«Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը` արագացնել Հայաստանի պարտությունը». 1920թ. սեպտեմբեր
04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2019 – ՀԱՅԱՍՏԱՆ:
1920 թվականի աշնանը, երբ սկսվեց թուրք-հայկական վերջին պատերազմը, որն ավարտվեց Կարսի անկումով և քեմալականների կողմից Ալեքսանդրապոլ/Գյումրիի գրավումով, Բաքվում գործող հայ բոլշևիկները տարածեցին ներքոշարադրյալ տեքստը: Այս տեքստի տակ ստորագրած մարդկանցից 4-ը՝ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը և Իսահակ Դովլաթյանը, Բաքվում ձևավոված Հայհեղկոմի անդամներից էին: Հենց այս Հայհեղկոմն էր, որ 11-րդ Կարմիր բանակի հետ 1920-ի նոյեմբերի 29-ին Ադրբեջանից մտավ Հայաստան՝ Իջևան: Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնեց Հայհեղկոմին: Սակայն Հայհեղկոմը սկսեց ձերբակալություններ ու բռնություններ, շուրջ երկու տասնյակ հայ սպաներ գնդակահարվեցին ու կացնահարվեցին Երևանի բանտում: Մի կողմից հայ բոլշևիկներն էին բռնություններ կիրառում, մյուս կողմից քեմալականներն էին սպանդ ու ավեր սփռում Ալեքսանդրապոլում ու Շիրակի դաշտավայրում:
Ուշագրավ է, որ այս հակահայ կոչի տակ ստորագրած Սարգիս Կասյանի անունով Երևանում կա փողոց և հուշաքար, իսկ Աշոտ Հովհաննիսյանի կիսանդրին, որպես նշանավոր պատմաբան, տեղադրված է Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի տարածքում:
ԱՆԻ կենտրոն
՛՛Հույժ Գաղտնի՛՛
Հայաստանի կոմունիստների / բոլշևիկների/ կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝
Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատութեան համար ընդդեմ իմպերիալիզմի /Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի/:
Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայանացումը. Այս նպատակի համար պետք է.
Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.
ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիքերը վերադառնան թիկուն:
գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:
Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:
Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան
Նո. 218, Բաքու, 1920, ՍԵՊ. 20
Աղբյուրը՝ Հայաստանի Ազգային Արխիվ, ֆոնդ 1022, ցուցակ 3, գործ 275, թերթ 1, Վլադիմիր Հարությունյան, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 21-22:
Լուսանկարում՝ Սարգիս Կասյան
aniarc.am/2019/09/04/armenian-bolsheviks-baku-1920-turkey/