Այո՛, մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք. թուրք սյունակագրի սենսացիոն հոդվածը. yerkir.am
16.09.2015 – թուրք սյունակագրի սենսացիոն հոդվածը:
Օրեր առաջ ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե (հայկական՝ Գզիրա) քաղաքում սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել: IMC հեռուստաընկերության հրապարակած տեսանյութում ականատես եղանք, թե ինչպես է զայրացած թուրք ոստիկանը քրդերին անպատվելու համար նրանց հայ անվանում: «Հայերը ձեզանով հպարտանում են:
Բոլորդ հայ եք: Հայ եք»,- ասում էր նա:
Ոստիկանի հայտարարությունը շարունակում է մեծ արձագանք ունենալ: T24-ի սյունակագիր Նուրջան Բայսալն ուշագրավ հոդված է հրապարակել թուրք ոստիկանների սկանդալային հայտարարություններից հետո, որը ներկայացնում ենք ստորև:
«Ջիզրեում պետության ոստիկանությունը պաշտոնական մեքենաներից հայտարարում է բնակչությանը, թե «հայերը ձեզնով հպարտանում են, բոլորդ հայ եք, հայ…»:
Այդ խղճուկ ոստիկանները, որոնք կարծում են` այդպիսով վիրավորել են քրդերին, ակնհայտ է՝ նրանց բացարձակապես չեն ճանաչում: Մինչդեռ քրդերը վերջին տասը տարում Հայոց ցեղասպանության և այդ ժամանակ կատարվածի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են արել, ընդունել, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, ամաչել այդ Ցեղասպանության մեջ մաս ունենալու համար և հայերից հազարավոր անգամներ ներողություն խնդրել:
Մի կողմ թողնենք ուսյալին, քաղաքաբնակին, այսօրվա դրությամբ քրդական որ գյուղն էլ մտնեք, կպատմեն հայերի դեմ իրագործված գազանության և կատարվածի կապակցությամբ իրենց զգացած տխրության մասին: Թաթվան գյուղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի՝ հայերի դեմ իրագործած Ցեղասպանությունից, որ ամեն անգամ այդ մասին խոսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլվում էին…
Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին:
Նրանք այնքան տաղանդավոր էին, որ ամենադժվար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ինչ գեղեցիկ բան կա, մնացել է հայերից»: Սակայն քրդերի մոտ կատարված այս վերափոխումը, դժբախտաբար, չենք կարող ասել, որ տեղի ունի նաև թուրքերի շրջանում և Թուրքիայի արևմուտքում: Իրենց ջենթլմեն համարողներն անգամ չկարողացան այս հարցը խելամտորեն քննարկել:
Հրանտի հուղարկավորության ժամանակ ծնված հույսը շատ արագ մարեց. հայերը երկչոտ աղավնիների պես դեռ շարունակում են ապրել այս երկրում: Վերոհիշյալ հայտարարությունն արած տգետներին երկու խոսք ունեմ:
Մենք հայ ենք, հույն, ալևի, սիրիացի փախստական, եզդի, քուրդ…
Կարճ ասած՝ այն ամենը, ինչը դու ատում ես: Եվ մենք հպարտանում ենք մեր ինքնությամբ: Եթե դադարեցնեք ճնշումն ու ձեր իշխանությունը պարտադրելը, թուրք էլ կլինենք:
Այս ինքնություններից ոչ մեկը մեզ համար խնդիր չէ, սակայն ձեզ նման ռասիստ-ֆաշիստները խնդիր են ամբողջ աշխարի համար: Հայերը մեր եղբայրներն էին, ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրեցին նրանց: Երանի մի օր մեզ ներեն և, ինչպես դուք եք ասում, մեզնով հպարտանան…Վստահ եղեք՝ կարոտով սպասում եմ այդ օրվան, երբ հայերը մեզ դարձյալ որպես եղբայր կընդունեն:
Այո’, մենք հայ ենք: Իսկ արած դաժանությունների պատճառով, վախից երեսը մինչև աչքերը ծածկելով, հասարակության մեջ դուրս չեկողներդ, ջրցաններից մարդկանց վրա ջուր ցանողներդ, թաքստոցներից մարդկանց վրա կրակողներդ, հացը ձեռքին` 75-ամյա ծերունուն սպանողներդ, տների վրա ռումբ նետողներդ, քնած մարդկանց սպանողներդ, փոքրիկների դիակները պղծողներդ…, դուք, դուք ովքե՞ր եք»:
Նուրջան Բայսալ Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի
yerkir.am
ankakh.com/article/24586/ayvo՛–myenq-hay-yenq–isk-duq-vo՞v-yeq–thurq-syunakagri-syensatsivon-hvodvatse–yerkir-am?