Սարդարապատի հաղթանակից հետո՝ զորավար Մովսես Սիլիկյանի երկրորդ կոչը. 29 մայիս, 1918
28 ՄԱՅԻՍ 2019 –
Երևանի զորամասի հրամանատար Մովսես Սիլիկյանը (Սիլիկով), որը նշանակալի ավանդ ունեցավ 1918-ի մայիսի 22-29-ը Սարդարապատում թուրքական զորքերի առաջն առնելու և պարտության մատնելու գործում, հայ ժողովրդին երկու կոչ է ուղղել՝ մայիսի 24-ին և մայիսի 29-ին:
Ներկայացնում ենք Սիլիկյանի երկրորդ՝ մայիսի 29-ի կոչը ըստ Երևանում լույս տեսնող ՀՅԴ «Աշխատանք» թերթի:
ԿՈՉ
Հայե՛ր:
Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրք զորքերը նահանջում են:
Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որը այնպես նենգորեն գրավեցին թուրքերը:
Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պետք է սևեռած լինեն դեպի Ալեքսանդրապոլ և մենք պետք է հետ առնենք այն և ապա միայն թուրքերի հետ բանակցության մեջ մտնենք հաշտություն կնքելու համար:
Մեզ բոլորիս շատ լավ պետք է հայտնի լինի, թե որ աստիճանի գրգռվել է անկուշտ ու միաժամանակ թույլ թուրք կառավարության ախորժակը:Նա պահանջում է ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ Էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը:
Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք:Մի՞թե հեշտ ու հանգիստ սրտով պետք է տանք թշնամուն մեր հայրենի հողերը, որ կերակրել, կերակրում են և պիտի կերակրեն մեզ, և մեր սրբատեղին՝ սուրբ Էջմիածինը:
Ո՛չ, երբեք, Հա՛յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք:
Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ:
Քիչ է մնացել մինչև Ալեքսանդրապոլ. հարկավոր է միայն օգնել խրամատներում գտնվող մեր քաջերին, և մի երեք-չորս օրից հետո մենք կհասնենք մեր նպատակին:
Ուրեմն, մի՛ դանդաղեք, հայե՛ր. շտապով խմբվեցեք խիտ ու համերաշխ շարքերով, վռնդեցե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից, . թո՛ղ ձեզ հետ լինի ձեր հետնորդների օրհնությունը:
Դեպի՛ զենք բոլորդ:
Դեպի՛ Ալեքսանդրապոլ:
Երևանի զորամասի հրամանատար՝
գեներալ Մովսես Սիլիկյան:
«Աշխատանք», Գ․ տարի, չորեքշաբթի, 5 (23) Յունիս, 1918, թիւ 5 (205), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան
aniarc.am/2019/05/28/silikian-second-29-may-1918/?