիպտացորենի դաշտերին, ջրի տակ բերքատվությունը կտրուկ բարձրանում էր: Ջրի գալը նոր զարկ կտա գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը»,- ասում է նա:
Ջրի կտրելուց հետո վարելահողերի մեծ մասը վեր է ածվել արոտավայրերի և խոտհարքի:
Ծաղկավան
Ծաղկավանը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 2000 հեկտար է (20 քառ. կմ.), որից 440 հեկտարը արոտներ են, 984 հեկտարը՝ վարելահողեր, 126 հեկտարը՝ անտառներ: Հեռավորությունը Երևանից՝ 161 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 28 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 850 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 600-ի շուրջ է:
Նախքան Ջողասի կառուցումը և կանոնավոր ջրամատակարարումը, Տավուշի մարզում զարգացած էր ծխախոտագործությունը: Ջրամբարի կառուցումից հետո առաջնությունը տրվեց այգեգործությանը: Այդպես էր նաև Ծաղկավանում, որի տներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի ջրամբար:
Ծաղկավանի 220 հեկտար այգիներ ոռոգվել են Ջողասի ջրով:
«Մեր փրկությունը Ջողասն է». Նաիրի Աթաբեկյան
Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը Հայաստանի կառավարությունից այլ բան չի ուզում, քան ոռոգման ջուր:
«Մեր փրկությունը Ջողասի ջուրն է»,- ասում է գյուղապետը:
Այսօր Ծաղկավանի այգիները չեն ոռոգվում: Մի ժամանակ ջրվող վարելահողերի մի մասում այսօր աշնանացան են անում, մյուս մասը վերածվել է խոտհարքի:
Ուսումնասիրվում էր Ջողաս գետի վերին ակունքներում՝ անտառներում ջրամբար կառուցելու և ջուրը ինքնահոս Կիրանց, Ծաղկավան, Սարիգյուղ, Բերքաբեր հասցնելու մասին, սակայն դա իրականացնել չի հաջողվի առաջին հերթին ռելիեֆի պատճառով:
Կիրանց
Կիրանցը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 590 հեկտար է (5.9 քառ. կմ.), որից 85 հեկտարը արոտներ են, 243 հեկտարը՝ վարելահողեր, 76 հեկտարը՝ անտառներ: Հեռավորությունը Երևանից՝ 163 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 30 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 700 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 380 է:
Գյուղապետ Կամո Շահինյանը ասում է, որ Կիրանցը Հայաստանի եզակի համայնքներից է, որտեղ փակ դուռ չկա: Ավելին, այսօր գյուղը կարիք ունի 17 նոր տների, որպեսզի նոր ընտանիքները բաժանվեն ծնողներից և ապրեն առանձին:
Կիրանցի հարևանությամբ էր գտնվում ադրբեջանական Խեյրիմլի գյուղը, որը այսօր հայկական ուժերի վերահսկողության տակ է:
Կիրանցը գտնվում է Ջողաս գետի ձախ ափին: Այս և Ոսկեպար գետի ջրերով է սնվում ջրամբարը: Ժամանակին Կիրանցի հողատարածքներից մինչև 200 հեկտարը ոռոգվում էր ջրամբարից եկող ջրով: Գյուղապետն ասում է, որ ներքին ցանցը ուղղակի չկա, ամեն բան թալանված է:
Քանի որ Ջողասը մոտ է գյուղի հողատարածքներին, մարդիկ ջրհան կայաններով՝ պոմպակայաններով, կարողանում են ոռոգել հողատարածքների մի մասը:
«Մինչև 40 հեկտար ոռոգում ենք ջրհան կայաններից մղվող ջրով: Եվս մինչև 60 հեկտար ոռոգում ենք ինքնահոս ջրով, որը վերցնում ենք գետի վերին հոսանքից, բայց այդ հողերը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են և միշտ կա վտանգ»,- ասում է գյուղապետը:
Նա ասում է, որ եթե ոռոգման ջուրը լինի, հնարավոր կլինի ևս ավելի քան 100 հեկտար դաշտեր ոռոգել:
Աչաջուր
Աչաջուրը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Բնակչության քանակով Աչաջուրը Հայաստանի խոշոր գյուղերից է, իսկ մարզի տարածքում մեծությամբ երկրորդ գյուղն է:
Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 3000 հեկտար է (29.78 քառ. կմ.), որից 621 հեկտարը արոտներ են, 905 հեկտարը՝ վարելահողեր, 165 հեկտարը՝ անտառներ: Հեռավորությունը Երևանից՝ 151 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 18 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 750 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 30: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 4000-ի սահմաններում է:
«Սևքարն ու Սարիգյուղը դարձել էին այգեստան». Գառնիկ Գասպարյան
Գառնիկ Գասպարյանը Ջողասի ջրամբարի շահագործումից աշխատել է որպես տեղամասի պետ Աղստևի ոռոգման և ջրարբիացման համակարգերի վարչությունում:
Ջողասի ջրերից ոռոգվում էին Իջևանի շրջանի 2300 հեկտար այգիներ: Աչաջուրը ջրամբարից օգտված ամենահեռու գյուղն է, այստեղ ջրարբիացվել է մինչև 100 հեկտար:
«Ամենից շատ օգտվում էին Սարիգյուղն ու Սևքարը: Այդ գյւողերը այգեստան էին դարձել: Հարյուրավոր հեկտար պտղատու նոր այգիներ հիմնվեցին Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր գյուղերում, որոնք հիմա չորացել են», ասում է Գասպարյանը:
Նա նշում է, որ Ջողասից ջուր ստացող գյուղերը խորհրդային վերջին տարիներին մեծ, շատ մեծ վերելք ապրեցին, մի կտոր հող չկար, որ ջուր չհասներ: Մյուս կողմից, նա նկատում է, որ այսօր պոմպակայանների շահագործումը, ինչը եթե հնարավոր լինի Ջողասի դեպքում, շատ ծախսատար է, այսօր ավելի շատ մտածում են ինքնահոս ջրամատակարարման մասին, որքան էլ ջուրը հեռվից բերվի:
Այսօր Աչաջուրը օգտվում է երկու փոքր պամպակայաններից, որոնք տեղադրված են Աղստև գետի վրա:
Սարիգյուղ
Սարիգյուղը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Ադրբեջանի հետ գյուղն ունի 14 կիլոմետր ընդհանուր սահման:
Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 1472 հեկտար է (14.72 քառ. կմ.), որից 87 հեկտարը արոտներ են, 636 հեկտարը՝ վարելահողեր, 90 հեկտարը՝ անտառներ: Հեռավորությունը Երևանից 155 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 22 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 800 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 29: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 1200-ի սահմաններում է:
«10 տարի գյուղը Ամերիկա էր, հիմա Սահարա է». Կոմիտաս Էլլարյան
Ջողասի ջրամբարի ջուրը հասել է Սարիգյուղի հողամասերի մեծ մասին, գրեթե բոլոր վարելահողերն ու այգիները ջրվել են: Ջրամարի կառուցումից հետո տնկվել է 130 հեկտար պտղատու այգի՝ խնձոր, տանձ, դեղձ, խաղող:
Գյուղապետ Կոմիտաս Էլլարյանը ասում է, որ 10-11 տարի, երբ Ջողասի ջուրը հասնում էր Սարիգյուղ, այս բնակավայրը դարձել էր Ամերիկա, հիմա, երբ ջուր չկա, նախկինում ջրարբիացվող հողերը վերածվել են Սահարայի:
«Մեր գյուղից շատ մարդ չի արտագաղթել: Եթե ջուրը լինի մարդիկ նորմալ կապրեն և կապահովեն իրենց բարեկեցությունը»,- ասում է Էլլարյանը:
Սևքար
Սևքարը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում: Տարածքով Հայաստանի խոշոր գյուղերից է:
Գյուղի ամբողջ մակերեսը շուրջ 4790 հեկտար է (47. 9 քառ. կմ.), որից 1534 հեկտարը արոտներ են, 1023 հեկտարը՝ վարելահողեր, 330 հեկտարը՝ անտառներ: Հեռավորությունը Երևանից՝ 157 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 24 կմ: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 800 մետր է: Ձմռանը միջին ջերմաստիճանը մինուս 2 է, ամռանը՝ պլյուս 29: Այսօր գյուղում առկա բնակչության թիվը 2000-ի սահմաններում է:
Իջևանի շրջանի գյուղերի մեջ Ջողասից ամենից շատ օգտվել է Սևքարը: Այսօր գյուղի վարելահողերը և այգիները գրեթե չեն ոռոգվում:
Թաթուլ Հակոբյան
Լուսանկարում՝ Ջողասի ջրամբարը
aniarc.am/2019/09/13/tatul-hakobyan-joghas-reservoir-13-september-2019/?