ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 15)

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 15)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (/ՆԱԽՈՐԴԸ/)

Շեյխ էֆենտի, կրոնը ավազակի հետ գործ չունի… Մենք` ես, դու, Զեյնալը, ավազակ ենք… բայց խոհեմ ավազակ…: Ալլահը չի հրամայում սպանել, թալանել, բռնաբարել… Այդ չարագործությունները մեզ համար են բարիք դարձել… Եթե դեմներս անզոր մարդիկ լինեին, այն ժամանակ Ալլահի մելայիքները անպայման կօգնեին մեզ…

Ես հրամայում եմ քեզ` այսօր իսկ սկսել Սասնո կոտորածը…

Իսկ ես չեմ հրազանդվում, – սառը ժպտում է Ֆեթուլլահը: – Բագրանցի պատրիկ տան իշխանը արաբական շեյխի հնազանդը չէ, մենք սուլթանին, քրդերին չեն հնազանդվում, քեզ պիտի ենթարկվենք… Իմ բոլոր մարդիկ զինված պատրաստ են… Ես կարող եմ միայն խոստանալ քեզ, որ չեմ միջամտի… մինչև նեղն ընկնես ու հաշտեցում խնդրես: Այսքանը, և ոչինչ սրանից ավելի;

Ուրեմն, դու իմ թշնամին ես:

Ոչ, դու իմ տան հյուրն ես, ես փորձում եմ քեզ հետ պահել անխոհեմ քայլերից…
Իսկ քո սարերի հյուրը չեմ…

Չէ: Այս սարերը անունով իմն են ու քաֆր հայինը… կարմիր գլուխ սուլթանը միայն անունով է սրանք տիրապետել… Այս սարերում դուք նրանց հյուրն եք, ոչ թե Բագրանցոց իշխանի… Սարերում ամեն մարդ ազատ է, վայ նրան, ով այդ բանը չի հասկացել…

Ֆեթուլլահը դուրս է գալիս վրանից, շեյխին մտամոլոր թողնելով: Սա սկսում է գնալ ու գալ վրանի մեջ, հետո դառնում Զեյնալին.

Սասուն:

Այս անպիտանը գործը պիտի ավերե…

Որ, այդ չի անի, – ասում է Զեյնալը, անկյունից առաջ գալով:

Վստահ ես:
Անպայման: Նա իր խոսքին տերն է…
Ուրեմն, թե նեղն ընկնենք` կօգնի:
Չի օգնի, կմիջամտի…
Դրա մարդկանցից բացի ինչքան զորք ունենք…
Մյուս էշիրների հետ` մոտ 25 000…
Մի ամբողջ բանակ է… իսկ մյուս բեյերը… հուսալի են…
Մյուսներն` այո:
Լավ, գնա, ասա, թող սպասեն սկսելու հրամանին….
Զեյնալը գլուխ է տալիս, գնում է դուրս:

Շուն քաֆրներ… – ինքն իրեն ասում է մենակ մնացած շեյխը, – ձեր արյունով պիտի լվամ ձեր սարերը… Էդ շան քածին էլ իմ հարեմն եմ բերելու…

Մռայլ, ամպամած լուսաբաց է: Սարերի կատարները կորել են թուխպերի մեջ: Քրդերի բանակում իրարանցում է, բոլորը խառնվել են իրար, զենք են մաքրում, թուր ու դաշույն սրում, անհամար ավարի ակնկալիքով:

Բագրանցոց էշիրեթն էլ է մասնակցում այդ ամենին, բայց արդեն ուրիշ նպատակով:

Ֆեթուլլահն արդեն բանբեր է ուղարկել տեր Քաջեին` պատմելու այս ամենը: Հայերն էլ են պատրաստվում…

Իրիկնադեմ է: Քրդերի ամբոխը անցել է շարժման: Զեյնալը 2000 հոգու հետ բարձրանում է դեպի Անտոքի հայկական վրանները, ուր ստույգ գիտե, որ միայն կանայք ու երեխաներ են` թալանելու: Հայերը դեռ նրանց չեն սպասում. Ֆեթուլլահի բանբերները դեռ տեղ չեն հասել, ուստի ապահով են, վրաններում միայն մի քանի հովիվ և կին ու երեխաներ են… Տղամարդիկ գյուղերում պատերազմի վերջին պատրաստություններն են տեսնում…

Հայերը պատերազմի վերջին պատրաստություններն են տեսնում: Չնայած հայտարարված տագնապին, բոլորը հանգիստ են, զբաղված իրենց գործերով, ծիծախում են, կատակում… Կռիվը այդ մարդկանց համար անսովոր վիճակ չէ..

Սեմալում հավաքված են տեր Քաջեի տանը. Այստեղ պաշտպանության հոգևոր կենտրոնն է` տեր հոր գլխավորությամբ… զինված մարդիկ ել ու մուտ են անում, հրահանգներ ստանում…

Տեր հայրը հանկարծ ինչ-որ բան հիշելով, դառնում է երիտասարդներից մի քանիսին.

-Մալըմիրաթնիր, մականներ վերցուք հետներդ…
– Տեր Քաջե, լահորի սուր ունենք…
– Մալըմիրաթնիր, լահորի սուրն մականի դեմ ինչ է…
Բոլորը ծիծաղում են: Տեր Քաջեն շարունակում է.
Իսկական զենք մականն է… Այ, մի բան պատմեմ, չնայած գիտեք… Ջահել ժամանակվանս բան է… վաղուց անցուկ է… Հալեպ էի գնացել… Մի օր դուրս ելա տնից…

Երիտասարդները, թեև լավ են ծանոթ այս պատմությանը, հաճույքով լսում են:

….Երիտասարդ տեր Քաջեն դուրս է գալիս տնից` անբաժան մականը ձեռին ու տեսնում, որ մի խումբ զինված ֆելլահներ ամբողջ զորությամբ կռվում են մի մարդու դեմ, որի ձեռին միայն մական կա: Արաբները չորս կողմից պաշարել են մարդուն, փորձում են մոտենալ, որ հասնեն դաշույններով, չեն կարողանում: Մարդը մականը վարպետորեն մերթ որպես վահան, մերթ որպես սուր բանեցնելով, ոչ միայն պաշտպանվում է արաբներից, այլև ինքն է անցնում հակահարձակման, նեղելով ավազակներին: Նույնիսկ սրանց նետած դաշույնները տեղ չեն հասնում, մականավորը մականով շեղում է դրանց ուղղությունը:

Տեր Քաջեն մի քանի վայրկյան հիացած դիտում է, թե ինչպես անխոցելի ախոյանը միայն մի մականով, վանելով սրերը` նեղում է արաբներին, քիչ-քիչ առաջ շարժվելով:

Չհանդուրժելով անհավասար մենամարտը, նա մականը ձեռին խառնվում է կռվին: Մի ակնթարթ հետո արաբներից մեկն ընկնում է անկենդան, տեր Քաջեն միանում է կռվողին.

Մի քոմակ չենիմ իդա մարդուն…

Սկսում են արդեն երկուսով կռվել ութ հոգու դեմ: Քիչ անց սպանվում են ևս երեքը, մնացածը վախեցած փախչում են, կռվի ասպարեզը քաջերին թողնելով: Սրանք խուզարկում են ընկածներին. համոզվելով, որ այլևս անվնաս են, նստում կողք-կողքի շունչ առնելու:

Գիննա աստված, – ասում է անծանոթը, տեր Քաջեին նայելով, – վըր դուն լը հայ իս ձի քոմակ իրիցիր…

Խըխ, պապո, – պատասխանում է տեր Քաջեն, – իս հայ իմ, իրից իմ, իրցու լը ճիժ իմ. դու ժխո հայ իս, հուստ իս, իմըլ է զքու անուն…

Իս լը զեյթունցի իմ, Հաուց թագավորի ծառեն իմ, զիմ անուն լը ծուռ Ղազար ի…

Հըբը… զենք մականն է… սրով ով ասես կկռվի… – ամփոփում է տեր հայրը:

Ներս է մտնում Աստուրը:
Ըծո, մալըմիրաթ, – դառնում է նրան տեր հայրը, – քրդերը քանիսն էին…
Մոտ տաս հոգի…
Քանիսն սպանեցիք…
Երեքը…
Ինչու մյուսները չսպանեցիք…
Փախան…
Ստամբակ, վազեիք հետևներիցը…
Տերտեր, – ձայն են տալիս տարբեր կողմերից, – տղուն մի ամաչեցրու, քաջ է, օրհնիր նրան…

Լավ, մի թմբուկ բերեք, մի անգամ էլ մեր յարխուշտան պարենք… կռիվ տի երթանք…

Պատրաստակամ բերում են թմբուկը: Տեր Քաջեն դուրս է գալիս վրանից, սկսում է նվագել…

Ծեր թե երիտասարդ, կին թե տղամարդ սկսում են յարխուշտա պահել: Պարողների թիվը գնալով շատանում է, նոր ու նոր մարդիկ են միանում, արդեն մի քանի տեղ են պարում…

Իրիկնադեմ մռայլված երկինքն ու սարերն արձագանքում են ըմբոստ պարի երաժշտության հնչյուններին, լցվում պարի ահարկու երաժշտությամբ: Հնչյունները հասնում են մինչև քրդերի վրանները` սրտերը տագնապ ու դող գցելով…

Ֆեթուլլահ բեյը գոհունակությամբ ժպտում է, քթի տակ մրմռալով նույն երաժշտությունը…

Քուրդ զինվորները ասում են մեկը մյուսին. “ Քաֆրի համար մահն էլ է հարսանիք: Անահ, անկոտրում ցեղ են…”

Facebooktwitterredditpinterestlinkedinmail